Գլխավոր » Regions, Լրահոս, Վերլուծական, Քաղաքականություն

Իրական Ադրբեջան-2

Սեպտեմբեր 24, 2010թ. 19:52

Vahram Atanesian,WebPoligon ինտերնետային պարբերականը «Թարթառի հազարումի հոգսերը» խորագրով հրապարակման մեջ ներկայացնում է Ադրբեջանի այդ «ծաղկող» շրջանի իրական պատկերը:

Զարմացնում է այն, որ հենց ամենասկզբից հեղինակը շրջանի գործադիր իշխանության ղեկավարին անվերապահորեն անվանում է PKK-ի համակիր: Նա, չնշելով վերջին տարիներին Թարթառ մշտական բնակության եկած քրդերի քանակը, միայն մատնաշում է, որ շրջանի գորշադիր իշխանության ղեկավար Վիդադի Իսաեւը նրանց 1500 հեկտար ընտիր վարելահող է հատկացրել:

Քանի որ Ադրբեջանի «պաշտոնական» վարչաբաժանմամբ Թարթառի շրջան համարվում նաեւ ԼՂՀ Մարտակերտի շրջանի օկուպացված հատվածը, դժվար չէ ենթադրել, թե որտեղ են քրդերին բնակեցրել եւ ինչ հողեր տրամադրվել: Մինչդեռ պետական քարոզչությունը տարփողում է, որ «քրդական ահաբեկչական ճամբարներ են հիմնադրվում Ադրբեջանի գրավված տարածքներում»:

Եւ թերեւս արժե, որպեսզի ԵԱՀԿ –ն փաստահավաք խումբ առաքի Ադրբեջանի այն շրջանները, իսկ դրանք հիմնականում սահմանակից են Արցախին, որտեղ վերջին տարիներին տեղի է ունեցել Թուրքիայից արտագաղթած քրդերի զանգվածային բնակեցում:

Բայց շարունակենք հետեւել Թարթառի «հաջողություններին»: «Վիդադի Իսաեւը, որ նախկինում աշխատել է Եվլախի գորշադիր իշխանության ղեկավարի տեղակալ, Թարթառը կառավարում է որպես Եվլախի արվարձան: Ոչ մի տեղացի պետական պաշտոն չունի: Նույնիսկ Թարթառ քաղաքի ԲՇԳ պետը ամեն օր Եվլախից է աշխատանքի գալիս, իհարկե` ծառայողական մեքենայով: Վիդադի Իսաեւը վերջերս աշխատանքից ազատել է շրջանի կրթության բաժնի վարիչին եւ տեղը եվլախցու նշանակել, որպեսզի նա բուհ ընդունվել ցանկացողներից կաշառք հավաքի»,- գրում է Poligon-ը եւ ավելացնում, որ շրջանում գործազրկությունը հասնում է ահռելի չափերի: «Միակ ձեռնարկությունը, որ աշխատում է, արտակարգ իրավիճակների նախարար Քյամալեդդին Հեյդարովին պատկանող

կաթի գործարանն է, որ ունի 50 աշխատատեղ»,- մանրամասնում է ադրբեջանական ինտերնետ պարբերականը:

Նրա հեղինակի մատուցմամբ, շրջանում տիրում է համատարած վախի մթնոլորտ:

Մարդիկ զգուշանում են կարծիք արտահայտել, իսկ բողոքը բացառված է: Բայց, ըստ հեղինակի, դա թվացյալ անտարբերություն է: Իրականում բնակչության սոցիալական բողոքը խմորվում է նրա կրոնական զգացմունքներում: Վերջին հինգ տարում, ինչպես ցույց են տվել հրապարակման հեղինակի` տեղում անցկացրած դիտարկումները, Թարթառում հավատացյալների թիվն ավելացել է մի քանի անգամ, բայց նրանք չեն այցելում Կովկասի մուսուլմանների հոգեւոր առաջնորդ Փաշազադեի վերահսկողության տակ գործող մզկիթներ: Թարթառցի հավատացյալների գերակշիռ մեծամասնությունը Փաշազադին համարում է իշխանությունների կցորդ եւ հատուկ ծառայությունների գործակալ, որը ոչ մի կապ չունի իսլամական կրոնի հետ: Ինքնությունը վկայակոչել չցանկացած մի հավատացյալ Փաշազադեին անվանել է «ռուսական ԿԳԲ-ի ագենտ, շեյթանի սպասավոր»:

Poligon-ի հեղինակին հաջողվել է պարզել, որ Թարթառի շրջանի հավատացյալները իշխանություններից գաղտնի պահվող հավաքատեղիներ ունեն, որտեղ կարդում են Ադրբեջանում պաշտոնապես արգելված կրոնական գրականություն:

«Այդ գրքերը Թարթառ են հասնում զարտուղի ճանապարհներով եւ հիմնականում վահաբիզմ են քարոզում»,- գրում է ադրբեջանական պարբերականը եւ կանխատեսում, որ, թերեւս, իշխանությունները միտումնավոր են աչք փակում ծայրահեղ իսլամականության աճի հանդեպ, քանի որ ՙԹարթառը մերձճակատային շրջան է»:

Ակնարկը, հավանաբար, պետք է հասկանալ այնպես, որ իշխանությունները բնակչության կրոնական ծայրահեղականությունը հարկավոր դեպքում կարող են ուղղորդել «հայերի դեմ սրբազան պատերազմի» կարգախոսով:

Եթե դա այդպես է, իսկ ադրբեջանցի հեղինակի բազմանշանակ արտահայտությունը ՙմերձճակատային գոտու՚ մասին այլ եզրահանգման տեղ չի թողնում, ապա հարկ է ուշադրության առնել, որ Ադրբեջանի իշխանությունները ԼՂՀ հետ սահմանային գոտու առնվազը այդ հատվածում կուտակում են քրդերին եւ իսլամ արմատականներին, որպեսզի, ըստ անհրաժեշտության, ինչի մասին Բաքվում ամեն օր եւ ժամ են խոսում, օգտագործեն Արցախի հայ բնակչության դեմ:

Վահրամ ԱԹԱՆԵՍՅԱՆ

ArmAr.am

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Թեգեր` , , , , , , , , ,

Դիտել Regions, Լրահոս, Վերլուծական, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն