Գլխավոր » Թուրքիա, Լրահոս

Կարսի պայմանագրից վախեցա՞ծ է թուրքական կողմը

Սեպտեմբեր 7, 2009թ. 18:48

«Օգոստոսի 31-ին հրապարակված երկու արձանագրություններն իրենց մեջ «ճանապարհային քարտեզի» տարրերը կրող փաստաթղթեր են, ուր մեզ հուզող երկու հարց կա: Առաջինը հանձնաժողովներն են, երկրորդը` սահմանների հետ կապված խնդիրները»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը:

Նրա կարծիքով փաստաթղթում առկա ձևակերպումը Թուրքական կողմի դեմքը փրկելու միտում ունի:   Հայկ Դեմոյանը հանդես  եկավ առաջարկով, կարևորելով այն, որ թուրքական կողմը հայ մասնագետներին հնարավորություն ընձեռի աշխատել թուրքական ռազմական և գլխավոր շտաբի արխիվներում: Ըստ նրա, այնտեղ պահվում են բավականին ուշագրավ փաստաթղթեր Թուրքիայում ռազմական տրիբունալների կողմից սկսված դատավարությունների մասին, որոնցով ցեղասպանությունն իրագործած երիտթուրքերի կուսակցության 140 պարագլուխներ    դատապարտվեցին: «Շատ կարևոր է այն հանգամանքը, որ վճիռները կայացվում էին ոչ թե վկայությունների, այլ փաստաթղթերի հիման վրա, որոնց մի մասը գտնվում են թուրքական ռազմական արխիվներում, որոնք մինչ օրս ուսումնասիրելու իրավունք ոչ ոք չի ունեցել, նույնիսկ` թուրք պատմաբանները»,-ասում է Հայկ Դեմոյանը:

Հ. Դեմոյանի կարծիքով, չնայած Կարսի պայմանագիրը իրավաբանորեն սխալ փաստաթուղթ է, քանի որ կնքվել  է երկու չճանաչված ռեժիմների կողմից երրորդ կողմի ներկայությամբ,  այնուամենայնիվ թուրքական կողմը վախենում է այդ փաստաթղթից. «Թուրքիան, պայմանագրեր  ստորագրելով Ադրբեջանի հետ,  կոպտորեն խախտել է իրավական առումով խիստ խոցելի Կարսի պայմանագիրը: Նախիջևանը, որը ձևավորվեց, որպես ադրբեջանական երկրորդ պետություն, ներկայումս  գտնվում է Ադրբեջանի կազմում, այլ ոչ թե հովանավորության ներքո: Այսինքն, եթե պայմանագիր կնքվի Հայաստանի և Թուրքիայի միջև, անհապաղ պետք է հստակեցվի նաև Կովկասյան տարածաշրջանում երկրորդ ադրբեջանական պետության` Նախիջևանի ինքնավար հանրապետության իրավական կարգավիճակի հարցը, քանի որ Ադրբեջանի Սահմանադրությամբ Նախիջևանը համարվում է Ադրբեջանի տարածքներից մեկը, ինչը ևս նոր գլխացավանքներ կարող է առաջացնել Թուրքիայի համար»,– համոզված է Հ.Դեմոյանը:

Արմինե ԳՐԻԳՈՐՅԱՆ

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Թեգեր` , ,

Դիտել Թուրքիա, Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանել`