- ԱրմԱր Լուրեր | Armenia News | Հայաստան և Արցախ - http://armarlur.com -

ԿԳ նախարարությունը դիմել է Պարենի համաշխարհային ծրագրի գրասենյակ` պարզելու, թե ինչ տարրեր են հավելված դպրոցականներին տրվող սննդին

Մեր դպրոցականներին տրվող կասկածելի կամ նույնիսկ վտանգավոր սննդի առնչությամբ այս պահին պաշտոնապես դեռ հստակեցում չկա: Ինչպես արդեն տեղեկացրել ենք, «Պարենի համաշխարհային ծրագիր»-ը (ՊՀԾ) Հայաստանում ՀՀ կրթության և գիտության նախարարության աջակցությամբ 2010 թվականից իրականացնում է «Դպրոցական սնունդ» ծրագիրը, որով ՊՀԾ-ն Հայաստանի 6 մարզերում՝ Գեղարքունիքում, Տավուշում, Լոռիում, Շիրակում, Արագածոտնում և Արմավիրում, տարրական դասարանների 50 000 աշակերտների տալիս է տաք սննդարար ապուր կամ շիլա ու հաց: Երեխաներին տրվող սնունդը հարստացված է, այսպես կոչված, սննդարար տարրերով:

Այս կապակցությամբ «Հանուն առողջ սննդի» քաղաքացիական նախաձեռնության հայտարարության մեջ մասնավորապես նշված է. «Նույն փաստաթղթում կարդում ենք հետևյալը. թե՛ Ռուսաստանի Դաշնության Գյուղատնտեսության նախարարությունը, և թե՛ Իսրայելի Միջազգային զարգացման համագործակցության կենտրոնը (ՄԱՇԱՎ) ընդունում են, որ երեխաներին տրվող սննդարար տարրերով հարստացված նախաճաշերը նպաստում են նրանց զարգացմանը և սնուցման կարգավիճակի բարելավմանը:

Ի՞նչ սննդարար տարրերի մասին է խոսքը: Այդ մասին գտնում ենք նաև ՊՀԾ-ի կայքում (http://www.wfp.org/node/3399/4428/404319) :

Ինչու՞ են իրենց մոտ ալյուրի ֆորտիֆիկացումը մերժող Ռուսաստանն ու Իսրայելը ֆինանսավորում մի ծրագիր, որով մեր դպրոցական երեխաներին ֆորտիֆիկացված ալյուր է տրվում: Տարբեր մարզերում ապրող մեր նախաձեռնության անդամներից տեղեկացանք, որ դպրոցներին տրվող ալյուրը ռուսական «Алтайские мельницы» ընկերության արտադրանքն է, որը նաև ֆորտիֆիկացված ալյուր է արտադրում արտահանման նպատակով (www.altaimills.ru/products/flour/bakery-flour/fortified-flour.html):

Ալյուրին հավելված են ՝ Содержание витаминов на 1 кг:

• Тиамин (Витамин В1): 4,4 мг

• Рибофлавин (Витамин В2): 2,6 мг

• Ниацин: 35,0 мг

• Фолиевая кислота: 1,0 мг

• Железо: 15,0 мг

• Цинк: 30,0 мг

• Витамин А: 1,0 мг

• Витамин В12: 0,008 мг

Փաստորեն 2010 թվականից մեր 50.000 երեխաներին առանց ծնողների համաձայնության ալյուրի հետ խառնած պրեմիքսներով են կերակրում, ընդ որում նաև սինթետիկ դեղանյութ՝ ֆոլաթթու, պարունակող»:

Մարդկանց օրգանիզմում ֆոլաթթվի ավելցուկը կարող է հանգեցնել քաղցկեղի և այլ հիվանդությունների (http://nyut.am/archives/377678): Տեղեկացրել ենք նաև, որ դպրոցականներին տրվող վտանգավոր սննդի առնչությամբ ՀՀ քննչական կոմիտեի նախագահին հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել (http://nyut.am/archives/365246:

Քանի որ այս խնդրի առնչությամբ ՀՀ կրթության և գիտության նախարարություն ուղղված մեր 17.04.2015թ. հարցմանը թերի, մասնակի պատասխան էր տրվել (այդ մասին հրապարակումը` «Կասկածելի սննդի բաղադրության առնչությամբ մեզ առաջարկում են դիմել ՀՀ առողջապահության և գյուղատնտեսության նախարարություններ», http://nyut.am/archives/370293 ), մասնավորապես` «Որտեղից՞ է ներկրվում «Դպրոցական սնունդ» ծրագրով Հայաստանի հանրակրթական դպրոցներին տրվող ալյուրը, և ո՞ր ընկերության արտադրանքն է այն» հարցի պատասխանն ընդհանրապես չէինք ստացել, ստիպված եղանք երկրորդ հարցմամբ մեր հարցը կրկնել: Առաջացան նաև նոր հարցեր, որոնք նույնպես ուղղեցինք ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանին: Արդեն ստացել ենք մեր հարցման կապակցությամբ ՀՀ ԿԳՆ աշխատակազմի ղեկավար Մհեր Ղազարյանի պատասխանը, որում նախորդ պատասխանում անպատասխան թողնված վերոնշյալ հարցի առնչությամբ գրված է.

«Ներկրվող սննդամթերքի ծագման երկրի և միկրոտարրերով հարստացման վերաբերյալ հայտնում եմ, որ ՀՀ ԿԳ նախարարությունը դիմել է ՄԱԿ-ի պարենի համաշխարհային ծրագրի հայաստանյան գրասենյակ: Պատասխան ստանալուն պես Ձեզ կտեղեկացնենք լրացուցիչ»:

Այս պատասխանից ստացվում է, որ նախարարությունը մինչ այդ տեղյակ չի եղել «Դպրոցական սնունդ» ծրագրով աշակերտներին տրվող սննդամթերքի ծագման երկրի, արտադրող ընկերության և ինչ-ինչ նյութերով հարստացված լինելու վերաբերյալ, կամ էլ եթե նույնիսկ տեղյակ է եղել, որ սննդամթերքում կան հավելումներ, չի իմացել, թե ինչ հավելումներ են դրանք, և միայն մեր հարցումից հետո է փորձում ստանալ այդ հարցերի պատասխանը, ինչն, իհարկե, ավելի վաղ պետք է աներ: Դե ինչ, ինչպես ասում են, ավելի լավ է ուշ, քան երբեք:

Բացի վերոնշյալ «Դպրոցական սնունդ» ծրագրից, ՀՀ կառավարության 2014թ. որոշմամբ և կառավարության ֆինանսավորմամբ ՀՀ մարզերից այժմ արդեն երեքում իրականացվում է նաև «Կայուն դպրոցական սնունդ» ծրագիրը (ոչ պաշտոնապես այն կոչում են նաև «Ազգային դպրոցական սնունդ» ծրագիր): Մեզ և, ընդհանրապես, հանրությանը, նկատի ունենալով «Դպրոցական սնունդ» ծրագրի հետ կապված վերոնշյալ ու տագնապի տեղիք տվող տեղեկատվությունը, բնականաբար, հետաքրքրում է նաև, թե 2014 թվականից ՀՀ կառավարության ֆինանսավորմամբ «Կայուն դպրոցական սնունդ» ծրագրի շրջանակում Վայոց Ձորի, Սյունիքի և Արարատի մարզերի դպրոցականներից յուրաքանչյուրին որոշակի ի՞նչ սննդամթերք է տրվել ու տրվում, ի՞նչ չափաբաժիններով, «Կայուն դպրոցական սնունդ» ծրագրի շրջանակում դպրոցականներին տրվող սննդամթերքի (սննդատեսակներից յուրաքանչյուրի) 1 կիլոգրամը (լիտրը) կամ մեկ բաժինը որոշակի ինչ՞ նյութերով է հարստացված, որքա՞ն են կազմում այդ նյութերի չափաքանակները 1 կիլոգրամում (լիտրում) կամ սննդատեսակներից յուրաքանչյուրի մեկ չափաբաժնի մեջ: Ի պատասխան մեր այս հարցերի, ՀՀ ԿԳՆ աշխատակազմի ղեկավարը տեղեկացրել է.

«ՀՀ Վայոց Ձորի մարզի, Սյունիքի և Արարատի մարզերում իրականացվող «Կայուն դպրոցական սնունդ» ծրագրի շրջանակներում պետական բյուջեից դպրոցականների սննդի բազային ֆինանսավորումը մեկ սովորողի համար կազմում է օրական 140 դրամ, որը հաշվարկվում է օրական 200մլ հյութ և 50 գրամ թխվածք չափաբաժիններով: Սննդամթերքի ձեռբերումը իրականացնում են ուսումնական հաստատությունները: Երեխաների նախաճաշի բազմազանությունը ապահովելու նպատակով դպրոցի տնօրինության ընտրությամբ երեխաներին կարող են հատկացվել նաև կակաո, կեֆիր, յոգուրտ, կաթ և այլն»:

Քանի որ Սննդամթերքի ձեռբերումը իրականացնում են ուսումնական հաստատությունները, մնում է պարզել, թե հիշյալ մարզերի դպրոցների տնօրեններն արդյոք ձեռք չե՞ն բերում «Алтайские мельницы» ընկերության` ֆոլաթթվի և այլ նյութերի հավելում ունեցող ալյուրից պատրաստված թխվածք:

Արթուր Հովհաննիսյան
Nyut.am