Գլխավոր » TOP, Լրահոս, Քաղաքականություն

Կեղծիքի պատվիրատուն ՀՀՇ-ն է, հետևից երևում են երախտամոռի ականջները

Նոյեմբեր 18, 2015թ. 11:52
ՀՀՇ

ՀՀՇ-ի իշխանության տարիները մարդկանց հետ հաշվեհարդար տեսնելու մի յուրահատուկ ժամանակաշրջան էին, նույնիսկ հայտնի խոսք կար ՀՀՇ-ի ՙթրի տակով՚ անցնելու մասին, չանցնողներին դատաստան էր սպասվում: Սակայն իշխանության ղեկից հեռանալուն պես նախկինների մարտավարությունը փոխվեց, այսօր ՀԱԿ-ՀՀՇ-ն առաջնորդվում է գեբելսյան հայտնի սկզբունքով` ՙՃշմարտանման սուտը սպիտակ պատին խփած մեխ է՝ պատից կընկնի, բայց տեղը կմնա՚: ՀԱԿ-ն այսօր մի կողմից փորձում է սրբագրել իր անփառունակ անցյալը, պատմաբան է անգամ վարձել ՀՀՇ-ական ՙհերոսապատում՚ մոգոնելու համար, մյուս կողմից, փորձում է ստով ու կեղծիքով ցեխ շպրտել նրանց հասցեին, ովքեր հարկ եղած պահին ՀԱԿ-ին հիշեցնում են իր իշխանական ամոթալի տարիները:

90-ականներից առ այսօր ՀՀՇ-ն ու իր մանկլավիկները կպել ու պոկ չեն գալիս ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանից: Ինչո՞ւ, ո՞րն է ՀՀՇ-ի փորացավը (այդ դերը խորհրդարանում, ի դեպ, այսօր ստանձնել է ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը, որ օրերս հրապարակավ դավաճանեց իր կուսակցապետին, ՙյան՚ տվեց սեփական կուսակցությունից՝ ԱԺ ամբիոնից հայտարարելով, թե ընտրակեղծարարության տարիներին ինքը ՀՀՇ անդամ չի եղել): Երկար պրպտելու հարկ չկա, պատճառը շատ պարզ է. բանն այն է, որ անկախացման առաջին տարիներից ի վեր Վահրամ Բաղդասարյանը բոլոր ընտրություններում` համապետական, թե տեղական, պարտության է մատնել ՀՀՇ-ի <պելի փետերին>, մերժել ՀՀՇ-ին անդամակցելու և դրանով իսկ հայրենի քաղաքում վաստակած իր հեղինակությունը նրան ծառայեցնելու բոլոր առաջարկները: Իսկ այսօր ՀԱԿ-ականներին ժամանակ առ ժամանակ հիշեցնում է, որ երկիրը թալանած, ընտրակեղծիքների կնքահայր ՀՀՇ-ի ժառանգորդն եք:

Փաստորեն, իրերն իրենց անունով կոչելու համար Վահրամ Բաղդասարյանը նորից դարձել է ՀՀՇ-ի աչքի փուշը, ավելին` արժանացել ՀՀՇ-ական լրատվամիջոցների էջերում հաճախակի հայտնվելու <պատվին>: Սկսել են փորփրել պատգամավորի կենսագրության էջերը, կեղտ են փնտրում, իզո՛ւր, չի՜ ստացվում, ավելի ճիշտ` հակառակն է ստացվում, որովհետև հուշարարնները շա~տ ապաշնորհ են. ինչ-որ<մեկը> ՀՀՇ-ական մամուլին տրամադրում է խեղաթյուրված, իրականության հետ ոչ մի աղերս չունեցող ՙփաստեր՚, ու դրանով անհարմար վիճակի մեջ գցում նաև տվյալ լրատվամիջոցին: Ջանում են Բաղդասարյանին վարկաբեկել, հակառակն է դուրս գալիս` բացահայտվում է ՀՀՇ-ական <բեզպրեդելի> իրական դեմքը:

Անդրադառնանք այդ մամուլում տեղ գտած մի քանի հորինովի պատմություններին, որ ՀԱԿ-ին հանկարծ չթվա, թե ՙսպիտակ պատին՚ հաջողեցին ՙհետքեր՚ թողնել:

Կեղծիք առաջին

Վահրամ Բաղդասարյանն այն քչերից է, որ 80-ականների կեսերին հաստատվելով Ռուսաստանի Մերձմոսկովյան, Կրասնոդարի մարզերում, մեծ ձեռքբերումներ ունենալուց հետո 88-ին` ազգային զարթոնքի սկսվելուն պես, որոշում է թողնել ամեն ինչ ու վերադառնալ հայրենիք: ԵՊՀ մեխանիկա-մաթեմատիկական ֆակուլտետն ավարտած, Վանաձորի մանկավարժական ինստիտուտի երիտասարդ դասախոս Վահրամ Բաղդասարյանը, ով հայրենի քաղաքի` Վանաձորի երիտասարդության շրջանում մեծ հեղինակություն էր վայելում, ստանձնում է նաև Հայաստանի երիտասարդական միության ղեկավարումը: Նպատակն էր իր շուրջը համախմբել անկախության համար պայքարի ելած ուսանողությանը:

Իրականությունը սա է, իսկ մնացածը` պատգամավորի անունը կոմսոմոլի հետ կապելը, առավել ևս նրան ԼԿԵՄ կոմիտեի քարտուղար ներկայացնելը` էժանագին կեծիք է: Խորհրդային տարիներին ծանոթ ցանկացած ոք լավ գիտե, որ ոչ կոմունիստին նման ՙպատվի՚ չէին արժանացնում, իսկ Վահրամ Բաղդասարյանն անկուսակցական էր:

Իրականությունը գլխիվայր շրջող ՀՀՇ-ն, էֆորիայի մեջ ընկած, զավեշտի հասնող <մեղքեր> է վերագրել Բաղդասարյանին, գրելով, երբ սկսվեց Ղարաբաղյան շարժումը Վահրամ Բաղդասարյանը <կուսակցական կարիերա էր անում Կոմկուսի միջանցքներում>։ Լոռեցիները կասեն՝ մի սրանց խելքին մտիկ տվեք, մարդիկ այդ շրջանում այրում էին իրենց կոմերիտական ու կուսակցական տոմսերը, սրանք կարիերաներից են խոսում: Էլ ի՞նչ սուտ առանց պոչ ու պոզի: Այնուհանդերձ, մամուլին կեղծ տեղեկատվություն տրամադրողներին հարկ է հիշեցնել, որ Բաղդասարյանը, իրենց համար հաճելի զբաղմունքով զբաղվելու՝ <կուսակցական կարիերա> անելու ո՜չ ժամանակ, ո՜չ ցանկություն չուներ. նա ոչ միայն շարժման ակտիվ մասնակից էր, այլև 88-ի երկրաշարժի օրերին դարձավ տեղեկատվական շտաբի ղեկավարը: Սննդամթերքով, հագուստով բեռնավորված առաջին ինքնաթիռը Գյումրիի օդանավակայան հասցնողը եղել է Վահրամ Բաղդասայանը, ով իր հայրական տանը ամիսներ շարունակ պահել ու խնամել է 70-ից ավելի տուժածների: Եթե ՀՀՇ-ն կարգին իշխանություն լիներ, պետք է, որ գնահատեր երկրին, ժողովրդին նվիրված նման մարդկանց, ոչ թե առիթ փնտրեր հալածելու:

Անցնենք առաջ. ՀՀՇ-ական մամուլին տեղեկատվություն տրամադրած անձը մի քանի ՙմանր-մունր՚ անճշտություններ է նաև թույլ տվել. օրինակ, Բաղդասարյանը ԱԺ ամբիոնից հայտարարեց ոչ թե 1995-ի, այլ 1991-ի Գերագույն խորհրդի ընտրության ժամանակ ՀՀՇ-ի կողմից տրված հատուկ հանձնարարականի մասին, իսկ վերևից իջած հրահանգով ասվել է՝ <ով ուզում է անցնի, միայն թե Բաղդասարյանը չանցնի>: Ի դեպ, չնայած ՀՀՇ-ական ջանքերին, այդ ընտրությունների առաջին փուլում Բաղդասարյանը հաղթում է ՀՀՇ-ի 5 հոգանոց թիմին, հավաքելով ձայների 57տոկոսը: ՀՀՇ-ն դա չէր կարող ներել, սկսվում են հետապնդումները, կալանավորվում են Բաղդասարյանի հարազատները, ընկերները, որոնց ազատ արձակման գինն էր` համոզել Բաղդասարյանին հանել թեկնածությունն ու չփակել ՀՀՇ-ական <պոլի փետերի> մուտքը խորհրդարան: Կեղծելով ժողովրդի քվեն, ընտրակեղծարար ՀՀՇ-ն պատգամավորական մանդատը տալիս է իր համար նախընտրելի թեկնածուին՝ Լեոնիդ Հակոբյանին, ով հետո խոստովանում է.<Վահրամ ջան, 91-ին իրական հաղթանակը քոնն էր>, ու ներողություն է խնդրում Բաղդասարյանից:

Հաջորդ <վրիպակը>. գրում են, թե ՙ1995-ի ՀՀՇ Վանաձորի թիվ 60 ընտրատարածքում պաշտպանել է Շահումյանի գյուղի նախկին գյուղապետ Սամվել Սարգսյանի թեկանածությունը՚: Իրականում ՀՀՇ-ի հովանավորյալ թեկնածուն եղել է ՀՀՇ վարչության անդամ, ոստիկանության վարչության պետի տեղակալ Գագիկ Ղազախեթյանը, ում ՀՀՇ-ն ամբողջ թիմով պաշտպանել է` օգտագործելով իշխանական բոլոր ռեսուրսները:

Դժվար է կարծել, թե ՀԱԿ-ը մոռացել է իր թեկնածուի անունը: Սա ևս ՀՀՇ-ի էժանագին տրյուկն է, պարզապես իր տխուր անցյալի ամեն մի դրվագը սրբագրող ուժը նախընտրել է մամուլով հնչեցնել ոչ թե իր կողմից հովանավորյալ ոստիկանության վարչության պետի տեղակալի անունը, այլ գյուղապետի, որն, ի դեպ, ՀՀՇ թեկնածուն չէր, նա ինքանառաջադրվել էր: Ղազախեթյանի անունը շրջանցելու պատճառը է նաև այն էր, որ վերջինիս խայտառակ պարտություն է կրել Վահրամ Բաղասարյանից. ՀՀՇ-ի հովանավորյալի օգտին քվեարկել էր ընդամենը 470 ընտրող, իսկ Բաղդասարյանի օգտին` 4790 ընտրող:

Ի դեպ, մի զավեշտ ևս. այս հաղթանակները ՀԱԿ-ՀՀՇ-ն այսօր փորձում է ներկայացնել որպես իր`<պուպուշ> իշխանություն լինելու փաստարկ, մոռանալով, որ դա ոչ թե իր շնորհքն է, այլ Վահրամ Բաղդասարյանի ու վանաձորցիների, որ անտեսելով ՀՀՇ-ի ատամ կրճտացնելը մինչև վերջ կանգնել են իրենց կողմից հարգված անձի կողքին:

Կեղծիք երկրորդ

<...վաճառել է Վանաձորի կահույքի գործարանի սարք-սարքավորումները, գործարանից միայն անունն է մնացել>:
1992-ին մի խումբ վանաձորցիներ, հաշվի առնելով Վահրամ Բաղդասարյանի կազմակերպչական ունակությունները, նրան առաջարկում են ստանձնել կահույքի գործարանի փոխտնօրենի պաշտոնը: Առաջարկն ընդունվում է մեկ պայմանով` դրան չի հետևելու որևէ քաղաքական առաջարկ: Որոշ ժամանակ անց տնօրենի թոշակի մեկնելու պաճառով թափուր է մնում գործարանի տնօրենի պաշտոնը, և Բաղդասարյանը նշանակվում տնօրեն: Այստեղ ՀՀՇ-ական մամուլը հաստ շրիֆտով ընդգծում է հետևյալ միտքը, թե գործարանի փոխտնօրենի և տնօրենի պաշտոնների հարցում Բաղդասարյանի համար միջնորդել են ԳԽ առաջին փոխնախագահ Արա Սահակյանը, ԳԽ նախագահի տեղակալ Արտաշես Թումանյանը, պետնախարար Վիգեն Չիթեչյանը: Սա մատնացույց է արվում որպես <ՀՀՇ-ական կարկառուն դեմքերի> կողմից անկուսակցական Բաղդասարյանին արված մե~ծ լավություն, բարի կամքի դրսևորում: Համաձայնեք, միայն ՀՀՇ-ն կարող է դրա համար գլուխ գովել, պարծենալ: Սրանից էլ լավ հաստատո՞ւմ, որ ՀՀՇ-ի օրոք առանց կարկառունների հովանավորության <ղուշն իր թևով, օձն իր պորտով> չէր կարող անցնել <ռուբիկոնը>:

Բայց մեկ հստակեցում. այդ երբվանի՞ց, մասնավորաբար, Արտաշես Թումանյանն ու Վիգեն Չիթեչյանը դարձան <ՀՀՇ կարկառուն ներկայացուցիչներ>: Իսկ հիշյալ երեք անձանց ու Վահրամ Բաղդասարյանի միջև մշտապես եղել է մարդկային նորմալ հարաբերություններ: Առավել ևս այսօր, երբ երեքն էլ ՀՀԿ-ի կողմից լիազորված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ են:
Այստեղ կա երկու կարևոր հանգամանք ևս. նախ, ի պատիվ հիշատակված անձանց, նրանք բարեխոսել են մի մարդու համար, ով ի տարբերություն ՀՀՇ-ական <պոլի փետերի> արժանի թեկնածու էր, ու ժամանակը դա ապացուցեց. Վահրամ Բաղդասարյանը ճանաչվում է որպես հանրապետության լավագույն տնօրեն, արժանանում պարգևների: Ասում են, իր ղեկավարած գործարանը դարձրել էր ՀՀՇ-ի երեսը պարզ անող հիմնարկությունը, արտերկրից ժամանող հյուրերին ուղեկցում էին հենց Վանաձորի կահույքի ֆաբրիկա: Սա բացառիկ դեպք էր, երբ քանդված, թալանված, չաշխատող արդյունաբերական ձեռնարկությունների ֆոնին ոչ ՀՀՇ-ականը կռիվ տալով իր հայրենի քաղաքում արտադրություն է պահում:

1995-ին ՀՀՇ-ի իրականացրած վայրի սեփականաշնորհման շրջանում, Բաղդասարյանին ստիպում են հրաժարվել գործարանից: Երկրում ամեն ինչ իրենով արած ՀՀՇ-ի աչքն այս անգամ Վահրամ Բաղդասարյանի ջանքերով թալանից ազատված կահույքի գործարանի վրա էր: Սակայն Բաղդասարյանը որոշում է ամեն գնով պայքարել ու պահել արտադրությունը, ու երկրի արդյունաբերությունը փոշիացրած, գործարանների սարքավորումները որպես մետաղի ջարդոն հարևան Իրանին վաճառած քաղաքական ուժի ձեռքերը ֆաբրիկային չեն հասնում:

Քաղաքական ճնշմանը չընկրկելով, Բաղդասարյանին հաջողվում է ֆաբրիկան սեփականաշնորհել, հիմա էլ ՀՀՇ-ն սկսում է հարկային ճնշումներ կիրառել. գործարանն անօրինականորեն ակտավորում են, ամեն ինչ անում այն սնանկացման հասցնելու համար: ՀՀՇ-ի ստվերային բանագնացները Բաղդասարյանի առաջ պայման են դնում՝ կա՜մ հրաժարվել քաղաքական պայքարից ու սարքված տուգանքները վայրկենապես կվերացվեն, կա՜մ գործարանը կսնանկացվի: Բաղդասարյանը նախընտրում է վճարել իրեն պարտադրված մի քանի միլոնի հասնող գումարն ու փրկել գործարանը: Այսօր իտալական նորագույն տեխնիկայով հանգեցած Վանաձորի կահույքի գործարանը հանրապտությունում որակյալ կահույք արտադրող ձեռնարկություններից մեկն է: Իսկ ՀՀՇ-ական մամուլը ցինիկաբար կեղծում է, թե <սարքավորումները վաճառել է ու գործարանից միայն անունն է մնացել>:

Հիմա դառնանք նրան, թե ինչո՞ւ <ՀՀՇ-ի կարկառուն դեմքերը>, այնուամենայնիվ այդչափ մեծահոգաբար միջնորդեցին Բաղդասարյանին` ստանձնելու գործարանի տնօրենի պաշտոնը: Դա ունեցել է հստակ քաղաքական դրդապատճառ. ՀՀՇ-ն հույս ուներ այդ կերպ քաղաքականությունից հեռացնել իրեն մշտապես խանգարող անկուսակցական Բաղդասարյանին: Սա էր նախկինների ՙբարի կամքի՚ դրսևորման իրական պատճառը: Սակայն իշխող ուժի հաշվարկները հօդս ցնդեցին, երբ 95թ. խորհրդարանական ընտրություններում Բաղդասարյանը դրեց իր թեկնածությունը: Այդ պահից ՀՀՇ-ն Բաղդասարյանին համարեց իր քաղաքական հակառակորդ ու անցավ հարձակման` նրա դեմ կիրառելով քաղաքական, տնտեսական ճնշումների նոր մեթոդներ: Կահույքի գործարանում սկսվում են լայնամասշտաբ ստուգումներ, ՀՀՇ-ն փակում է դրսից ստացվող հումքի ճանապարհը, թույլ չտալով, որ պատվերները հասնեն Հայաստան: Գործարանը ՀՀՇ-ի կողմից բառի բուն իմաստով ենթարկվում է տնտեսական տեռորի: Մյուս կողմից էլ ստիպում են Բաղդասարյանին չմասնակցել ընտրություններին. է’լ գիշերային հանդիպումներ, է’լ բանակցություններ ներքին գործերի վարչությունում ու կառավարությունում, է’լ պաշտոնի բարձրացման նոր առաջարկներ: Տարբեր մարդիկ են <խառնվում> նրան համոզելու գործին:

Բաղդասարյանի հանդեպ ՀՀՇ-ի քաղաքական թշնամանքը վերաճում է քաղաքական հալածանքի. ընտրությունների օրը կալանավորվում են նրա վստահված անձինք, հարազատները: Իսկ երբ բացվում են քվեատուփերը ՀՀՇ-ն հայտնվում է շոկի մեջ. իր 5 թեկնածուները միասին հավաքել էին 2400 ձայն, Բաղդասարյանի` 4790 ձայնի դիմաց: ՀՀՇ-ն պարտադրված էր հարմարվել ծանր պարտության հետ` Վանաձորում պատգամավորական մանդատ է ստանում ոչ թե ինչ-որ մի ՀՀՇ-ական, այլ անկուսակցական Վահրամ Բաղդասարյանը:

Բայց դա իշխող ուժի կողմից հեշտությամբ չմարսվեց: Լարվածությունը շարունակվում է 96-ին` Վանաձորի քաղաքապետի ընտրությունների ժամանակ, երբ Բաղդասարյանը ընտրությանը մասնակցելու հայտ է ներկայացնում: Դարձյալ քաղաքական ճնշումներ, մտերիմների կալանավորում: ՀՀՇ-ին կրկին նույն ֆիասկոն էր սպասվում, վերջինիս <հեղինակությունները> խայտառակ պարտություն են կրում՝ ընտրողների ձայների 54 տոկոսը շահած Բաղդասարյանից: Բայց ՀՀՇ-ական կեղծարարները ժողովրդի քվեն ստացած Բաղդասարյանի փոխարեն քաղաքապետ են նշանակում իրենց համար նախընտրելի մեկին:

Կեղծիք երրորդ
Գրում են թե՝ <Վանաձորի մորթու-մուշտակի ֆաբրիկան վերածել է պահեստի>:
Վահրամ Բաղդասարյանը 1995-ին այն ժամանակվա կառավարությանը ներկայացնում Վանաձորի մորթու-մուշտակի ֆաբրիկայի առողջացման ծրագիր: Ստանում է այսպիսի պատասխան` այնտեղ մե՜նք ենք մեր ծրագիրն իրականցնելու: Երեք տարի անց պարզվում է, որ չինական վարկի անվան տակ ֆաբրիկան, այլ ձեռնարկությունների հետ մեկտեղ, գրավի տակ է դրվել: Սկսվում է ֆաբրիկայի թալանը, ապա սնանկացման գործընթացը: 1999-2000թթ. ֆաբրիկան հանվում է աճուրդի, Բաղդասարյանին հաջողվում է այն ձեռքբերել: Ընդամենը 6 ամիս անց նրան հաջողվում է շունչ տալ ՀՀՇ-ի թալանից ազատված գործարանի մի հատվածին: Այդ արտադրամասն այսօր, բարեբախտաբար, աշխատում է, ուր ձմեռային տաք հագուստներ են կարվում հայ զինվորի համար` դրսից ներկրելու փոխարեն: Բայց որպես ՀՀՇ-ական թալանի լուռ վկաներ, իբրև թանգարանային նմուշ Բաղդասարյանը որոշում է պահպանել ֆաբրիկայի երկու ավերված շենքերը, և նախկիններին առաջարկում`գնալ ու տեղում տեսնել սեփական ժառանգությունը:

Կեղծիք չորրորդ. <Արտեկ> ճամբարը վերածվել է անասնագոմի>:
Երկրաշարժից հետո ամբողջությամբ խարխլվում է <Արտեկ>-ը, սեյսմի պաշտպանության ծառայությունն այն հայտարարում է քանդման ենթակա կառույց, չթուլատրելով դրա շահագործումը: Սակայն Բաղդասարյանը հաշվի առնելով այն, որ կառույցը գտնվում է հրաշալի տարածքում, որոշում է ավերակը վերածել ժողովրդի համար օգտակար վայրի`Վանաձորում ստեղծել միջազգային չափանիշներին համապատասխանող հանգստյան գոտի: 10 մլն 500 հազարի արժողության ներդրումներ պահանջող այս նախագիծը կարող է կյանքի կոչվել միայն օտարերկրյա ներդրողների միջոցով: Եվ շնորհիվ Բաղդասարյանի ջանքերի, գաղափարն արժանանում է ֆիլանդացի ու գերմանացի մասնագետների ուշադրությանը:

Վճարելով նրանց ուսումնասիրությունների վարձը, ստանում է մի նախագիծ, որն այսօր դրված է քննարկման: Բաղդասարյանն հույս ունի, որ ստեղծվելիք հանգստյան գոտին իր հարզատ Վանաձորը կդարձնի զբոսաշրջության կենտրոն, հնարավորինս լուծելով նաև զբաղվածության խնդիրը: Իսկ ցեխ շպրտող ՀԱԿ-ՀՀՇ-ն կեղծում է, թե <Արտեկ>-ը <անասնագոմ է դարձել>:

Կեղծիք հինգերորդ. <ձեռք է բերել պահածոների գործարանը, որը չի գործում>:
Հիշյալ գործարանը ևս Հայաստանի բազմաթիվ գործարանների պես ՀՀՇ-ի ձեռքով ավերված, թալանված ու սնանկացածների շարքում է: Ժամանակին կանխելով ՀՀՇ-ի կողմից գործարանի հաստողների վաճառքը, Բաղդասարյանին հաջողվում է ոչ միայն աշխատացնել այն, այլև գործարանի արտադրանքը արտահանել տարբեր երկրներ: Գործարանում անհրաժեշտ ներդրումներ կատարելու նպատակով, սակայն Բաղդասարյանն այն հանձնում է<ՙՍարգիս-Կարոլինա> ընկերությանը: Ներկայումս գործարանն արտադրում է հանրապետության բարձրորակ արտադրանքը, միաժամանակ լուծում աշխատատեղերի խնդիր: Ասում են՝ կից գյուղի ամեն մի ընտանիք իր աշխատողն ունի գործարանում:

ՀՀՇ-ական մամուլը չի շրջանցել նաև <Բարեփոխումների> պատգամավորական խմբին: Այս շրջանից շատերն են հիշում հայտնի <առնետավազքը>, երբ մեկ գիշերում <Հանրապետություն> խմբակցությունը քանդվեց ու սկսվեց վազքը դեպի նորաստեղծ «Երկրապահե պատգամավորական խումբ: Մատների վրա հաշվվեցին այն պատգամավորները, որ չտրվեցի ՙառնետավազքին՚, նրանց մեջ էր Վահրամ Բաղդասարյանը:

Հիմա, հարց է առաջանում` ո՞վ է ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի դեմ պատվիրված նյութի <ինֆորմատորը>: Պատվիրողը պարզ է՝ ՀՀՇ-ն է, բայց ո՞վ է նման կեղծիքը մամուլին տրամադրողը, ո՞ւմ ձեռքին է <դիրիժորական փայտիկը>, ո՞ւմ ականջներն են երևում այս նողկալի կեղծիքի հետևում: Վահրամ Բաղդասարյանի մտերիմները համոզված են, սա այն երախտամոռն է, ով ժամանակին եղել է Բաղդասարյան ընտանիքի կողքին, ում պահել, մեծացրել են Բաղդասարյանները:
Փաստորեն, իմաստուն է ժողովրդական խոսքը` <օձը տաքացնողին է կծում>:

ԱՐՄԻՆԵ ՍԻՄՈՆՅԱՆ

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել TOP, Լրահոս, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն