Գլխավոր » Լրահոս, Հասարակություն, Տեղեկատվական անվտանգություն

Ծառայություն ադրբեջանցիներին

Մայիս 14, 2015թ. 16:56
Խզմալյան

Եթե ռեժիսոր, երբեմն սուր-ընդդիմադիր հայացքներով կամ հայտարարություններով աչքի ընկնող Տիգրան Խզմալյանը նպատակ ուներ իր անվան շուրջ աղմուկ հարուցել կամ գոնե հանրությանը հիշեցնել իր մասին, ապա երեկ դա նրան հաջողվեց:
Խզմալյանը «բացառիկ» հարցազրույց է տվել ադրբեջանական haqqin.az կայքին: Նշված կայքը, նկատենք, ոչ թե սոսկ տեղեկատվական է, այլ ընդգծված քարոզչական հարթակ է՝ շեշտադրված հակահայկական կեցվածքով, մոտեցումներով ու հրապարակումներով:

Հարցազրույցի վերնագիրը միայն ինչ ասես արժե. «Տիգրան Խզմալյան. Հայաստանում իշխում են գանգստերները»: Բուն հարցազրույցի բովանդակությունն էլ պակաս խայտառակ չէ:
Բայց հարցն այստեղ միայն հարցազրույցի բովանդակությունը, իշխանությունների հանդեպ Տ.Խզմալյանի վերաբերմունքը, Ռուսաստանի հանդեպ ընդգծված բացասական դիրքավորումը կամ արտահայտությունները չեն: Ի վերջո, ադրբեջանական քարոզչության կամավորի դերին հավակնող Տ.Խզմալյանից ավելի թունդ արտահայտվողներ էլ կան, չհաշված որ իր տեսակետներն ու դիրքորոշումն էլ առանձնապես անհայտ չեն:

Ողջ հարցն այն է, թե ինչո՞ւ է Տ.Խզմալյանը հարցազրույց տվել ադրբեջանական նշված կայքին, ի՞նչ նպատակ էր հետապնդում՝ հակահայկական քարոզչական հարթակում հայտնվելով:
Ի դեպ, շատերին նախ հետաքրքրեց, թե Խզմալյանն իսկապե՞ս նման հարցազրույց է տվել: Կամ, եթե տվել է, ապա իրո՞ք ինչ ասել է, հենց դա էլ հրապարակվել է ադրբեջանական կայքում: Բայց այդ «ինտրիգը» շուտ մարեց, քանզի yerkir.am կայքին Տիգրան Խզմալյանը հայտնեց, որ հարցազրույց տվել է, ասածներն էլ խեղաթյուրված չեն:

Կարելի է միգուցե զարմանալ, թե այդ ինչպե՞ս է, որ նենգափոխման ու խեղաթյուրման մեջ հմտացած ադրբեջանական քարոզիչներն այս անգամ չեն դիմել իրենց սիրելի հնարքներին: Բայց զարմանալու բան չկա, մարդն ասել է այն, ինչ դիմացինները կուզենային լսել. Հայաստանում վատ է ու էլ ավելի վատ է լինելու: Ըստ որում՝ ադրբեջանական կայքի հրապարակումը սկսվում է հենց նման շեշտադրմամբ, Հայաստանի ճարտարապետների միության նախագահ Մինասյանի անվան հիշատակումով ու նշումով, թե արտագաղթը ահռելի ծավալների է հասել:
Այնուհանդերձ այնպիսի զգացողություն է, որ Խզմալյանն այսպիսով ավելի շատ ուզում էր Հայաստանում հիշեցնել իր մասին, հայտնվել ուշադրության կենտրոնում: Մարդը «Նախախորհրդարանի» նախաձեռնողներից ու, կարելի է ասել, լիդերներից էր: Հետո կարծես դրանից մի կողմ քաշվեց կամ իրեն մի կողմ քաշեցին:

Ամեն դեպքում «Նախախորհրդարանից» արտածված «Հիմնախորհրդարանում» նա չկա: Ու վերջերս էլ առանձնապես չէր նկատվում: Այնպես չէ, որ առհասարակ ոչ մի տեղ չէր «երեւում», բայց հաստատ այն ուշադրությունը չէր վայելում, ինչպես, ասենք, մի երկու տարի առաջ:

Բայց եթե անգամ նպատակը վերստին ուշադրության կենտրոնում հայտնվելն էր, ապա՝ ա՞յդ տարբերակով ու գնով: Ամեն մեկը, իհարկե, ազատ է աշխարհի ցանկացած լրատվամիջոցի հարցազրույցներ տալու եւ չտալու հարցում: Սակայն տվյալ դեպքում գործ ունենք ոչ թե պարզապես հարցազրույց տալ-չտալու, այլ ակնհայտորեն հակահայկական եւ Հայաստանի դեմ «աշխատող» թշնամական քարոզչությանը աջակցելու երեւույթի հետ, որքան էլ որ, ասենք, հարցազրույց տվողը նման ցանկություն, ենթադրենք, չունենար:

Ով՝ ով, բայց կինոռեժիսոր Խզմալյանը անկասկած հրաշալի գիտակցել է, թե ինչ է անում, ում հետ է խոսում, որ կայքի հետ գործ ունի, եւ իր ասածները ինչպես կարող են՝ ա) օգտագործվել թշնամական դիրքավորում ունեցող քարոզչական հարթակում, բ) ինչ արձագանքներ կստանան Հայաստանում:
Առավել եւս անհասկանալի է նրա պահվածքը մի պարագայում, երբ որեւէ խնդիր չուներ նման մի հարցազրույց, ասենք, Հայաստանի որեւէ կայքի տալու տեսանկյունից:

Այսինքն՝ եթե մարդը բան ուներ ասելու հայ հասարակությանը, Հայաստանի իշխանությունների հասցեին կամ առհասարակ մեր ներքին խնդիրների առումով, պարտադի՞ր էր դա անել… ադրբեջանական ու հակահայկական քարոզչության միջոցով:

Ի դեպ, հասկանալի է նաեւ, որ մեր «ներքին» տեղեկատվական-քարոզչական հոսքերին ամենայն ուշադրությամբ հետեւում են նաեւ Ադրբեջանում։ Կարող եք միանգամայն վստահ լինել, որ հնչող գնահատականները, պիտակները, արտահայտությունները արագորեն ու ինտենսիվորեն շրջանառվում են նույն այդ ադրբեջանական ցանցային ռեսուրսների կողմից: Միայն թե մի վատ ու բացասական բան ասված լինի Հայաստանի, հայության, ծայրահեղ դեպքում գոնե ՀՀ իշխանությունների մասին:
Սակայն դա, այնուամենայնիվ, այլ բան է: Եվ բոլորովին այլ բան է, երբ մարդը հոժար կամքով «լծվում» է ադրբեջանական քարոզչությանը նպաստելու գործին:

Ա.ՀԱԿՈԲՅԱՆ

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել Լրահոս, Հասարակություն, Տեղեկատվական անվտանգություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն