Գլխավոր » Politics, Արևմտյան Հայաստան, Թուրքիա, Իրավական փաստաթղթեր, Լրահոս, Ով է թուրքը, Վերլուծական, Ցեղասպանություն, Քաղաքականություն

Հայոց ցեղասպանությունն այլևս ճանաչված իրողություն է. իրավաբանները քննարկում են դատապարտման իրավական հիմքերը

Ապրիլ 24, 2015թ. 00:54
4

«Ընդդեմ Ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումի շրջանակում երեկ իր աշխատանքները շարունակեց «Ցեղասպանության հանցագործության կանխարգելման և պատասխանատվության միջազգային իրավական հիմնախնդիրները» թեմայով գիտաժողովը: Ձեռնամուխ լինել հայոց պահանջատիրության իրավական ծանրակշիռ թղթածրարի ստեծմանն ու գործնական հարթություն մղել Հայ Դատը. սա հայերիս երազանքն է, որ դեռևս շարունակում է երազանք մնալ: Սակայն 1,5 տարի առաջ սկսված գործընթացները, որում ակտիվ դերակատարում ունի Սփյուռքի նախարարությունը, հույս են ներշնչում, որ մեկնարկՆ արդեն տրված է:

Հայաստանի ու աշխարհի տարբեր երկրներից` ԱՄՆ-ից, Ավստրիայից, Ռուսաստանից, Լիբանանից, Կանադայից հայրենիք ժամանած միջազգային իրավունքի հայազգի մասնագետներն իրենց իմացությամբ զարմացրել էին գիտաժողովի մասնակից օտարազգի գործընկերներին: Սեփական հիացմունքը անկարող եղավ չարտահայտել միջազգային իրավունքի ռուսաստանցի մասնագետ Վլադիսլավ Գրիբովը. <Գիտեի, որ հայերը լավ լոբբիստներ են, բայց համոզվեցի նաև, որ հայ իրավաբանները ավելի ուժեղ լոբբիստ են: Լսում էի ու մասնագիտական խորը բավարարվածություն զգում` շնորհիվ ձեր բարձր որակի>:

Ո՞րն է մեր նպատակը, ի՞նչ ենք ակնկալում ստանալ Թուրքիայից, ի՞նչ է ենթադրում հատուցումը, միջազգային ո՞ր դատարանին պետք է ներկայացնել հայոց պահանջատիրության հայցադիմումը, ո՞վ է լինելու հայցադիմում ներկայացնող կողմը ` պետությո՞ւնը, թե՞ ֆիզիկական անձը` ցեղասպանության ժառանգը. հaրցերը շատ էին ու ներկաներից ամեն մեկը փորձեց յուրովի պատասխանել հարցապնդումներին` միաժամանակ նկատելով` բազմակարծությունից նեղվել պետք չէ, դրանք մի օր միասնական փաթեթ են դառնալու:

ԱՊԱԳԱ ՀԱՅՑԻ ՀԻՄՔԵՐԸ

Թուրքիայի Հանրապետությունն այլ ելք չի թողնում հայ ժողովրդին ու Հայաստանի Հանրապետությանը, քան պահանջատիրության հարցը լուծել միջազգային դատական կարգով. հայտարարեց ԳԱԱ Հայոց ցեղասպանության պատմության բաժնի վարիչ ԱՐՄԵՆ ՄԱՐՈՒՔՅԱՆԸ, հնչեցնելով հարցը` ի?նչ իրավական հիմքերի վրա կարող ենք հենվել, և որոնք կարող են դառնալ մեր ապագա հայցի հիմքերը:

Որպես այդպիսին Մարուքյանը նախ հիշատակվեց 1915թ. մայիսի 24-ին երեք երկրների` Ռուսաստանի, Ֆրանսիայի ու Անգլիայի կողմից ընդունված հայտնի հռչակագիրը, որով փաստորեն` <Երեք տերությունները հայտարարեցին`Թուրքիան պատասխան ես տալու պատերազմից հետո>: Հռչակագիրը հայ ժողովրդի դեմ կատարվողը որակեց հանցագործություն մարդկության ու քաղաքակրթության դեմ, այսինքն` <Տվեց քաղաքական և իրավական գնահատական հենց այն փուլում, երբ Թուրքիան շարունակում էր հայ ժողովրդի դեմ իրականացնել այդ հանցագործությունը>:

Հայոց ցեղասպնության իրավական թղթածրարում պատմակբան Մարուքյանը լուրջ տեղ է հատկացնում նաև թուրքական ռազմական տրիբունալների` երիտթուրքերի դատավարության նյութերին, որոնցում կան բազմաթիվ ապացույցներ ու վկայություններ:

Այս խնդրին հետաքրքիր անդրադարձ կատարեց ԵՊՀ սահմանադրական իրավունքի ամբիոնի վարիչ ԳԵՎՈՐԳ ԴԱՆԻԵԼՅԱՆԸ: Խոսելով 1919-20թթ. Թուրքիայում ընթացած դատավարության ժամանակ ընդունված դատական ակտերի կաևորության մասին, նկատեց, թե ոմանք ասում են` այդ դատավճիռներով թուրք քաղաքական, ռազմական գործիչներն ընդամենը դատապարտվել են պետական դավաճանության մեջ ու անտեսում դրանց իրական արժեքը: Այն է` հենց Թուրքիայի դատարանն է եզրահանգել է, որ հայ ժողովրդի դեմ իրականացված ոճրագործությունները եղել են ծրագրավորված, իսկ նպատակը եղել է հայ ժողովրդի ոչնչացումը: <Այսօր թուրքական կառավարությունը խոսելով տեղահանությունների մասին, դա ներկայացնում է իբրև ռազմական անհրաժեշտությամբ պայմանավորված քայլ` մարդկանց անվտանգությունը ապահովելու նպատակով: Սակայն դատավճիռներում ճիշտ հակառակն է ամրագրված` որևէ պատահական տեղաշարժ չի եղել ու տեղահանումները արվել են բնաջնջման նպատակով>:

Եվ ուրեմն, եզրահանգումը հստակ է` կարող ենք այս վճիռները հիմք ընդունել և հայտարարել` Ցեղասպանության փաստը ապացուցվել է հե’նց թուրքական դատական ատյանների կողմից:

Կարևոր փաստաթղթերի շարքում պատմաբան Մարուքյանն առանձնացրեց Սևրի դաշնագիրը, Լոզանի պայմանագիրը, Վիլսոնի իրավարար վճիռը, որը չնայած աշխարհաքաղաքական իրողությունների փոփոխման հետևանքով չդարձավ իրականություն, սակայն` <համարվում է հայրենազրկումը հաղթահարող, հայ-թուրքական տարածքային, սահմանային վեճը կարգավորող, հանցագործ պետությանը` Թուրքիային քաղաքական պատասխանատվության ենթարկող կարևոր միջազգային իրավական ակտ>:

Հարցերի հարց է մնում այն, թե ի՞նչ ենք մենք ակնկալում ստանալ միջազգային դատարանից և ինչպիսին պետք է լինի մեր հայցի բովանդակությունը: <Մեզանում շփոթ կա, թղթածրարը շփոթում ենք հայցի հետ, մինչդեռ դրանք տարբեր բաներ են>. Պատմաբան Մարուքյանն առաջարկեց` նախ հստակեցնել` ի?նչ ենք հասկանում Հայոց ցեղասպանության հետևանքներ ասելով, և սրանից բխեցնել մեր պահանջները: Իսկ հետևանքները բաժանեց 5 հիմնական խմբի` հայրենազրկում, պատմամշակութային ժառանգության ոչնչացում, նյութական, մարդկային կորուստներ, հոգեբանական խեղում: Եզրակացություն` հայցադիմումում մեր պահանջները պետք է բխեն այս հետևանքներից:

Հարց ուղղվեց` ո՞վ պետք է միջազգային դատարան ներկայացնի հայության հայցը` իրավահաջորդնե՞րը, Հայաստան պետությո՞ւնը, թե՞ այլ անձինք: <Կարող է դիմել միջազգային իրավունքի սուբյեկտը, որը տվյալ դեպքում Հայաստանի Հանրապետությունն է>,- սա Արմեն Մարուքյանի համոզմունքն է, ինչի հետ համակարծք չեն Գևորգ Դանիելյանն ու միջազգային իրավունքի փորձագետ ավստրիահայ Սուրեն Սերայդարյանը: Դանիելյանի համոզմամբ դիմել կարող են մի քանի սուբյեկտներ միաժամանակ. մի գործով կարող է հանդես գալ Հայաստանը, մյուսով` եկեղեցին, քանի որ կա եկեղեցապատկան սեփականության, գույքի խնդիր:

Իսկ Սերայդարյանը կողմ լինելով դերերի բաշխմանը, պահանջատեր է համարում իրավունքի տերերին` Օսմանյան կայսրության տարածքում ապրած ու ցեղասպանության ենթարկված արևմտահայերի ժառանգներին: Փաստաբանը նաև կարծում է, որ պետք չէ սպասել, մինչև Թուրքիան ճանաչի Հայոց ցեղասպանությունը և նոր միայն ձեռնարկել պահանջատիրության գործընթացը, քանզի համոզված է` եթե անգամ Թուրքիան ճանաչի ու ներողություն խնդրի հայերից, միևնույն է Հայկական Հարցը կշարունակի մնալ չլուծված. ներողություն խնդրել չի’ նշանակում արևմտահայության իրավունքների ու պահանջների բավարարում: Սերայդարյանը ով միաժամանակ Արևմտահայերի ազգային կոնգրեսի նախագահն է Ավստրիայում հայտարարեց, որ իրենց կառույցը կարող է հայության ոտնահարված իրավունքների ու փոխհատուցման հարցը հետապնդել և դիմել ոչ միայն եվրոպական, այլև հենց թուրքական դատարաններ:

Ե՞ՐԲ Է ԱՎԱՐՏՎԵԼ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԱՎԱՐՏՎԵ՞Լ Է ԱՐԴՅՈՔ

Հաճախ ենք ասում` Հայոց ցեղասպանությունը սկսվել է 1895-ին` Համիդյան ջարդերով ու շարունակվել մինչև 1923 թվականը: Իրավաբան Գևորգ Դանիելյանը սակայն հակադրձում է ու հարց հնչեցնում` արդյոք 1923-ին Եղեռն ավարտվե?լ է` <Ես համոզված չեմ>: Իրավաբանի մեկնաբանությունն այսպիսին է. եթե ընդունենք, որ Եղեռն ավարտվել է 1923-ին, կնշանակի 23-ից հետո արևմտահայությունը պետք է կարողանար վերադառնալ իր բնակավայրերը, ինչը տեղի չունեցավ: <Խոսում ենք Հոլոքոստի մասին ու մոռանում, որ հրեաները Նյուրենբերգյան դատավարությունից հետո վերադարձան Գերմանիա և բնակվեցին այնտեղ ու որևէ մեկը չխոչընդոտեց նրանց>: Իրավիճակն այլ է Թուրքիայում. թուրքերը հայերին թույլ չտվեցին ապրել իրենց հայրենիքում: Ինչը հայրենազրկման ակնհայտ փաստ է:

Գևորգ Դանիելյանը շարունակելով փաստերի թվարկումը, հիշեցրեց նաև հետևյալի մասին. 1923-ի մարտի 31-ին Թուրքիան հայտարարեց համաներում 1919-20թթ. թուրքական դատարանի կողմից դատապարտվածներին ազատ արձակեց, ապա հերոսացրեց, իսկ բոլոր թուրք դատավորներին, որոնք նման դատավճիռներ էին կայացրել` մահապատժի ենթարկեց: Հիմա հարց` <Հայերը կարող էի՞ն վերադառնալ մի երկիր, ուր իրենց ոչնչացրած, հայրենազրկած ոճրագործները հերոսացվում են, իսկ ու թուրք դատավորները`գնդկահարվում>:
Ուրեմն, ի տարբեություն Հոլոքոստի, Հայոց Եղեռնը այսօր էլ շարունակվում է, հայտարարեց իրավաբանն ու նկատեց` կնշանակի դուրս է մղվում նաև 1948թ կոնվենցիայի հետադարձ ուժ ունենալ- չունենալու խնդիրը, քանի որ թուրքական բնաջնջման քաղաքականությունը շարունակվել է Կոնվենցիայի ընդունումից հետո ևս:

ԹՈՒՐՔԱԿԱՆ ԿԵՂԾԻՔԸ ԾԻԾԱՂ Է ՀԱՐՈՒՑՈՒՄ

Թուրքիան իր ողջ ուժերը լարել է ու պայքարում է միջազգային ճանաչման դեմ` ծախսելով ահռելի նյութական ռեսուրսներ, հրապարակելով հակագիտական գրականություն, որոնք լցված են ոչ իրատեսական փաստերով` կեղծիքով. հայտարարեց Մոսկվայի փաստաբանների պալատի փաստաբան Իվան Գրիգոյանը: Վերջինիս համար զավեշտ է այն պնդումը, թե հայերի ֆիզիկական ոչնչացոմը չի կարող որակվել ցեղասպանություն, քանի որ <ցեղասպանություն> եզրույթը շրջանառության մեջ է մտել 1948թ. Կոնվենցիայով, որը, ըստ թուրքերի, չունի հետադարձ ուժ: Իրավաբանը թուրքական անլրջությանը հակադրեց մեկ պարզ ճշմարտություն. Լեմկինը ցեղասպանություն եզրույթը օգտագործեց և տվեց այդ հանցակազմի սահմանումը հենվելով հայերի ցեղասպանության վրա.<Նա նկատի է ունեցել հենց Հայոց ցեղասպանությունը>: Իսկ Մեծ Բրիտանիայի դատախազը` Նյուրեմբերգյան դատավարության ժամանակ հայտարարել է` <Հայկական հարցը մեծապես նպաստեց մարդկության դեմ իրականացված հանցագործությունների համապատասխան ձևակերպման հստակեցմանը>:

Հայոց ցեղասպանությունն այլևս ճանաչված իրողություն է` փաստ և սա էին վկայում երկօրյա գիտաժողովի մասնակիցները: Սակայն այն, որ հայրենազրկցած հայ ժողովրդի պայքարը դեռ չի հասել իր բաղձալի ավարտին ու ցեղասպան Թուրքիան շարունակում է մնալ անպատիժ, պատճառները հարկ է փնտրել մեկ այլ` զուտ քաղաքական հարթության մեջ: Այստեղ է, որ միջազգային իրավունքի հայազգի մասնագետները խիստ մտահոգ են` իրավունքը հաճախ է հարմարեցվում աշխարհաքաղաքական շահերին, ինքնուրույն չեն միջազգային դատական ատյանները: Եզրակացություը մեկն է` իրավական դաշտում մենք ինչպիսի <հրաշքներ> էլ գործենք, հաջողության չենք հասնի, քանի դեռ քաղաքական հարթության մեջ մեր թիկունքն ամուր չէ, քանի դեռ հզոր խաղացողները պահանջելու փոխարեն ընդամենը շոյում են Թուրքիայի գլուխը:

ԱՐՄԻՆԵ ՍԻՄՈՆՅԱՆ

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել Politics, Արևմտյան Հայաստան, Թուրքիա, Իրավական փաստաթղթեր, Լրահոս, Ով է թուրքը, Վերլուծական, Ցեղասպանություն, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն