Գլխավոր » Լրահոս, Ջավախք, Քաղաքականություն

Հայաստանը կոշտացնում է դիրքորոշումը Սամցխե-Ջավախքի հարցում

Սեպտեմբեր 2, 2009թ. 15:51

Վիրահայությունը ողջունում է նախագահ Սերժ Սարգսյանի դիրքորոշումը

ԱԳՆ կենտրոնական ապարատի և ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների ու հյուպատոսական հիմնարկների ղեկավարների հավաքին նախագահ Սերժ Սարգսյանն ի թիվս այլ հարցերի խոսել է նաև հայ-վրացական հարաբերությունների վերաբերյալ:

Նրա խոսքերի համաձայն, Վրաստանի հետ ևս Հայաստանը շարունակել է քաղաքական երկխոսությունը բարձրագույն մակարդակում: «Փոխանակել ենք պաշտոնական այցեր նախագահների մակարդակով: Հենց այս պահին ակտիվ աշխատանքներ են ընթանում Գյումրի – Ախալցխա – Բավրա – Բաթում ավտոճանապարհին , որի ավարտը թույլ կտա շեշտակիորեն հեշտացնել բեռնա և ուղևորափոխադրումը Հայաստանից դեպի Սև ծով և հակառակը», – նշել է Սարգսյանը:

«Մենք պետք է լուրջ ջանքեր գործադրենք վիրահայությանը հնարավոր աջակցություն ցույց տալու համար: Ջավախքի նկատմամբ մեր վարած քաղաքականության տրամաբանությունը բովանդակային առումով պետք է բխի «ինտեգրում առանց ձուլման» սկզբունքից: Ինտեգրումը այս դեպքում պետք է ենթադրի վիրահայերի` որպես Վրաստանի արժանապատիվ, կարող, հարգված քաղաքացիների համբավի ամրապնդումը: Կարծում եմ, որ հայերենը Վրաստանում մարզային լեզու ճանաչելու, Հայկական առաքելական սուրբ եկեղեցու գրանցումն ապահովելու, Վրաստանի հայկական հուշարձանների պահպանմանն ուղղված քայլերը Վրաստանում միայն նպաստելու են հայ-վրացական բարեկամության ամրապնդմանը, փոխվստահության մթնոլորտի խորացմանը: Այս բոլոր հարցերում մենք պետք է լինենք նրբանկատ, բայց հետևողական և սկզբունքային», -ասված էր ՀՀ նախագահի ելույթում:

Սերժ Սարգսյանի այս ելույթն այսօր արդեն դրական արձագանք է ստացել Սամցխե-Ջավախքի հիմնախնդիրներով զբաղվող հայկական կազմակերպությունների շրջանակում: Այդ կապակցությամբ հայտարարությամբ է հանդես եկել Հասարակական կազմակերպությունների «Երկիր» միությունը:

«Երկիր» միությունը ողջունում է ՀՀ նախագահի արտահայտած դիրքորոշումը ջավախքահայությանը և վիրահայությանը հուզող հիմնական խնդիրների վերաբերյալ` գնահատելով այն որպես պարզ և հստակ: « ՀՀ նախագահի խոսքերն էլ ավելի մեծ կշիռ և նշանակություն են ստանում այն առումով, որ դրանք հնչեցվել են Վրաստանի արտգործնախարարի` Երևան կատարելիք այցի նախօրյակին»,- ասվում է կազմակերպության տարածած հայտարարության մեջ:

Իր հայտարարության մեջ «Երկիր» միությունը նաև արձանագրում է, որ ՀՀ նախագահի կողմից առաջարկված քայլերն ուղղակիորեն համահունչ են մի շարք միջազգային (միջկառավարական) կազմակերպությունների, այդ թվում` ՄԱԿ-ի մարդու իրավունքների հանձնաժողովի և Եվրախորհրդի, ինչպես նաև հեղինակավոր ոչ կառավարական կազմակերպությունների կողմից Վրաստանի կառավարությանն ուղղված կոնկրետ հանձնարարականներին:

Հայտարարության վերջում «Երկիր» միությունը կոչ է անում Վրաստանի իշխանություններին  ևս հաշվի առնել երկրի հայ բնակչության առջև ծառացած լեզվա-կրթական, կրոնական և մշակութային խնդիրների առկայությունը, ինչպես նաև գործուն քայլեր ձեռնարկել դրանք լուծելու ուղղությամբ` կիրառելով մեխանիզմներ, որոնք կհամապատասխանեն էթնիկական փոքրամասնությունների պաշտպանության ոլորտում Վրաստանի կառվարության կողմից ստանձնած միջազգային պարտավորությունների տառին և ոգուն:

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Թեգեր` , , ,

Դիտել Լրահոս, Ջավախք, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկ մեկնաբանություն “Հայաստանը կոշտացնում է դիրքորոշումը Սամցխե-Ջավախքի հարցում”

  1. Petik on: 9 Սեպտեմբեր 2009 at 09:34

    Կարծում եմ, որ մեր նախագահի նման դիրքորոշումն իսկապես արժանի է ամեն գովասանքի: Եվ դա պետք է ցույց տրվի բացահայտորեն, որպեսզի մեր ղեավարությունը հասկանա, որ Ջավախքի խնդիրները հասարակության համար շատ կարևոր են:

Մեկնաբանել`