Գլխավոր » Regions, Իրան, Լրահոս, Վերլուծական, Վրաստան, Տարածաշրջան, Քաղաքականություն

«Իրան-Հայաստան բարեկամութեան միութեան» հերթական նիստում

Մարտ 4, 2015թ. 15:41
Իրան Հայաստան

ՔԱՂԱՔԱԿԱՆ ԿԱՄՔԻ ԴՐՍԵՒՈՐՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹԻՒՆԸ

Մարտի 1-ին կայացած «Իրան-Հայաստան բարեկամութեան միութեան» արդէն ընդլայնւած նիստում, մասնակցում են նոյն միութեան թէ’ հայ, եւ թէ’ պարսիկ անդամներ ու Իրանի կառավարութեան, խորհրդարանի, ինչպէս եւ՝ Ազգային Անվտանգութեան Գերագոյն Խորհրդի ներկայացուցիչներ: Այս ձեւաչափը ինքնին վկայում է այն մասին, որ բարեկամութեան խմբում հասունացել է երկու բարեկամ երկրների միջեւ առգոյ փոխյարաբերութիւններում նոր շունչ ու որակ հաղորդելու միտքն ու գաղափարը: Հետեւաբար, այլեւս անհրաժեշտ եւ աւելին՝ անյետաձգելի պէտք է սեպել նոյն մտքի ու գաղափարի կեանքի կոչման համար քաղաքական կամքի դրսեւորումն ու գործնական քայլերի կիրառումը:

Մշակութային, գրահրատարակչական, զբօսաշրջային, քաղաքական երկխօսութեան, առեւտրա-տնտեսութեան ոլորտներում արձանագրած երկուստեք յաջողութիւններն ու ձեռքբերումներն, պէտք է խոստովանել, որ համեստ ցուցանիշներով են արդիւնաւորւած, որոնք երբեւէ երկու բարեկամ հարեւանների սպասելիքներին համարժէք չեն եղել: Զորօրինակ՝ երկու երկրների միջեւ գազամուղի կամ երկաթգծային պայմանագրերի գործարկումները, որոնց առջեւ արհեստական (թէ՞ քաղաքական) խոչընդոտները չգիտես ինչու հարթւելու հեռանկար չեն պարզում…:

Եւ սա այն դէպքում, երբ Հայաստանը արեւմտեան ու արեւելեան հարեւանների կողմից շրջափակման-մեկուսացման քաղաքականութիւնների է ենթակայ, իսկ հիւսիսային հարեւանի՝ Վրաստանի հետ տնտեսա-քաղաքական փոխյարաբերութիւնները կրում են անլիարժէք, չասելու համար ռիսկային իրավիճակ, կապւած ռուս-վրացական ձախորդ ու խզւած յարաբերութիւնների հետ:

Ահաւասիկ, «Իրան-Հայաստան բարեկամութեան միութեան» հերթական նիստում վերոգրեալ ձեւաչափով արծարծած խնդիրների քննարկումը մեզ հիմք է տալիս խորհելու, որ տւեալ դէպքում իրանական կողմի նախաձեռնութեամբ մատնանշւած քաղաքական կամքի գործնականացման այսպէս ասած « ճանապարհային քարտէզը» որոշակիացնելու դրական միտում է ուրւագծում:

Դա ինչ-որ տեղ բնական ու տրամաբանական պէտք է համարել, հաշւի առնելով առհասարակ, տարածաշրջանային, աշխարհագրա-քաղաքական սրընթաց զարգացումները, որոնցից անվտանգ դուրս գալու համատեղ պետական, թէ ազգային շահեր ունեն թէ’ Իրանը եւ թէ’ նրա միակ քրիստոնեայ հարեւան եւ առաւել եւս՝ բարեկամ Հայաստանը:

«ԱԼԻՔ» ՕՐԱԹԵՐԹԻ ԳԼԽԱՒՈՐ ԽՄԲԱԳԻՐ
ԴԵՐԵՆԻԿ ՄԵԼԻՔԵԱՆ

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել Regions, Իրան, Լրահոս, Վերլուծական, Վրաստան, Տարածաշրջան, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն