Գլխավոր » Լրահոս, Քաղաքականություն

Կատակ բան չէ, ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնն էր կանգնել ու սպասում

Հոկտեմբեր 15, 2009թ. 17:11

ShirinyanՔաղաքագետ Լևոն Շիրինյանը վտանգավոր խաղ է համարում Հայաստանում ծավալվող ներկայիս ներքաղաքական խմորումները, որոնք կարող են խանգարել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետագա քայլերին. «Կատակ բան չէ, երբ ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը կանգնել ու փոքր Հայաստանի Արտաքին գործերի նախարարի ստորագրմանն էր սպասում: Ինչպես մենք ենք հասկանում խնդրի լրջությունը, այնքան էլ նրանք են հասկանում, դրա համար էլ մենք պարտավոր ենք զորավիգ լինել նախագահ Սերժ Սարգսյանին»:

Լևոն Շիրինյանը դեմ է նաև այն տեսակետին, թե արձանագրություններում նախապայմաններ կան: Նա հավատացած է, որ նախապայմանները հետո են դրվելու, որով պահանջելու են Արցախի հարցի «լուծում»` ազատագրված  տարածքների հանձնման հաշվին:

«Եթե կա գաղտնի համաձայնագիր, ապա այնտեղ գուցե լինեն նախապայմաններ, իսկ այս փաստաթղթերում դրանք բացակայում են: Սերժ Սարգսյանը հստակ ասաց` մենք փաստաթուղթը հասկանում ենք այնպես, ինչպես գրված է: Հետևաբար, պետք չէ պատմաբանների հանձանաժողով ասելով հասկանալ Ցեղասպանության հարցի քննարկում: Մեզ շատ է անհանգստացնում Ցեղասպանությունը, դրա համար էլ մենք մտահոգվում ենք: Պատկերացրեք, Ցեղասպանություն չի եղել, սակայն մենք կորցրել ենք մեր երկիրը,  մի՞թե չէինք պահանջելու մեր երկրի` Արևմտյան Հայաստանի վերադարձը: Իհարկե` պահանջելու էինք: Դրա համար էլ նախատեսված է պատմաբանների հանձնաժողովը»:

Ինչ վերաբերում է որոշ վերլուծաբանների հայտարարություններին, թե արձանագրություններով Թուրքիայի տարածքային ամբողջականության ճանաչման հարցն է լուծվում, Լևոն Շիրինյանն այն բլեֆ անվանեց:

«Բլեֆ է, երբ ասում են, թե արձանագրությամբ ընդունում ենք Թուրքիայի տարածքային ամբողջականությունը, քանի որ մենք, ՄԱԿ-ի անդամ դառնալով, Թուրքիայի տարածքը ճանաչել ենք այնպես, ինչպես կա: ԱՊՀ անդամ դառնալով` ճանաչել ենք Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, որի մեջ չկա Արցախը, քանի որ Ադրբեջանը հանդիսանում է 1918թ. ձևավորված Ադրբեջանի իրավահաջորդը:

Ինչ վերաբերում է Կարսի պայմանագրին, ապա այն արդեն վաղուց երկու պետություն խախտել են. առաջինն Ադրբեջանն է, որը Նախիջևանը դարձրել է իր մասը: Երկրորդը` Աբխազիան և Օսեթիան դուրս են եկել Վրաստանի կազմից, և այս անգամ խախտողը Ռուսաստանն է: Սերժ Սարգսյանի ասածը տարողունակ է, երբ Հայաստանի և Թուրքիայի սահմանային հարցը դիտարկվում է միջազգային իրավունքի շրջանակներում: Այստեղ կա ենթատեքստ: Քանի որ Մոսկվայի դաշնագիրը Հայաստանի հետ կապ չունի, բայց նա է ծնել ներկայիս այս իրականությունը, ապա այն միջազգային իրավունքին հակասող պայմանագիր է: Կարսի պայմանագիրը` միջազգային իրավունքով  ոչ լեգիտիմ երկու պետությունների` դեռ չձևավորված ԽՍՀՄ-ի և չճանաչված քեմալական Թուրքիայի միջև է կնքվել: Իսկ մեր իրավունքը ամրագրված է Վիլսոնի իրավարար վճռով»:

Գնահատելով ներկայիս վիճակը և հնարավոր զարգացումները` քաղաքագետը նկատեց, որ ստեղծվել է մի վիճակ, որտեղ ուժեղները վերցնում են այնքան, ինչքան իրենց ուժն է պատում, թույլերը վերցնում են այնքան, որքան ուժեղները թույլ են տալիս.

«Մինչև հիմա ոչ մի թիզ հող չենք հանձնել: Որպեսզի  հետագայում էլ պինդ մնանք մեր դիրքերում, ուրեմն  պետք է այսօր իսկ ճնշումը մեծացնենք Հորադիսի և Եվլախի ուղղությամբ: Ինչպես գիտեք, Եվլախը Ադրբեջանը սնող կայարանային հանգույցներից մեկն է, որի ճնշման արդյունքում Ադրբեջանը կխեղդվի:  Պետք է հակադրվենք թուրքական բնազդին, որը նրանց թելադրում է ուրիշի հողն իրենով անել»:

Խոսելով Թուրքիայի  Մեջլիսում փաստաթղթի հնարավոր վավարեցման մասին` Լևոն Շիրինյանն ասաց, որ եթե արձանագրություններում ոչինչ չփոխվի, Թուրքիան չի վավերացնի փաստաթուղթը, սակայն միաժամանակ հավելեց`  աշխարհում չկա մի դեպք, համաձայն որի թղթով հող զիջեն:

«Ադրբեջանը թող իզուր ոչինչ չպահանջի: Միայն Չինաստանին է թղթով հող զիջվել, այն էլ` վերջինիս ուժեղության պատճառով: Մենք չպետք է մեկուսանանք հզորների մեջ, իսկ մյուսների հետ հարաբերություններում ամեն հարց լուծելի է»:

Արմենուհի Կարեյան

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Թեգեր` , , , , , , , , , , , ,

Դիտել Լրահոս, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն