Գլխավոր » Իրավական փաստաթղթեր, Լրահոս, Հասարակություն

Համասեռամոլների ամուսնությունների համար ՀՀ նոր Սահմանադրության անգլերեն տարբերակով իրավական հիմք է ստեղծված

Սեպտեմբեր 18, 2015թ. 00:40
Հայկ Այվազյան

Յուրաքանչյուր հայ, առավել ևս քրիստոնյա ընտրողի հոգու պարտքն է դեմ քվեարկել միասեռականների ամուսնությունների համար իրավական հիմք ամրագրող ՀՀ նոր Սահմանադրության նախագծին:

Ազգային ժողովում ս. թ. սեպտեմբերի 4-ին կազմակերպված քննարկումների ժամանակ, որին ներկա են եղել և՛ «Հանուն ինքնիշխանության վերականգնման» նախաձեռնության անդամները, և՛ նախաձեռնության համախոհները, հստակ հարց է բարձրացվել, որ ՀՀ նոր Սահմանադրության նախագծի 34-րդ հոդվածը` կնոջ և տղամարդու ազատ արտահայտման, միմյանց հետ ամուսնանալու և ընտանիք կազմելու իրավունքը, նախագծի անգլերեն տարբերակում հոգնակի թվով է նշված` կանայք և տղամարդիկ:

Այսօր «Իրատես դե ֆակտո» ակումբում հրավիրված մամուլի ասուլիսում անդրադառնալով ընտանիքի ինստիտուտին և հոգևոր անվտանգությանը նետված մարտահրավերներին, այս մասին ասաց «Հանուն ինքնիշխանության վերականգնման» նախաձեռնության համակարգող Հայկ Նահապետյանը:

«Չգիտես ինչու,- շարունակեց Հայկ Նահապետյանը,- «պատահմամբ» հանված են նաև «միմյանց հետ» բառերը: Մեզ ընդամենը ասացին, որ Հայաստանի պետական լեզուն հայերենն է, կարծես թե մենք մտածում էինք, որ Հայաստանի պետական լեզուն միգուցե չինարենն է կամ պարսկերենը: Սակայն միջազգային բոլոր կառույցները, որոնք հարաբերվում են Հայաստանի Հանրապետության հետ, և՛ գործող Սահմանադրությունը, և՛ Սահմանադրական փոփոխությունների նախագիծն օգտագործում են անգլերեն տարբերակով: Առ այսօր Վենետիկի հանձնաժողովը սեպտեմբերի 10-ին իր պաշտոնական կայքէջում մեր նոր Սահմանադրության նախագծի վերաբերյալ իր պաշտոնական դիրքորոշումն արտահայտելիս, հղում տալով 34-րդ հոդվածին, որը գործողում 35-ն է, «կին» և «տղամարդ» բառերը հոգնակի թվով է շարադրել` «կանայք» և «տղամարդիկ», ինչը հաստատապես նշանակում է, որ բացի կին և տղամարդ ամուսնական միությունից, միմյանց հետ կարող են ամուսնանալ կինը կնոջ հետ, տղամարդը` տղամարդու: Դա համասեռամոլների ամուսնությունների համար իրավական հիմքեր է ստեղծում Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունում:

Պարզվում է (մենք այս ընթացքում ենք ճշտել), որ 2005 թվականին Հայաստանում փոփոխված Սահմանադրության մեջ ևս համասեռամոլներն ունեին իրավունք ամուսնանալու: Ես հիմա կարող է տարօրինակ և արտառոց բան ասեմ. 2005 թվականին մեր Սահմանադրության անգլերեն տարբերակում, որը և՛ ՄԱԿ-ի, և՛ միջազգային, եվրոպական կառույցների աշխատանքային լեզուն է, այդ բառերն անգլերեն լեզվով տրված են հոգնակիով: Միայն 2013 թվականին փոխվել է` այն բանից հետո, երբ հունիս ամսին մի թերթում հոդված է տպվել, որ անգլերեն տարբերակում հոգնակի է տրված: Մեկ ամիս հետո արդարադատության նախարարությունն ի պաշտոնե փոխել է հոգնակին եզակիով, սակայն առ այսօր Հանրապետության նախագահի և Ազգային ժողովի կայքէջերում գրված է հոգնակի տարբերակով, այսինքն` թույլատրվում են միասեռականների ամուսնությունները Հայաստանի Հանրապետությունում, թույլատրվում են Սահմանադրությամբ»:

Հիշյալ նախաձեռնության համակարգողի հավաստմամբ, այսպիսով Հայաստանի Հանրապետությունում իրավական առումով հիմքեր են նախապատրաստվում միասեռականների ամուսնությունների համար, ինչից հետո Հայաստան կժամանեն բազում զույգեր արտերկրից, միգուցե նաև` ազգությամբ հայ, որոնք այստեղ կամուսնանան, դրա գովազդը կարվի, կասեն ոչ մի վտանգավոր բան չկա:
«Դրա համար քարոզչական հիմքեր կպատրաստվեն` իրավականից հետո,- ասաց Հայկ Նահապետյանը:- Առ այսօր փոխված չէ այդ ձևակերպումը, կրկնում եմ` սեպտեմբերի 10-ին Վենետիկի հանձնաժողովի պաշտոնական կայքէջում հոգնակիով է դրված: Իրենց բոլոր հիմնավորումները, մեղմ ասած, իրականությանը չեն համապատասխանում, իսկ եթե իրերին տանք իրենց անունները, ապա իրենք ստում են` լինելով փոփոխությունների հանձնաժողովի անդամներ»:

Արթուր Հովհաննիսյան

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել Իրավական փաստաթղթեր, Լրահոս, Հասարակություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն