Գլխավոր » Genocide, Hay-turq, TOP, Արևմտյան Հայաստան, Լրահոս, Ով է թուրքը, Վերլուծական, Տարածաշրջան, Ցեղասպանություն, Քաղաքականություն

Համեմատություններ՝ մշակութային ցեղասպանությունների

Մարտ 4, 2015թ. 01:13
մշակութային ցեղասպանություն

Աշխարհն անզոր դիրքերից հետեւեց Մոսուլում Միջագետքի հազարամյա քաղաքակրթության հետքերը բնաջնջելու կրոնական ծայրահեղականության բարբարոսությանը: Բնականաբար, ինչպես գազանային վայրագությունների ամենից վառ օրինակների ցուցադրականությունը, այս բարբարոսությունը եւս պատահականորեն չկատարվեց տեսախցիկների առաջ: Նպատակը դրա հրապարակայնացումն էր, օրը ցերեկով անարգել ոչնչացնել ու քանդելն էր ի ցույց աշխարհի` թե՛ համոզելու եւ թե՛ տարհամոզելու բոլորին, որ կրոնական ծայրահեղականության զբաղեցրած տարածքներից պետք է ջնջել կրոնի, մշակույթի, քաղաքակրթության, արվեստի ու մշակույթի ամեն հետք, որը ծայրահեղական արժեհամակարգի հետ կապ չունի:

Այնպես, ինչպես պետք է ջարդել, տեղահանել եւ ավերել ամեն տեսակի ազգաբնակչություն, դավանանք եւ կրոն, որը նույն համակարգի հետ որեւէ աղերս չունի:
Քաղաքակրթության այս սպանդը հարված է մարդկության պատմության մի կարեւոր ժամանակաշրջանի թողած ժառանգության: Եւ իբրեւ համամարդկային արժեքներին հասցված հարված` այսօր համարժեք դատապարտանքի, նման գործողությունների շարունակության արգելակման հակազդեցությունների չի արժանանում:

Այլապես, համամարդկային արժեքներից ճառող ուժերը վստահ գիտակցում էին, երբ անպատիժ էին թողնում եւ լուռ համաձայնություն էին հայտնում նման տարրերի կողմից խնդրո առարկա տարածքների գրավմանը եւ վերահսկմանը: Կրոնական ծայրահեղականության այս գործիքը միեւնույն պետությունների կողմից օգտագործվում է համամարդկային արժեքների փոշիացման գնով, մարդկության պատմության կարեւոր ժամանակաշրջանների ժառանգության ոչնչացման գնով:

Քաղաքակրթական սպանդի այս գործողությունը կարող է հիշեցնել Աֆղանստանում Թալիբան շարժման կողմից ձեռնարկված բուդդայական հավատքին վերաբերող արձանների քանդման արարքները: Միջազգային հանրությունը ցավ ու ափսոսանք հայտնելուց բացի, հիմնական որեւէ քայլ չձեռնարկեց նման կործանարարությունների ուղղությամբ, ինչը որ ենթադրել տվեց նմանատիպ հետագա ավերումների անպատժելիությունն ու դրանց իրականացման անուղղակի քաջալերանք:

Ոչ միայն ՅՈՒՆԵՍԿՕ-ի անզորության, այլ նաեւ միջազգային տարբեր կառույցների կրավորականության, եւ դրանով իսկ համատարած ամենաթողության ընդհանուր իրավիճակում մեծ է հավանականությունը նման գործողությունների անարգել շարունակականությանը։

Ոչ շատ հեռու անցյալում, ցեղասպան պետությունը Արեւմտահայաստանի տարածքում ականահարում էր հայկական եկեղեցիներն ու կոթողները, գրավված տարածքներից ջնջելու համար հայկական հետքերը: Մշակութային շարունակվող ցեղասպանության դիմաց միջազգային համապատասխան բաժանմունքը որեւէ արդյունքի չհանգեց կամ չուզեց հանգել:

Թուրքիայի դեպքում, ինչպես պայթեցումը, այնպես էլ վերանորոգումը հստակորեն կատարվում են զուտ քաղաքական նպատակով: Այստեղ ո՛չ մշակութային ժառանգություն փրկելու խնդիր կա, ո՛չ էլ ազգային փոքրամասնության իրավունքները հարգելու մղում: Ժխտման մի քաղաքականության նորովի մարտավարությունը Անատոլիան նկատում է բոլորի ընդհանուր բնօրրանը, որտեղ թուրքերի հետ համագոյակցել են ազգային մյուս փոքրամասնությունները, եւ որտեղ ծաղկել է ընդհանուր մշակույթը: Այս մոտեցումն է, որի վրա կառուցվել է այսօր մշակութային դիվանագիտություն բանաձեւով արտահայտվող քաղաքական տեսությունը, որ ժխտողականության նորագույն մարտավարական հայեցակարգի մաս է կազմում:

Սակայն, Անկարան շարունակում է մշակութային ցեղասպանությունը կիրառել այլոց ձեռքով: Հին Ջուղայի հայկական գերեզմանների եւ կոթողների ոչնչացման գործողությունը, ըստ էության, չի տարբերվում այսօրվա ծայրահեղականության հրամցրած պատկերներից: Հետքերի բնաջնջման այս մղումը, ի տարբերություն, չէր նկարահանվել իրականացնողի կողմից: Հայկական կողմն էր, որ հասցրել էր նկարահանել բարբարոսությունը եւ հրապարակայնացնել այն` արդար ակնկալություն ունենալով միջազգային համապատասխան վերաբերմունքի:
Առանց մեկ առ մեկ նշելու տարածաշրջանի հայկական եկեղեցիների եւ կենտրոնների կրած վնասները, կենտրոնանանք դարձյալ Դեր Զորի հուշահամալիրի պայթեցման արարքի վրա, վերստին համոզվելու պատվերի առկայության, պատվիրատուի դիմագծի ու ձեռագրի եւ այլոց ձեռքով մշակութային ջարդարարությունը շարունակելու ակներեւ փաստին:

Արեւմտահայաստանի ականահարված եկեղեցիներից անցնելով Նախիջեւանի գերեզմանաքարերի ոչնչացմանը, հասնելու համար Դեր Զորի հուշահամալիրի պայթեցմանը, Անկարան նաեւ հատուցում ունի տալիք` շարունակականություն ունեցող մշակութային ցեղասպանություն իրականացնելու իր հանգամանքով:
Սա եւս իր յուրահատուկ տեղն է ունենալու Ցեղասպանության 100-րդ տարելիցի առիթով պատրաստման փուլում գտնվող հատուցման իրավական թղթածրարում:

Շահան Գանտահարյան
«Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել Genocide, Hay-turq, TOP, Արևմտյան Հայաստան, Լրահոս, Ով է թուրքը, Վերլուծական, Տարածաշրջան, Ցեղասպանություն, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն