Գլխավոր » Լրահոս

Հայկ Դեմոյան. «Գյուլը թերևս լավ չի կարդացել արձանագությունները»

Հոկտեմբեր 7, 2009թ. 13:50

Հայաստանում և ողջ Սփյուռքում շարունակվում են  լուրջ մտահոգություններ արտահայտվել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանն առնչվող նախաստորագրված   արձանագրությունների շուրջ: Այդ մտահագություններից մեկն էլ առնչվում է փաստաթղթում տեղ գտած պատմական  ենթահանձնաժողովի ստեղծմանը: Անհանգստության պատճառն հասկանալի է. նման երկկողմ հանձնաժողովի գոյությունը, փաստորեն, քննարկման առարկա է դարձնում Հայոց Ցեղասպանության փաստը, և  դրանով իսկ, արժանահավատ դարձնում Թուրքիայի հայտնի դիրքորոշումը, այն է` արդյո՞ք տեղի է ունեցել Հայոց Ցեղասպանությունը:

Եվ ահա, մինչ Հայաստանի իշխանությունները փորձում են   փարատել ողջ հայության   մտահոգություններ, թե նման հանձնաժողովի ստեղծման դեպքում երբեք   չի քննարկվելու Հայոց Ցեղասպանության հարցը, Թուրքիայի նախագահ Աբդուլահ Գյուլն այսօր, Ֆրանսիա մեկնելուց առաջ, հնչեցրեց մի հայտարարություն, որով, փաստորեն, բացեց այն փակագծերը, թե  թուրքական կողմն իրականում ի՞նչ է հասկանում նման հանձնաժողովի ստեղծում ասելով, ինչպե՞ս է պատկերացնում այդ հանձնաժողովի գործունեությունն և ի՞նչ գործառույթներ է պատրաստվում  վերապահել նրան:

Այսպես,  Թուրքիայի նախագահն անկեղծորեն խոստովանեց, թե. «Մեր նպատակն է, որ պատմաբաններն անդրադառնան 1915թ. դեպքերին»: Գյուլը նույնիսկ մեծահոգաբար նկատել է, թե Թուրքիան  համաձայն է, որ տարբեր երկրներ մասնակցեն այդ հանաձնաժողովի աշխատանքներին, ներկայացնեն իրենց  կոնկրետ առաջարկությունները: Ֆրանսիայի նախագահի հանդիպմանն ընդառաջ Գյուլը նույնպիսի մեծահոգությամբ առաջարկել է. «Եթե ֆրանսիացի պատմաբանները կցանկանան` իրենք էլ թող մասնակցեն այդ հանձնաժողովի աշխատանքներին»:

Armar.am-ի խնդրանքով Թուրքիայի նախագահի այսօրինակ մտահոգիչ  հայտարարությանն արձագանքեց Ցեղասպանության թանգարանի տնօրեն Հայկ Դեմոյանը. «Նախագահ Գյուլի հայտարարություն առնչությամբ կներակայացնեմ մեկ դիտարկում և մեկ դիտողություն. առաջին, Գյուլը թերևս շփոթում է ու լավ չի ընթերցել արձանագրությունը, ուր խոսք է գնում ոչ թե պատմաբանների հանձնաժողովի, այլ միջպետական հանձնաժողովի` ենթահանձնաժողովի ստեղծման մասին: Իսկ դա բնավ չի ենթադրում, որ այնտեղ կարող են ներկայացված լինել միայն պատմաբաններ, այլ կարող են ներգրավված լինել նաև հումանիտար ոլորտի մասնագետներ, որոնք տարբեր այլ հարցեր են քննարկելու: Խնդիրն այն է, որ մինչ այժմ դեռ որևէ բան հայտնի չէ, թե  ինչ ձևաչափով է դա կատարվելու, հայտնի չեն նաև  մասնակիցները:  Ուստի նման հայտարարությունը թույլ է տալիս կարծել, որ նախագահ Գյուլը սխալ է հասկացել փաստաթղթում գրվածը: Երկրորդ. սա արդեն հնչեցնում եմ որպես դիտողություն ուղղված թուրքական կողմին` ի դեմս նախագահ Գյուլի: Մինչ Թուրքիայի նախագահը կամ որևէ  թուրք պաշտոնյա իրեն թույլ կտա նման հղում անել այլազգի պատմաբաններին,  մասնավորապես, ֆրանսիացի պատմաբաններին, հանձնաժողովի աշխատանքներին մասնակցելու համար, լավ կլինի, որ Թուրքիայի ղեկավարությունը նախ ձերբազատվի իր բրդույթներից, դրսևորի քաղաքական կամք և  հենց թուրք պատմաբաններին հնարավորություն տա  ազատ արտահայտվելու, դրանք այն մեկ տասնայակից ավելի թուրք պատմաբաններն են, ովքեր ընդունելով Հայոց Ցեղասպանության պատմական փաստը, բայց վախենալով իրենց անվտանգությունից ստիպված են եղել հեռանալ սեփական  երկրից և ապրել ու աշխատել արտասահմանում,  քանի որ նրանց գլխին կախված է  թուրքական քրեական օրենսգրքի 301 հոդվածով  դատապարտվելու սպառնալիքը»:

Մեր այն դիտարկմանը,  թե  արձանագրությունները դեռ վավերացված չեն, բայց Թուրքիայի ղեկավարությունն արդեն իրեն թույլ է տալիս  խեղաթյուրել ու իր շահերին հարմարեցնել արձանագրության  կետերը, պարոն Դեմոյանը պատասխանեց.«Պարզ է, որ  իրենք պետք է նման գործելաոճ կիրառեն: Ես բազմիցս հայատարել եմ, որ թուրքական կողմը, անգամ այդ ենթահանձնաժողովի մակարդակով, բնավ հավասարի դիրքերում չի գտնվում հայկական կողմի հետ: Քանի որ հայկական կողմն ապացույցներ ներկայացնելու որևէ խնդիր չունի`   նկատի ունեմ   փաստարկային բազայի առումով.  հայկական կողմն ունի միայն մեկ սկզբունքային դիրքորոշում, որ ցանկացած ձևաչափի  մեջ, որևէ տեղ քննարկման առարկա չի’ կարող դառնալ Հայոց Ցեղասպանության պատմական փաստն ու դրա իրավական բնորոշումը»:

Հետևապես, Հայկ Դեմոյանի հավաստմամբ, եթե այսօր արդեն թուրքական կողմը, հանձին  երկրի նախագահի, նման առաջ անցնող հայտարարություններով է հանդես գալիս, կնշանակի դրանով արդեն իսկ ուղղակիորեն ի ցույց է դնում իր  խիստ խոցելի լինելը:

Armar.am

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Թեգեր` , , , , , , , ,

Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն