Գլխավոր » NKR, Ադրբեջան, Լրահոս, Հասարակություն, Հարցազրույցներ, Տարածաշրջան, Տեղեկատվական անվտանգություն, Քաղաքականություն

Խախտվել են Մեծ Բրիտանիա- Ադրբեջան խաղի կանոնները. այլընտրանքը կարող է լինել ԼՂՀ ներկայիս կարգավիճակի լեգիտիմացումը

Հուլիս 11, 2015թ. 16:39
Վահրամ Աթանեսյան

Հարցազրույց ԼՂՀ քաղաքագետ ՎԱՀՐԱՄ ԱԹԱՆԵՍՅԱՆԻ հետ

ԼՂ հակամարտության կարգավորման հարցում Մեծ Բրիտանիայի քաղաքական դիրքորոշումը տարիներ շարունակ պայմանավորված է եղել ադրբեջանական նավթային շահերով: Սակայն ԼՂՀ նախագահի հրավերը Լոնդոն, նրա ելույթը միջազգային հարաբերությունների թագավորական ինստիտուտում` Չաթըմ Հաուսում, նաև խորհրդարանում թո՞ւյլ են տալիս ենթադրել, որ գործ ունենք փոփոխվող իրողությունների հե՞:

-Անգլիական Բրիթիշ Փեթրոլյումը ադրբեջանական տնտեսական վերածննդի կնքահայրն է դեռևս 1994-ից սկսած: Բաքու-Ջեհյան նավթամուղի կառուցումը, ադրբեջանական նավքի տարհանումը դեպի եվրոպական շուկաներ, ինչպես նաև մի շարք այլ էներգետիկ ծրագրեր, իրականացվել են Բրիթիշ Փեթրոլյումի հովանավորությամբ: Եվ իհարկե, մտածել, թե Բրիթիշ Փեթրոլյումը, որպես ինքնուրույն կոորպորացիա, գործում է առանց Միացյալ թագավորության կառավարության համաձայնության` կլինի միամտություն:
Ըստ իս հենց այդ տնտեսական շահերով պայմանավորված է, որ բրիտանական քաղաքականությունը ԼՂ խնդրում մշտապես ուղղված է եղել, այսպես կոչված, միջհամայնքային տարաձայնությունների հարթմանը: Այսինքն, Մեծ Բրիտանիայի ԱԳ-ն անցած 20 տարիների ընթացքում ոչ կառավարական կազմակերպությունների միջոցով փորձել է նախաձեռնել երկխոսություն Լեռնային Ղարաբաղի` այսպես կոչված, ադրբեջանական ու հայկական համայնքների միջև: Սա է եղել նրանց քաղաքականությունը:
Սակայն այսօր Չաթըմ Հաուսը, բրիտանական խորհրդարանը, եթե հրավիրում են ԼՂՀ նախագահին ու կարծիքներ փոխանակում Բակո Սահակյանի հետ ոչ միայն Ղարաբաղյան կարգավորման, այլև տարածաշրջանային ու աշխարհաքաղաքական ընդհանուր զարգացումների շուրջ, սա անշուշտ նշանակում է վերաբերմունքի փոփոխություն, նշանակում է նոր զարգացումներ:

Եվ ուրեմն, ի՞նչը հանգեցրեց նորին` աշխարհաքաղաքական իրողություննե՞րը, թե՞ Ադրբեջանի ներքին իրավիճակը:

– Ենթադրությունները տարբեր են, ես հակված եմ կարծելու, որ սա պայմանավորված է բրիտանական ոչ կառավարական ու բիզնես կառույցների նկատմամբ Ադրբեջանի իշխող վարչախմբի ոչ ադեկվատ վերաբերմունքով:
Այստեղ կան բավականին լուրջ խնդիրներ, բանն այն է, որ Բրիթիշ Փեթրոլյումը Ադրբեջանի տնտեսության նավթագազային սեկտորում այլևս չի կատարում այն ներդրումները, ինչ- որ ակնկալում էր Ալիևի կառավարությունը: Այսօր Բրիթիշ Փեթրոլյումի ադրբեջանական դուստր ձեռնարկություններում կրճատումներ են գնում ու հատկապես, ադրբեջանցի աշխատակիցներին են ազատում աշխատանքից: Սա արդեն լուրջ խնդիր է, ինչը նշանակում է, որ ալիևյան վարչախումբն անցել է այն թույլատրելի կարմիր գիծը, որը եղել է բիզնես համագործակցության հիմքում: Այսինքն, Բրիթիշ Փեթրոլյումը կամ արևմտյան նավթագազային այլ ընկերություններ ունեն որոշակի խաղի կանոններ, որոնք խախտել է ալիևյան ռեժիմը: Սա նաև փաստում է այն մասին, որ անցած 20 տարիների տնտեսական ծրագրերը ունեցել են քաղաքական ենթատեքստ:
Բրիտանական ՙԳարդիան՚ հեղինակավոր պարբերականի թղթակցին ուղղակի արտաքսեցին Ադրբեջանից, թույլ չտվեցին ու նա մեկնի Բաքու և լուսաբանի եվրոպական խաղերը, և սա իհարկե վիրավորանք էր ուղղված Միացյալ թագավարության հասցեին: Արբեջանի կառավարող վարչախումբը անցել է թույլատրելիի սահմանը, խախտել խաղի կաննոները, պայմանավորվածությունները, որ ձեռք են բերվել 20 տարի առաջ, և այժմ ստանում է այն պատասխանը` ինչին արժանի է:

-Իսկ պատասխանը ԼՂՀ նախագահի հրավերն է Լոնդոն, ինչը համարվում է ակնարկ ուղղված Ադբեջանին, այն իմաստով, որ Մեծ Բրիտանիան, թեկուզ անուղղակիորեն, ճանաչում է Լեռնային Ղարաբաղը: Համաձա՞յն եք այս դիտարկմանը:

-Նախագահ Սահակյանի լոնդոնյան այցը և նրա ելույթները Չաթըմ Հաուսում, նաև բրիտանական խորհրդարանում, այո, ես համարում եմ ակնարկ ուղղված Ադրբեջանին: Իսկ նրանք ակնարկում են, որ հնարավոր է տեղի ունենա այսպիսի զարգացում. Ադրբեջանի իշխող վարչախմբի մերժողական, միջազգային հանրության տեսակետներին չհամընկնող վերաբերմունքի այլընտրանքը կլինի ԼՂՀ և միջազգային հանրության շփումների առավել ընդլայնումը: Ինչպես նաև, միջազգային հանրությունը կարող է լեգիտիմացնել Լեռնային Ղարաբաղի ներկայիս փաստացի կարգավիճակը: Ահա այսպիսի տպավորություն ունեմ ես ԼՂՀ նախագահի լոնդոնյան հրավերից, ինչը համարում եմ այս տարվա կարևորագույն իրադարձությունը:

Հայկական կողմերի համար բավական նպաստավոր պահ է ստեղծվում, փաստորեն, բրիտանական կողմը դուռ է բացում, որը կարելի է արդունավետորեն օգտագործել ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման, ԼՂՀ միջազգային ճանաչման գործընթացն առավել ակտիվացնելու համար:

-Քաղաքագիտական շրջանակներում կա այսպիսի արտահայտություն, եթե Մեծ Բրիտանիան չի ճանաչում որևէ երկրի անկախությունը, ապա աշխարհը չի ճանաչում այդ երկրի անկախությունը: Չգիտեմ, թե դա որքանո՞վ է իրատեսական, բայց նաև ԼՂ ինքնիշխանությունը, ԼՂ ժողովրդի ինքնորոշման իրավունքի միջազգայնացումը իմպերատիվ ճշմարտություն է, սա քննարկման ենթական չէ:
Ես այն համոզման եմ, որ ապագայի խնդիրները լուծելու համար պետք է ամեն օր նպաստավոր դիրքեր նվաճել, այս իմաստով պետք է հենվել այն իրողության վրա, որ կա ակնհայտ դիմակայություն Ադրբեջանի կառավարող ռեժիմի և արևմտյան քաղաքակրթության միջև: Արևմուտքն այլևս մերժում է Ադրբեջանի իշխող ռեժիմի գոյության հետագա հնարավորությունը: Թե ինչպիսի՞ն կլինեն զարգացումները, թե Արևմուտքը ինչպե՞ս կարող է Ադրբեջանում իրավիճակ փոխել, չգուշակենք, բայց փաստն այն է, որ Ադրբեջան-Արևմուտք դիմակայությունն աշխարհաքաղաքական իրողություն է ու դա հայկական երկու պետություններին հնարավորություն է տալիս ավելի ընդլայնված, ավելի հասկանալի ներկայացնել ԼՂ հիմնախնդիրը:

-Փաստորեն կարող ենք արձանագել, որ հօդս են ցնդում տարածաշրջանի լոկոմոտիվ երկիր դառնալու ադրբեջանական երազանքները, որոնք միլիարդավոր դոլարներ արժեցան:

– Հայ փորձագիտական շրջանակներում այսպիսի կարծիք կա ձևավորված, թե որքան ձգտես, այնքան կարող ես առավելագույն օգուտը քաղել: Ճիշտն ասած, ես չեմ կիսում այս կարծիքը, որովհետև կան ձգտման, ինքնադրսևորման այնպիսի իրավիճակներ, երբ բումերանգի էֆեկտով ունենում ես հակառակ իրավիճակը: Դա այն է, ինչ կատարվում է Ադրբեջանի հետ: Անցյալ 20 տարում այս երկիրը դիմել է ինքնադրսևորման լուրջ գործողությունների. ներգրավվեց տարբեր նախագծերի մեջ, Եվարտեսիլ փառատոնը անցկացրեց Բաքվում, վերջերս էլ եվրոպական խաղերը: Ադրբեջանցիները համոզված էին, որ նման ներգրավվածությամբ կարող են դառնալ տարածաշրջանի լոկոմոտիվը: Բայց նրանց ծրագրերը ի դերև ելան: Փոխարենը , հայկական` <քայլ առ քայլ առաջընթաց>-ի քաղաքականությունը պատմական քննություն է բռնում, այն ապացուցում է իր արդյունավետությունը:
Միջազգհային հանարությունն էլ պետք է նորովի գնահատի իրավիճակը: Իսկ դրա համար նախ մի պահ պետք է պատկերացնի, թե ի՞նչ կկատարվեր տարածաշրջանում, եթե 1991-94թթ պատերազմական գործողություններն ավարտվեին ոչ թե Արցախի հաղթանակով, այլ հոգուտ Ադրբեջանի: Տարածաշրջանում կլիներ բոլորովին այլ աշխարհաքաղաքական դասավարություն, գործ կունենայինք իսլամական ռադիկալության հետ, ադրբեջանական շատ ավելի հավակնոտ վարչախմբի հետ, Ալիևը կլիներ, թե մեկ ուրիշը էական չէ: Հանձին Ադրբեջանի տարածաշրջանում կլիներ այնպիսի մի երկիր, ինչպիսին ժամանակին եղել է Իրաքը` Սադամ Հուսեյինի գլխավորությամբ:
Այս ամենն հաշվի առնելով եկել է այն պահ, երբ միջազգային հանրությունը պետք է վերագնահատի ԼՂՀ դերակատարությունը և’ տարածաշրջանային, և’ գլոբալ կայունության ու անվտանգության պահպանման իմաստով:

ԱՐՄԻՆԵ ՍԻՄՈՆՅԱՆ

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել NKR, Ադրբեջան, Լրահոս, Հասարակություն, Հարցազրույցներ, Տարածաշրջան, Տեղեկատվական անվտանգություն, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն