Գլխավոր » Լրահոս, Հայ-թուրքական հարաբերություններ

Հայաստանի Հանրապետության ու Թուրքիայի հարաբերությունների կարգավորման խնդիրը երրորդ երկրների դիտակետից

Հոկտեմբեր 14, 2009թ. 14:00

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման նկատմամբ անտարբեր չեն    ոչ տարածաշրջանի մեր հարևան պետությունները, ոչ էլ միջազգային քաղաքական դաշտի գլխավոր խաղացողները: Այլ կերպ լինել չէր էլ կարղ: Տարածաշրջանը դարձել է «Հյուսիս-Հարավ» և «Արևելք-Արևմուտք»  գլոբալ քաղաքական ուժահոսքերի մեծ խաչմերուկը, դրանց հատման ու բախման կետը: Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի միջև փակ սահմանը որոշակիորեն սահմանափակում է քաղաքական խոշոր դերակատարների գործունեությունը տարածաշրջանում, խոչընդոտում նրանց մասշտաբային նախագծերի իրագործմանը: Սակայն դա չի նշանակում, որ նրանք բոլորն էլ նույն նպատակներն են հետապնդում տարածաշրջանում և «նույն աչքով են նայում» Հայսատանի Հանրապետության և Թուրքիայի դարասկզբից հաստատված սահմանի բացմանը: Ակնհայտ է, որ նրանցից ամեն մեկը սեփական ծրագրեր է մշակում` նախատեսված բաց սահմանի պարագայում իրագործելու համար: Մոսկվայից, Վաշինգտոնից, եվրոպական մայրաքաղաքներից, ինչպես նաև մեր անմիջական հարևաններից սահմանի բացումը տարբեր քաղաքական հեռանկարում է երևում: Եվ կարևոր է, որ մենք գոնե առաջին մոտավորությամբ, գոնե ակնհայտ իրողությունների հարթության վրա փորձենք իմաստավորել, թե ինչպես է երևում սահմանի բացումը տարբեր դիտակետերից: Իհարկե, կարևոր է նախ և առաջ պարզել գլոբալ քաղաքական դերակատարների և մեր անմիջական հարևանների վերաբերմունքը խնդրո առարկա հարցի վերաբերյալ:

«ԱՐՄԱՐ» կայքը հանրամատչելի զրույցների շարք է սկսում այդ թեմայով, որը հեղինակում է փիլիսոփայական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ալեքսանդր Մանասյանը: Առաջին զրույցը Ամերիկայի Միացյալ Նահանգների մասին է:

Ամերիկայի Միացյալ Նահանգները և Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի սահմանի բացման հարցը

Ակնհայտ է, որ հետխորհրդային քաղաքական իրողությունների համատեքստում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գաղափարի ու նախագծի հեղինակն ու կնքահայրը Ամերիկայի Միացյալ Նահանգներն են: Բնական հարցը, որ ծագում է, հետևյալն է: Ի՞նչ նպատակներ է հետապնդում ԱՄՆ-ը, նախ հարուցելով հայ-թուրքական ոչ հրապարակային պաշտոնական  երկխոսություն և հրապարակային հանդիպումներ քաղաքագետների ու հասարակական գործիչների միջև: Ի՞նչ շահ էին հետապնդում Վաշինգտոնում, երբ հորդորեցին Երևանին ու Անկարային այդ երկխոսությունը տեղափոխել հասարակական քննարկումների դաշտ` երկու երկրների հարաբերությունները մտցնելով որակական նոր փուլ: Այստեղ ոչ թե անվերապահ դատողությունների, այլ հավանական բնույթի դատողությունների ու քաղաքական վարկածների տեղն է: Ահա դրանցից մի քանիսը:

Միացյալ Նահանգները Հարավային Կովկասը Ռուսաստանի ազդեցության ոլորտից դուրս բերելու և այն իր անմիջական ազդեցության գոտին դարձնելու քաղաքականությանը ձեռնամուխ է եղել ԽՍՀՄ լուծարումից անմիջապես հետո: «Մոսկովյան լուծը» թոթափելու պատրաստակամություն արտահայտեցին Թբիլիսին ու Բաքուն, և Արևմուտքը չհապաղեց իսկույն ևեթ հանդիպակաց քայլեր ձեռնարկել` օգնելու նրանց դուրս գալու ռուսական ուղեծրից: Ադրբեջանի դեպքում կար նաև Կասպիական նավթի գործոնը: Այսօր արդեն հայտնի է, թե «Բաքուն ու Թբիլիսին Մոսկվայից պոկելու» քաղաքականությունն ինչ արդյունքներ է տվել: Կարելի է պնդել, որ Հարավային Կովկասի այդ երկու պետությունների հետխորհրդային պատմությունը տեղավորվում է ԱՄՆ կողմից Հարավային Կովկասի «յուրացման» նշված ծրագրի մեջ:

Միջանկյալ կերպով պետք է նկատվի մի հանգամանք, որ տվյալ պարագայում անտեսել չի կարելի: Բանն այն է, որ ԱՄՆ-ի այս քաղաքականությունը համահունչ էր մեր տարածաշրջանը «Մոսկվայի ենթակայությունից» դուրս բերելու Եվրոպայի նպատակադրությանը: Այնպես որ, Արևմուտքը, ըստ էության, միասնական էր այդ հարցում (բայց մենք այստեղ Եվրոպայի վրա չենք ծանրանա, քանի որ մեզ հետաքրքրում է Հարավային Կովկասում ԱՄՆ քաղաքականության հարցը):

Եվ այսպես, Միացյալ Նահանգների կովկասյան ուղղության քաղաքականության գլխավոր նպատակը գլոբալ քաղաքական զարգացումների այս փուլում Ռուսաստանին Հարավային Կովկասից դուրս մղելն է: Բաքու տանող ճանապարհն անցնում է Վրաստանով, և այդ  հանգամանքն էլ բացատրում է Վրաստանի խնդիրը լուծելու կարևորությունը, որին Արևմուտքը ձեռնամուխ եղավ իննսունականների հենց սկզբից: Վճռական քայլը «Վարդերի հեղափոխությամբ» Վրաստանում Սահակաշվիլուն իշխանության բերելն էր: Բաքվի դեպքում արևմտամետ իշխանափոխության հարցը լուծված էր, ինչպես շատերն են կարծում, հայր Ալիևի դին երկրե-երկիր տեղափոխելու գործողությամբ: Վաշինգտոնում (և Եվրոպայում) գիտեին, որ նորանկախ Ադրբեջանական Հանրապետությունը կայուն թուրքամետ քաղաքականության երկիր է: Ուրեմն, սկզբունքորեն արևմտամետ պիտի լինի նաև  տարածաշրջանային հարաբերությունների տեսանելի հեռանկարում:

Բնական է, որ այդ տարիներին Արևմուտքը և, իհարկե, առաջին հերթին ԱՄՆ-ը, զուգահեռաբար գործունեություն պետք է ծավալեին նաև Հայաստանի Հանրապետությունում` ապահովելու համար Հարավային Կովկասն իր ամբողջության մեջ ռուսական ազդեցության ոլորտից դուրս բերելու գործընթացը: Սակայն պարզվեց, որ հայաստանյան ճակատում այդ գործն ավելի դժվար է առաջ տանել: Հայ-թուրքական հարաբերությունների ողջ պատմությունը և այն հանգամանքը, որ թուրքական վտանգը շարունակում էր իրեն զգացնել տալ (Անկարայից ավելի զգուշավոր, իսկ Բաքվից` անթաքույց ու բացահայտ ձևով), Երևանին ստիպում էր սերտ հարաբերություններ պահպանել Մոսկվայի հետ: Հայաստանի Հանրապետությունը և Ռուսաստանի Դաշնությունը պաշտոնապես իրենց հայտարարել են ռազմավարական դաշնակիցներ: Ահա թե ինչու, ի տարբերություն Թբիլիսիի, Երևանում 2008-ի փետրվար-մարտին գունավոր հեղափոխությունը, որ վրացական «Վարդերի հեղափոխությունից» պետք է տարբերվեր միայն անունով և պիտի կոչվեր «Երգի ու պարի հեղափոխություն», չկայացավ: «Պարողնե՞րը» վատ պարեցին, թե՞ «չպարողներն» ավելի վճռական գտնվեցին, ինչպես ընդունված է ասել, հայտնի չէ: Հայտնի է սակայն, որ 2008-ի երևանյան գունավոր հեղափոխությունը տապալվեց: Այսպես թե այնպես, «հայկական գունավոր հեղափոխությամբ» տարածաշրջանի քաղաքական ուրվանկարը փոխելու փորձի տապալումից հետո Միացյալ Նահանգներն անգործության չպիտի մատնվեր, և առաջինը, որ գալիս է աշխարհաքաղաքական հարցերով զբաղվող փորձագետի մտքին, այն է, որ Վաշինգտոնը նույն նպատակին հետամուտ պիտի լինի հայ-թուրքական հարաբերությունները բարեփոխման գործընթաց մտցնելու միջոցով: Վաշինգտոնի քաղաքական պլանավորման կառույցներում առնվազն հիմարներ պիտի նստած լինեն, եթե ԱՄՆ-ի կողմից հովանավորվող հայ-թուրքական հարաբերությունների բարեփոխման նախաձեռնությունը այդ նպատակը (կամ` նաև այդ նպատակը) չհետապնդի: Փակ սահմանների դեպքում Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի միջև տնտեսական, ռազմական ու քաղաքական կապերի զարգացումն ու հետագա ամրացումը միանգամայն բնական մի բան է: Թուրքիայի հետ փակ սահմանը Երևանին հրում է դեպի հյուսիս, մղում է Մոսկվայի գիրկը: Բաց սահմանը պետք է թուլացնի Երևանի կախվածությունը Մոսկվայից ` սա հաշվարկի ենթակա պլան է:

Հնարավոր է, որ դա թող որ գլխավոր, բայց միակ նպատակը չէ: Միացյալ Նահանգների նախագահներն արդեն որերորդ անգամ խաբում են իրենց հայ ընտրողներին` ընտրական արշավների ժամանակ խոստանալով ճանաչել Հայոց Ցեղասպանությունը: Հատուկ ջերմեռանդությամբ նման խոստումներ է տվել նաև Օբաման: Սակայն ամեն անգամ էլ պետության ղեկը ստանձնելուց հետո նախագահները մոռանում են իրենց խոստումը: Պարզվում է, որ ցեղասպանության ճանաչումը չի տեղավորվում թիվ մեկ պետության աշխարհաքաղաքական ծրագրերում: Նրանք իրենց թույլ չեն տալիս փչացնել հարաբերությունները Թուրքիայի հետ: Մյուս կողմից, սակայն, Միացյալ Նահանգների նման մի պետության համար արդեն իսկ անպատվաբեր մի բան է չորս տարին մեկ սակարկության առարկա դարձնել հայոց ողբերգությունը` վիրավորելով անմեղ նահատակների հիշատակը: Հայ-թուրքական հարաբերությունների բարելավումը կարող է Միացյալ Նահանգներին ազատել այդ գլխացավից: Ըստ երևույթին, նման մի հաշվարկ անպայման պետք է լինի ԱՄՆ-ի տարածաշրջանային ծրագրերում: Պետք է նկատել, որ Վաշինգտոնն այս տարվա ապրիլին հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումն արդեն իսկ պատրվակ է դարձրել Ցեղասպանության դատապարտումից խուսափելու համար այն հիմնավորումով, թե իբր դա կխանգարի Հայաստանի Հանրապետության ու Թուրքիայի միջև սկսված երկխոսությանը:

Հնարավոր է, որ սա էլ դեռ վերջին նպատակը չէ, որ հետապնդում են Վաշինգտոնում` խրախուսելով ու հովանավորելով հայ-թուրքական հարաբերությունների բարեփոխումը: Ինչպես հայտնի է, հայ փորձագետները պարբերաբար հիշեցնում են Վաշինգտոնին Սևրի պայմանագրի մասին, որի իրագործման պատասխանատվությունը միջազգային հանրությունը դրել է Միացյալ Նահանգների վրա: Սփյուռքը և հատկապես ԱՄՆ-ի հայկական համայնքը չեն մոռանում այդ մասին, և այսպես, թե այնպես, «Սևրը մնում է կախված» Վաշինգտոնի վզից: Չի բացառվում, որ Նահանգների քաղաքական ուղեգծի մշակողները հույս են տածում, որ Կարսի պայմանագրի վերահաստատումը, որով սահմանվել է Հայաստանի ու Թուրքիայի մերօրյա փաստացի սահմանը, կթոթափի Միացյալ Նահանգներին նաև «Սևրի պայմանագրի բեռից»:

Կարծում եմ, կա նաև մեկ ուրիշ, Հայաստանի հետ անմիջական կապ չունեցող հաշվարկ, որ Վաշինգտոնը հասկանալի պատճառներով չի բարձրաձայնում: Խոսքը դեպի  Եվրամիություն` Թուրքիայի ճանապարհին եղած արգելքները վերացնելու և խոչընդոտները հարթելու մասին է: Գաղտնիք չէ, որ Եվրոպան Միացյալ Նահանգների հնարավոր  ընդդիմախոսներից մեկը կարող է լինել աշխարհաքաղաքական հարաբերությունների դաշտում: Վաշինգտոնին ձեռնտու չէ հզոր և միասնական Եվրոպան: Որքան շատ ներքին խնդիրներ ունենա Եվրոպան, այնքան հեշտ կառավարելի կլինի այն: Չի բացառվում, որ հայ-թուրքական հարաբերությունների բարելավումը Վաշինգտոնը կարող է օգտագործել նաև Եվրոպայի վրա ազդեցության նոր լծակ ձեռք բերելու համար: Եվ այդ լծակը կարող է լինել Եվրոպա մտած Թուրքիան: Առայժմ Հայոց Ցեղասպանության հարցը Եվրոպան դարձրել է Թուրքիային իր ընտանիքը մուտք գործելու հիմնական փաստարկներից մեկը, եթե ոչ ամենագլխավորը: Հայաստանի և Թուրքիայի միջև բարեկարգված հարաբերությունները կարող են հրատապությունից զրկել Թուրքիայի կողմից Հայոց Ցեղասպանության ճանաչման հարցը և հեշտացնել նրա մուտքը Եվրամիություն: Եթե Վաշինգտոնը նման մտադրություններ է կապում հայ-թուրքական հարաբերությունների բարեփոխման հետ, ապա հարաբերությունների կարգավորման նախնական էտապներում նա դրանք պետք է խնամքով քողարկի:

Բնական է ենթադրել, որ եթե թվարկված  նպատակներից, ասենք, առաջինը կամ վերջինը հաջողվի իրագործել, ապա Վաշինգտոնը կմտներ այս խաղի մեջ: Բայց պետք է ենթադրել, որ նա հետամուտ կլինի հենց նշված բոլոր  (գուցե և մի այլ) քաղաքական նպատակների իրագործմանը: Ինքս չեմ բացառում, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ամերիկյան ծրագրերում կարող է լինել Իրանին վերաբերող հատուկ կետ:

Ալեքսանդր ՄԱՆԱՍՅԱՆ

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Թեգեր` , , , ,

Դիտել Լրահոս, Հայ-թուրքական հարաբերություններ բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն