Գլխավոր » Analitika, Լրահոս, Հայ-թուրքական հարաբերություններ, Վերլուծական, Ցեղասպանություն, Քաղաքականություն

Խորամանկ աղվեսն էլ է թակարդը ընկնում. Տեր-Պետրոսյանն այս անգամ կդառնա իր իսկ հրահրած ինտրիգների զոհը

Փետրվար 17, 2015թ. 22:43
ԼՏՊ

Լևոն Տեր-Պետրոսյանը, ով հայտնի է իր ուրբաթախոսությամբ, վերջին շրջանում սկսել է առավել հաճախակի հրապարակավ հանդես գալ: Ու հետաքրքիրն այն է, որ իր <կերպարանափոխությունը> ՀԱԿ նախագահը պայմանավորում է <ազգի հոգսերով մտահոգված> լինելով՝ լավ գիտակցելով, որ սեփական մտքերը <ազգայինով> փաթեթավորված մատուցելը շատ ավելի ընկալելի կարող է լինել: Այլ բան է, թե այդ մտքերի քանի՞ տոկոսն են իրավամբ ազգային:

Եվ այսպես, երեկ օրվա երկրորդ հատվածում ՀԱԿ-ական կայքերից մեկը շրջանառության մեջ դրեց ազգի ցավերով մտահոգ ՀԱԿ նախագահի բաց նամակը ուղղված երկրի նախագահ Սերժ Սարգսյանին: Թե ինչո՞ւ նախընտրեց նախագահ Սարգսյանի հետ շփվել <բաց նամակ>-ի ժանրով, Տեր-Պետրոսյանը պարզաբանում է հենց սկզբում, ասելով, թե <խորհրդապահական խողովակը> կարող էր զանազան կասկածների ու ասեկոսեների տեղիք տալ, իսկ նամակի շարժառիթ էլ համարեց՝ 100-ամյա տարելիցի առթիվ Հայոց ցեղասպանության հարցը միջազգային ասպարեզում հավուր պատշաճի ներկայացնելը:

Համազգային հարցերը ներքաղաքականից վեր դասող գործիչի կերպարով ներկայացող Տեր-Պետրոսյանը, այդ կերպարին հարիր պաթոսով շեշտում է՝ «փույթ չէ, որ ոխերիմ բարեկամներս» ինչպես կմեկնաբանեն իմ անսպասելի քայլը։ Կարեւորն այս պատասխանատու խնդրում պետական եւ համազգային մակարդակով սխալ թույլ չտալն է>, ապա թե՝<Երբ վտանգվում է իմ ազգի եւ պետության ապագան, ես ձեռքերս ծալած չեմ կարող նստել եւ ցանկացած դուռ կբախեմ>:

Ահա այսպիսի անձնազոհ, Տեր-Պետրոսյանի պարագայում՝ անհավանական հերոսական կեցվածքով նա նամակ է հղում նախագահ Սարգսյանին, հանդես գալով գործնական առաջարկով.<Ձեր նախընտրած ժամկետներում եւ պայմաններում դեմ առ դեմ հանդիպել Ձեզ հետ՝ այդ խնդրի շուրջ մտքերի փոխանակման նպատակով>։

Առաջարկն է՝ խորհրդակցական հանձնաժողով ստեղծել, որի խնդիրը կլինի Ցեղասպանության հարցում Հայաստանի Հանրապետության դիրքորոշման վերջնական հստակեցումը։ <Այդ հանձնաժողովի աշխատանքի արդյունքում, ըստ այդմ, պետք է ծնվի Ցեղասպանության 100-ամյա տարելիցի հռչակագրի բնագրի հիման վրա ստեղծված մի նոր շրջաբերական ուղերձ, որը Հայաստանի Հանրապետության նախագահի անունից պետք է հղվի ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարին, ԵԱՀԿ գործող նախագահին, Եւրոմիության նախագահին եւ աշխարհի բոլոր պետությունների ղեկավարներին>:

Ինչո՞ւ այսօր, ներքաղաքական այս լարված իրավիճակում, երբ խիստ սրված են իշխանության ու իր գործընկեր ԲՀԿ-ի հարաբերությունները, Տեր-Պետրոսյանը որոշեց համագործակցել նախագահի հետ, ում հետ, իր իսկ խոսքով, ունի <լուրջ քաղաքական տարաձայնություններ>: Ի՞նչն է իշխանափոխության դրոշակակրին այս պահին մղել հրապարակ իջնել <սպիտակ դրոշը> ձեռքին ու ներկայանալ իբրև <հանուն ազգի դռներ բախող>, <պետության ապագայի համար ձեռքները ծալած չնստող> գործիչ:

Տեր-Պետրոսյան քաղաքական գործչի ձեռագրին լավատեղյակներն, անշուշտ, միամտություն կհամարեն կարծել, թե նա ի զորու է մի կողմ թողնել իր քաղաքական շահերն ու ազգի խնդիրներով մտահոգված՝ նամակ գրել իր քաղաքական հակառակորդին: Իրականում՝ շան գլուխը այլ տեղում է թաքնված:

Վարկած առաջին. համահայկականությունից խրտնածը գործիչը
<Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի համահայկական հռչակագիրը> արժանացավ Հայաստանի ու սփյուռքի տարբեր շերտերի՝ կուսակցական, թե անկուսակցական դրական գնահատականին, դրանով իսկ համարվելով բացառիկ միասնություն արտահայտող փաստաթուղթ: Սակայն համահայկական միասնականության մեջ ի հայտ եկավ ջուր պղտորողը. ՀԱԿ նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն այն միակն էր, որ հռչակագիրը համարեց խայտառակ փաստաթուղթ, հակադրվելով այն գաղափարներին ինչին համակարծիք է հայությունը:

Դրանով իսկ վերստին հաստատելով, որ կա ու մնում է հայության միասնականությանը քամահրանքով վերաբերվող քաղաքական գործիչ: Հայ-թուրքական չեղած հարաբերությունների ջատագով գործիչը այսօր առավել քան մտահոգ է՝ թե՛ հռչակագիրը, թե՛ նախօրեին նախագահի կողմից հայ-թուրքական արձանագրությունների հետ կանչումը, ըստ նրա, կարող է վտանգել, տապալել իր և այլ ուժերի սցենարի իրականացումը: Եվ ահա, թուրքամետ գործիչը, գուցե որոշակի շրջանակների պատվերով, անցնում է գործի՝ մի վերջին ճիգով <փրկելու> իրավիճակը:

Ուշագրավ է նամակում տեղ գտած հետևյալ միտքը. <Խորհրդակցական հանձնաժողովի կազմում պետք է ընդգրկվեն այնպիսի անձինք, ովքեր արդեն իսկ ապացուցել են, որ ունակ են վեր կանգնելու ավանդական պատկերացումներից եւ իրերը դիտելու Հայաստանի պետական շահերի ու ժամանակակից աշխարհի որդեգրած սկզբունքների դիտանկյունից>։ Սրան հաջորդում է <կարկառուն դեմքերի> ցանկը: Ովքե՞ր են ՀԱԿ լիդերի բնորոշամամբ՝ <ավանդական պատկերացումներից> վեր կանգնած այդ մարդիկ: Ցուցակում ներառված անունները լակմուսի թղթի դեր կատարեցին, արձանագրելով այն փաստը, որ Տեր-Պետրոսյանը կա ու մնում է նույն պարտվողական գաղափարների կրողը:

Կտրիճսարդարյանականներով ու լիպարիտյաններով համալրված այս <բույլը> վաղուց հայտնի է որպես հայ-թուրքական հարաբերությունների կրքոտ ջատագով: Իսկ նրանցից շատերը ուղղակի կանգնած են թուրքական հայտնի մտահղացման՝ տխրահռչակ պատմաբանների հանձնաժողովի ստեղծման թիկունքում:Ժամանակին այն, բարեբախտաբար, ձախողվեց, սակայն Տեր-Պետրոսյանի նամակն հուշում է, որ սցենարիստները դրանից ձեռք չեն քաշել:

Հաշվի առնելով այն, որ Տեր-Պետրոսյանն արդեն իսկ փութաջանորեն հանդես է եկել հռչակագրի դեմ, ապա այս նամակի նպատակը ևս մի վերջին ճիգ է հայության միասնականությունը ձախողելու, մեր երկիրը մղելու իր կողմից մեկ անգամ արդեն փորձարկված ու լիովին ձախողված քաղաքականության արահետով: Որի նպտակադրումն է՝ ունենալ Թուրքիայի առաջ գլուխ ծռած Հայաստան:

Վարկած երկրորդ. պալատական ինտրիգների սիրահար Տեր-Պետրոսյանի <ձիու> քայլը

Երեկ օրվա ավարտին լուրը տարածվեց, թե տեղի է ունեցել Սերժ Սարգսյան-Գագիկ Ծառուկյան հանդիպումը, իսկ հաշտեցման քաղաքական միջնորդի դերում Դաշնակցությունն է: «Այդ մարդիկ պետք է հաշտվեն, չհաշտվելը նշանակում է պատերազմ: Դաշնակցությունն աշխատում է հաշտեցնել երկուսին, Աստված տա, հաջողվի»,-A1plus.am-ի հետ զրույցում ավելի վաղ ասել է ՀՅԴ բյուրոյի անդամ Արմեն Ռուստամյանը: Հաջողել է, առանձնազրույցի արդյունքում Սարգսյան-Ծառուկյան զույգը եկել է ընդհանուր հայտարարի: Բայց սա դեռ ամբողջը չէ, արձանագրվել է մի կարևոր փաստ. ԲՀԿ-ՀՀԿ հարաբերություններում սեպ խրելու, Ծառուկյանին նման անհեռանկար քայլերի մղողը եղել է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը: Ասել է թե <մայդանական> սցենարի հեղինակը ՀԱԿ լիդերն է:

Նոր չէ, որ Տեր-Պետրոսյանը հայտնի է որպես պալատական ինտրիգների լավագույն մասնագետ: Ինտրիգներ, որոնցից զերծ չի եղել ՀՀՇ-ական իշխանությունը, ինտրիգներ, որոնց շնորհիվ Տեր-Պետրոսյանին հաջողվել է <զոհելով> մտերիմներին մշտապես մնալ ջրի երեսին:

Քաղաքական գործիչներին մեկմեկու դեմ լարող, ներքին երկպառակություններ հրահրող այս գործիչն անգամ իր քաղաքական մայրամուտին անկարող է ձերբազատվել այդ ախտից: Եվ ահա բացահայտվում է մեծն <ուրբաթախոսի> հերթական աններելի մեղքը: Օգտվելով ԲՀԿ լիդերի անհեռատեսությունից, քաղաքական իրողությունները ճիշտ գնահատելու անկարողությունից, ԼՏՊ-ն անցել է գործի, Ծառուկյանին որպես փողի պարկ օգտագործելով՝ մղել երկիրը ցնցումների տանող քայլերի: Սա այլևս ոչ այնքան վարկած է, որքան ժամ առ ժամ հաստատվող իրողություն:

Եվ ուրեմն, այս իրողության ֆոնին լիովին պարզ է դառնում, որ Տեր-Պետրոսյանի՝ նախագահ Սարգսյանին նամակ գրելու ցանկությունը ամենևին էլ ի սեր ազգի չբռնեց:

Լինելով փորձառու քաղաքական գործիչ Տեր-Պետրոսյանը հրաշալի գիտակցում է, որ իր կողմից իրականացված ապազգային ու հակապետական ստվերային քայլերի բացահայտումն այս անգամ շատ թանկ է նստելու թե՛ իր, թե՛ իր մի բուռ թիմակիցների վրա: Գիտակցում է, որ ՀԱԿ-ին սպասվում է քաղաքական դիակ դառնալու տխուր ապագան:

Հետևաբար, մինչ իր կեղտոտ քայլերի բացահայտումը ժամեր առաջ Տեր-Պետրոսյանը շտապեց շրջանառել իբրև թե օրեր առաջ գրված իր նամակը, այդ կերպ ցանկանալով տարանջատվել ԲՀԿ-ից ու Հայոց ցեղասապանության խնդրի շուրջ համագործակցություն սկսել իշխանության հետ:

Ժողովուրդն ասում է՝ <խորամակն աղվեսն էլ է թակարդում հայտնվում>, ու այս անգամ Տեր-Պետրոսյանին դժվար հաջողվի խուսափել իր իսկ հրահրած ինտրիգների զոհը դառնալուց: Քանզի քաղաքական դաշտում վերջնականապես վարկաբեկված, կքվի պես սեփական <բնից> փախչող ՝ ՀՀՇ-ՀԱԿ-ՀԱԿԿ-ին ու նրա լիդերին այլևս անվանափոխություն էլ չի փրկելու:

Հո հիշողություն կորցրած մանկրուտ չե՞նք:

Վերջ

Տեր-Պետրոսյանի նամակն ավարտվում է այսպիսի մտքով. <...ազգի շահերից բխող իմ այս մտահղացումը հնարավոր չէ իրականացնել>: Մնում է հարց տալ իր մայրամուտն ապրող ՀԱԿ լիդերին՝ եթե համոզված եք, որ դա հնարավոր չէ, ուրեմն ինչի՞ համար էր այս ամբողջ նամակագրական թատրոնը:

ԱՐՄԻՆԵ ՍԻՄՈՆՅԱՆ

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել Analitika, Լրահոս, Հայ-թուրքական հարաբերություններ, Վերլուծական, Ցեղասպանություն, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն