Գլխավոր » Regions, Թուրքիա, Իրան, Ռուսաստան, Տարածաշրջան, Քաղաքականություն

Հայաստանը մեծ առաքելություն ունի` կամրջել ԵԱՏՄ-ն Եվրոպային

Մայիս 11, 2015թ. 22:28
Արման նավասարդյան-1

Հարցազրույց արտակարգ և լիազոր դեսպան ԱՐՄԱՆ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆԻ հետ

-Պարոն Նավասարդյան, օրերս Հանրապետության նախագահը ԵԱՏՄ նիստում անդամ երկրների ուշադրությունը հրավիրեց հետևյալ կարևոր հանգամանքի վրա. հարկավոր է հարավային ուղղությամբ ընդլայնել համագործակցության աշխարհագրությունը, մասնավորապես՝ Իրանի հետ հաստատել սերտ կապեր, նաև շեշտեց, որ ԵԱՏՄ երկրները պետք է կարևորեն Հարավարևելյան Ասիային ու Պարսից ծոցին միացնող նախագծերի իրականացումը: Ի՞նչ կասեք այս առնչությամբ:

– Հայաստանն այսօր վարում է բավականին խելոք արտաքին քաղաքականություն: Մասնավորաբար, վերջին շրջանում փորձ է արվում ընդլայնել դիվանագիտական աշխարհագրությունը: Նախ, կարևոր եմ համարում Հանրապետության նախագահի այցը Չինաստան: Երկու երկրները համագործակցության մի հսկայական փաթեթ են պատրաստել, 10-ից ավելի փաստաթղթեր ստորագրվեցին: Դրանցից ուշագրավը Մետաքսի ճանապարհի տնտեսական գոտու ստեղծման հուշագիրն է: Թերևս կարողանանք Մետաքսի ճանապարհին գտնել մեր տեղը:
Երկրորդը Իրանն է: Մասնավորաբար, վերջին զարգացումները, այսինքն` Շվեյցարիայի Լոզան քաղաքում Իրանի և ՙվեցնյակի՚ միջև կայացած համաձայնությունը, կարծես թե, նոր հեռանկարներ է բացում:
Որքան ես հասկանում եմ, Հայաստանը արևելյան ուղղությամբ պետք է ակտիվ աշխատի և կապեր հաստատի երկու երկրների` Չինաստանի և Իրանի հետ: Եթե պատժամիջոցները վերացվեն, ապա, իրոք, Իրան-Հայաստան համագործակցության դաշտում լուրջ հեռանկարներ են բացվում թե’ առևտրի ընդլայնման, թե’ էներգակիրների հարցում: Հայաստանը կարող է դառնալ իրանական էներգակիրների տարանցիկ երկիր:
Երրորդ, Հայաստանը, կարծում եմ, կարող է միջնորդի դեր խաղալ ԵԱՏՄ անդամ և այդ երկրների միջև` տնտեսական, քաղաքական հարաբերությունների զարգացման ուղղությամբ:

– Հայաստանի` կամրջի դեր ստանձնելու մասին հաճախ է խոսվում. նման հեռանկարի համար հիմքեր նշմարո՞ւմ եք:

-Հիմքեր, իհարկե կան, և նախ Չինաստանի պարագայում: Եթե Մետաքսի ճանապարհն անցի Հայաստանով, ապա մեր երկիրն անպայմանորեն իր կարևոր տեղը կունենա որպես Արևմուտքն Արևելքին կապող օղակ: Աստված տվել է մեզ այդ հնարավորությունը, սա նոր բան չէ, դարեր առաջ ևս Հայաստանը կամրջող դերը է կատարել:
Բացի այդ, վերջին հաշվով Ռուսաստանը, Եվրոպան և ԱՄՆ-ը պետք է գան ընդհանուր հայտարարի, իսկ Հայաստանը կարող է այդ հարաբերություններում բուֆերային երկրի դեր խաղալ:
Եվ վերջապես, Հայաստանը կարող է հանդես գա որպես միջնորդ նաև Իրանի ու Ռուսաստանի միջև` Իրան-Հայաստան-Վրաստան-Ռուսաստան ու դեպի Եվրոպա դուրս գալու համար: Սա հոյակապ կլինի ու կփոխի ամբողջ տարածաշրջանի դիմագիծը:

-Թուրքիան հնարավորն անում է, որպեսզի Մետաքսի ճանապարհի կառուցման դեպքում այն շրջանցի Հայաստանը:

-Դե, պարզ է, Թուրքիան աշխատում է, որպեսզի Մետաքսի ճանապարհն իր տարածքով անցնի: Բայց այն մեկ ճանապարհ չէ, այլ բազմաճյուղ է, այսինքն` ճանապարհների փունջ է, ու Հայաստանը չի կարող շրջանցվել:
Ինչ վերաբերում է Թուրքիային, ապա ես այստեղ մեկ այլ մոտեցում ունեմ: Մենք ուզում ենք չէ՞, Թուրքիայի հետ հարաբեություններ զարգացնել, ուզում ենք, որ բացվի հայ-թուրքական սահմանը, սակայն նաև գիտենք, որ Թուրքիան դրան պատրաստ չէ, այսինքն դեռ պատրաստ չէ Հայաստանի հետ ուղղակի համագործակցելու: Կնշանակի, մենք դրան կարող ենք հասնել միջնորդավորված տարբերակով:

-Ինչպե՞ս, և ո՞ր երկիրն եք տեսնում միջնորդի դերում:

-Բացատրեմ. Հայաստանը կարող է մասնակից դառնալ Թուրքիա-Ռուսաստան համագործակցությանը` Արաքս գետի վրայով, կրկնում եմ, միջնորդավորված:

Եվ դա այն դեպքում, երբ նկատելի լարվածություն կա ռուս-թուրքական հարաբերություններո՞ւմ:

-Այո, կա, բայց վաղը այն կարող է վերանալ: Ոչինչ հավերժական չէ: Թուրքիան հետաքրքրված է ԵԱՏՄ-ի հետ համագործակցությամբ, բայց նաև չի կարող անմիջականորեն անդամակցել այդ կառույցին, քանի որ տարբեր հարցեր կան, օրինակ, առկա է ԵԱՏՄ-ի շրջանակներում ընդհանուր արժույթ սահմանելու հարցը: Հետևաբար, Թուրքիան դա կարող է անել դառնալով ԵԱՏՄ-ի հետ ասոցացված անդամ: Իսկ այդ դեպքում մի ճանապարհ պե՞տք է գտնի Ռուսաստանի հետ կապ ստեղծելու համար: Եվ ահա, ամենից հարմար ճանապարհը Արաքսի վրայով` Հայաստանի տարածքով դուրս գալն է: Այսինքն` Հայաստանը կարող է Թուրքիայի համար կապող օղակ հանդիսանալ ԵԱՏՄ մտնելու համար: Եթե նման բան տեղի ունենա մենք ոչ թե պետք է այն կանխենք, այլ միանանք այդ ծրագրերի իրականացմանը և օգտվենք ընձեռված հնարավորությունից: Եթե մենք այսօր չենք կարող կանոնակարգել մեր հարաբերությունները Թուրքիայի հետ, իսկ մենք դա ուզում ենք, ապա պետք է գործենք միջնորդված` հենց ԵԱՏՄ ճանապարհով:

Իմ կարծիքը հետևյալն է. փոքր տերությունների քաղաքականության շրջանակներում Հայաստանը կարևոր առաքելություն ունի կատարելու Արևելքի ու Արևմուտքի միջև: Այն, ինչ կարող է անել Հայաստանը, ԵԱՏՄ անդամ երկրներից ոչ մեկը չի կարող: Եվ դա Հայաստանի առավելությունն է` միջնորդի դեր ստանձնել ԵԱՏՄ-Եվրոպա հարաբերություններում և կամրջել միմյանց:

-Նաև նպաստել Արևմուտք-Ռուսաստան հարաբերություններում առաջացած սառույցի ճեղքմա՞նը:

-Իհարկե, և’ սառույցի ճեղքելուն, և’ կամուրջներ կառուցելուն: Ոմանք Հայաստանի ԵԱՏՄ անդամակցումը համարում են մեր շահերից չբխող, մեր երկրին խանգարող քայլ, բայց մենք անդամակցելով ստանում ենք այնպիսի հնարավորություն, որից շահում ենք: Հայաստանը մի երկիր է, որն ունի և’ քրիստոնեական արժեքներ, և’ եվրոպական արժեքներ, նաև ասիական քաղաքակրթության ու մշակույթի մաս է կազմում: Դրա համար էլ ասում եմ` այն, ինչ մենք ունենք, ոչ մի երկիր չունի: Այդ դերը ո’չ Բելոռուսը կարող է կատարել, ո’չ էլ Ղազախստանը: Իսկ Հայաստանը կարող է: Եվ Եվրոպան դա շատ լավ է հասկանում: Ու չնայած 2013-ի սեպտեմբերի 3-ից ` ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցումից հետո եվրոպական կառույցներից տարբեր մտքեր հնչեցին, բայց այսօր իրավիճակն այլ է, Եվրոպան ինքն է ընդառաջ գնում Հայաստանին:

-Դա է վկայում նաև Ռիգայի գագաթնաժողովին ընդառաջ ԵՄ նախագահող Լատվիայի ԱԳ նախարար Ռինկևիչի հայտարարությունը, ուր ասված է, թե նոր համաձայնագիր են նախապատրաստում Հայաստանի համար, որում հաշվի կառնվի ՀՀ-ի անդամակցումը ԵԱՏՄ-ին:

– ԵՄ-ն ասում է այն, ինչ պահանջում է ներկայիս քաղաքականությունը: Նույնիսկ ԵՄ հետ արդեն իսկ ասոցացված երկրները` Ուկրաինան, Վրաստանը, կարծես մղվում են երկրորդական հարթություն: Փոխարենը, ԵՄ-ն ամեն կերպ առաջ է մղում Հայաստանին: Իհարկե, այստեղ կան քաղաքական խաղեր, ի վերջո, գործ ունենք մեծ քաղաքականության հետ:

-Ինչի՞ մասին եք ակնարկում:

-Այն, որ Արևմուտքը հնարավորիս ուզում է Հայաստանին հեռացնել Ռուսաստանից: Սա նրա ցանկությունն է, բայց միաժամանակ Արևմուտքն իրատեսորեն է մոտենում խնդրին ու հասկանում է, որ Հայաստանը ԵԱՏՄ-ի անդամ է և երբեք չի հրաժարվի այդ կառույցից, հասկանում է, որ Հայաստանը չի պոկվի Ռուսաստանից, մի բան ինչը Արևմուտքը շա~տ կուզենար:
Ես այսպիսի մի տեսություն ունեմ` հակառակորդիդ հնարավորիս շատ քեզ մոտ պահիր:

-Խոցելու համա՞ր:

– Չէ, ավելի շատ վերահսկողության տակ պահելու համար, ավելին` եթե նույնիսկ հնարավոր է, հակառակորդիդ անգամ պահիր քո գրկում. այդ դեպքում մեծ հաջողության կհասնես:

ԱՐՄԻՆԵ ՍԻՄՈՆՅԱՆ

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել Regions, Թուրքիա, Իրան, Ռուսաստան, Տարածաշրջան, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն