Գլխավոր » TOP, Լրահոս, Հասարակություն, Ռուսաստան, Վերլուծական, Տարածաշրջան, Տեղեկատվական անվտանգություն, Քաղաքականություն

Խփում եմ տագնապի զանգը, եթե չեք խլացել, լսեք

Հունվար 11, 2016թ. 23:56
Զանգ

Ռուսաստանի ու նրա դաշնակիցների դեմ պատերազմն իրականություն է, այն առայժմ դեռ տեղեկատվական դաշտում է: Հնարավորինս շատ հայաստանցիների գիտակցությունը երեկ և այսօր թունավորվում է հակառուսականությամբ, նրանց գիտակցության մեջ հետևողականորեն ներարկվում է ատելություն Ռուսաստանի ու ռուսների նկատմամբ, որպեսզի հայկական մայդանը դառնա անխուսափելի:

Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի ռազմաքաղաքական հետազոտությունների առաջատար փորձագետ, քաղաքական գիտությունների դոկտոր Միխայիլ Ալեքսանդրովը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում («Հայ-ռուսական հարաբերությունների հակառակորդները վնասում են Հայաստանի շահերին. փորձագետ», http://news.am/arm/news/303838.html) այն տեսակետն է հայտնել, որ Հայաստանում Ռուսաստանի ընկալումը չի վատացել:

Հարգարժան գիտնականը, ցավոք, սխալվում է, եթե խոսքը Հայաստանում հենց Ռուսաստանի ընկալման մասին է, և «Հարաբերությունների սկզբունքային վատացում չեմ նկատում» ասելով նկատի ունի ոչ թե Հայաստանի միջպետական հարաբերությունները Ռուսաստանի հետ, այլ հայաստանցիների վերաբերմունքը Ռուսաստանի և ռուսների նկատմամբ:

«Հարաբերությունների սկզբունքային վատացում չեմ նկատում,- ասել է Միխայիլ Ալեքսանդրովը:- Այն փաստը, որ հայերի ճնշող մեծամասնությունը կողմ է արտահայտվել ԵՏՄ-ին անդամակցելուն, հաստատում է իմ խոսքերը»:

Չի՛ հաստատում, և հենց այստեղ է սխալվում հարգարժան գիտնականը, ընդ որում, սխալվում է մի քանի առումներով:

Նախ, բնավ պարտադիր չէ, որ հայաստանցիների (ոչ թե հայերի, քանզի Սփյուռքում էլ են հայեր ապրում, որոնց կարծիքն այդ սոցիոլոգիական հետազոտության շրջանակում չի հարցվել) ճնշող մեծամասնությունը դեմ արտահայտվեր ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցելուն, որպեսզի դրանից նոր միայն բխեցվեր ՌԴ-ի նկատմամբ նրանց հարաբերությունների, վերաբերմունքի սկզբունքային վատացումը, եթե, իհարկե, պարոն Ալեքսանդրովը «սկզբունքային վատացում» ասելով, նկատի չունի այդ վերաբերմունքի վճռորոշ վատացումը, որն իսկապես դեռ չկա:

Երկրորդ. ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցելուն կողմ արտահայտված հայաստանցիների մեծամասնությունից, կարծում ենք, շատերն առաջնորդվել են ոչ թե բարոյաքաղաքական, արժեհամակարգային, գաղափարական և աշխարհաքաղաքական կողմնորոշիչներով, այլ սոցիալ-տնտեսական շահագրգռություններով: Այսինքն` այն իրողության գիտակցմամբ, որ արտագնա աշխատանքի մեկնող հայաստանցիների մեծամասնությունը հենց Ռուսաստան է մեկնում իր ընտանիքի հացը վաստակելու, ինչպես նաև սոցիալ-տնտեսական այն ակնկալություններով, որ ունեն կամ ունեին ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցությունից:

Ցավոք, այդ ակնկալությունների մի մասն առ այսօր դեռ չի իրականացել` հիմնականում ոչ Ռուսաստանի մեղքով, բայց նաև Ռուսաստանի մեղքով, ինչպես, օրինակ, հայաստանյան սպառողներին տրվող բնական գազի փաստացի գնի չնվազելը: Այս առումով դժվար է միանշանակ ասել, թե սոցիոլոգիական նույն հետազոտության ինչ արդյունք կստացվի, եթե այդ հարցումը կատարվի հիմա կամ 1-2 տարի հետո, այնպես որ, պետք չէ նախկինում կատարված այդ հարցման արդյունքից սեփական գլխի տակ փափուկ բարձ դնել:
Պարզվում է, փորձագետը, ինչպես ինքն է տեղեկացրել, Հայաստանի վերաբերյալ տարբեր աղբյուրներից տեղեկություններ ստանալով, տեղյակ է մեր հասարակության մեջ և Հայաստանի զանգվածային լրատվամիջոցներում հակառուսական միտումների առկայությանը:

«Բայց ճիշտ է նաև այն, որ վերջին ժամանակներս Երևանում՝ մանավանդ մամուլում, ակտիվ հակառուսական քարոզչություն է իրականացվում՝ ռուս- հայկական հարաբերությունները վարկաբեկելու նպատակով»,- ասել է Միխայիլ Ալեքսանդրովը և հավելել, որ, որպես կանոն, դա անում են Արևմուտքից ֆինանսավորվող զանազան կազմակերպությունների հետ կապված մարդիկ:
«Նրանք նման տեսակետներ են տարածում, ըստ էության տեղեկատվական պատերազմ են վարում՝ շահարկելով երկկողմանի հարաբերություններում զանազան բարդությունները»,- ասել է փորձագետը:

Եվս մեկ մեջբերում նույն նյութում դարձյալ միանգամայն ճիշտ դիտարկում կատարած պարոն Ալեքսանդրովի խոսքից. «Բանն այն է, որ տեղեկատվական պատերազմ է ընթանում, այն առաջին հերթին Ռուսաստանի, նաև նրա դաշնակիցների դեմ է: Եթե Ռուսաստանի ու Հայաստանի կապը խզվի, Հայաստանը մենակ կմնա, ու թշնամիները արագ կխեղդեն նրան: Այնպես որ սա միայն Ռուսաստանի դեմ չէ: Սա հենց Հայաստանի դեմ է: Ո՛չ Լոնդոնը, ո՛չ Փարիզը, ո՛չ էլ Վաշինգթոնը չեն պաշտպանի նրան: Այդ մարդիկ, որոնք աշխատում են արևմտյան փողերով, ըստ էության սեփական երկրին են վնասում: Սակայն ես չեմ կարծում, թե հայերը կտրվեն այդ սադրանքներին: Հայաստանում մայդան կազմակերպելու փորձերը պարբերաբար ձախողվում են: Ամենայն հավանականությամբ այդ մտահղացումից ոչինչ չի ստացվի: Այդուհանդերձ, պետք է շատ զգոն լինել»:

Այո, պետք է շատ զգոն լինել, սակայն սոսկ զգոն լինելը և հույս փայփայելը, թե հայերը չեն տրվի այդ սադրանքներին (Գյումրիում ռուս զինվոր Պերմյակովի կողմից Ավետիսյանների ընտանիքի սպանությունից հետո հանրապետության երկրորդ քաղաքում քիչ էր մնում տրվեին այդ սադրանքին), դեռ բավարար չէ: Պետք չէ նաև հանգստանալ այն իրողության գիտակցմամբ կամ վկայակոչմամբ, որ «Հայաստանում մայդան կազմակերպելու փորձերը պարբերաբար ձախողվում են», քանի որ մայդան կազմակերպելու որևէ լուրջ փորձ այստեղ իրականում դեռ չի էլ ձեռնարկվել, իսկ երբ ձեռնարկվի, արդեն ուշ կլինի հակաքայլեր կատարելու և իրավիճակը փրկելու համար:

Իսկ Միխայիլ Ալեքսանդրովին հայտնի՞ է, թե Հայաստանում մայդան կազմակերպելու փորձերը մինչ այժմ ինչու են ձախողվել, և եղածներից որևէ մեկն ինչու լուրջ փորձ չենք համարում (դրանք իրականում, բացառությամբ 2008թ. նախագահական ընտրություններին հաջորդածի, մայդան կազմակերպելու փորձ էլ չեն եղել, այլ ընդամենը նախավարժանքներ այդ ուղղությամբ): Ձախողվել են և լուրջ չեն եղել, որովհետև, ի տարբերություն Ուկրաինայի, պետական ապարատում (ներառյալ` ուժային կառույցներում) գտնվող, ինչպես նաև այնտեղ սողոսկած, այսպես ասած, Արևմուտքի մարդիկ դեռ չեն գործել հօգուտ այդ մայդանի, այսինքն` դեռ չի եկել X ժամը, ու դրսից դեռ չեն ստացել համապատասխան հրահանգը: Իսկ որ Հայաստանի պետական ապարատի (ներառյալ` ուժային կառույցներում) տարբեր օղակներում, ընդհուպ ղեկավար կազմում նույնպես կան հակառուսական դիրքորոշում ունեցող, բայց այն թաքցնող մարդիկ` շարքային ծառայողներից ու չինովնիկներից սկսած, մինչև բարձրաստիճաններ, որոնց քանակը վերջին տարիներին ավելացել է, և որոնք գնալով ամրապնդվում են, պարոն Ալեքսանդրովը թող որևէ կասկած չունենա:

Ռուսաստանը, Ռուսաստանի արտաքին քաղաքականությունն Ուկրաինայի հարցում սխալվեցին ու կորցրեցին Ուկրաինան, կարծում ենք, նույն սխալը նրանք երկրորդ անգամ թույլ տալու իրավունք չունեն, քանզի Հայաստանի կորստով, իսկ Հայաստանի կորստի հետ միաժամանակ ՌԴ-ի համար Անդրկովկասի ամբողջական կորստով մեծագույն խնդիր է առաջանալու ոչ միայն Հայաստանի, այլև Ռուսաստանի ազգային անվտանգության համար:

Թե ինչ կատարվեց Ուկրաինայում մայդանից առաջ, այսօր թերևս բոլորին է հայտնի: Արևմուտքի, նրա զանազան կառույցների կողմից ֆինանսավորվող, որպես հինգերորդ շարասյուն գործող ԶԼՄ-ների ու, այսպես կոչված, հասարակական կազմակերպությունների, ինչպես նաև տարբեր սոցիալական ցանցերի միջոցով ակտիվորեն քարոզչություն իրականացվեց ոչ միայն Ուկրաինայի հիմնականում կոռումպացված ղեկավարության, այլև Ռուսաստանի ու ռուսների դեմ` վերջիններիս համարելով այդ կոռուպցիայի ու գրեթե բոլոր մյուս չարիքների, իրենց կյանքում առկա գրեթե ողջ բացասականի պատճառն ու մեղավորը: Հնարավորինս շատ ուկրաինացիների ուղեղներ թունավորվեց հակառուսականությամբ, ընդհուպ պատմությունն անխղճորեն ու խայտառակ կերպով կեղծելու միջոցով նաև` նրանց գիտակցության մեջ հետևողականորեն ներարկվեց ատելություն Ռուսաստանի ու ռուսների նկատմամբ, որպեսզի մայդանը դառնա անխուսափելի, և այն դարձավ անխուսափելի: Նույնն այսօր վերոնշյալ բոլոր առումներով կատարվում է Հայաստանում, այդ թվում նաև` կեղծվում է պատմությունը: Օրինակ, հետևողականորեն տարածվում է այն կեղծիքը, թե իբր ռուսներն են Ղարսը թուրքերին հանձնել:

Պարոն Ալեքսանդրովը, ինչպես ասել է, տեղյակ է հայաստանյան մամուլում ակտիվ հակառուսական քարոզչության իրականացման փաստին, բայց տեղյա՞կ է արդյոք, որ «Ֆեյսբուք» և այլ սոցիալական ցանցերում այդ քարոզչությունն անհամեմատ ավելի ակտիվ (հաճախակի) ու մեծամասշտաբ կերպով է իրականացվում, այսինքն` այդ քարոզչությունն իրականացնողների և նրանց տարածած նյութերն ընթերցողների շատ ավելի մեծ ընդգրկմամբ: Եթե ինքը տեղյակ չէ, ես եմ տեղյակ` ամեն օր աչքերիս առաջ է: Տխրահռչակ Սորոսի հիմնադրամի և, ընդհանրապես, Արևմուտքի կողմից ֆինանսավորվող, հովանավորվող հայաստանյան մի շարք ԶԼՄ-ների, այդ թվում նաև` անհամեմատ մեծ լսարան ունեցող որոշ հեռուստաընկերությունների կողմից բացահայտորեն ու քողարկված կերպով իրականացվող հակառուսական քարոզչությունը ու նրանց հրապարակումների ակտիվ տարածումը սոցիալական ցանցերում այսօր արդեն տագնապալի մասշտաբների է հասել, տագնապի տեղիք է տալիս, և եթե շուտափույթ չձեռնարկվեն այդ քարոզչությանը համարժեքորեն հակազդելու, հակակշռելու համապատասխան միջոցներ, վաղն արդեն ուշ կլինի:

Հայաստանի տեղեկատվական դաշտում գործող այն սակավաթիվ լրատվամիջոցները, որոնք այս կամ այն կերպ աշխատում են հակազդել հակառուսական քարոզչությանը, ֆինանսական միջոցների, կադրերի քանակի ու հնարավորությունների առումով էապես զիջում են Արևմուտքի քաղաքականությունն իրականացնող լրատվամիջոցներին:
Ավելին. հակառուսական քարոզչությանը հակազդել փորձող ԶԼՄ-ները, չնչին բացառությամբ, ռուսալեզու են, նրանց ընթերցողները հիմնականում ռուսական կրթություն ունեցող և առավելապես ռուսամետ անձինք են, որոնք առանց այդ ԶԼՄ-ների հրապարակումների էլ ենթակա չեն հակառուսական քարոզչության ազդեցության վտանգին: Այլ կերպ ասած` ռուսալեզու այդ լրատվամիջոցների հակաքարոզչությունն ու քարոզչությունը թիրախային չեն, հիմնականում անարդյունք են, նման դատարկ կրակոցների: Չգիտենք` այս իրողություններին տեղյա՞կ են, դրանց վտանգը, հետևանքները գիտակցո՞ւմ են Ռուսաստանի համապատասխան շրջանակներում:

ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել TOP, Լրահոս, Հասարակություն, Ռուսաստան, Վերլուծական, Տարածաշրջան, Տեղեկատվական անվտանգություն, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն