Գլխավոր » Analitika, Թուրքիա, Լրահոս, Հասարակություն, Ցեղասպանություն, Քաղաքականություն

Լևոն Տեր-Պետրոսյանը շարունակում է կատարել թուրքական հրահանգը

Մարտ 25, 2015թ. 10:29
լևոն մասոն

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի Հռչակագրի ընդունումից հետո շուրջ մեկ ամիս նրա բովանդակության շուրջ տարաբնույթ քննադատությամբ հանդես եկած նախկին նախագահ Լ. Տեր-Պետրոսյանը մարտի 24-ին վերջապես հրապարակեց այն «նոր շրջաբերական ուղերձը», որը հանրապետության նախագահի անունից ինքն առաջարկում էր ուղարկել միջազգային հանրությանը։

Ու քանի որ գործող նախագահը չի ընդունել Հռչակագրին զուգահեռ եւս մեկ ուղերձով հանդես գալու Տեր-Պետրոսյանի առաջարկը, վերջինս որոշել է անձամբ դիմել միջազգային հանրությանը՝ մամուլում տպագրելով իր «այլընտրանքային տարբերակը»։
Այս կապակցությամբ անմիջապես հարց է առաջանում. սկզբունքային առումով ի՞նչ ասել է քաղաքական ընդդիմություն Ցեղասպանության հարցում. մի՞թե հայ ժողովուրդը չունի որեւէ համազգային հիմնախնդիր, որի առաջադրման ու լուծման անհրաժեշտությունը միավորում է մեզ։

«Հանուն Հայաստանի Հանրապետության» վեհաշուք բնաբանով զարդարված Տեր-Պետրոսյանի, մեղմ ասած, թույլ ու խիստ պարզունակ «այլընտրանքային տարբերակը» միայն հիասթափություն կարող է առաջացնել։ Ճիշտն ասած՝ մինչեւ այդ մենք այլ կարծիքի էինք նախկին նախագահի ինտելեկտուալ հնարավորությունների մասին։

Փաստաթուղթն անորակ է այն աստիճան, որ անգամ փետրվարի 17-ին Տեր-Պետրոսյանի հրապարակած բաց նամակում շատ ավելի ռացիոնալ հարցադրումներ կան, քան երեկվա կիսատ-պռատ ուղերձում։ Արտաքուստ այն ավելի շատ խորհրդահայ պատմագիտության «լավագույն ավանդույթները» չհաղթահարած մեր դոկտոր, պրոֆեսորների՝ 1988-ին Կրեմլին հասցեագրված ուղերձներն է հիշեցնում, քան շուրջ 24 տարվա անկախություն ունեցող երկրի ղեկավարներից մեկի դիմումը։

Այդպիսին է ուղերձի առաջին մասը, որը դժվար է նաեւ «պրեամբուլա» անվանել, քանի որ որպես Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին վերաբերող փաստաթուղթ՝ զուրկ է հստակ ու միասնական նպատակից, այսինքն՝ ճանաչում-դատապարտում-հատուցում շղթայի՝ որպես մեկ ամբողջության ընկալումից։

Վերը նշված շղթայից Տեր-Պետրոսյանը փորձել է դուրս թողնել նրա երկու առանցքային դերակատարներին՝ Հայաստանին, որը նրա կարծիքով պետք է հրաժարվի Ցեղասպանության ճանաչման հարցը իր արտաքին քաղաքականության «հիմնաքարը» դարձնելուց եւ Թուրքիային, որի առջեւ, ըստ Տեր-Պետրոսյանի, Հայաստանը ճանաչման ու սեփական պատմության հետ առնչվելու պահանջ չի դնելու։

Ավելին՝ Տեր-Պետրոսյանը առաջարկում է անգամ դիմել եվրոպական երկրների կառավարություններին՝ խնդրելով նրանց, որ վերջիններս Հայոց ցեղասպանության ճանաչումը չդիտեն իբրեւ Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության նախապայման։
Հարց է առաջանում. ուրեմն այդ դեպքում ի՞նչ է մնում անել եվրոպական երկրներին ու միջազգային կառույցներին, որոնցից շատերն արդեն իսկ ճանաչել են Հայոց ցեղասպանությունը։ Պատասխանը պարզ է. Թուրքիային շտապ հրավիրել Եվրամիություն, Դողու Փերինչեքին եւ Յուսուֆ Հալաչօղլուին դարձնել եվրոպական կառույցների ղեկավարներ, որպեսզի նրանցից սովորեն ցեղասպանություն իրականացնելու եւ անպատիժ մնալու քաղաքական տեխնոլոգիաները։
Իսկ եթե ավելի լուրջ՝ ապա ընդհանրապես մի կողմ դնել Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը եւ շուտափույթ զբաղվել հայ-թուրքական հարաբերություններն ու Ղարաբաղյան հակամարտությունը թուրք-ադրբեջանական ծրագրով կարգավորելու գործով։

Ասում ենք ավելի լուրջ, որովհետեւ Տեր-Պետրոսյանի երեկվա ուղերձի իրական նպատակը ոչ թե Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի շուրջ որոշակի հայեցակարգի մշակումն է, այլ ներկայումս մեր տարածաշրջանում ստեղծված կոնկրետ իրավիճակում հայ-թուրքական հարաբերությունների ու Ղարաբաղյան հակամարտության շուտափույթ կարգավորման «փաթեթի» մատուցումը միջազգային հանրությանը։
Այդ նպատակով Տեր-Պետրոսյանը «որոշակի առումով» փոխկապակցված է համարում այդ երկու խնդիրները՝ համաձայնվելով Թուրքիայի պաշտոնական տեսակետին, ինչպես նաեւ իր համաձայնությունն է հայտնում խորհրդարանից արդեն հետ կանչված հայ-թուրքական արձանագրությունների բոլոր դրույթներին, բացի պատմաբանների հանձնաժողովի ստեղծման առաջարկից, որի գործունեությունը կարող է բերել «կրքերի բորբոքման»։

Իսկ Ղարաբաղի համար Տեր-Պետրոսյանը բավարար է համարում Մադրիդյան սկզբունքների հիման վրա ապագա հանրաքվեի անցկացման պայմանների, ժամկետների ու իրավական հետեւանքների հստակեցումը եւ երկրամասում միջազգային խաղաղապահ ուժերի տեղակայումը։

Հարց է առաջանում. ի՞նչ կապ ունի այս ամենը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի Հռչակագրի հետ, միգուցե Տեր-Պետրոսյանը նոր ցեղասպանության վտա՞նգ է նշմարել Լեռնային Ղարաբաղում, որից խուսափելու եւ ԼՂՀ բնակչության անվտանգությունն ապահովելու համար առաջարկում է միջազգային խաղաղապահ ուժեր տեղակայել տարածաշրջանում։ Բայց չէ՞ որ դա բոլորովին այլ քաղաքական օրակարգ է՝ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման խնդիր։

Ուստի եթե այդքան հանճարեղ մտքեր ունի երկրի նախկին նախագահը, որը Թուրքիայի առջեւ տարածաշրջանի դռները բացող իր առաջարկների «փաթեթը» փորձում է զուգորդել միջազգային խաղաղապահ ուժերի ներկայության գաղափարի հետ, ապա թող առանձին հանդես գա եւ հրապարակավ պաշտպանի իր տեսակետը։
Տեր-Պետրոսյանը միանգամայն գիտակցված կերպով է օգտագործել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առիթը. ոչ թե Ցեղասպանության ճանաչման խնդրի շուրջ որեւէ նոր ու հետաքրքիր տեսակետ արտահայտելու, այլ հայ-թուրքական ու հայ-ադրբեջանական հակամարտությունների կարգավորման իր հին տիկը նոր գինով լցնելու համար։

Այս միանգամայն հաշվարկված քայլը ոչ այլ ինչ է, եթե ոչ Հայաստանին ու Արցախին մի նոր «Լենին-Աթաթուրք» դաշինք պարտադրելու գործի իրականացմանը նպաստելու անթաքույց քաղաքական հայտ կամ պարզապես ինքնաառաջադրում։ Սրանով Տեր-Պետրոսյանը միջազգային հանրությանը հասկացնում է, որ ինքը պատրաստ է հայ-թուրքական սահմանի բացման պայմաններում նպաստել Ղարաբաղյան ճակատի փլուզմանը, որից հետո ինչպիսի՛ «ահեղ» միջազգային խաղաղապահներ էլ տեղադրվեն մեր տարածաշրջանում, միեւնույն է, Ադրբեջանը քայլ առ քայլ դուրս է մղելու Լեռնային Ղարաբաղի հայությանը իր պատմական հողերից՝ հիմնվելով տարածաշրջանում ստեղծված ուժերի թրքանպաստ հաշվեկշռի վրա։
Սրանից դժվար չէ եզրակացնել, որ Հայոց ցեղասպանության տարելիցը, նրա առիթով ընդունված Հռչակագիրը եւ մնացած ամեն ինչ պարզապես հարմար պատրվակներ են Տեր-Պետրոսյանի համար ուժի համաշխարհային կենտրոններին իր գոյության մասին հիշեցնելու եւ Ղարաբաղում հաստատվելու ու տարածաշրջանը վերահսկելու նրանց ծրագրերը առաջ տանելու պատրաստակամություն դրսեւորելու համար։

ՎԱՐԴԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել Analitika, Թուրքիա, Լրահոս, Հասարակություն, Ցեղասպանություն, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն