- ԱրմԱր Լուրեր | Armenia News | Հայաստան և Արցախ - http://armarlur.com -

<Արի տուն> ծրագիրը` միավորման մեծ փորձ

ՀՀ Սփյուռքի նախարարությունն այս տարվա մայիս ամսից սկսել է իրագործել <Արի տուն> ծրագիրը, որի շրջանակներում մինչև հոկտեմբեր 14-ից 25 տարեկան շուրջ 1000 սփյուռքահայ երիտասարդներ երկշաբաթյա հերթափոխով կհյուրընկալվեն հայաստանյան ընտանիքներում, կծանոթանան Հայաստանի պատմամշակութային հուշարձաններին, կմասնակցեն մշակութային ձեռնարկների, հայագիտական դասընթացների, կայցելեն զինված ուժեր, տեսարժան վայրեր, թանգարաններ:
Այսօր Հայաստանում է արդեն երկրորդ հերթափոխը, որի շարքերը համալրել են Ռուսաստանից, Վրաստանից, Իսրայելից, Գերմանիայից, Չեխիայից և Ֆրանսիայից ժամանած շուրջ 70 հայազգի երիտասարդներ: Երիտասարդներից շատերը Հայաստանում են առաջին անգամ և բոլորն էլ մեծ տպավորություններ են ստացել հայրենիքից:
17-ամյա Նարեկ Գաբրիելյանի համար ամենահաճելին Հայաստանի օդն է, ջուրն ու սնունդը. <Նման համ ու հոտ` աշխարհում ոչ մի տեղ չկա: Այցելել ենք Զվարթնոց, Սարդարապատ, հրաշա~լի էր: Հայաստանում մարդիկ շատ ջերմ են ու իրար շատ կապված, և դա շատ լավ է>,- ասում է Նարեկն ու հավելում, թե Հայաստանի և Սփյուռքի երիտասարդների միջև կապը պետք է շատ ամուր լինի:
Սփյուռքում բնակվող ոչ բոլոր երիտասարդներն են կարողանում վարժ խոսել հայերենով: Մինչդեռ մեզ զարմացրեց Չեխիայում բնակվող 12-ամյա Վահե Ասատրյանի մայրենիի իմացությունը: Նա առաջին անգամ չէ, որ լինում է Հայաստանում, սակայն ամեն անգամ Հայաստանից հեռանալիս նույն տխրությունն ու հուզմունքն է ապրում: <Հայաստանում շատ ընկերներ ունեմ, շատերի հետ ծանոթացա նաև այս այցի ընթացքում: Ինձ դուր է գալիս հայաստանցիների հյուրընկալությունը: Ես հայ եմ և ինձ այստեղ` հայերի շրջապատում շատ ազատ ու հանգիստ եմ զգում>:
Վրացահայ Գալինա Նալբանդյանն այնքան էր հրապուրված Հայաստանով, որ ցանկություն ունի հնարավորության դեպքում ևս մեկ անգամ գալ Հայաստան, բայց այս անգամ արդեն` մշտապես բնակության ակնկալիքով. <Շատ ուրախ օրեր ենք անցկացնում այստեղ, որովհետև հայրենիքում ենք: Հայրենիքի շունչն ուրիշ է: Վերադառնում եմ լավ տպավորություններով: Արդեն շատ հայ ընկերներ ունեմ ու մեր կապը շարունակվելու է: Եթե հնարավորություն ունենայի` հաճույքով կապրեի Հայաստանում>:
Սևակ ՀԱԿՈԲՅԱՆ