Գլխավոր » Society, Գիտություն, Լրահոս

Հայ գիտնականը կարող է դրսից էլ աշխատել իր հայրենիքի համար

Հունվար 29, 2016թ. 22:08
gitnakan

Լյուվենի կաթոլիկ համալսարանը կամ Լյուվենը ամենամեծ և ամենահայտնի համալսարանն է Բելգիայում: Համալսարանը հիմնվել է 1425թ. Ջոն IV–ի կողմից անգլիացի Պապի հովանավորությամբ: Համարվում է աշխարհի հնագույն համալսարաններից մեկը: Ունի 14 ֆակուլտետ, որոնք ներառում են գիտության հումանիտար, բնական և տեխնիկական ուղղությունները:
Ըստ Յունեսկո-ի 2010թ-ի գիտության մասին զեկույցի` Բելգիայում գիտության առաջատար ճյուղեր են համարվում կենսաբանությունը, քիմիան, կլինիկական բժշկությունը: Այստեղ մեկ միլիոն բնակչին բաժին է ընկնում մոտ 2900 գիտաշխատող:

Բելգիայում գիտությունը կենտրոնացած է համալսարաններում: Համալսարանների բյուջետային հատկացումների 40%-ն ուղղվում է գիտության զարգացմանը: Գիտական հետազոտությունները ֆինանսավորվում են ինչպես առանձին նախարարությունների, այնպես էլ պետական հատկացումներով, ինչպես նաև մասնավոր ֆոնդերից:
Դեռևս տարիներ առաջ Հայաստանում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀ ԳԱԱ Երիտասարդ գիտնականների խորհրդի հրավերով Հայաստանում գտնվող Բելգիայում Լյուվենի կաթոլիկ համալսարանի նեյրոհոգեֆիզիոլոգիայի բաժնի գիտական կենտրոնի ֆուլլ պրոֆեսոր և Լոնդոնի Արքայական քոլեջի պրոֆեսոր Մարկ Վան Հյուլեն հայտարարե, որ իր հայ գործընկերոջ, նույն համալսարանի նեյրոհոգեֆիզիոլոգիայի բաժնի գիտական կենտրոնի պրոֆեսոր, երաժիշտ Տիգրան Մահտեսյանի հետ ամեն ինչ անելու են, որպեսզի Հայաստանի բուհերի և Լյուվենի համալսարանի միջև համատեղ ծրագրեր իրականացվեն: Սակայն պրոֆեսորի խոսքով տարիներ առաջ ծրագրված Լյուվենի Նեյրոհոգեֆիզիոլոգիայի լաբորատորիայի գիտական կենտրոնի մասնաճյուղի բացումը Հայաստանում չիրականացավ, որովհետև անհրաժեշտ ֆինանսավորում չգտնվեց:

Բայց այսօր Լյուվենի համալսարանը համագործակցում է Հայաստանի բուհերի հետ, իրականացնում է ուսանողների , երիտասարդ գիտնականների, ինչպես նաև պրոֆեսորադասախոսական կազմի փոխանակման ծրագրեր:
«Մեր և ձեր համալսարանների միջև կամուրջ կառուցելու համար նմանատիպ ծրագրերը հրաշալի են: Սակայն ֆինանսավորման խնդիր կա: Գիտությունը ֆինանսավորելը քիչ եկամտաբեր է, հավանաբար դրա համար են խուսափում ներդրումներ իրականացնել Հայաստանում»,-մեզ հետ զրույցում նշեց պրոֆեսորը:
«Կապը Հայաստանի հետ սկսվեց 2010թ. ,երբ ես այցելեցի Հայաստան: Դասախոսություններով հանդես եկա Լ. Օրբելու անվան Ֆիզիոլոգիայի ինստիտուտում, Գիտությունների Ազգային ակադեմիայում, Երևանի պետական բժշկական համալսարանի նևրոլոգիայի ամբիոնում: Այսօր գիտական համագործակցություն ենք իրականացնում Երևանի պետական բժշկական համալսարանի նևրոլոգիայի ամբիոնի հետ: Այս համագործակցության շրջանակներում Լյուվենի համալսարանում ստեղծվել է ասպիրանտուրական տեղ, որի նպատակն է մշակել ԷԷԳ-ի հիման վրա հիմնված ոչ թանկարժեք գործի՝ իմաստաբանական ընմբռնման դեֆիցիտով տառապող հայ հիվանդների ախտորոշման համար: Ասպիրանտական ուսուցողական ծրագիրը ընթանում է երկու բուհերի միջև, առաջիկայում շարունակական են լինելու»,- նշում է Մ. Վան Հյուլեն:
Բելգիացի գիտնականը հպարտությամբ է փաստում, որ իր հայ գործընկերը պրոֆեսիոնալ է իր գործում: Տիգրան Մահտեսյանը նաև Յունեսկո-յին կից «Արարատ միջազգային ակադեմիայի» ընտրված (Փարիզ, Ֆրանսիա) պատվավոր թղթակից անդամ է: Վերջինս նաև «Մայնդ Սպելլեր» նախագծի նախաձեռնողներից մեկն է, որի հիմնական նպատակն է հիվանդի զգացողությունների հետ ակուստիկ ձայների փոխկապակցվածության ուսումնասիրումը։

Տիգրան Մահտեսյանի համոզմամբ՝ Բելգիայի պրոֆեսորները զարմացած են, որ հայերի մեջ այդքան սեր կա իրենց աշխատանքի նկատմամբ. «Հայաստանը ունի ուղեղի, մտքի մեծ պոտենցիալ: Պարոն Հյուլեի հետ համատեղ ծրագրերի նպատակն է կարողանալ համատեղ իրագործել գիտական նախագծեր, իհարկե, Երևանի պետական բժշկական համալսարանի, Երևանի պետական համալսարանի և մեր մյուս գործընկերների հետ համատեղ: Այսուհետ առավել ակտիվ ենք շարունակելու աշխատանքները՝ ներգրավելով երիտասարդ կադրերի: Փայլուն ռեսուրս ունենք, սակայն այն օգտագործելու համար ֆինանսավորումն է կարևոր: Լյուվենի համալսարանում ներգրավում ենք նաև հայ ուսանողների, կարծում եմ, որ արտերկրում հաջողության հասած հայ գիտնականը կարող է դրսից էլ աշխատել իր հայրենիքի համար»:

Սիրանուշ Նազլուխանյան

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել Society, Գիտություն, Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն