Գլխավոր » Analitika, Թուրքիա, Լրահոս, Ով է թուրքը, Վերլուծական, Տարածաշրջան, Ցեղասպանություն, Քաղաքականություն

Թուրքիան տանուլ է տալիս “գալիոպոլիի” քարոզչական շոուն

Ապրիլ 15, 2015թ. 22:01
Թուրքիան ֆաշիստ է

Վատիկանը ապրիլի 12-ին իրապես ձեռնոց նետեց այն երկրներին, որոնք արդեն 100 տարի սեփական քաղաքական ու տնտեսական շահերով կաշկանդված չեն համարձակվում խոսել ճշմարտության մասին և Հայոց ցեղասպանության հարցում զբաղված են լոկ բառախաղով`խփելով մեկ մեխին, մեկ նալին:

Սակայն Կաթոլիկ եկեղեցու հոգևոր հովվի ճշմարիտ խոսքը խառնեց Հայոց ցեղասպանությունը տարբեր պատրվակներով մերժող երկրների խաղաքարտերը: Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը հոգևորականին վայել արդարամիտ վճռականությամբ Արևմուտքին կոչ արեց` ի դեմս Թուրքիայի գործ ունեք ցեղասպան պետության հետ, ուրեմն չդատապարտել նման պետությանը ինքնին նշանակում է մեղք գործել:

Նորին Սրբության վճռականությունը խառնել է նաև Թուրքիայի խաղաքարտերը, վերջինիս ջղաձգումները դրա հետևանք են: Սկսել է երերալ ու ճաքեր տալ թուրքական քարոզչական ՙգործիքակազմը՚. նախ, ծիծաղելի ու պարզունակ է դառնում թուրքական ավանդական ժխտողականությունը, երկրորդ, Թուրքիան տանուլ է տալիս նաև հսկայական ֆինանսներ խլած ՙԳալիոպոլիիի՚ քարոզչական շոու նախագծում:

Արդեն իսկ կան նախանշաններ, որ Գալիպոլլիի միջոցառումը ձախողվելու է` չտալով սպասվելիք արդյունքը, քանզի Թուրքիային չի հաջողվելու ստվերել Հայոց ցեղասպանությունն ու ստեղծել աշխարհի ուշադրությունը շեղող այլընտրանք: Պատմական տոնացույցը մանիպուլյացիայի ենթարկելով ու 1915-ի մարտի 18-ին տեղի ունեցած մարտերը ապրիլի 24 տեղափոխելով, Էրդողանը Թուրքիային ներքաշել է ռիսկային գործընթացի մեջ, որը կարող է վերջնականապես հեղինակազրկել առանց այն էլ խոցելի այդ պետությանը:

Ապրիլի 24-ը հայտարարելով Գալիպոլիի ճակատամարտի օր Թուրքիան ոչ միայն անարգում է 1,5 մլն զոհված հայերի հիշատակը, թուրքական այս ցինիզմը ուղղված է նաև քաղաքակիրթ աշխարհի դեմ: Էրդողանյան կեղծիքը միայն Թուրքիային չի հեղինակազրկելու, այլև այն պետություններին, որոնք կդառնան վերջինիս շոուի մասնակիցը:

Ահա թե ինչու ճշմարտությունը քաղաքական շոուներից գերադասող մարդիկ իրենց ձայնն են միացրել աշխարհասփյուռ հայության բողոքին զգուշացնելով` ապրիլի 24-ին Թուրքիան իր ՙգալիպոլյան՚ սցենարով կհայտնվի հիմար վիճակում, սակայն առավել հիմար վիճակում կհայտնվեն թուրքական շանտաժին տուրք տվող ու պատմության կեղծարարությամբ մոգոնված օրվա մասնակից պետությունները:

Թուրքական իշխանության կեղծարարությունը հունից հանել է անգամ թուրք լրագրողներին. IMC TV-ի լրատվականի տնօրեն Ալի Դուրանը գրում է. <Կառավարության կատարած այս խանգարիչ, կործանարար, ավերիչ քայլը միայն դասական իսլամականների ու ազգայնականների սրտով է>: Իսկ Express շաբաթաթերթի լրագրող Իրֆան Աքթանը նկատում է. <Ապրիլի 24-ին Թուրքիայում կիշխի կեղծավորության մթնոլորտը, քանզի Թուրքիայում ծնկաչոք ներողություն խնդրելու պատրաստ իշխանություն չկա>: Աքթան նաև նշում է, թե իշխանությունը փորձելու է մի կերպ 2015 թվականը ավարտին հասցնել, քանզի. <Նրանց թվում է, թե ժամանակը մոռացության կմատնի տեղի ունեցածը՚, սակայն մոռանում են, որ ՙտրավմայից չազատվելով հիվանդությունն է՛լ ավելի է խորանալու>: Յենի Շաֆաք օրաթերթի լրագրող Ալի Բայրամօղլու համոզմամբ էլ քաղաքական մեծ ճգնաժամ ապրող Թուրքիան ինչ էլ անի, միևնույն է` <Հարյուրամյակը ձեւավորվելու է հայերից եկող նախաձեռնություններով>:

Այնուհանդերձ, փաստ է, որ Թուրքիային հաջողել է աշխարհը կանգնեցնել երկընտրանքի առաջ. ապրիլի 24-ին լինել Երևանում` Ծիծեռնակաբերդի բարձունքո՞ւմ` հարգանքը մատուցելով Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին, թե՞ մեկնել Անկարա` դառնալով գալիոպոլյան խեղկատակության մասնակիցը:

Այս օրերին լրահոսը հագեցած է Երևան ու Անկարա ուղարկվելիք պատվիրակների կազմի ընտրության շուրջ տարբեր երկրներում ընթացող քննարկումների մասին տեղեկատվությամբ: Ինչպես արդեն հայտնի է ՌԴ նախագահ Վլադիմի Պուտինը, Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը, Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադիսն արդեն իսկ հայտարարել են Հայաստան կատարելիք այցի մասին: Ժամանակ դեռ կա ու այս ցանկին դեռ կմիանան այլ երկրների ղեկավարներ ևս: ԱՄՆ նախագահ Օբաման հայտարարել է` անձամբ է որոշելու Հայաստան ուղարկվելիք կազմը. շրջանառվում է ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնի անունը:

Զարգացումների ֆոնին առանձնապես վրդովվեցուցիչ է Մեծ Բրիտանիայի արքայազն Չարլզի` Գալիպոլիի խրախճանքին մասնակցելու որոշումը: Այն առավելապես անհասկանալի է պատմական իրողության ֆոնին, քանզի հայտնի է, որ Գալիպոլիի ճակատամարտում բրիտանական բանակը ջախջախիչ պարտություն է կրել թուրքերից: Ուրեմն, բրիտանացի զինվորների պարտության խրախճանիքն է՞ շտապում մասնակցել արքայազնը: <Եթե Անգլիայի արքայազնը գնում է մասնակցելու իրենց իսկ խարանին ու խայտառակությանը նվիրված միջոցառմանը` դա ինձ համար անհասկանալի է: Այդչափ թուրքասիրությունը դրսևորվում է իրենց ինքնասիրության հաշվի՞ն>,- հարց է հնչեցնում ԱԺ պատգամավոր, արտաքին հարցերի հանձնաժողովի անդամ Շիրակ Թորոսյանը` Չարլզի քայլը <ՙծիծաղելի, խայտառակություն, ու ամոթ> որակելով:

<19-րդ դարում ռուս-թուրքական բոլոր պատերազմները ավարտվելու էին Կոստանդնուպոլսի գրավումով և Անգլիան, Գերմանիան թուրքերին փրկեցին: Ես բոլորովին չեմ զարմանա, որ ապրիլի 24-ին Անգլիայի թագուհին, վարչապետն էլ գնան Թուրքիա, որովհետև անգլիացիները պատմության ընթացքում միշտ էլ կանգնած են եղել թուրքերի կողքին>.- ասում է ԱԺ պատգամավոր, մասնագիտությամբ պատմաբան Համլետ Հարությունյանը:

Հայկական կողմի դժգոհություններին միացել են նաև օտարները The Independent պարբերականի լրագրող, գրող Ռոբերտ Ֆիսկը գրում է. <Եթե Թուրքիայի նախագահի հրավերով Արքայազն Չարլզը, ինչպես նաև Ավսրալիայի և Նոր Զելանդիայի վարչապետները, տուք տալով նրա դիվանագիտական չարաճճիությանը, հավաքվեն Գալիպոլիում, ապա 1.5 միլիոն սպանված քրիստոնյա հայերի հոգիները կուղեկցեն նրանց>:

Անգլիայի արքայազնի որոշումից վրդովված` Մոդուս վիվենդի կենտրոնի ղեկավար, պատմաբան Արա Պապյանը երեկ բաց նամակ է ուղղել Մեծ Բրիտանիայի արաքայական ընտանիքին: Պատմաբանը նախ հիշեցնում է Առաջին աշխարհամարտի տարիներին Բրիտանիայի ստանձնած առաքելության մասին` հայ ժողովրդին ազատագրել օսմանյան լծից, մինչդեռ բրիտանական կայսրությունը ձախողեց իր իսկ առաքելությունը.<Որի համար իմ ժողովուրդը վճարեց իր միլիոնավոր անմեղ զավակների արյունով: Գոնե հիմա մի պղծեք նաև հայերի ազատության համար զոհված Ձեր զինվորների ու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը>:

Պատմաբանը հարց է ուղղում արքայազն Չարլզ Ֆիլիպ Արթուր Ջորջին, արդյոք, չե՞ք մտածել, ինչո՞ւ թուրքերը հենց այս տարի որոշեցին Չանաքալեի տոնակատարությունը մարտի 18-ի փոխարեն նշել ապրիլի 24-ին: Ու ինքն էլ <բացահայտում> տոնացույցը փոփոխելու թուրքական նենգ նպատակը`<ստվերել, եթե կուզեք,մինչև իսկ ծանակել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը, որը մշտապես, առանց բացառության, նշվել և նշվում է յուրաքանչյուր տարվա ապրիլի 24-ին>:

Հայ քաղաքագետը զգուշացնում է Չարլզին` <թուրքական իշխանությունները ձեզ որպես գործիք են օգտագործում իրենց քարոզչական կեղտոտ խաղի մեջ>: Հետևաբար, Հայոց ցեղասպանության հիշատակի օրը՝ ապրիլի 24-ին, մասնակցելով թուրքական իշխանությունների կազմակերպած թատերախաղին` <Դուք ոչ միայն չեք հարգի Գալիպոլլիում զոհված բրիտանահպատակների հիշատակը, այլև կանարգեք նրանց և անանց բիծ կդնեք բրիտանական գահի ու Ձեր երջանկահիշատակ նախորդի՝ Ջորջ V-ի հիշատակի վրա>:

Քաղաքագետը նամակն ավարտում է այսպիսի հիշեցմամբ` <...ընդունեք, որ նաև պարտք ունեք Բրիտանական կայսրության քաղաքականության զոհերի՝ հայերի հանդեպ: Եթե Բրիտանական կայսրությունը 19-րդ դարում մի քանի անգամ կանխած չլիներ Օսմանյան կայսրության տրոհումը, ապա հայերը չէին ենթարկվի ցեղասպանության ու երջանիկ կապրեին իրենց հազարամյա հայրենիքի մեջ ու ամեն ապրիլի 24-ին չէին մորմոքի իրենց կորուստը>:

Արա Պապյանը դիմում է դիվանագիտական հնարքի. թերևս հաշվի առնելով, որ արքայազնը ինչ-ինչ շահերով կաշկանդված անկարող է մերժել թուրքական հրավերը, առաջարկում է ներկա գտնվել նաև Երևանում. <Եթե Դուք Ստամբուլում պիտի մասնակցեք ապրիլի 25-ի լուսաբացի հիշատակի արարողությանը, ապա Ձեր պարտքն է դրա նախորդ օրը հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության զոհերին>: Ու ձեռքի հետ էլ տեղեկացնում` Երևանից Ստամբուլ թռիչքի համար կպահանջվի ընդամենը 3 ժամ 40 րոպե:

Եվ այսպես, եթե Թուրքիային իրոք հաջողվել է աշխարհը կանգնեցնել երկընտրանքի առաջ,ապա Հռոմի պապի ճշմարիտ խոսքը բացառիկ հնարավորություն է ցրելու երկընտրանքը,հաստատելով, որ աշխարհի ապագայի համար պատասխանատուները ամենևին էլ բարոյազուրկ քաղաքական էլիտաները չեն:

ԱՐՄԻՆԵ ՍԻՄՈՆՅԱՆ

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել Analitika, Թուրքիա, Լրահոս, Ով է թուրքը, Վերլուծական, Տարածաշրջան, Ցեղասպանություն, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն