Գլխավոր » Society, Իրավական փաստաթղթեր, Լրահոս, Հասարակություն, Հարցազրույցներ

Հայաստանի Սահմանադրությունն ուզում են դարձնել երկնագույն

Սեպտեմբեր 22, 2015թ. 23:31
Սահմանադրություն

Հարցազրույցը «Հանուն ինքնիշխանության վերականգնման» նախաձեռնության համակարգող ՀԱՅԿ ՆԱՀԱՊԵՏՅԱՆԻ հետ:

– Ի՞նչ եք պարզել սահմանադրական բարեփոխումների հայեցակարգային մոտեցումների հիման վրա ՀՀ Սահմանադրության նախագծի հեղինակների կազմած Սահմանադրական փոփոխությունների նախագիծը և դրա հիմնավորումները վերլուծելով ու գնահատելով:

– Մենք արձանագրում ենք, որ Սահմանադրական փոփոխությունների նախագիծը ոչ միայն ուղղված չէ Հայաստանի դեմ գոյություն ունեցող սպառնալիքների չեզոքացմանը, այլև հենց ինքն է լուրջ վտանգներ է պարունակում Հայաստանի ինքնիշխանության, ազգային անվտանգության, արժեհամակարգի և ինքնության խարխլման առումով։
Անդրադառնանք, նախ, քաղաքական ինքնիշխանության հարցին: Ինչպես գործող Սահմանադրության, այնպես էլ փոփոխությունների նախագծի 1-ին հոդվածում նշված է, որ Հայաստանը ինքնիշխան պետություն է: Սակայն և՛ գործող Սահմանադրության 6-րդ հոդվածը, և՛ փոփոխությունների նախագծի 5-րդ հոդվածը փաստում են, որ Հայաստանն իրականում ինքնիշխան պետություն չէ, քանի որ գործող Սահմանադրության 6-րդ հոդվածում նշված է. «Միջազգային պայմանագրերն ուժի մեջ են մտնում միայն վավերացվելուց կամ հաստատվելուց հետո: Միջազգային պայմանագրերը Հայաստանի Հանրապետության իրավական համակարգի բաղկացուցիչ մասն են: Եթե վավերացված միջազգային պայմանագրում սահմանվում են այլ նորմեր, քան նախատեսված են օրենքներով, ապա կիրառվում են այդ նորմերը: Սահմանադրությանը հակասող միջազգային պայմանագրերը չեն կարող վավերացվել»:
Սա նշանակում է, որ ՀՀ օրենքները ստորադասվում են միջազգային իրավունքին և Հայաստանը պետք է հաշվի նստի օտար նորմերի հետ, որոնք սահմանում են միջազգային կազմակերպությունները: ՀՀ Սահմանադրական փոփոխությունների նախագծի 5-րդ հոդվածի 2-րդ կետում գրված է. «Ընդհանուր միջազգային իրավունքի պարտադիր նորմերը գերակայություն ունեն օրենքների նկատմամբ: Եթե վավերացված միջազգային պայմանագրում սահմանվում են այլ նորմեր, քան նախատեսված են օրենքներով, ապա կիրառվում են այդ նորմերը»:
Այսինքն` սույն հոդվածը սահմանում է նաև միջազգային իրավունքի պարտադիր նորմերի գերակայությունը Հայաստանի օրենքների նկատմամբ` նույնիսկ այն դեպքում, երբ այդ նորմերը վավերացված չեն Հայաստանի Հանրապետության կողմից: Ինչո՞ւ պետք է այդ քայլին գնանք` առավել ևս, երբ տարբեր երկրների Սահմանադրությունների ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ տվյալ երկրի օրենքների նկատմամբ ընդհանուր միջազգային իրավունքի նորմերի գերակայության մասին դրույթը եվրոպական մոտ 30 երկրների Սահմանադրություններում ուղղակի չի պարունակվում։ Այսինքն` նրանք իրենց ինքնիշխանությունը չեն զիջել:

Իսկ կա՞ն այդպիսի նորմեր, որոնք մեր կողմից բացարձակապես անընդունելի են, սակայն Սահմանադրական փոփոխությունների նախագծին կողմ քվեարկելուց հետո ստիպված կլինենք կատարել դրանք:

– Այն բոլոր իրավունքները, որոնք, այսպես կոչված, «մարդու իրավունքների» շրջանակում տրված են միասեռականներին, որովհետև, եթե չեմ սխալվում, այն ամենը, ինչ կապված է մարդու իրավունքների հետ, միջազգային իրավունքի պարտադիր նորմերի շրջանակում է: Այնուհանդերձ, եթե այսօր նույնիսկ դեռ չկան, ապա որևէ մեկը չի կարող բացառել, որ վաղը կլինեն կամ ասպարեզ կբերվեն այդ նորմերը, որոնք նոր Սահմանադրությամբ պարտադրված կլինենք կատարել:
Որպես միջազգային նորմ, մարդու իրավունքների համատեքստում են դիտվում նաև անձանց սեռական կողմնորոշման և գենդերային ինքնության հարցերը, որին միացել է Հայաստանը, վավերացնելով մի շարք միջազգային փաստաթղթեր: Այդ փաստաթղթերում ամրագրված հիմնական դրույթներն արդեն իսկ, որպես գենդերային նորմ, արտացոլված են Հայաստանի Հանրապետության, այսպես ասած, «Գենդերային օրենքում» («Կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների մասին» ՀՀ թիվ 57 օրենք):
Գոյություն ունի տարածված կարծիք, որ ընդհանուր միջազգային իրավունքի նորմերի մասին դրույթը համընդհանուր բնույթ ունի։

Ի՞նչ կարող եք ասել փոփոխությունների նախագծի հոդված 81-ի դրույթների առնչությամբ, Հայաստանի ինքնիշխանությունը վտանգելու առումով դրանք նույնպե՞ս ուշադրության արժանի են:

– Այո, այդ հոդվածի 1-ին կետով սահմանվում է, որ հիմնական իրավունքների և ազատությունների վերաբերյալ Սահմանադրությունում ամրագրված դրույթները մեկնաբանելիս հաշվի է առնվում Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ մարդու իրավունքների վերաբերյալ միջազգային պայմանագրերի հիման վրա գործող մարմինների պրակտիկան: Սա նշանակում է, որ, ասենք, Եվրոդատարանի այն որոշումը, որով, օրինակ, օրիկանացվում են միասեռականների ամուսնությունը և միասեռական ընտանիք կազմելու իրավունքը, պետք է հաշվի առնվի Սահմանադրությունում ամրագրված համապատասխան դրույթները մեկնաբանելիս:
Նշածս փոփոխության ընդունումից հետո Եվրոդատարանի, ինչպես նաև բազմաթիվ եվրոպական երկրների կողմից ստեղծված համապատասխան մարմինների ընդունած և ապագայում ընդունելիք որոշումները մեզ համար փաստորեն դառնալու են պարտադիր: Սրանով ավելի է խորացվում Հայաստանի արտաքին կառավարումը:
Նույն նպատակին է ծառայում նաև տվյալ` 81-րդ հոդվածի 2-րդ կետը, որի համաձայն, հիմնական իրավունքների և ազատությունների սահմանափակումները չեն կարող գերազանցել Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված սահմանափակումները: Դրանով Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը մարդու իրավունքների սահմանափակումների հարցում ստորադասվում է միջազգային պայմանագրերի նկատմամբ:

– Սահմադրական փոփոխությունները Հայաստանի գոնե տնտեսական ինքնիշխանությունն ապահովելո՞ւ են:

– Սահմանադրական փոփոխությունների նախագծի 199-րդ հոդվածում (Կենտրոնական բանկի հիմնական խնդիրները և գործառույթները) գրված է.
Կենտրոնական բանկը թողարկում է Հայաստանի Հանրապետության արժույթը` հայկական դրամը:
Այսինքն՝ ՀՀ Կենտրոնական բանկը, որը պատասխանատու է գների և ֆինանսական կայունության, դրամավարկային քաղաքականության ծրագրերի մշակման, հաստատման և իրականացման համար և թողարկում է Հայաստանի Հանրապետության արժույթը՝ հայկական դրամը, պետական այլ օրգաններից անկախ գործունեություն է իրականացնում։ Ստացվում է, որ պետությունը չի կարող վերահսկել գնաճը, չի կարող մշակել, հաստատել և իրականացնել երկրի դրամավարկային քաղաքականությունը և դրամի թողարկումը, քանի որ Սահմանադրությամբ նման գործառույթ տրված է լինելու մեր պետությունից անկախ ՀՀ Կենտրոնական բանկին:

– Ո՞ւմ է ենթարկվում ՀՀ Կենտրոնական բանկը:

– Ինչպես գիտենք, Հայաստանը հանդիսանում է Միջազգային արժութային հիմնադրամի անդամ, ուստի Միջազգային արժութային հիմնադրամը միակ կառույցն է, որի հանձնարարականները պարտավոր է կատարել Կենտրոնական բանկը: Այսինքն` Հայաստանի տնտեսական ինքնիշխանությունն իրականում իրականացնում է և վերահսկում Միջազգային արժութային հիմնադրամը:

– Անդրադառնանք նաև գաղափարախոսական ինքնիշխանությանը, այն նույնպե՞ս վտանգված է:

– Գործող Սահմանադրության 7-րդ հոդվածը և Սահմանադրական փոփոխությունների նախագծի 8-րդ հոդվածը սահմանում են, որ Հայաստանի Հանրապետությունում ճանաչվում են գաղափարախոսական բազմակարծությունը և բազմակուսակցականությունը: Ութերորդ հոդվածի համաձայն, ստացվում է, որ Հայաստանում գաղափարախոսությամբ կարող է զբաղվել ով ցանկանա, այդ թվում նաև` օտարերկրյա պետությունների ներկայացուցիչները:

– Իսկ Հայաստանի Հանրապետությունն իրավունք ունի՞ ունենալ գերիշխող (դոմինանտ) պետական գաղափարախոսություն:

– Ե՛վ ՀՀ գործող Սահմանադրությունում, և՛ փոփոխությունների նախագծում գերիշխող է լիբերալ գաղափարախոսության անկյունաքար հանդիսացող, այսպես կոչված, «Մարդու իրավունքների» պաշտպանությունը: Այնինչ` հայ ժողովրդի պատմական, մշակութային, հոգևոր և աշխարհաճանաչողական հենք է ոչ այնքան, այսպես կոչված, «Մարդու իրավունքների» պաշտպանությունը, որքան Հայաստանի բարձրագույն արժեք համարվող հայ ժողովրդի հայրենիքի՝ Հայաստանի գոյությունը, բարձրագույն արժեքներ հանդիսացող Հայաստանի ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը, հայրենասիրությունը, հայ ժողովրդի պատմամշակութային ժառանգությունը, ընտանիքը, երեխաների ծնունդը և դաստիարակությունը, հոգևոր և ավանդական արժեքները, խիղճն ու բարոյականությունը, մարդու կյանքը, արժանապատվությունը, հիմնարար իրավունքներն ու պարտականությունները, անձի ներդաշնակ զարգացումը, սոցիալական արդարությունը, կրոնական, ազգային, ռասսայական և սոցիալական խտրականության անընդունելիությունը, բնությունը և շրջակա միջավայրը: Ընդ որում, պետությունը պարտավոր է պաշտպանել Հայաստանի բարձրագույն արժեքները ներքին և արտաքին ոտնձգություններից ու սպառնալիքներից։

Հարցազրույցը` Արթուր Հովհաննիսյանի
http://www.nyut.am/?p=84642&l=am

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել Society, Իրավական փաստաթղթեր, Լրահոս, Հասարակություն, Հարցազրույցներ բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն