Գլխավոր » ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Վերլուծական, Քաղաքականություն

Հայաստան- Ադրբեջան հարաբերությունները

Հոկտեմբեր 3, 2009թ. 11:01

ԽՍՀՄ փլուզումը դարձավ հայ-ադրբեջանական թշնամության վերսկսման պատճառ: Չնայած այն հանգամանքին, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունն իր անկախությունը հռչակեց` հիմնվելով ԽՍՀՄ և միջազգային օրենքների պահանջների վրա, այնուամենայնիվ, Ադրբեջանի ղեկավարները դիմեցին ռազմական ագրեսիայի` փորձելով զենքի ուժով գրավել նորաստեղծ Արցախի Հանրապետությունը: Ադրբեջանի և Արցախի միջև առաջացած պատերազմը բնականաբար չէր կարող անտարբեր թողնել Հայաստանի Հանրապետությանը, ինչի պատճառով թշնամանք առաջացավ նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև:

Ռազմադաշտում Ադրբեջանին հաղթելուց հետո ադրբեջանա-արցախյան հիմնահարցի կարգավորման կարևորագույն դերակատարներից դարձավ Հայաստանի Հանրապետությունը, որը հանդիսանում է Արցախի անվտանգության երաշխիք: Ժամանակի ընթացքում Հայաստանի մասնակցությունը բանակցային գործընթացին այնքան մեծացավ, որ այդ գործընթացից դուրս մնաց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: Սա, իհարկե, ժամանակակից հայկական դիվանագիտության խոշորագույն սխալներից էր, ինչի արդյունքում Հայաստանը վերածվեց հակամարտող կողմի: Եվ այսօր, օգտագործելով այդ հանգամանքը, պաշտոնական Բաքուն զանազան միջազգային ատյաններում մեր երկիրը ներկայացնում է իբրև օկուպանտ, որն իբր թե զավթել է Ադրբեջանի տարածքների 20%-ը:

Ներկայումս, խոսելով հայ-ադրբեջանական հարաբերությունների մասին, պետք է հստակորեն փաստել, որ դրանք թշնամական են, և մոտ ապագայում հազիվ թե հաջողվի հաղթահարել այդ թշնամությունը: Ուստի, երկու երկրների ղեկավարները կառուցում են իրենց դիվանագիտությունը` ելնելով այդ փաստից:

Ադրբեջանի արտաքին քաղաքականության գլխավոր խնդիրը Հայաստանի մեկուսացումն է ցանկացած տիպի միջազգային նախագծերից: Բաքվում վստահ են, որ այդ պարագայում Հայաստանն իր գոյությունը պահպանելու համար ստիպված կլինի քաղաքական, տնտեսական և նույնիսկ տարածքային զիջումների գնալ Ադրբեջանին` վերածվելով Հարավային Կովկասում թուրք-ադրբեջանական հերթական զոհի: Նրանց տրամաբանությունը հիմնված է այն գաղափարին, որ պարտությունը ճակատամարտում դեռևս չի նշանակում պատերազմի ավարտ: Եվրոպական երկրներում և ԱՄՆ-ում Ադրբեջանի կողմից այնպիսի քարոզչություն է իրականացվում, որ իրականում Հայաստանը հանդիսանում է պարտված կողմ: Այս գաղափարը «հիմնավորվում» է նրանով, որ Ադրբեջանը տարածաշրջանի ամենից արագ տեմպերով զարգացող երկիրն է: Ուստի հայ-ադրբեջանական բանակցությունների ժամանակ նրանք փորձում են հանդես գալ հաղթանակած կողմի դիրքերից` հուսալով, որ կեղծ իրականությունն իր ազդեցությունը կունենա ինչպես միջազգային միջնորդների, այնպես էլ հայկական կողմի վրա:

Հիմնվելով Ադրբեջանում նավթի և գազի հարուստ պաշարների առկայությանը փաստի վրա` նրանք փորձում են շահագրգռել Արևմուտքին արցախյան հիմնախնդիրն իրենց օգտին լուծելու համար: Պաշտոնական Բաքուն այսօր ներկայանում է իբրև մի պետություն, որն ի վիճակի է Եվրոպային ապահովել Ռուսաստանից կախվածությունը թուլացնելու համար անհրաժեշտ էներգակիրների բավարար պաշարներով: Նրանք փորձում են ամեն կերպ ընդգծել տարածաշրջանում իրենց կարևորությունը` միևնույն ժամանակ շեշտելով, որ հայերի կողմից «Ադրբեջանի տարածքների 20%-ի օկուպացիան» կանխում է իրենց երկրի բնականոն զարգացման ընթացքը:

Գնահատելով Ադրբեջանի քաղաքականությունը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և Հայաստանի նկատմամբ` մենք գալիս ենք այն եզրակացության, որ այն թշնամական լինելուց բացի նաև նվաճողական է: Պաշտոնական Բաքուն հավակնում է առնվազն Արցախի Հանրապետության ամբողջ տարածքին: Ոչ պաշտոնական մակարդակում ադրբեջանցիները պահանջներ են ներկայացնում նաև Սյունիքի, Գեղարքունիքի մարզերի, իսկ երբեմն էլ նույնիսկ Երևանի նկատմամբ:

Հայաստանի Հանրապետության քաղաքականությունն Ադրբեջանի նկատմամբ պետք է համապատասխանի երկկողմյա հարաբերությունների ներկայիս փուլի ոգուն: Այն փաստը, որ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների բանակցության սեղանին դրված է Արցախի հարցը, միանգամայն չի համապատասխանում հայ ժողովրդի կենսական շահերին: Պաշտոնական Երևանն Ադրբեջանի հետ պետք է հարաբերվի լիովին այլ դիրքերից, որոնք, ի թիվս այլ խնդիրների, ենթադրում են նաև տարածքային պահանջատիրություն:

Ցավոք սրտի, Հայաստանն այսօր մեծ մասամբ շրջափակված է թշնամական պետությունների կողմից: Այս իրավիճակը պահանջում է անվտանգության աննախադեպ միջոցառումների ձեռնարկում, որոնցից շատերն առաջին հայացքից կարող են նույնիսկ ծայրահեղ թվալ: Սակայն այդ միջոցառումների շարքում երբեք չի կարելի ընդգրկել նրանց հետ հաշտվելու քաղաքականությունը, քանի որ ադրբեջանցիների և թուրքերի հետ հայերի թշնամությունը քաղաքական, տնտեսական կամ նույնիսկ տարածքային բնույթ չունի միայն: Դա քաղաքակրթական թշնամություն է, որը երբեք չի հաղթահարվում: Անվտանգ  ապրելու համար անհրաժեշտ է պարզապես ամուր պատնեշներ ստեղծել երկու տարբեր քաղաքակրթությունների ներկայացուցիչ ժողովուրդների միջև, որպիսիք կարող են լինել միայն բնական սահմանները: Ադրբեջանա-արցախյան սահմանն այսօր չի համապատասխանում մեր նշած չափանիշներին: Միայն Քուռ գետի ափով անցնող սահմանը հայերի համար կարող է հստակ երաշխիք դառնալ հետագայում Ադրբեջանի նոր ագրեսիաներից պաշտպանվելու համար:

Ադրբեջանի Հանրապետության ներկայիս տարածքում Հայաստանն ունի հստակ ընդգծված ազգային շահեր: Դա նախ և առաջ վերաբերում է մեր հայրենիքի գերի ընկած հատվածին, որտեղ ցայժմ ամենօրյա ագրեսիայի են ենթարկվում հայկական մշակութային կոթողները: Ադրբեջանական ագրեսիայի պատճառով այդ երկրի կազմում հայտնված հայկական տարածքների բնակչությունն այսօր իր գոյությունն է պահպանում Ռուսաստանում և հայկական այլ գաղութավայրերում, ինչը հզոր հարված է հասցրել մեր ժողովրդի էթնոհոգեբանությանը: Ուստի անհրաժեշտ է վերականգնել հայ ժողովրդի պատմական իրավունքն Ադրբեջանի կազմում մնացած մեր Հայրենիքի մի մասի նկատմամբ:

Դրանից զատ, անհրաժեշտ է ուշադրություն դարձնել նաև այն փաստի վրա, որ Ադրբեջանում բնակվում են մի շարք ժողովուրդներ, որոնք դարեր շարունակ բարիդրացիական հարաբերություններ են ունեցել Հայաստանի հետ: Խոսքը վերաբերում է Կովկասյան Աղվանքի ժառանգորդ հանդիսացող թալիշներին, ավարներին, լեզգիններին, ցախուրներին, ուդիներին և այլ ժողովուրդներին, որոնք շարունակում են անհավասար պայքար մղել Ադրբեջանի նվաճողական և ձուլման քաղաքականության դեմ: Վերոնշյալ ժողովուրդների քաղաքական և մշակութային վերնախավը մեծ հույսեր է կապում հայկական զույգ պետությունների հետ, և ճիշտ քաղաքականություն վարելու պարագայում մենք կարող ենք բավական լուրջ դաշնակիցներ ձեռք բերել թշնամու ճամբարում:

Եվ երրորդ հանգամանքը, որ ստիպում է մեզ Ադրբեջանի հետ հարաբերություններում լինել նախաձեռնող, վերաբերում է կովկասյան ժողովուրդների` հաղթողին սիրելու և հարգելու հոգեբանությանը: Եթե պաշտոնական Երևանը ձգտում է քիչ թե շատ ազդեցիկ դերակատարության Հարավային Կովկասում, ապա նա պետք է ապացուցի այնտեղ բնակվող ժողովուրդներին, որ միշտ պատրաստ է պայքարել իր կենսական շահերի համար: Միայն այդ պարագայում մենք կարող ենք հավակնել լուրջ ազդեցության տարածաշրջանում, և միայն այդ պարագայում Հայաստանի և Արցախի անվտանգությանն արևելքից ոչինչ չի սպառնա:

ArmAr.am

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Թեգեր` , , , , , , ,

Դիտել ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Վերլուծական, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն