Գլխավոր » Լրահոս, Մշակույթ, Վրաստան

Հայկական եկեղեցիները վրացականացվում են

Սեպտեմբեր 10, 2009թ. 22:12

Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող կազմակերպության ՀՀ մասնաճուղի տնօրեն Սամվել Կարապետյանն այսօր ասուլիսի ժամանակ խոսել է հայկական հուշարձանների նկատմամբ Վրաստանի նոր հավակնությունների մասին:

«Հայ իրականության մեջ չենք ունեցել և այսօր էլ չունենք ազգային հասարակություն: Վրացիների մոտ միշտ հակառակն է եղել: Վերջին 20 տարիների ընթացքում ահռելի աշխատանք է կատարվել, և այս տարիների ընթացքում Թբիլիսում լույս է տեսել Արտանունջի (Տայքի քաղաքներից մեկը) գիտական հանդեսը, որի ամեն մի համարի մեջ բազմաթիվ գիտարշավների նյութեր են հրապարակվել: Վերջին 20 տարիների ընթացքում ահռելի աշխատանք է կատարվել: Հավակնությունները դրսևորվում են ոչ բոլորովին դատարկ հողի վրա»,- ասաց Սամվել Կարապետյանը:

Խնդիրն այն է, որ Տայքը Բյուզանդիայից հովանավորություն ստանալու համար ընդունել է հունադավանություն: Իսկ այն գավառները, որոնց հայ բնակչությունն ընդունում էր հունադավանությունը` մերժվում էին հայոց կաթողիկոսության կողմից և համարվում վրաց եկեղեցու թեմ:

10-13-րդ դարերի եկեղեցիների արձանագրությունները հիմնականում վրաց մեսրոպատառ են` երկաթագիր վրացերեն, որն իրենց եկեղեցական գիրն է: Եթե նույնիսկ Տայքն ունենար վրաց ազգաբնակչություն, այնուամենայնիվ, այն ծայրագավառ էր: Մինչդեռ վրաց մշակութաբանները գտնում են, որ վրաց դպրության ոսկեղեն շրջանը, և առհասարկ կոթողները ծնունդ են առել Տայքի շրջանում, իսկ Ջավախքը կարծես Տայքի արվարձան լինի, որ նույնպես հարուստ է վրաց մեսրոպատառ արձանագրություններով: Ջավախքում վրաց արձանագրություններն ավելի շատ են, քան Կախեթ երկրամասում:

«Շատ հետաքրքիր է, որ Տայքի շատ հուշարձաններում, օրինակ, Իշխան գյուղի եկեղեցում կա վրաց մեսրոպատառ, ինչպես նաև նույն ժամանակշրջանում  հայերեն արձանագրություն: Սա ցույց է տալիս, որ հայերը դեռևս հայերեն էին արձանագրում, բայց քանի որ վրաց եկեղեցու թեմերի մեջ էին, նրանք պետք է կատարեին վրաց եկեղեցու կամքը: Տայքի արձանագրությունները կատարված են շատ անգրագետ ձևով: Նրանցում կան այնպիսի սխալներ, որոնք որևէ վրացի թույլ չէր տա: Սա խոսում է այն մասին, որ հեղինակները ոչ թե վրացիներ էին, այլ քաղկեդոնականություն ընդունած հայեր: »,- ասաց Սամվել Կարապետյանը:

Ռուս ճարտարապետ Տոկարսկին ուսումնասիրելով Տայքի հուշարձանները` եկել է հետաքրքիր եզրահանգման` Տայքի ճարտարապետությունը վրացական չէ, հայկական չէ, բյուզանդական չէ. սա այս երեք մշակույթների միաձուլումն է:

Այժմ Անիում ընթանում են Տիգրան Հոնենց եկեղեցու վերականգնողական աշխատանքները` վրաց ճարտարապետների մասնակցությամբ: Եկեղեցու ընտրությունը պատահական չէ, քանի որ եկեղեցին ներսում ունի վրաց մեսրոպատառ արձանագրություններով որմնանկարներ: Եկեղեցին ի սկզբանե եղել է հայ առաքելական, բայց մի շրջան փոխանցվել է Անի քաղաքի քաղկեդոնական համայնքին:

Ճարտարապետ Տիգրան Մարությանը ուսումնասիրել է այդ նյութերը: Վերջինս պատմել է, որ երբ պատրաստվել է հրատարակել «Տայքի ճարտարապետությունը» վերնագրով աշխատությունը, տպարանում նրան ստիպել են փոխել գրքի վերնագիրը և արդյունքում այն կոչվել է «Խորագույն Հայքի հուշարձանները»:

Ա.Կ.

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Թեգեր` ,

Դիտել Լրահոս, Մշակույթ, Վրաստան բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանել`