Գլխավոր » Արևմտյան Հայաստան, Թուրքիա, Լրահոս, Հայ-թուրքական հարաբերություններ, Վերլուծական, Տարածաշրջան, Քաղաքականություն

Հայկական հարցի պատմությունը և ներկա փուլում նրա վերակենդանացման հնարավորությունները

Ապրիլ 26, 2011թ. 13:15

IMG_7195(Արևմտյան Հայաստանի Հայերի Ազգային Խորհրդի Գիտաժողովի զեկույց)

ՆԱԽԱԲԱՆ

Ինչպես հայտնի է, Հայկական հարցի ակունքները հասնում են մինչև XIX դարի կեսերը և անմիջական կապ ունեն Հայաստանի Արևելյան ու Արևմտյան հատվածները տնօրինող երկու գերտերությունների` Ռուսական և Օսմանյան կայսրությունների հարաբերություններից և, մասնավորապես` այդ շրջանում նրանց միջև տեղի ունեցած պատերազմական գործողություններից և, կախված այդ պատերազմների ելքից, ինչպես նաև աշխարհաքաղաքական փոփոխություններից, Հայկական հարցը կարելի է բաժանել մի քանի փուլերի: Սակայն, մինչ փուլերին անցնելը, շատ կարևոր է իմանալ նրա ի հայտ գալու նախապատմությունը:

Չնայած, որ Հայկական հարցն առաջին անգամ գերտերությունների կողմից շրջանառվել է 1877-78թ.թ. ռուս-թուրքական պատերազմից հետո, սակայն դրա նախադրյալները ստեղծվել էին դեռևս ավելի վաղ` նրանց միջև ավելի վաղ տեղի ունեցած պատերազմների ժամանակ: Դա նշանակում է, որ մինչ Հայկական հարցի միջազգայնացումը, այն ունեցել է իր նախապատմությունը, իսկ ավելի ճիշտ` Հայկական հարցը եղել է Արևելյան հարցի բաղկացուցիչ մասը:

Հայկական հարցի սկզբնավորման տեսակետից առավել բարենպաստ է եղել XIX դարը, երբ Օսմանյան Կայսրությունը մեկը մյուսի ետևից տարածքներ էր կորցնում և հայ ժողովրդի, մասնավորապես` Արևմտյան Հայաստանի հայերի մոտ, անկախության հույսեր արթնացնում, սակայն դարավերջին, եվրոպական երկրների միջամտություններից և հարցի միջազգայնացումից, ինչպես նաև հաջորդ դարասկզբին միջազգային և աշխարհաքաղաքական ոչ հայանպաստ գործընթացների հետևանքով առաջացած փոփոխություններից ու, հատկապես, 1-ին Համաշխարհային պատերազմից հետո, այն կտրուկ փոխվել է ի վնաս հայ ժողովրդի, որի արդյունքում հաջորդ մեկ դարը հայտնվել է փակուղում և միայն Խորհրդային Միության փլուզումից ու դրա հետևանքով տեղի ունեցած բարենպաստ փոփոխություններից հետո կրկին նպաստավոր պայմաններ ստեղծվեցին Հայկական հարցի վերակենդանացման համար: Առաջին հերթին խոսքը վերաբերվում է Հայաստանի Հանրապետության անկախացմանն ու ԼՂՀ-ի հռչակմանը, որոնք, որպես միջազգային սուբյեկտներ, ոչ միայն նշանավորեցին հայկական գործոնի վերածնունդը, այլև ապահովեցին տարածաշրջանում նրա ակտիվ դերակատարությունը: Չնայած այսօրվա մեր ազգային հիմնախնդիրները որոշակիորեն տարբերվում են նախորդ ժամանակաշրջանի խնդիրներից` անցած ժամանակահատվածում տեղի ունեցած բացասական` ոչ հայանպաստ գործընթացների պատճառով, այնուամենայնիվ դրանցից գլխավորը եղել ու մնում է Հայկական հարցը:

ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՐՑԻ ՆԱԽԱՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ

Հայկական հարցի նախապատմության մեջ կարևորագույն և շրջադարձային փուլ են հանդիսացել 1801-03թ.թ. և 1826-28թ.թ. ռուս-թուրքական և ռուս-պարսկական պատերազմները, որոնց արդյունքում Արևելյան Հայաստանն ամբողջովին ազատագրվեց Պարսկական և Օսմանյան տիրապետություններից և ընգրկվեց Ռուսական Կայսրության մեջ: Հենց այդ ժամանակ էլ կազմվեց Հայկական Մարզը, որն այն ժամանակվա միջազգային չափանիշներով բավականին բարձր` ինքնիշխանությանն համազոր կարգավիճակ էր: Ճիշտ է, հետագայում Մարզը բաժանվեց Երևանի ու Նախիջևանի նահանգների միջև, այնուամենայնիվ դրանից հայկական պատկանելիությունը չվերացավ. դեռ ավելին, հայկական կամ հայախոս էին համարվում ոչ միայն նշված, այլև Բաթումի և Գանձակի կամ Ելիզավետպոլի, ինչպես նաև Թիֆլիսի և Բաքվի նահանգները: Դա նշանակում է, որ Բաթումից մինչև Բաքու, այսինքն` ծովից-ծով, հայերն համարվում էին բնակչության հիմնական էթնիկ տարրերն Անդրկովկասում: Իսկ ամենակարևոր արդյունքն այն եղավ, որ հայերի թվաքանակը կոնկրետ Հայկական Մարզում, 1828թ. մինչև 1914թ. ավելացավ շուրջ 10 անգամ` 140 հազարից հասնելով 1,4 միլիոնի, իսկ ողջ Անդրկովկասում հասավ շուրջ 3 միլիոնի, որի շնորհիվ հայերը բացարձակ մեծամասնություն էին կազմում Անդրկովկասի մնացած բոլոր ազգային փոքրամասնությունների նկատմամբ (դժվար չէ հաշվարկել, թե որքան կկազմեր այդ թիվն այսօր, եթե տեղի ունեցած չլինեին 20-րդ դարի ոչ հայանպաստ գործընթացները, որոնք կներկայացվեն ստորև):

Սակայն, այսպիսի նպաստավոր հանգամանքների առկայության պայմաններում էլ, Արևելյան Հայաստանում հայկական պետականության ստեղծման խնդիր, հետևաբար` նաև Հայկական հարց, երբևէ գոյություն չի ունեցել (միգուցե դրա պատճառն այն իրողությունն ու նրանից բխող մտայնությունն է եղել, որ ռուսական հպատակության ներքո Անդրկովկասում և, մասնավորապես` Կայսրության փոխարքայության մայրաքաղաք Թիֆլիսում, որպես հիմնական և բնիկ ազգ ճանաչվել են միայն հայերը): Որքան էլ պարադոքսային է, այնուամենայնիվ փաստ է, որ, ինչպես 1918թ., այնպես էլ 1991թ., Հայաստանի Հանրապետությունն անկախացել է ոչ թե Ռուսական Կայսրության կամ Խորհրդային Միության հետ ունեցած առճակատման ու անջատողականության ճանապարհով, այլ այդ կայսրությունների փլուզման ու ներքին տրոհման հետևանքով առաջ եկած մի երրորդ ուժի հետ ունեցած բախումներից ու պատերազմներից հետո: Այդ ուժը ՙթուրքական գործոնն էր՚, որը 1917թ. հոկտեմբերին բոլշևիկյան հեղափոխության միջոցով խլեց իշխանությունը և ներսից քայքայեց ռուսական պետությունը: Դրա համար էլ 1918թ. հայ ժողովուրդը, ի տարբերություն իր 2 նորելուկ հարևանների, անկախությունը նվաճեց հենց թուրքական բանակի դեմ կենաց-մահու ճակատամարտից հետո միայն, իսկ 1991թ. անկախացումից հետո էլ դատապարտված էր շարունակելու իր հերոսամարտերի շարքը` դիմակայելով դարձյալ ՙթուրքական գործոնի՚ անքակտելի մաս կազմող Ադրբեջան հորջորջված պետության, ինչպես նաև Խորհրդային Միություն անունով խալիֆայության, որի ՙմիջնաբերդը՚ համարվող Կրեմլը վերածվել էր ՙթուրքական գործոնի՚ տաքուկ որջի, ոտընձգությունների դեմ (բավական է հիշել միայն մեր հայրենակից Թ. Գդլյանի և նրա գործընկեր Իվանովի կողմից բացահայտված ՙԿրեմլյան գործը՚, որն հանրությանը հայտնի դարձավ ՙՈւզբեկական գործ՚ անունով): Այո, անցած 70 տարիների ընթացքում ՙթուրքական գործոնը՚ ոչ միայն հասցրել էր խորը արմատներ գցել Կրեմլում, այլև գործուն մասնակցություն էր ունեցել խորհրդայնացված Հայաստանի մասնատման և Անդրկովկասում ժողովրդագրական ոչ հայանպաստ փոփոխությունների գործում, որոնց հետևանքով Հայկական հարցը կերպարանափոխվել ու վերածվել էր ՙհայկական թնջուկի՚: Այսօր էլ, Ռուսաստանի Դաշնության անկախացումից 20 տարի անց, այդ արմատները դեռևս կենսունակ են և ոչ միայն խոչընդոտում են ռուսական պետության կայացմանը կամ ռուսականացմանը (ինչպիսին ցարական Ռուսաստանի և նույնիսկ` Ռուսաստանի Ժամանակավոր Կառավարության օրոք էր), այլև ՙհայկական թնջուկի՚ վերացմանը (նաև դրանով են պայմանավորված հայ-ռուսական ներկայիս ռազմավարական դաշնակցային հարաբերությունները):

Ինչ վերաբերվում է Օսմանյան Կայսրությունում կամ Արևմտյան Հայաստանում Հայկական հարցի նախապատմությանը, ապա պետք է առաջին հերթին նշել հենց վերը նշված արևելահայության առավել հայանպաստ միջավայրի ազդեցությունը արևմտահայերի վրա, որոնք նույնպես ձգտում է էին ունենալ նման ինքնավար կարգավիճակ և պատահական չէր, որ ռուս-թուրքական յուրաքանչյուր պատերազմից (մասնավորապես` 1853-56թ.թ. Ղրիմի և 1877-78թ.թ. Բալկանյան պատերազմներից) հետո Արևմտյան Հայաստանի այս կամ այն մասում տեղի էին ունենում ընդվզումներ և զինված պայքարի փորձեր, ստեղծվում էին հայդուկային խմբեր և քաղաքական կուսակցություններ:

Անշուշտ, թվարկված գործընթացներից առաջինը թե’ իր ուժգնությամբ և թե’ նշանակությամբ Զեյթունի 1862թ. Մեծ ապստամբությունն էր, որն արտահայտում էր ողջ արևմտահայության ցասումն ու ատելությունը սուլթանական կառավարության կողմից իրականացվող հակահայկական քաղաքականության դեմ: Այդ ապստամբության պատմական խոշոր նշանակությունը կայանում էր նրանում, որ այն ոչ միայն հայ ժողովրդի գիտակցության մեջ արմատավորեց ազատության ու անկախության գաղափարները, այլև` այդ գաղափարները կյանքի կոչելու ինչպես զինված, այնպես էլ` քաղաքական պայքարի անհրաժեշտությունը: Ասվածի ապացույցը զեյթունցիների հերոսական պայքարի շնորհիվ ձեռք բերված խոշոր հաղթանակն էր, որի արդյունքում սուլթանը ստիպված եղավ ոչ միայն հերթական անգամ հաշտվելու Զեյթունի ինքնիշխան կարգավիճակի հետ, այլև վավերացնելու պոլսահայ մտավորականության կողմից դեռևս 1861թ. կազմված ՙԱրևմտահայերի Սահմանադրությունը՚: Արևմտահայերի Սահմանադրությունը դրական երևույթ էր արևմտահայության կյանքում: Այն ոչ միայն հայ ժողովրդի` իր սեփական հողում սեփական օրենքներով ապրելու և նրա ինքնության հաստատման վկայությունն էր, այլև ազգային ինքնագիտակցության արթնացման և արևմտահայության խնդիրների սեփական ըմբռնման, ինչպես նաև հայկական հարցի վերաբերյալ ինքնուրույն դիրքորոշում ձևավորելու կարևոր նախադրյալ (եթե մի պահ մտովի դուրս գանք միջազգային հանրության կողմից սահմանված կանոններից և հարցը դիտարկենք մեր ազգային խնդիրներով պայմանավորված իրականության շրջանակներում, ապա անվերապահորեն կարող ենք պնդել, որ Արևմտյան Հայաստանի հարցը կամ, ինչպես հետագայում այն կոչվեց` Հայկական հարցը, ըստ էության, սկիզբ է առել հենց այդ Սահմանադրության ընդունումից): Պետք է նշել, որ այն ժամանակին մեծ դեր էր կատարել` Օսմանյան Կայսրությունում հայերի իրավական, սոցիալական, տնտեսական, մշակութային, հոգևոր և, նույնիսկ, քաղաքական խնդիրները լուծելու գործում: Ի դեպ, այն շատ մեծ դրական ազդեցութուն էր գործել նաև արևելահայերի վրա, որոնք էլ, հեղափոխական գրեթե բոլոր շարժումներին իրենց մասնակցությունը հադես բերելով, պայքարում էին, եթե ոչ` անկախություն, ապա` գոնե ազատություն նվաճելու համար (hիշենք, թե ազատության գաղափարներով տոգորված հայ մեծ հեղափոխական-դեմոկրատ Միքայել Նալբանդյանն ինչպես էր ոգևորում և կոչ անում ողջ հայ ժողովրդին` ինչպես Արևելյան, այնպես էլ` Արևմտյան Հայաստանում, որպեսզի Զեյթունի օրինակով դիմեն համընդհանուր զինված պայքարի):

Ցավոք, ինչպես ցույց տվեցին հետագա իրադարձությունները, Սահմանադրության ընդունումից և Հայկական հարցի միջազգայնացումից հետո ստեղծված քաղաքական կուսակցությունները, ինչպես նաև հայ ժողովրդի ճակատագիրը տնօրինող գործիչներն ու պաշտոնյաները, չկարողացան ընդհանուր ուժերով ձևավորել մի մարմին, որը կարողանար իր ձեռքը վերցնել արևմտահայերի ինքնորոշման գործընթացը և, ամենակարևորը, կարողանար պաշտպանել արևմտահայերի անվտանգությունը:

Ավելին, նրանց անհամաձայնեցված գործողությունները թույլ տվեցին, որպեսզի թուրքական իշխանություններն ամեն կերպ խոչընդոտեն ու կանխեն հայերի ընդվզումները, որոնք կազմակերպվում էին հիմնականում ազգին անմնացորդ ծառայող հայդուկապետերի կողմից: Մինչդեռ քաղաքական պայքարին ապավինած կուսակցությունների ավելացման հետ միասին ավելացան նաև միջկուսակցական տարաձայնությունները (որոնց մասին գրեթե ոչինչ չի խոսվում, սակայն, հաշվի առնելով այսօրվա քաղաքական կուսակցությունների նմանատիպ գործելակերպը, արդեն կարելի է կարծիք կազմել այդ տարաձայնությունների բնույթի և պատճառների մասին), որն էլ թույլ տվեց թուրքական իշխանություններին ոչ միայն կանխարգելել նրանց պայքարը, այլև ավելի մեծացնել ճնշումները հայերի վրա: Հենց դրանով կարելի է բացատրել ՙկարմիր սուլթան՚ Աբդուլ Համիդ 2-րդի կողմից կազմակերպած հայկական ջարդերը, որոնք աստիճանաբար վերածվեցին հայաջինջ քաղաքականության. 1894թ. մինչև 1908թ., այսինքն` մինչև երիտթուրքերի իշխանության գալը, ոչնչացվեցին շուրջ 300 հազար հայեր: Սրանով սկսվեց ոչ հայանպաստ դարաշրջանը, որն ավելի սուր բնույթ ընդունեց երիտթուրքերի իշխանության գալուց հետո: Վերջիններս, միայն իրենց յուրահատուկ ՙթուրքական խորամանկությամբ՚ կամ, ավելի ճիշտ` ՙթուրքի առաջին խելքի՚ դիվանագիտությամբ, ինչպես նաև հայերին մոլորության մեջ գցող ՙեվրոպականացված՚ գաղափարներով, կարողացան ոչ միայն ՙփափուկ բարձ՚ դնել ՙհայի վերջին խելքի՚ դիվանագիտությանն ապավինած պաշտոնյաների և քաղաքական գործիչների գլխի տակ,  այլև շեղել նրանց ազգային-ազատագրական պայքարի ուղուց ու ջլատել նրանց միասնությունը, որի հետևանքով հայ ժողովուրդը մնաց առանց ղեկավարող ուժի և միայնակ ու ՙանպատրաստ վիճակում՚ հայտնվելով պատերազմական գործողությունների թատերաբեմում, ոչնչացվեց:

Եվ սա միակ ողբերգական դեպքը չէ, երբ ՙհայի վերջին խելքը՚ զիջում է ՙթուրքի առաջին խելքին՚, որի ապացույցը այն բազմաթիվ օրինակներն են, որոնք անընդմեջ կրկնվում են` թշնամու կողմից նախահարձակ սանձազերծվող սադրիչ գործողությունների կամ ապատեղեկատվությունների տարածման միջոցով և որոնց ճանապարհը մենք առայժմ չենք կարողանում վերջնականապես փակել, լավագույն դեպքում` երբեմն-երբեմն և այն էլ`ՙվերջին պահին՚ միայն, փորձում ենք տարերայնորեն արձագանքել դրանց, նույնիսկ առանց հաշվի առնելու հակահարվածի արդյունավետությունը, որովհետև առ այսօր չունենք համազգային միասնական հայեցակարգ  մեր ազգային խնդիրների համակարգման ու դրանց լուծման ընթացակարգերի վերաբերյալ:

Հայկական հարցի նախապատմության վերաբերյալ սույն հանգամանալից շարադրանքը կօգնի առավել դյուրին ու մատչելի դարձնել ստորև ներկայացվող նրա ծագման ու զարգացման վերաբերյալ հետագա պատմությունը, որն, ըստ հարցի լուծման հետ կապված գործընթացների, կարելի է բաժանել մի քանի փուլերի:

ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՐՑԸ ԵՎ ՆՐԱ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՓՈՒԼԵՐԸ

1-ին փուլ – Հայկական հարցը XIX դարի վերջերից մինչև 1-ին

Համաշխարհային պատերազմը.

Ինչպես նշվեց վերևում, Արևմտյան Հայաստանի հարցն առաջին անգամ գերտերությունների կողմից շրջանառվեց 1877-78թ.թ. ռուս-թուրքական պատերազմից հետո, երբ կովկասյան ճակատում տարած հաղթանակի շնորհիվ Կարսը, Արդահանն ու Արդվինը ազատագրվեցին օսմանյան լծից և միացվեցին Ռուսական Կայսրությանը: Հենց այդ ժամանակ էլ Արևմտյան Հայաստանում բարեփոխումներ իրականացնելու վերաբերյալ հարցը դրվեց նախ` Սան-Ստեֆանոյի, ապա նաև` Բեռլինի կոնֆերանսների քննարկմանը և միջազգայնացվեց Հայկական հարց անվանումով:

Այս փուլը ավելի շատ ոչ թե հայ ժողովրդին էր վերաբերվում, այլ միջազգային հանրությանը, քանի որ այն նոր էր սկսել ծանոթանալ Արևելյան հարցի բաղկացուցիչ մասը համարվող հայկական գործոնի հետ և փորձում էր իր համար նոր լծակներ հայտնաբերել Օսմանյան Կայսրության վրա ազդելու և սեփական շահերն առաջ մղելու համար: Դրա համար էլ այս փուլում Հայկական հարցը հայ ժողովրդի համար ոչ մի դրական արդjունք չարձանագրեց: Դեռ ավելին, այն ավելի գրգռեց թուրքերին, որոնք սկսեցին Հայկական հարցից ազատվելու ուղիներ փնտրել, ընդհուպ` մինչև հայաջինջ ծրագրերի մշակումը և սպասում էր հարմար պահի այն իրագործելու համար: Այդ պահը նրան ընձեռեց 1-ին Համաշխարհային պատերազմը:

Այս փուլի ամենաճիշտ գնահատականը տվել է մեծ Մարդասեր և մեծ Հայասեր Ֆրիտյոֆ Նանսենը, ով հետագայում խոստովանում էր. երանի Հայաստան անունը երբևէ հնչած չլիներ որևէ եվրոպացի դիվանագետի շուրթերից:

2-րդ փուլ –   Հայկական հարցը 1-ին Համաշխարհային պատերազմի

ժամանակաշրջանում

Քանի որ 1-ին Համաշխարհային պատերազմում Հայաստանի Արևելյան և Արևմտյան հատվածները հայտնվել էին պատերազմող 2 խմբավորումների տարբեր կողմերում, ուստի բնական էր, որ պատերազմի ելքը պետք է որ տարբեր ձևերով ազդեր այդ հատվածների հայկական բնակչության վրա: Սակայն այն, ինչ տեղի ունեցավ հայ ժողովրդի 2 հատվածների հետ, ուղղակի ոչ մի կերպ չի տեղավորվում նորմալ բանականության սահմաններում և ոչ մի կերպ չի բացատրվում կամ արդարացվում միայն թշնամական ճամբարներում մշակված և իրականացված հայաջինջ քաղաքականության շրջանակներում:

Ամբողջ դժբախտությունը հայ ժողովրդի համար կայանում էր նրանում, որ տուժեցին ոչ միայն պարտված խմբավորման ճամբարում հայտնված արևմտահայերը, այև հաղթող եռյակի` Անտանտի խմբավորման մեջ մտնող` Ռուսական Կայսրության սահմաններում ապրող (կամ Արևելյան Հայաստանի և ողջ Անդրկովկասի) հայերը: Սա համաշխարհային պատմության մեջ աննախադեպ և դեռևս լրիվ չբացահայտված մի քաղաքական ծրագիր էր` իրականցված մի ողջ ժողովրդի դեմ, որի հետևանքով հայ ժողովուրդն հայտնվել էր դավադիր ծուղակում: Եթե միջազգային այդ դավադրության արդյունքում Թուրքիան տիրացավ մեր հողերին, ապա Արևմուտքն էլ տիրացավ մեր փողերին (դեռևս 40 տարի առաջ կատարված այս ձևակերպումը այսօր ոչ միայն լուսաբանվում և հաստատվում է իրավաբանների կողմից, այլև արդեն իսկ սկսվել են դատական գործընթացներ` եվրոպական և ամերիկյան բանկերի կողմից հայազգի քաղաքացիների կուտակած ավանդները յուրացնելու փաստերի դեմ): Միայն դրանով կարելի է բացատրել այսօրվա միջազգային հանրության ՙներողամիտ՚ վերաբերմունքը մարդկության դեմ հանցագործություն կատարած երկրի նկատմամբ, մինչդեռ այս թեմաներով մեր պատմագիտությունն ու քաղաքագիտությունն առայժմ լռում են: Այդ բացը լրացնելու համար ես կփորձեմ հավելյալ փաստարկներ ներկայացնելով` բացահայտել նշված դավադրության մի քանի ծալքերը, որոնք մեր պատմագիտության և քաղաքագիտության կողմից դեռևս համապատասխան գնահատականների չեն արժանացել ու չեն լուսաբանվել զանգվածային լրատվամիջոցների կողմից, որի պատճառով էլ հասու չեն եղել մեր ժողովրդին և որի հետևանքով հայ ժողովուրդը, Հայրենիքի ու մարդկային կորուստներից բացի, ներկայումս կանգնած է նաև հիշողությունը կորցնելու վտանգի առաջ, իսկ հիշողությունը պետք է ոչ միայն ճշմարտությունը բացահայտելու և անցյալի սխալներից դասեր քաղելու, այլև կորցրածը ետ վերադարձնելու նպատակով ուղիներ փնտրելու համար:

Տեղի ունեցած գործընթացները լուսաբանելու և այսօրվա մեր հասարակությանն առավել մատչելի դարձնելու, ինչպես նաև տարբեր գործընթացների միջև առկա ընդհանուր կապերը բացահատելու նպատակով այս փուլը կարելի է բաժանել մի քանի ենթափուլերի.

2-րդ փուլի 1-ին ենթափուլ  – 1-ին Համաշխարհային պատերազմը և Արևմտյան

Հայաստանը կամ 1915-16 թ.թ. Հայոց Մեծ եղեռնը

Այսօր ոչ ոք չի կասկածում, որ հայաջինջ ծրագրի գլխավոր մեղսակիցներն էին նոր համաթուրանական կայսրություն ստեղծելու մարմաջով տարված երիտթուրքերի կառավարությունն ու նրան սատարող և դեպի Բաղդադ երկաթուղի կառուցելու միջոցով Պարսից ծոցին տիրելու մարմաջով տարված Գերմանիան: Օգտվելով առիթից, որ Հայկական հարցի երաշխավոր եվրոպական երկրներն

զբաղված են` ամեն մեկն իր խնդիրներով, երիտթուրքերի կառավարությունն իրականացրեց Հայկական հարցի լուծման նախապես մշակած ու իր դաշնակցի հետ համաձայնեցրած հրեշավոր ծրագրի 1-ին փուլը, այսինքն` բնաջնջելով ողջ Արևմտյան Հայաստանը, կոտորելով և աքսորելով բնիկ հայ ժողովրդին, Թուրքիան ազատվեց և’ հայերից, և’ Հայկական հարցից:

Այնուամենայնիվ չի կարելի հարց չտալ, թե ինչպե՞ս նա կարողացավ այդ բանն անել, իսկ ինչո՞վ էին զբաղված հայ քաղաքական ու առևտրա-արդունաբերական վերնախավը, որոնք պարտավոր էին եթե ոչ կանխարգելել, ապա գոնե վերջին պահին կազմակերպել համընդհանուր դիմադրություն, սակայն նրանցից շատերը հենց առաջինը բռնեցին փախուստի ճանապարհը, իրենց ունեցվածքի մեծ մասը թողնելով թշնամուն (հատկապես Թիֆլիսում և Բաքվում ստեղծված կապիտալները). մինչդեռ կարող էին այդ ունեցվածքի մի մասը տրամադրել ժողովրդին զինելու համար, որն էլ գաղթելու կամ կոտորվելու փոխարեն կդիմադրեր և, միգուցե, կորուստն էլ այսքան մեծ չէր լինի: Այս եզրակացությունը անհիմն չէ, եթե հաշվի առնենք այն բազմաթիվ դեպքերն ու իրադարձությունները, որոնք տեղի ունեցան ի հակազդեցություն թուրքական բռնարարքներին և փրկեցին հազարավոր կյանքեր, իսկ որոշ տեղերում` նաև ամբողջ բնակավայրեր: Պակասում էր ընդամենը դրանք համակարգող մարմինը, որն այդպես էլ չկայացավ: Իսկ թե ինչպիսի հերոսներ ու անհատներ ծնեց այդ պայքարը, որոնք ունակ էին ոչ միայն դիմագրավելու, այլև բեկելու կամ կասեցնելու հայակուլ ասկյարների ու բաշիբոզուկների հարձակումները, եթե նախապես ՙկազմ ու պատրաստ՚ վիճակում լինեին, դեռևս կարիք ունի լուրջ ուսումնասիրությունների: Այսօր, մեկդարյա հեռավորությունից, միայն նրանց հերոսական գործերն են ճիշտ ընկալվում ու գնահատվում, որոնցից շատերը, դժբախտաբար, նույնպես կորստի մատնվեցին կամ էլ աղոտ կերպով պահպանվեցին մի քանի վերապրողների հուշերում միայն: Դա էլ մեկ ուրիշ` մոռացության կորուստն է, իսկ մոռացությունն այնպիսի չարիք է, որն հղի է մշտապես կրկնվելու վտանգով: Իսկ թե ին՞չ էին անում այդ ժամանակահատվածում ՙազգի ճակատագիրն՚ իրենց համար ընդամենը որպես դրոշ դարձրած, սակայն ժողովրդից կտրված ու այդպես էլ ժողովրդի համար փաստացի ոչինչ չարած կամ էլ իրենց պարտականություններում թերացած, անհեռատես պաշտոնյաներն ու գործիչները, կրկին մնում է անպատասխան: Այստեղ, որպես զեյթունցու հետնորդ ու հայրենակցական միության ներկայացուցիչ, չեմ կարող շրջանցել և պարտավոր եմ պաշտոնապես հայտարարել, որ Զեյթունը, ինչպես միշտ, այդ ժամանակ էլ ՙկազմ ու պատրաստ՚ վիճակում էր և սպաում էր ՙսկսել՚ հրահանգին, որն այդպես էլ ՙուշացավ՚ (վստահ եմ, որ Արևմտյան Հայաստանը ներկայացնող մյուս բնօրրանների հայրենակցական միությունների ներկայացուցիչներն էլ կհաստատեն իրենց բնակավայրերի համապատասխան ՙպատրաստվածության՚ և հրահանգի բացակայության մասին): Պարզապես ՙհրահանգ արձակող՚ իրական մարմինը չկար: Այս փաստերը միայն մեկ բացատրություն ունեն. երբ ազգային խնդիրները ՙվերածվում են՚ քաղաքականի, որտեղ ամեն մի ՙխումբ՚ ցանկանում է առաջին դրոշակակրի դերն իրեն վերապահել, նման կորուստներն անխուսափելի են: Միակ սփոփանքն այն կլինի, որ այսօրվա նմանատիպ ՙխմբերը՚ դասեր քաղեն ոչ վաղ անցյալի մեր ազգային ամենաողբերգական դեպքերից:

2-րդ փուլի 2-րդ ենթափուլ –  1-ին Համաշխարհային պատերազմը և Արևելյան

Հայաստանը կամ Սարդարապատում կանխվեց

հրեշավոր ծրագրի 2-րդ փուլը

Օգտվելով 1-ին Համաշխարհային պատերազմի ժամանակ Ռուսաստանում տեղի ունեցած հեղափոխության պատճառով Ռուսական Կայսրության փլուզումից (1917թ. փետրվար), ապա` բոլշևիկյան հեղաշրջումից (1917թ. հոկտեմբեր), որին, ի դեպ, ակտիվորեն մասնակցում էին նաև բազմաթիվ թուրք հրամանատարներ, ինչպես նաև բոլշևիկների կողմից կնքված Բրեստ-Լիտովսկի Պայմանագրի (1918թ. փետրվար) հետևանքով Ռուսաստանի մասնատումից, մասնավորապես` Անդրկովկասի առանձնացումից և, որպես դրա հետևանք, բոլշևիկների կողմից ռուսական զորքերին այդ տարածքներից ետ կանչելու պատճառով առաջացած սահմանների անպաշտպան վիճակից, Թուրքիան անարգել ներխուժեց նաև Արևելյան Հայաստան և շարունակեց ավարտին հասցնել հայերին վերջնականապես բնաջնջելու ծրագիրը: Չնայած, որ այդ ժամանակ Անդրկովկասում ստեղծվել էր մենշևիկա-մուսաֆաթա-դաշնակցական մի անդեմ և հեղհեղուկ կառավարություն, սակայն այն չուներ միասնական ծրագիր և համապատասխան միջոցներ` իր սահմանները պաշտպանելու համար, քանի որ մեծամասնություն կազմող վրաց մենշևիկներն ու մուսաֆաթներն ամեն ինչ անում էին ոչ միայն հիմնական պաշտպաններին` ռուսական զորքերին Անդրկովկասից տարհանելու, այլև թուրքական բանակին չխոչընդոտելու համար, քանի որ միայն նրանց միջոցով կարող էին իրականացնել հակահայկական ծրագրերն ու մեծացնել իրենց տարածքները` հայկական տարածքների հաշվին, մի բան, որ չէին կարող անել ռուսական վերահսկողության ներքո: Նշված հանգամանքների պատճառով հայ ժողովուրդը մնացել էր մեն-մենակ` հզոր և արյունարբու թշնամու դեմ-հանդիման:

Սակայն, ի պատիվ հայ ժողովրդի` Սարդարապատի հերոսամարտում տարած աներևակայելի հաղթանակի շնորհիվ, կարողացավ փրկել իր պատմական տարածքի մի փոքրիկ հատվածը և, նույնիսկ, հռչակել անկախ պետության հաստատումը, դրանով իսկ պահպանելով հայ ժողովրդի մի հատվածի ֆիզիկական գոյությունը (որպես զեյթունցու հետնորդ, դարձյալ չեմ կարող չմիջամտել ու չհպարտանալ, որ Հայրենիքի համար այդ օրհասական պահին, շրջանցելով օսմանյան բանակների շղթան և կտրելով ամբողջ Արևմտյան Հայաստանը, զեյթունցի 700 հեծյյալներ Հովնան Քերիկյանի գլխավորությամբ հասել են Սարդարապատ և, ոչ միայն իրենց մասնակցությունն են ապահովել հերոսամարտին, այլև նշանակալի ավանդ են ներդրել ընդհանուր հաղթանակի գործում):

Իհարկե, այստեղ նույնպես բազմաթիվ անհայտներ կան, որոնք կարիք ունեն մեկնաբանությունների և գնահատականների, սակայն ոչ թե զուտ պատմագիտության կամ քաղաքագիտության դիրքերից, այլ ազգային խնդիրների տեսանկյունից: Նախ, գոնե հիմա, պետք է առավել ճիշտ ու լիարժեք գնահատական տրվի այդ հաղթանակին. փաստորեն դա, բազմաթիվ գործոնների հետ միասին, նաև ազգային մտածողության հաղթանակն էր քաղաքական մտածողության նկատմամբ, մի բան, որն այսօր էլ հրատապ խնդիր է մեր կորցրած տարածքները վերադարձնելու, այդ թվում նաև` Արևմտյան Հայաստանի հիմնախնդրի լուծման գործում: Մինչդեռ այսօր մեզ համար արդեն պարզ է, որ խնդրի լուծման զուտ քաղաքական մեթոդներին ապավինած ուժերն այդպես էլ չկարողացան հասկանալ ու գնահատել ազգին անմնացորդ ծառայող հայդուկների ու հայդուկապետերի ուժն ու ապավինել նրանց զորությանը և հավատացին օտարի սուտ խոստումներին, մասնավորապես` Սեյմից ստացված ՙհրահանգներին՚, որն էլ իր բացասական հետքը թողեց Հերոսամարտի փայլուն հաղթանակի վրա, այլապես Բաթումում այլ պայմանագիր կստորագրվեր:

Հնարավոր չէ շրջանցել նաև Անդրկովկասի առանձնացման հարցում թույլ տրված աններելի սխալները, որոնց մասնակիցների ու դերակատարների մեջ քիչ չէին հայազգի պետական ու քաղաքական գործիչները: Հատկապես անբացատրելի են մնացել Սեյմի վարած քաղաքականության այն ուղությունները, որոնք հանգեցրեցին երկրամասի տարանջատմանն ու մասնատմանը և այն էլ այնպիսի փոքրաթիվ համայնքների միջև, ինչպիսիք վրացիներն ու կովկասյան թաթարներն էին: Փաստորեն Թուրքիայի աջակցությունը վայելող վրացիներն ու կովկասյան թաթարներն ամեն ինչ արել էին հայկական և հայախոս բնակավայրերը Ռուսաստանից մեկուսացնելու և Ռուսաստանի հետ ցամաքային ու ծովային կապը կտրելու համար, որի բացասական հետևանքներն այսօր էլ զգացնել են տալիս: Մինչդեռ հայ ՙհեղափոխականներից՚ շատերը, դրանց հակազդելու փոխարեն, իրենք ևս հայտնվեցին ՙհամաշխարհային հեղափոխության՚ շարքերում, ավելի ճիշտ` միացան Ռուսաստանը ներսից քայքայող թշնամական ուժերին և հայ ժողովրդին գցեցին ՙհամաշխարհային հեղափոխության՚ ծուղակը: Կարծում եմ, որ սա հայ ժողովուրդի բախտը տնօրինող քաղաքական կառույցների, ինչպես նաև այն ժամանակ Անդրկովկասում մեծ ազդեցություն ունեցող հայկական բուրժուազիայի կամ հայ առևտրա-արդյունաբերական վերնախավի խոշոր սխալներից մեկն էր, որը ճակատագրական եղավ ողջ ազգի համար և որից այսօրվա նմանատիպ կառույցները պետք է լուրջ հետևություններ անեն:

2-րդ փուլի 3-րդ ենթափուլ –  1-ին Համաշխարհային պատերազմի ավարտը և

Օսմանյան Կայսրության փլուզումը

1918թ. հոկտեմբերին, երբ Օսմանյան Կայսրությունը պարտություն կրեց 1-ին Համաշխարհային պատերազմում, նպաստավոր պայմաններ ստեղծվեցին Հայկական հարցի լուծման համար, քանի որ հաղթանակած Անտանտի բանակներում կռվող հայկական լեգեոնների և բազմաթիվ զինվորների ու զորավարների առկայությունը, որպես հայկական բանակի ստեղծման գրավական, հուսադրող էր, սակայն կրկին անգամ իրեն զգացնել տվեց ինչպես կորդինացնող մարմնի բացակայությունը, այնպես էլ Բրեստ–Լիտովսկի Պայմնագրով Անտանտից դուրս եկած Ռուսաստանի բոլշևիկյան կառավարության և Անտանտի երկրների միջև առաջացած հակամարտության պատճառով ստեղծված աշխարհաքաղաքական ոչ հայանպաստ փոփոխությունների բացասական ազդեցությունը. Արևմուտքը, հրաժարվելով Թուրքիայի մասնատման նախօրոք կազմած ծրագրից (մասնավորապես` 1916թ. կնքված Սաքս-Պիկոյի պայմանագրից), փորձեց նրան օգտագործել բոլշևիկյան Ռուսաստանի դեմ և դրանից քաղաքական օգուտներ քաղել:

Այդ պայմաններում Հայկական հարցի բեռը իր ուսերին փորձեց վերցնել անկախացած նորաստեղծ և փոքրիկ Հայաստանի Հանրապետությանը, որն, օգտվելով, մի կողմից` 1-ին Համաշխարհային պատերազմում Թուրքիայի կրած պարտությունից, իսկ մյուս կողմից` Ռուսաստանում բոլշևիկների սանձազերծած

քաղաքացիական պատերազմի, ինչպես նաև Ռուսաստանի դեմ կազմակերպված միջազգային ինտերվենցիայի պատճառով Անդրկովկասում տիրող ժամանակավոր դադարից, կարողացավ նախ` կարգավորել իր ներքին ու արտաքին խնդիրները և ամրապնդել իր միջազգային դիրքերը, ապա` աստիճանաբար ետ բերել թուրքական ագրեսիայի պատճառով կորցրած տարածքների մի մասը, 2 տարվա ընթացքում հասցնելով այն մոտ 72000 քկմ-ի, իսկ 1920թ., որպես հաղթող` Անտանտի երկրների փոքրիկ դաշնակից, հասավ նաև Սևրի Դաշնագրի կնքմանը, որտեղ պարտված Թուրքիան ճանաչում էր Արևմտյան Հայաստանի շուրջ 90000 քկմ տարածքի հանձնումը Հայաստանի Հանրապետությանը:

Այդ ժամանակահատվածում դեռևս կենսունակ Հայկական հարցի լուծման կարևոր իրադարձություններ կարելի է համարել հայ ժողովրդի ազգային հերոս Անդրանիկի կողմից նախաձեռնված և կազմակերպված Արևմտահայերի 2 Համագումարները: Առաջին Համագումարը, որը տեղի է ունեցել 1917թ. մայիսին, երբ դեռևս չկար հայկական պետական կազմավորում (բարեբախտաբար` չկար նաև բոլշևիկյան իշխանությունը), իսկ դրան նախորդել էր Ռուսաստանի Ժամանակավոր կառավարության ապրիլի 25-ի ՙԹուրքահայաստանի կառավարման մասին որոշումը՚, որը, որպես Արևմտյան Հայաստանի փաստացի ճանաչման վկայություն, լայն արձագանք էր գտել Համագումարում և պետական մարմին ստեղծելու հույսեր ներշնչել, ուստի ծավալված քննարկումներում հիմնական հակասությունը կուսակցական ղեկավարների ու հասարակայնության ներկայացուցիչների ծրագրային դրույթներում կայանում էր նրանում, թե ով և որտեղից պետք է ղեկավարի այդ մարմնի աշխատանքները (ի դեպ, այդ հարցը դեռևս վերջնականապես լուծված չէ և այսօր էլ Արևմտյան Հայաստանի հետ կապված քննարկումներում դարձել է ինչպես ՀՀ պետական և հասարակական կառույցների, այնպես էլ սփյուռքահայության տարբեր կառույցների կողմից իրականացվող քննարկումների գլխավոր թեման): Արևմտահայերի 2-րդ Համագումարը, որը տեղի ունեցավ 1919թ. հոկտեմբերին, երբ արդեն գոյություն ուներ Հայաստանի Հանրապետությունը, առաջ քաշեց Արևմտյան Հայաստանի կառավարություն ձևավորելու և Հայաստանի Հանրապետության հետ միավորվելու ճանապարհով Ազատ, Անկախ, Միացյալ Հայաստան ստեղծելու հարցը, ինչպես նաև Թուրքիայի կողմից պատճառված վնասների դիմաց գույքային փոխհատուցում ստանալու խնդիրները: Ցավոք` Արևմտահայերի 3-րդ Համագումարը, որը նախատեսվում էր անցկացնել 1920թ. աշնանը և որը պետք է ձևավորեր Արևմտյան Հայաստանի կառավարությունը, այդպես էլ տեղի չունեցավ թուրք-բոլշևիկյան միացյալ ագրեսիայի պատճառով և, ահա, շուրջ մեկ դար Արևմտյան Հայաստանի հայերն սպասում են իրենց պատմական Հայրենիքին տեր կանգնող միակ և իրատեսական քաղաքական կառույցի ծննդյանը (կարելի է ասել նաև վերակենդանացմանը, հաշվի առնելով այն իրողությունը, որ ագրեսիայի բուն պատճառը հենց այդ` դեռևս չծնված կառավարությանը խեղդամահ անելն էր, այնպես, ինչպես եղեռնի ժամանակ մեր արյունարբու թշնամին նույնիսկ մոր արգանդում էր ոչնչացնում դեռևս լույս աշխարհ չեկած մանուկներին):

2-րդ փուլի 4-րդ ենթափուլ –  Հայկական հարցը քեմալա-բոլշևիկյան դաշինքից հետո

Սկսենք նրանից, որ բոլշևիկյան հեղափոխությունն իր բնույթով ոչ թե սոցիալական էր, այլ էթնիկական և, քանի որ ՙհեղափոխական կուսակցությունն՚ արդեն պառակտվել էր Ռուսաստանի անծայրածիր տափաստաններում բնակվող էթնիկական 2-րդ խոշոր խմբավորման` թյուրքալեզու ժողովուրդների կամ, ինչպես նրանց առաջնորդն էր ճամարտակում` ՙճնշված ազգերի՚ շահերը պաշտպանող ՙբոլշևիկների՚ (իսկ ավելի ճիշտ` ՙթուրքական գործոնի՚ կողմից), ապա բնական էր, որ վերջինիս կողմից ձևավորած իշխանությունն էլ լինելու էր հակառուսական (այդ մասին դեռևս լռում են ռուս քաղաքագետները): Չխորանալով բոլշևիկյան իշխանության 70-ամյա տիրապետության ընթացքում բոլշևիկների կողմից իրականացրած հակառուսական գործունեության մեջ, սկսած Բրեստ-Լիտովսկից, որն անմիջական կապ ունի նաև ռուս ժողովրդի բարեկամ ու դաշնակից ժողովուրդներից մեկի` հայ ժողովրդի հետ, փաստենք միայն այն իրողությունը, որ այլ ճանապարհով թուրքերին երբեք չէր հաջողվի մուտք գործել Անդրկովկաս և, ոչ միայն մուտք գործել, այլև այնտեղ հիմնել 2 թուրքամետ հանրապետություններ և այդ բռնազավթումն իրականացնել ՙծովից-ծով՚ Հայաստանի հաշվին: Հասկանալի է, որ այստեղ գործ ունենք մի երևույթի հետ, որը ոչ միայն հայ, այլև ռուս ժողովրդի կորուստների և ողբերգությունների պատճառ է հանդիսացել (հիշենք անկախացած Ռուսաստանի 1-ին նախագահ Բ. Ելցինի հայտարարությունն այն մասին, որ Խորհրդային իշխանության տարիներին միայն մարդկային կորուստները կազմել են 60-ից 70 միլիոն, սակայն դրա մասին երբեք որևէ գնահատական չի տրվել, բացի Խրուշչովյան ՙանհատի պաշտամունքի՚ դատապարտումից): Ճիշտ է, Խրուշչովին հաջողվեց դրանով կոտրել բոլշևիկների կամ ՙթուրքական գործոնի՚ ողնաշարը, այնպես, որ վերջինս ի վիճակի չեղավ այլևս ուշքի գալու, որի շնորհիվ կարողացավ ղեկը վերցնել ՙթուրքական գործոնի՚ ձեռքից ու երկրում հաստատել ՙերկիշխանություն՚, այսինքն` ՙսլավոնա-թյուրքական՚ մի ընդհանուր վարչակարգ կամ, ինչպես ընդունված էր ասել, մի ՙխառը Քաղբյուրո՚, որից հետո միայն դադարեցին հայ և ռուս ժողովուրդների կորուստները: Այնուամենայնիվ զարմանալ կարելի է ՙթուրքական գործոնի՚ հնարամտություններից, երբ իշխանությունը զավթած մի ամբողջ ՙէթնիկական խումբ՚ կարողացավ ողջ մեղքը բարդել մի ՙանհատի՚ վրա և շարունակել ծպտված գործել մինչ խալիֆայության վերջնական փլուզումը կամ իրենց ծրագրերի վերջնական ավարտը: Փաստորեն վերջին խալիֆ Գորբաչովն ավարտին հասցրեց այն գործընթացը, որի հիմքը դրել էին առաջին 2 խալիֆները. նրանցից առաջինը կամ, ըստ մեծ բանաստեղծի բնորոշման` ՙբոյուկ խալիֆը՚, ոչընչացրեց ռուսական պետությունը և նրա փոխարեն հիմնեց թուրքամետ կամ պանթուրքիստական պետություն (պատկերավոր լեզվով ասած` գլխիվայր շրջեց եվրասիական կայսրությունը, որի արդյունքում ՙճնշված ազգերը՚ բարձրացան վեր, իսկ իշխող ազգն ինքը մասնատվեց ու վերածվեց ՙճնշված ազգի՚` պատանդի կարգավիճակով), իսկ երկրորդ խալիֆն իրականացրեց եվրասիական կայսրության մասնատումը (ինքներդ համեմատեք Ռուսաստանի տարածքը ԽՍՀՄ կազմավորման պահին` 1922թ. և փլուզումից հետո` 1991թ. և այս ամենը համադրեք Բրեստ-Լիտովսկի պայմանագրով Ռուսաստանի նախնական մասնատումից առաջ, այսինքն` ցարական ժամանակաշրջանի տարածքի հետ և կտեսնեք մի քանի միլիոն քկմ տարածքի կորուստը):

Այդ էր պատճառը, որ 1920թ., ցարական բանակին հավատարիմ մնացած ՙսպիտակների՚ դեմ քաղաքացիական պատերազմում ՙկարմիրների՚ տարած հաղթանակից և ՙհակառուսական՚ իշխանությունն ամրապնդելուց հետո, Ռուսաստանի բոլշևիկյան կառավարությունն ամեն կերպ ձգձգում էր Հայաստանի Հանրապետության հետ տարվող բանակցությունները և, զուգահեռաբար, ակտիվ բանակցությունների մեջ մտնում Քեմալական Թուրքիայի հետ (միգուցե նման ՙառաջադրանքը՚, ՙհեղափոխության համար նախատեսված փողերի՚ հետ միասին, Լենինն իր հետ բերել էր Գերմանիայից, որը, բնականաբար, չեր ցանկանա իր դաշնակցի լիակատար տապալումը): Այդքանից հետո ավելորդ է խոսել այն մասին, որ Լենին-Աթաթուրք դաշինքն ուղղված էր առաջին հերթին Հայաստանի Հանրապետության դեմ և նրա դավադիր հարվածը չուշացավ: Ասվածի վառ ապացույցը Սևրի Դաշնագրի կնքումից անմիջապես հետո, 1920թ. օգոստոսին, երբ իրական մասնատման վտանգը կախվեց Թուրքիայի գլխին, վերջինս կարողացավ փայլուն կերպով կամ, պատկերավոր լեզվով ասած` թուրքի ՙառաջին խելքով՚, օգտագործել Անդրկովկասում 2 տարի առաջ իր անմիջական մասնակցությամբ ծնված 2 ՙապօրինի զավակներին՚, որոնք արդեն որոշակիորեն աճել ու վերածվել էին ՙթուրքական գործոնի՚: Թուրքի ՙառաջին խելքի՚ ամենամեծ հաղթանակը հայի ՙվերջին խելքի՚ նկատմամբ 1920թ. սեպտեմբերին Բաքվում հրավիրված Արևելյան կոնֆերանսն էր` բոլշևիկների և ՙթուրքական գործոնի՚ մաս կազմող այլ ուժերի մասնակցությամբ, որը պատմության մեջ հայտնի է պանթուրքիզմի վերածնման, այսինքն` Կովկասն ու Միջին Ասիան Թուրքիայի հետ միավորելու ճանապարհով համաթուրանական նոր կայսրություն ստեղծելու իր ծրագրային դրույթներով: Այդ ծրագրերին խանգարող միակ խոչընդոտը Հայաստանի Հանրապետությունն էր, ուստի այդ խոչընդոտը վերացնելու և իր ծրագրերն իրականացնելու նպատակով, Թուրքիան, նախ` բոլշևիկներին հաճոյանակու համար, փոխեց իր մաշկի գույնն ու իրեն հռչակեց ՙՀամաշխարհային հեղափոխության բարեկամ՚, ապա հասավ նաև ՙՊրոլետարիատի թշնամի՚ և ՙԻմպերիալիզմի դաշնակից՚ Հայաստանի Հանրապետության դեմ միացյալ ուժերով պատերազմ սկսելու որոշման կայացմանը: Հենց այդ ժամանակ էլ, որոշումն ի կատար ածելու նպատակով, ձեռք է բերվում գաղտնի պայմանավորվածություն` բոլշևիկյան Ռուսաստանի կողմից Թուրքիային զենքով և ոսկու պաշարներով օգնելու վերաբերյալ,  սակայն ամենացավալին այն իրողությունն էր, որ այդ ՙօգնությունը՚ Թուրքիա էր հասել Ալեքսանդրապոլի երկաթուղով (որը, բնականաբար, առանց ՙհայ բոլշևիկների՚ օժանդակության, հնարավոր չէր լինի իրականացնել, իսկ, ընդհանապես, հայ բոլշևիկների ամենամեծ դավաճանությունը Կարսի հանձնումն էր): Այդ դավադրությունից անմիջապես հետո, 1920թ. հոկտեմբերին, սկսվում է թուրք-ադրբեջանա-բոլշևիկյան միացյալ ագրեսիան Հայաստանի Հանրապետության դեմ, որի արդյունքում Կարսը, Արդահանն ու Արդվինը կրկին անցնում են Թուրքիայի տիրապետության տակ, իսկ 1920թ. նոյեմբերի վերջերին բոլշևիկյան կամ ՙազատարար կարմիր բանակի՚ անվան տակ Երևան մուտք գործած մուսաֆաթների խաբեության միջոցով վերացվում է Հայաստանի Հանրապետության անկախությունը, ապա` բռնակցվում է թուրք-բոլշևիկյան խալիֆայությանը: Այստեղ էլ, 1921թ. մարտի 16-ի Մոսկվայի և հոկտեմբերի 17-ի` Կարսի պայմանագրերով, ոչ միայն օրինականացվում է Հայաստանի Հանրապետության օկուպացումն ու նրա վերջնական մասնատումը (Արցախ, Ջավախք, Նախիջևան), այլև նոր թափ է ստանում հայաջինջ քաղաքականության վերջնական փուլը, միայն այն տարբերությամբ, որ պատերազմական կամ ՙֆիզիկական ոչնչացման՚ մեթոդներին փոխարինում են

ՙխաղաղ ոչնչացման՚ մեթոդները, այսինքն` սկսվում են հայաթափման ծրագրավորված, աստիճանական  գործընթացները (բռնագաղթեր, աքսորներ, հարևան հանրապետություններում ազգային խտրականության դրսևորումներ և դեմոգրաֆիական փոփոխություններ), որոնք շարունակվեցին մինչև խալիֆայության փլուզումը:

Փաստորեն, տեղի է ունեցել հայ ժողովրդի համար մինչ այսօր անհասկանալի, անըմբռնելի և անբացատրելի, բայց ցավալի մի իրողություն, երբ ՙթուրքական գործոնը՚ ՙռուս-թուրքական բարեկամության՚ կամ, ավելի ճիշտ, ռուսների  անվան տակ (այն ժամանակ Խորհրդային Միություն և Ռուսաստան անուններն հոմանիշներ էին), կարողացավ վերջնականապես թաղել Հայկական հարցը, որի արդյունքում Թուրքիան ինքն ամբողջովին ՙազատվեց՚ Հայկական հարցից, իսկ հարցի թնջուկը տեղափոխեց Խորհրդային Միություն, որտեղ հայերի ճակատագիրն Անդրկովկասում պետք է տնօրինեին նրա 2 ՙապօրինի զավակները՚ (ի դեպ, այս պարզ, սակայն մեր համար ցավալի ճշմարտությունը հենց վերջերս մեկ անգամ ևս հաստատեցին թուրք քաղաքագետները, միայն այն տարբերությամբ, որ Լենին-Աթաթուրք դաշինքի վրա հիմնված բոլշևիկա-թուրքական հարաբերությունները փորձեցին ներկայացնել որպես ռուս-թուրքական ՙբարեկամական՚, իսկ հակահայկական գործընթացները և Արցախի, Նախիջևանի ու Ջավախքի մասնատումը` որպես հայ-ադրբեջանական և հայ-վրացական ՙբարեկամության՚ արտահայտություններ, որի նպատակը, անշուշտ, հերթական անգամ միջազգային հանրությանը մոլորեցնելն է):

Այդ էր պատճառը, որ Խորհրդային Միության ծրագրավորված փլուզման ընթացքում ՙթուրքական գործոնը՚ կատարում էր հիմնական դերակատարությունը, հանձինս նրա առաջին և վերջին նախագահ Մ. Գորբաչովի, մինչդեռ մենք` հայերս դեռևս ՙվերջին խելքի՚ միամտությամբ, նրանից պահանջում էինք, որպեսզի Ղարաբաղը մեզ վերադարձնի: Ներկայումս բոլորը գիտեն, թե ինչպես կազմավորվեց ԼՂՀ-ը: Միաժամանակ Արցախյան ազատամարտը նպաստեց անկախացած Հայաստանի Հանրապետության ՙհայացմանը՚ կամ ՙթուրքական գործոնի՚ ազդեցության թուլացմանը ՀՀ-ի և ԼՂՀ-ի վրա:

Մինչդեռ, ս. թ. մարտի 16-ին, Թուրքիայի և Ռուսաստանի նախագահների հանդիպումը, որն համընկավ Մոսկվայի պայմանագրի 90-ամյակի հետ և որի կապակցությամբ մասնակիցները միմյանց պայմանագրի վերաբերյալ լուսանկարների ու պատճենների տեսքով ՙհուշանվերներ՚ փոխանակեցին, ցույց տվեց, որ Ժամանակակից Ռուսաստանը դեռևս ամբողջովին չի ձերբազատվել ՙթուրքական գործոնի՚ ազդեցությունից կամ թուրք-բոլշևիկյան տիրապետության կապանքներից և, այստեղ, մենք` հայերս, խնդիր ունենք օգնելու մեր բարեկամին ու ռազմավարական դաշնակցին` այդ կապանքներից նրան վերջնականապես ազատելու համար: Նրանք, ովքեր դեռևս կարծում եմ, թե մենք մեր ռազմավարական դաշնակցին բացատրելու կամ պարտադրելու ոչինչ չունենք, ոչ միայն չարաչար սխալվում են, այլև չեն պատկերացնում ռազմավարական ընդհանուր շահերի և փոխադարձ պարտավորությունների կատարման գործում մեր կողմից իրականացվող խնդիրների բնույթն ու գործառույթների ողջ սպեկտրը: Միայն պանթուրքիզմի կամ, ինչպես ՀՀ Նախագահ Ս. Սարգսյանը նշեց վերջերս (2011 թվականի հուվարին Կիպրոսի Հանրապետություն կատարած այցի ժամանակ), նորօսմանականության դեմ մղվող պայքարը, տարածաշրջանային ամենամեծ ռազմավարական խնդիրն է, որտեղ ոչ միայն համընկնում են մեր երկրների ռազմավարական շահերը, այլև հիմնական բեռը, ինչպես միշտ, ընկած է մեր ժողովրդի ուսերին և նա միշտ էլ, ելնելով իր աշխարհագրական դիրքից, կատարել է բնական պատնեշի դերը: Ժամանակն է ոչ միայն այդ մասին բարձրաձայնելու, այլև բարեկամ ժողովրդին ներկայացնելու ողջ ճշմարտությունը` այդ թվում նաև իր իսկ կրած վնասների ու կորուստների վերաբերյալ, որոնք այսօր էլ շարունակվում են Դաշնության ողջ տարածքով մեկ իրականացվող տեռորիստական ակտերի կամ, ժամանակակից տերմինով ասած` ահաբեկչական պատերազմի ձևով, որոնց արմատները նույնպես թաղված են բոլշևիկյան հեղափոխության հետ Ռուսաստան թափանցած ՙթուրքական գործոնի՚ հետ, ուստի նրա դեմ պայքարելու ամենաարդյունավետ միջոցը հենց ՙթուրք-բոլշևիկյան՚ պայմանագրերը չեղյալ համարելն է: Մեզ մնում է միայն հորդորել մեր ռազմավարական դաշնակցին, որպեսզի վերանայվեն բոլշևիկների կողմից պարտադրված հակառուսական և հակահայկական բոլոր պայմանագրերը, որտեղ թաղված է նաև ՙՀայկական հարցի թնջուկը՚: Իսկ այդ գործում Հայաստանը կարող է լուրջ դերակատարություն ունենալ և օգնել իր ռազմավարական դաշնակցին ոչ միայն ՙքաղաքական՚ կամ ՙգաղափարական՚, այլև ՙտեղեկատվական՚ և ՙգործնական՚  առումներով,  միաժամանակ ապացուցելով, որ տարածաշրջանային խնդիրների լուծման գործում Հայաստանը Ռուսաստանին պետք է այնքանով, որքանով Ռուսաստանը` Հայաստանին:

3-րդ փուլ –  Հայկական հարցը 1-ին Համաշխարհային պատերազմի ավարտից

և Լոզանի կոնֆերանսից հետո

Ինչպես մանրամասնորեն ներկայացվեց վերևում` 2-րդ փուլի 1-ից 4-րդ ենթափուլերում, հայ ժողովրդի 2 հատվածներն էլ արժանացան ողբերգական ճակատագրերի: Եթե Արևմտյան Հայաստանն ամբողջովին ոչընչացվեց և դատարկվեց իր բնիկ ժողովրդից, ապա Արևելյան Հայաստանը, դաշնակից ռուս ժողովրդի համար պատմական անբարենպաստ իրադարձությունների (մասնավորապես` բոլշևիկյան հեղափոխության) և դրանից բխող անկանխատեսելի` ոչ հայանպաստ գործընթացների պատճառով, դուրս մնաց իր դաշնակցի պաշտպանական հսկողությունից և ՙընկավ՚ թշնամու ձեռքը` արժանանալով նույն ճակատագրին, ինչ`  Արևմտյան Հայաստանը: Թշնամին նախ վերացրեց Հայաստանի Հանրապետության անկախությունն ու մասնատեց նրա տարածքները, ապա` շարունակեց հայաջինջ քաղաքականությունը, որի հետևանքով արևելահայությունը նույնպես ենթարկվեց դաժան փորձությունների և լուրջ կորստներ կրեց: Ըստ էության, Արևելյան Հայաստանում կատարված դեպքերը Արևմտյան Հայաստանում կատարվածի շարունակությունն էին` թե’ իրենց բնույթով ու մեթոդներով, թե’ ծրագրերով ու նպատակներով և թե’ իրականացման ձևերով ու եղանակներով և ոչնչով չէին տարբերվում 1915-16թ.թ. դեպքերից (մասնավորապես` Բաքվի և Շուշիի կոտորածները 1918թ.), ուստի դրանք ևս կարող են որակվել որպես ցեղասպանություն, իսկ ինչ վերաբերվում է 1988թ. Սումգայիթի և 1990թ.` դարձյալ Բաքվի դեպքերին, ապա դրանք, ակընհայտորեն, դեռևս չդատապարտված ցեղասպանության հետևանքն ու ՙօրգանական՚ շարունակությունն են: Փաստորեն, Հայկական հարցը ՙթուրքական գործոնի՚ հետ Օսմանյան Կայսրությունից ՙտեղափոխվեց՚ դեպի բոլշևիկյան Ռուսաստան, որի ազդեցության տակ Ռուսաստանը վերածվեց խալիֆայության, իսկ Հայկական հարցը վերածվեց հայկական ՙթնջուկի՚: Դա ոչ միայն խալիֆայության սահմաններում սահմանափակեց նրա լուծման բնականոն ընթացքը և լռեցրեց հայ ժողովրդի ձայնը այլև ազատեց դահճին` խուսափելու պատասխանատվությունից: Այդ էր պատճառը, որ 1923թ. Լոզանի կոնֆերանսում Հայկական հարցը ոչ միայն հանվեց Թուրքիայի պահանջով, այլև ապամիջազգայնացվեց և վերջնականապես փակվեց: Այդ օրվանից էլ Թուրքիան որդեգրեց իր մերժողական քաղաքականությունը, որը շարունակվում է առ այսօր և որի դեմ առ այժմ մենք ոչինչ չենք կարողացել հակադրել (այդ

մերժողականությունը ծնող և սնուցող պատճառների թվին կարելի է դասել առ այսօր դեռևս չլուծարված բոլշևիկա-թուրքական պայմանագրերը, որոնց մասին արդեն նշվել է վերևում):

Տարօրինակը, սակայն մեր պատմագիտության այն հանցավոր լռությունն է, որ նույնիսկ Խորհրդային Միության փլուզումից 20 անց, երբեք չեն խոսել ինչպես Խորհրդային Միության կազմավորման, այնպես էլ վերջինիս փլուզման ժամանակ տեղի ունեցած գործընթացները որպես ցեղասպանություն որակելու և դատապարտելու մասին: Ես` որպես սույն վերլուծության հեղինակ, շատ լավ եմ պատկերացնում դրանց պատճառները, մինչդեռ մեր պատմաբաններից ու քաղաքագետներից շատերն իրենք էլ չգիտեն, թե ինչու՞ է այդպես եղել. պարզապես այստեղ կա մի շատ մեծ շփոթմունք, ես կասեի` անգրագիտության հասնող շփոթմունք, երբ, չտարբերելով ՙռուսականը՚` ՙբոլշևիկյանից՚, նրանք թյուրիմացաբար կարծում են, թե դրանով կարող են ՙվիրավորել՚ մեր բարեկամին, այնինչ, իրականում ճիշտ հակառակն է, երբ այդ տարբերություններից անտեղյակ լինելով, բոլշևիկների բոլոր ՙսխալներն ու հանցանքները՚ վերագրում են ռուսներին, որն ավելի մեծ սխալ է և իր հետ բերում է նաև թյուրըմբռնում` կատարված դեպքերի վերաբերյալ: Հենց դրանք էլ դառնում են սխալ մեկնաբանությունների ու գնահատականների պատճառ և հանգեցնում են հարցի աղավաղմանն ու դեֆորմացմանը և, ի վերջո, հանգեցնում են քաղաքական սխալների, իսկ վերջիններս էլ իրենց հերթին հանգեցնում նոր կորուստների: Որպես օրինակ նշեմ Խորհրդային Միության փլուզումից հետո առաջացած այն ՙգաղափարական՚ վակուումը, որն հաղթահարելու ցանկությունը ՙանհասանելի երազանք՚ էր այն ժամանակվա իշխանությունների համար: Չնայած սույն վերլուծության մեջ չի մտնում դրանց քաղաքական գնահատական տալը, սակայն այն մասով, որքանով որ այն կապ ունի ներկա փուլում Հայկական հարցի վերակենդանացման ու լուծման կորցրած հնարավորությունների հետ, պարտավոր եմ բացահայտել` շեշտելով ցավալի սխալներն ու բացթուղումները:  Խոսքը  խալիֆայության փլուզման հետևանքով ՙթուրքական գործոնի՚` իշխանություններից տարանջատման մասին է, որը նպաստավոր պայմաններ ստեղծեց ՙպատմության անիվը՚ ետ շրջելու գործում` ի օգուտ հայ ժողովրդի: Իշխանություններից պահանջվում էր ընդամենը որսալ պահը և անմիջապես չեղյալ համարել թուրք-բոլշևիկյան պայմանագրերն ու ետ վերադարձնել 1920թ. թուրք-բոլշևիկյան ագրեսիայի հետևանքով կորցրած բոլոր տարածքները: Իսկ որ նման բան անելն իրատեսական և հնարավոր գործընթաց էր, դրա ապացույցը ոչ միայն այսօրվա ազատագրված Արցախն է, այլև ազատագրական պատերազմի ժամանակ (1992թ.) Թուրքիայի կողմից ռազմական միջամտությունը կանխող Ռուսաստանի պաշտպանության նախարարի նախազգուշացնող հայտարարությունը, որը մեկ անգամ ևս ապացույց էր այն իրողության, որ ներկայիս Ռուսաստանը միայն միջազգային պայմանագրերով է համարվում նախկին Խորհրդային Միության ՙիրավահաջորդը՚, իսկ ՙթուրքական գործոնի՚ բացակայությամբ բոլորովին այլ, ավելի ճիշտ` իսկական ռուսական պետություն է: Ահա հենց սա պետք է գիտենա յուրաքանչյուր ՙքաղաքական գործիչ՚: Իսկ թե ինչու՞ այն ժամանակվա իշխանությունները դա ՙչհասկացան ու չկողմնորոշվեցին՚, ամենայն հավանականությամբ վերը նշված ՙանգրագիտության՚ արդյունքներից էր և դեռ շատ երկար ժամանակ բանավեճերի առարկա կարող է լինել մեր ՙնորաստեղծ՚ քաղաքական մտքի զարգացման ճանապարհին, հաշվի առնելով, որ նման ՙպահերը՚ պատմությունը ոչ միշտ և ոչ հաճախ է ընձեռում: Այնպես, որ այս տեսանկյունից Հայկական հարցին մոտենալով և մեր դաշնակցի հետ միասին ՙթուրքական գործոնի՚ 70-ամյա ՙհանցագործությունները՚ դատապարտելով (այնպես, ինչպես Խրուշչովը դատապարտեց ՙանհատի պաշտամունքը՚) մենք հնարավորություն կունենանք ցեղասպանությունը դատապարտող միջազգային իրավունքը կիրառել ոչ միայն Թուրքիայի վրա` Արևմտյան Հայաստանի, այլև` Ադրբեջանի վրա` Արցախի ու Նախիջևանի հարցերը լուծելու համար (նույն կերպ կարելող է լուծվել նաև Ջավախքի խնդիրը):

Այսպիսով, Լոզանի կոնֆերանսը ոչ միայն ՙմիջազգային դավադրության՚ տրամաբանական ավարտն էր, այլև հայ ժողովրդին հերթական անգամ հուսախաբ անող ՙմիջազգային՚ խորհրդաժողովներից մեկը (հիշենք Բեռլինի խորհրդաժողովից վերադարձած Խրիմյան հայրիկի հուսախաբ խոսքերը ՙթղթե և երկաթե շերեփների՚ վերաբերյալ): Որո՞նք են ընդհանուրը այս 2 խորհրդաժողովների և ինչո՞վ են տարբերվում Սևրի համաժողովից: Պատասխանը շատ հստակ է` պետականության բացակայությամբ: Միայն այս համեմատությունը բավական է գաղափար կազմելու համար, թե որքա՞ն մեծ արժեք է ներկայացնում յուրաքանչյուր ազգի համար պետական կարգավիճակ ունենալը: Սակայն դա միակ առավելությունը չէ: Ցանկացած պետական կազմավորում հենվում է իր նախորդների վրա և նրանցից ժառանգում միջազգային իրավունքով սահմանված և միայն իրեն վերապահված իրավունքներ: Իսկ դա նշանակում է, որ ներկայիս Հայաստանի Հանրապետությունը, որպես 1-ին Հանրապետության իրավահաջորդ, կարող է պահանջել Սևրի Դաշնագրով Հայաստանի Հանրապետությանը հատկացված այն տարածքները, որոնք, Հայկական հարցի լուծման շրջանակներում, ոչ միայն այդ ժամանակահատվածում Արևմտյան Հայաստանի անկախությունն ընդունած միջազգային հանրության, այլև ԱՄՆ 28-րդ Նախագահ Վ. Վիլսոնի կողմից հաստատված իրավարար վճռով, ճանաչվել են որպես հայկական տարածքներ:

Իսկ ումի՞ց պետք է Հայաստանի Հանրապետությունը պահանջի այդ տարածքները. այս պատասխանը նույնպես հստակ է, – ՙմիջազգային հանրությունից՚: Մինչդեռ` Թուրքիայի հանդեպ պահանջներ կարող է ներկայացնել միայն Արևմտյան Հայաստանը ներկայացնող և միջազգային հանրության կողմից ճանաչված որևէ պետական կառույց: Դա կարող է լինել Արևմտյան Հայաստանի Ժամանակավոր Վտարանդի Կառավարությունը: Սակայն, մինչ այդ, Հայաստանի Հանրապետությունը պետք է իր ռազմավարական դաշնակցի հետ հարթի քեմալա-բոլշևիկյան պայմանագրերով պայմանավորված և ՙթնջուկի՚ վերածված կնճռոտ հարցերը:

Այս եզրահանգումներն անհիմն չեն, եթե հաշվի առնենք այն իրողությունը, որ ներկայումս աշխարհում տեղի են ունենում աշխարհաքաղաքական նոր փոփոխություններ, որոնք ընթանում են նաև մեր տարածաշրջանում և մենք պարտավոր ենք պատրաստ լինել` ցանկացած փոփոխությունների պարագայում հասնելու Հայկական հարցի վերջնական լուծմանը: Այլ խոսքով ասած` չնայած այն հանգամանքին, որ Լոզանի կոնֆերանսում դրվեց Հայկական հարցի տապանաքարը, սակայն դա դեռ վերջը չէ: Ամեն ինչ դեռ նոր է սկսվելու: Ապավինելով հայի ՙվերջին խելքին՚, որակավորենք նաև նրա ՙառաջին խելքը՚: Դրա համար անհրաժեշտ է ընդամենը պետական համակարգերում արմատավորել պետական մտածողությունը, որը, ցավոք, այսօր էլ ոչ բոլոր ՙպետական այրերին՚ է հասու, ինչպես նախկին իշխանությունների օրոք (դարձյալ չեմ կարող չհիշել զեյթունցիներին, ովքեր Կիլիկյան թագավորության անկումից հետո, ազգային բարձրագույն արժեքներից մեկը` պետական մտածողությունը, շնորհիվ Զեյթունի ինքնիշխան կարգավիճակի ընձեռած հնարավորությունների, իրենց մեջ կրելով և 500-ամյա հերոսական պայքարի շնորհիվ պահպանելով, բերել ու հասցրել են մինչև  Հայաստանի 1-ին Հանրապետության հռչակումը` որի կայացման գործում էլ քիչ չէ նրանց ներդրած ավանդը, որը, սակայն կարճատև կյանք ունենալու պատճառով հանգեցրեց Լոզանի պարտությանը):

4-րդ փուլ –  Հայկական հարցը 2-րդ Համաշխարհային պատերազմի ժամանակ և նրա ավարտից հետո

Չնայած, որ 2-րդ համաշխարհային պատերազմի ժամանակ հայ ժողովրդի տարբեր հատվածների, մասնավորապես` սփյուռքահայության շրջանում, տիրում էր համընդանուր ոգևորություն` Հայկական հարցի լուծման վերաբերյալ, իսկ պատերազմի ավարտից հետո նրա վերակենդանացման համար նպաստավոր պայմաններ էին ստեղծվել, այնուամենայնիվ այն, մեկ անգամ ևս շրջանառվելով գերտերությունների կողմից` աշխարհաքաղաքական նոր կանոններ սահմանելու համատեքստում, այդպես էլ ոչ մի դրական քայլ չարձանագրեց և կրկին դրվեց փակի տակ: Ըստ մեր վերլուծությունների, հիմնական պատճառը բոլշևիկյան խալիֆայության որդեգրած և Լենին-Աթաթուրք դաշինքից բխող պանթուրքիստական քաղաքականության կամ փոքր եղբորը` Թուրքիային չնեղացնելու վերաբերյալ պարտավորության հետևողական իրականացումն էր: Հայկական հարցի վերակենդանացող ստվերից ազատվելու նպատակով ՙխաղարկված սցենարի՚ բովանդակությունը հետևյալն էր. հերթական անգամ, կաշին փրկելու նպատակով, Թուրքիան կրկին հեշտությամբ փոխեց իր մաշկի գույնը, ինչպես դա արել էր 1920թ.`  բոլշևիկներին հաճոյանալու համար և, պատերազմի ավարտից ու իր ՙդաշնակից՚ Գերմանիայի կապիտուլացիայից հետո, այս անգամ արդեն հաղթող երկրներին հաճոյանալու համար և, ամենայն հավանականությամբ` նրանցից մեկի ՙխորհրդով՚, ցուցադրաբար և ցինիկաբար պատերազմ հայտարարեց իր դաշնակցին:

Հերթական անգամ միջազգային հանրությունը դրժեց իր կրտսեր դաշնակցին` հայ ժողովրդին տրված խոստումները, որն, ի դեպ, ֆաշիզմի դեմ մղված պայքարում  բոլոր առաջադեմ ժողովուրդների առաջին շարքերում էր: Կարծես թե պատմությունը կրկնվում էր, ինչպես Լոզանի կովֆերանսում, երբ վերջին պահին ինչ-որ ՙհնարովի պատրվակներ՚ մեջբերելով, Հայկական հարցի թնջուկն ամուր պահած նույն ուժերը վիժեցրեցին արևմտահայերի սպասումները: Միջազգային հանրության տարօրինակ դրսևորումներից կարելի է համարել նաև այն, որ միջազգային հանցագործներին դատելուց և նրանց գործողությունները որպես ցեղասպանություն որակելուց հետո էլ չհիշեցին հայ ժողովրդի հանդեպ գործված ոճիրները, որոնց գնահատականը դեռևս պատերազմն սկսելուց առաջ տվել էր թիվ 1 հանցագործը. – ՙո՞վ է հիշում այսօր հայկական ջարդերը՚:

5-րդ փուլ –  Հայկական հարցը Խորհրդային Միության փլուզումից հետո

Քանի որ խալիֆայության փլուզումն իրականացվեց նույն ուժերի կողմից, որոնք ստեղծել էին այն և սկսվեց այնտեղից, որտեղից ծնվել էր այն, ուստի չի կարելի զարմանալ, որ հենց Կրեմլի անմիջական թույլտվությամբ և աջակցությամբ շարունակվեցին հակահայկական հիստերիաները և հայաթափման ծրագիրը վերջնական ավարտին հասցնելու գործընթացները (հիշենք Սումգայիթի և Բաքվի ջարդերը, ՙկոլցո՚ օպերացիան և այլն), որոնք էլ պատճառ հանդիսացան Արցախի ինքնապաշտպանության  կազմակերպման և Արցախի ինքնորոշման համար: Կարելի է ասել, որ հայկական հարցը, ի դեմս Արցախյան ազատամարտի, վերակենդանացման նշաններ ցույց տվեց (խնդրում եմ ուշադրություն դարձնել այն փաստի վրա, որ Հայկական հարցը միշտ էլ բարձրացել է այս կամ այն ազատամարտից կամ հերոսամարտից հետո ձեռք բերված հաղթանակների շնորհիվ, այլ ոչ թե դիվանագիտական ճանապարհներով): Չնայած, որ Արցախի հիմնախնդիրը սկզբից ևեթ միջազգայնացվեց և, ահա, շուրջ 2 տասնամյակ գտնվում է Մինսկի խմբի շրջանակներում, որը դեռևս չի ճանաչել նրա լիակատար հաղթանակը, այնուամենայնիվ նրա շնորհիվ հնարավոր եղավ հայ-ադրբեջանական հարաբերություններն առանձնացնել հայ-թուրքականից, քանի որ մինչ առանձնացումը Թուրքիան բացահայտորեն հայտարարում և ակընհայտորեն մասնակցում էր այդ գործընթացին` Ադրբեջանի վրա ունեցած իր ՙհայրական՚ ազդեցության (միգուցե նաև` դեռևս գործող բոլշևիկա-թուրքական պայմանագրերի) շնորհիվ: Սակայն մի բան ակընհայտ է, որ այդ երկու հիմնախնդիրների առանձնացումով սկսվեց Հայկական հարցի վերակենդանացման երկրորդ փուլը և Արցախը, ըստ էության, դարձավ նոր ժամանակներում Հայկական հարցի վերակենդանացման հիմնաքարը:

Ինչպես նկատեցիք` Հայկական հարցը ծնվել, զարգացել, անհետացել և կրկին հայտնվել էր մի քանի փուլեր անցնելուց հետո: Ուստի սպասվում էր, որ նրա վերականդանացումն էլ պետք է ընթանար փուլերով, որոնցից առաջինը հենց Խորհրդային խալիֆայության փլուզումը պետք է լիներ:

Այժմ մենք թևակոխել ենք Հայկական հարցի վերակենդանացման երրորդ փուլը, որն Արևմտյան Հայաստանին է վերաբերվում և որի ապացույցը Արևմտյան Հայաստանի Հայերի Ազգային Խորհրդի 2011թ. փետրվարի 4-ի Հռչակագիրն է` Արևմտյան Հայաստանի Վտարանդի Կառավարություն ձևավորելու վերաբերյալ: Այս Հռչակագրի կայծակնային որոտը նման է մեր էպոսի մանուկ հերոսի բազկի այն զարկին, որը ջարդուփշուր է անում ջաղացի քարի նման հայկական հարցի վրա դրված տապանաքարը և, այն փոսից դուրս բերելով, ազատում է մեկդարյա գերությունից: Այս Հռչակագիրը նաև լավագույն զենքն է` թուրքական մերժողականության պատնեշը ճեղքելու համար, որի դրական արդյունքները մենք շուտով շոշափելու ենք:

ՎԵՐՋԱԲԱՆ

Ամփոփելով զեկույթը, ցանկանում եմ իմ սերնդակիցներին մեկ անգամ ևս հիշեցնել, որ այսօրվա մեր սերունդը ճաշակում է վերը նշված միասնության բացակայության հետևանքով մեր ժողովրդի գլխին պատուհասած ողբերգությունը և, որպես հետևանք, նրա անդառնալի կորուստները: Այսօր այլևս սխալվելու իրավունք չունենք և պարտավոր ենք զերծ պահել հաջորդ սերունդներին նման ողբերգություններից և նոր կորուստներից: Միաժամանակ, հաշվի առնելով Հայկական չարքչրկված հարցի մեկուկեսդարյա ոդիսականը, կցանկանայի Հայկական հարցով զբաղվող բոլոր անձանց ու կառույցներին, այդ թվում` պետական, քաղաքական և հասարակակական կազմակերպությունների ներկայացուցիչներին, հիշեցնել, որ Հայկական հարցի լուծումը յուրաքանչյուր հայի սուրբ պարտականությունն է և այն կարող է լուծվել միայն ազգի հավաքական ուժերով, հետևաբար ոչ մի առանձին կառույց կամ անհատ չի կարող ՙսեփականաշնորհել՚ նրա լուծման իրավունքը: Այն ենթադրում է ինչպես Հայաստանի Հանրապետության պետական և հասարակական կառույցների, այնպես էլ Սփյուռքահայ կառույցների համակարգված գործունեություն:

Միաժամանակ, որպես հայրենակցական միության ներկայացուցիչ, վերը նշված համազգային բոլոր կառույցների շարքում ես շատ մեծ կարևություն եմ տալիս հայրենակցական միություններին, քանի որ հենց նրանք են փաստացի ներկայացնում իրենց կորցրած բնօրրանների և եղեռնից փրկվածների իրական ժառանգներն ու իրավահաջորդները: Չնայած այս հարցում ՀՀ օրենսդրությունն առայժմ անկատար է և չի հաստատում իմ կողմից նշված իրավահաջորդության փաստը, սակայն դա ընդամենը ժամանակի խնդիր է և կարող է լուծվել Արևմտյան Հայաստանի հիմնախնդիրներին զուգընթաց, այլապես արևմտահայության խնդիրները թերի կլինեն, մասնավորապես` նրանց ապագա քաղաքացիների և քաղաքացիական հասարակության ձևավորման տեսանկյունից և չի բացառվում, որ Արևմտյան Հայաստանի նորաստեղծ Կառավարությունն ինքն առաջինն ընդունի օրենք` հայրենակցական միությունների կարգավիճակի վերաբերյալ: Նորից կրկնեմ, որ հայրենակցական միություններն ապագա պետական կազմավորման գործընթացում, որպես քաղաքացիական հասարակության ձևավորման նախնական բջիջներ, իրենցով են պայմանավորելու ինչպես ժողովրդավարական հասարակության, այնպես էլ ժողովրդավար իշխանությունների կայացման համար անհրաժեշտ չափանիշերը:

Հայրենակցական միություններն ունեն ևս մեկ կարևոր առաքելություն. լինելով իրենց բնօրրանների ազգային ու մշակութային արժեքների հիմնական կրողն ու պահպանողը, նրանք ապագա հասարակությանը կփոխանցեն իրենց նախնիների ստեղծած ազգային արժեքները, այդ թվում` մտավոր, հոգևոր, նյութական ու մշակութային հարուստ ժառանգությունը, ինչպես նաև կենցաղն ու բարբառները, որոնց միջոցով կվերականգնվի սերունդների միջև ընդհատված կապը:

Դավիթ Ալեքսանյան

«Արծվաբույն Զեյթուն» հայրենակցական միության նախագահ

ArmAr.am

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել Արևմտյան Հայաստան, Թուրքիա, Լրահոս, Հայ-թուրքական հարաբերություններ, Վերլուծական, Տարածաշրջան, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն