- ԱրմԱր Լուրեր | Armenia News | Հայաստան և Արցախ - http://armarlur.com -

Խաղաղապահների մասին խոսելը շա~տ հեռավոր ապագայի խնդիր է

Հարցազրույց Արցախի Հանրապետության նախագահի խոսնակ Դավիթ Բաբայանի հետ

ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ Ուորլիքը, ում` ռուսական <Վեդոմոստի>-ին տված հարցազրույցի ադրբեջանահաճ ձևակերպումը` <գրավյալ տարածքների> վարադարձի մասին, արժանացավ հայկական կողմի քննադատությանը, Երևան գալով փորձեց մեկնաբանել, թե ի՞նչ է կամեցել ասել իրականում: Ու լրագրողներին խորհուրդ տվեց` ուշադիր ընթերցել և համոզվել. <Ես ասում եմ՝ ոչ մի բան համաձայնեցված չէ, քանի դեռ ամեն ինչ համաձայնեցված չէ, և սա ասելով նկատի ունենք համապարփակ կարգավորում, որի տարրերից մեկը պետք է լինի ԼՂ հարակից տարածքների վերադարձը>: Ուորլիքը նաև հավելեց` ԼՂ ժողովրդի կամքի ազատ արտահայտումը համապարփակ կարգավորման մի մասն է՚: Ինչպե՞ս կմեկնաբանեք ուրոլիքյան այս <սրբագրումները>:

-Մինսկի գործընթացի փիլիսոփայությունը կայանում է նրանում, որ, իրոք, ոչ մի բան համաձայնեցված չէ, քանի դեռ համաձայնեցված չէ ամեն ինչ: Այս սկզբունքը հենց սկզբից դրվել է հակամարտության կարգավորման հիմքում: Սա նշանակում է, որ կարող են հնչել տարբեր կարծիքներ, տարբեր մոտեցումներ, առաջարկներ, բայց որևէ մեկը չի լինի վերջնական, քանի դեռ հակամարտության բոլոր կողմերն այն ամբողղջությամբ ու պաշտոնապես չեն ընդունել:
Առ այսօր մենք ունենք միայն մեկ կարևոր փաստաթուղթ, որն ընդունել ու ստորագրել են կողմերը, դա հրադադարի մասին պայմանագիրն է: Ճիշտ է, Ադրբեջանը խախտում է այն` իրականացնելով ապակառուցողական քաղաքականություն, բայց ընդհանուր առմամբ, այդ պայմանագիրը պահպանվում է:

Մենք պետք է շատ հանգիստ վերաբերվենք արտահայտվող տարբեր կարծիքներին: Ասել, թե տարածքների հարց չի քննարկվում` ճիշտ չէ, որովհետև Ադրբեջանը այն մշտապես առաջ է բերում: Բայց դա չի նշանակում, թե ինչ ասում է Ադրբեջանը` ընդունելի է: Մենք բազմիցս ասել ենք` պատրաստ ենք Ադրբեջանի հետ քննարկել ցանկացած խնդիր, բայց նաև ազնիվ ենք եղել ու հստակ շեշտադրել` մեզ համար չկա վերադարձ անցյալին, որևէ մեկը չի կարող հույս ունենալ կամ էլ իլյուզիաների մեջ ընկնել, թե Արցախի սահմանները կարող են լինել այնպիսին, ինչպիսին ԼՂԻՄ-ի ժամանակ էր` 1988-ին, կամ 1991-ին: Այդ կերպ մտածողները լրջորեն կհուսախափվեն: Եվ մենք դեմ ենք նման մոտեցումներին, որովհետև այդ սահմանների ներքո Արցախը որպես անկախ պետություն չի կարող լինել կենսունակ, իսկ հակառակորդը մշտապես կունենա գայթակղություն Արցախի վրա հարձակվելու, որովհետև Արցախը կլինի թույլ է ու չի կարողանա պաշտպանել իր անվտանգությունը: Այսինքն` կլինի այն, ինչ եղավ 1988-ին, երբ Ադրբեջանը սկսեց

Արցախի դեմ իրականացնել իր հարձակումները, կոտորածները, այնուհետ անցավ լայնածավալ պատերազմի:
Պետք չէ մոռանալ, որ կա Արցախի անվտանգության հարցը: Բազմիցս եմ ասել, հնարավոր է՞ պատկերացնել, թե ի՞նչ կկատարվի, եթե հանկարծ ադրբեջանցիների ենթակայության տակ անցնի Բերձորը, Տիգրանակերտը կամ Քարվաճառը, որտեղից սկիզբ են առնում ջրառատ մեր գետերը` Արփան, Որոտանը, Թարթարը, Խաչենը: Ադրբեջանցիներն ուղղակի կթունավորեն Հայաստանի ու Արցախի ողջ ջրային պաշարները: Այսինքն, սա տարրական անվտանգության խնդիր է, ու մենք նախ պետք է ապահովենք մեր պետության անվտագությունը և թույլ չտանք, որ թշնամու մոտ հանկարծ պատերազմ վերսկսելու գայթակղություն առաջանա, ինչը ողջ տարածաշրջանի համար պայթյուն կլինի:
Եվ ուրեմն, Ուրոլիքի պարզաբանումները կարծում եմ տեղին են, այդ կերպ բոլորի համար պարզ է դառնում, թե ի՞նչ փիլիսոփայությամբ է ընթանում հակամարտության կարգավարումը:
Ինչ վերաբերում է կամարտահայտությանը, ապա սրա առաջին ու կարևոր քայլը պետք է լինի ներկայիս խեղված ձևաչափից հրաժարումը, պետք է վերկանգնվի բանակցությունների լիարժեք ձևաչափը` Արցախի ձայնը պետք է լսվի բանակցություններում, մենք պե’տք է հնարավորություն ունենանք մեր կամք, մեր տեսլականը, մեր մոտեցումները ներկայացնելու:
Եվ հետո, հարկ է չմոռանալ նաև, որ Արցախի ժողովուրդն արդեն երկու անգամ համաժողովրդական հանրաքվեների միջոցով իր տեսլականն արտահայտել է, մեկը` 1991-ին ԼՂՀ անկախության հանրաքվեով, մյուսը` 2006-ին, երբ ընդունվեց ԼՂՀ Սահմանադրությունը:

ԱՄՆ համանախագահը նկատելիորեն հաճախ է անդրադառնում մադրիդյան սկզբունքներին: Սա թո՞ւյլ է տալիս ենթադրելու, որ ամերիկյան կողմը պատրաստում է նոր առաջարկ ներկայացնել` հիմքում ունենալով այդ սկզբունքները:

-Տեսեք, հակամարտության կարգավորման ընթացքում եղել են տարբեր` փաթեթային, փուլային, ՙԸնդհանուր պետության՚ մասին առաջարկներ: Փուլայինուն և փաթեթայինում նույնիսկ կոնկրետ օրերով ու ժամերով նշված են եղել քայլերի հաջորդականությունը: Բայց ինչպես տեսնում եք, դրանք այսօր չեն գործում, փուլայինը մերժվեց Արցախի ու Հայաստանի կողմից, փաթեթայինը` Ադրբեջանի, ՙԸնդհանուր պետությունը՚ մենք ընդունեցինք` պայմանով, որ աշխատանք տարվի փաստաթղթի վրա, իսկ Ադրբեջանն այն ընդհանրապես մերժեց: Այսինքն, մինչ օրս չկա վերջնական փաստաթուղթ:

Հիմա էլ խոսվում է, այսպես կոչված, մադրիդյան սկզբունքերի մասին, բայց սա էլ վերջնական չէ, քանի դեռ չի ընդունվել բոլորի կողմից: Իսկ բոլորի կողմից ընդունվելու հավանականությունը ներկայումս շատ ցածր է նախ այն պատճառով, որ կողմերից մեկը` Արցախը, չի մասնակցում բանակցային գործընթացին:
Այսինքն` խոսել որևէ փաստաթղթի որոշակի տարրերի մասին, դեռ չի նշանակում, որ այն վերջնական է: Ուրեմն` ընդունված չէ ոչինչ, քանի դեռ ընդունված չէ ամեն ինչ: Իսկ ամեն ինչ կարող է ընդունվել միայն համապարփակ ձևաչափը վերկանգնելու դեպքում: Իսկ սրա համար կպահանջվի երկար տարիներ, այս հակամարտությունը շուտափույթ լուծում չունի: Չնայած, ինչո՞ւ ոչ, կա մեկ շատ հեշտ տարբերակ` Ադրբեջանը ճանաչում է Արցախի Հանրապետության անկախությունը և մենք սկսում ենք բանակցային գործընթացը` և’ սահմանի, և’ այլ խնդիրների շուրջ:

Միջազգային խաղաղապահների տեղակայման գաղափարը ևս ԱՄՆ համանախագահը ակտիվորեն փորձում է դարձնել օրակարգային, քանզի Ուորլիքը հակամարտության կարգավորման համապարփակ լուծման բանակցային կետերից մեկը համարեց հենց խաղաղապահների տեղակայումը: Ինչ կասեք այս առնչությամբ:

-Որքան էլ խոսենք խաղաղապահների մասին, միևնույն է, դա շա~տ հեռավոր ապագայի խնդիր է: Ընդհանուր առմամբ, դեմ չլինելով այդ գաղափարին, մենք գործընթացը հետևյալ կերպ ենք պատկերացնում. մինչ այդ նախ պետք է կարգավորվեն այնպիսի հարցեր, ինչպիսիք են կարգավիճակի, սահմանների հարցը: Այսինքն, երբ Ադրբեջանն ու Արցախը կճանաչեն մեկմեկու սահմանները, երբ կլինի համապարփակ կարգավորում, միայն վերջում կարելի է խոսել խաղաղապահների տեղակայման մասին: Գուցե այդ ժամանակ խաղաղապահները սիմվոլիկ ձևով գան ու կանգնեն Արցախի և Ադրբեջանի սահմանների երկայքնով: Թե դա որքանո՞վ կլինի նպատակահարմար` ցույց կտա ժամանակը, որովհետև, ի վերջո այն սիմվոլիկ բնույթ պետք է կրի: Իսկ ներկայումս նրանց տեղակայումը շա~տ խնդրահարույց կլինի:

Բացի այդ, և’ Արցախը, և’ Հայաստանը, և’ Ադրբեջանը այս տարիների ընթացքում ցույց են տվել, որ կարող են սեփական ուժերով պահպանել զինադադարի ռեժիմը: Սա ապացուցում է, որ այս երեք պատական կազմավորումները կարող են միմյանց հետ խաղաղ գոյակցել որպես հարևաններ: Ավելին, ես կարծում եմ, որ այլ հակամարտ գոտիներում պետք է կիրառվի մեր տարբերակն ու փորձը:
-Պարոն Բաբայան, ի՞նչ հասկանալ ՙողջամիտ փոխզիջում՚ ասելով:
-Ողջամիտ փոխզիջում ասվածը այն իրավիճակի ստեղծումն է, երբ որևէ պետություն փոխզիջման գնալով չի խախտի իր անվտանգության համակարգը, չի թուլացնի այն և պատերազմի նոր աղբյուր կամ պատճառներ չի ծնի: Իսկ թե փոխզիջման դեպքում ինչպիսի՞ կոնկրետ քայլեր են լինելու, դա ցույց կտա ժամանակը, քանի որ անհրաժեշտ է այս տեսանկյունից շատ լուրջ աշխատանք իրականացնել:
Ի վերջո, ցանկացած հակամարտություն պետք է կարգավորվի փոխզիջումային տարբերակով: Եվ մենք ևս կողմնակից ենք, որ ԼՂ հիմնախնդիրը լուծվի ողջամիտ փոխզիջումային տարբերակով: Մինչդեռ Ադրբեջանն իր ապակոռուցողական քաղաքականությամբ փոխզիջման տեղի չի թողնում:

-Համանախագահները սկսեցին վաշինգտոնյան հանդիպումներից, եղան Մոսկվայում, ապա Երևանում, կմեկնեն նաև Բաքու: Այս ակտիվությունն իհարկե միտված է Սարգսյան-Ալիև հանդիպման նախապատրաստմանը, բայց արդյոք այն նաև նոր փուլ, նոր գործընթաց չի՞ ենթադրում:

-Սա նոր փուլ չէ, նման ակտիվությունն ուղղակի նշանակում է բանակցային գործընթացի շարունակության ապահովում: Նոր փուլի մասին խոսք չկա, քանի որ առանց այն էլ գործընթացը շատ բարդ է ընթանում, երբեմն մտնում է փակուղի ու մի կերպ հնարավոր է լինում այն ՙռեանիմացիայից՚ դուրս բերել: Ահա թե ինչու այսօր պետք է ամեն ինչ անել, որպեսզի բանակցային գործընթացը վերակենդանանա ու շարունակվի:
Արմինե Սիմոնյան