Գլխավոր » Ադրբեջան, Լրահոս

Ինչո՞վ է բացատրվում Ադրբեջանի ՊՆ նախարար Աբիևի պաշտոնավարման երկարատևությունը

Մարտ 18, 2010թ. 12:45

Adr. banak«Ազատություն» ռադիոկայանի աշխատակցուհի Լիզ Ֆուլերը (Պրահա) և Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի (ՌԱՀՀԿ) տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը (Երեւան) փորձել են բացատրել Ադրբեջանի պաշտպանության նախարար Սաֆար Աբիևի «քաղաքական երկարակեցությունը»: «Ադրբեջանի անխորտակելի գեներալը» վերտառությամբ հոդվածում նրանք արձանագրում են, որ Աբիեւը ԱՊՀ երկրների պաշտպանության նախարարներից ամենաերկարակյացն է, իսկ աշխարհում` ամենաերկար ժամկետով ծառայողներից մեկը:

Հիմա նա 60 տարեկան է, եւ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը ղեկավարում է 1995թ. փետրվարից: Այդ ժամանակից ի վեր Ադրբեջանի պաշտպանական ծախսերը մեծապես աճել են. 1999թ. դրանք կազմել են 97,2 միլիոն դոլար, 2004թ.` 175 միլիոն, իսկ անցյալ տարի հասան 1,5 միլիարդի:

«Սակայն ամենաարդիական ռազմական տեխնիկա հայթայթելու համար ծախսված վիթխարի գումարով չի ստեղծվել արդյունավետ եւ մարտունակ բանակ,– գրում են Լիզ Ֆուլերը և Ռիչարդ Կիրակոսյանը:– Ընդհակառակը` զինված ուժերում կարգապահությունը տակավին թույլ է, բարոյական վիճակը` ցածր, իսկ բռնությունները` համատարած: Շարքային զինվորները չունեն բավարար ուտելիք, վառելանյութ, ձմեռային համազգեստ եւ այլն: Ասվում է, որ Պաշտպանության նախարարությունը կոռուպցիայի օջախ է:….

Ադրբեջանը նավթի եւ գազի արտահանումից ստացած իր եկամտի բավականին մեծ մասն ուղղել է պաշտպանության բյուջեին: Այս միտումն ուժեղացավ, երբ 2003թ. վերջին Իլհամ Ալիեւը հորից հետո եկավ իշխանության: Սակայն, ըստ տարածված լուրերի` այս գումարի մեծ մասը յուրացվել է: 1990-ականների վերջերին եւ 2000-ականների սկզբին անկախ «Այնա/Зеркало» օրաթերթը հրապարակեց նավատորմի նախկին սպա Ջանմիրզա Միրզոեւի բացահայտումները զինված ուժերում առկա կոռուպցիայի մասին: (2001-ին Միրզոեւը ձերբակալվել էր եւ մարդասպանության շինծու մեղադրանքով դատապարտվել 8 տարվա ազատազրկման: Իսկ 2004թ. մայիսին Ալիեւը նրան ներում շնորհեց):

Կոռուպցիայի հատուկենտ սկանդալներից զատ` ոչ պակաս խնդիրներ են հարուցել բանակում տեղ գտած բռնությունները, կարգապահության անմխիթար վիճակը եւ անարհեստավարժությունը: 2008թ. աշնանը մեծ աղմուկ ծագեց այն բանից հետո, երբ YouTube-ում տեղադրվեց երկու տեսահոլովակ, որոնք պատկերում էին, թե ինչպես են սերժանտները ծեծում ավելի երիտասարդ զինծառայողներին: Պաշտպանության նախարարությունն այս տեսահոլովակներին արձագանքեց` դատապարտելով դրանք եւ որակելով ստահոդ, բայց հետո խոստովանեց, որ հետախուզությունը հաստատել է տեսահոլովակներում տեղ գտած կոպիտ վերաբերմունքի փաստը:

2006թ. դեկտեմբերից մինչ այժմ բռնության առնվազն 5 մահացու դեպք է լուսաբանվել զանգվածային լրատվամիջոցներում: 2010թ. հունվարին տեղի է ունեցած վերջին հաշվեհարդարի ժամանակ երկու շարքայիններ, տարածված տեղեկության համաձայն, զենքով սպանել են չորս սպաների, ապաեւ` միմյանց: Իսկ Պաշտոնաթող եւ պահեստային սպաների կազմակերպության նախագահ Յաշար Ջավարլիի պնդմամբ՝ 2003թ.-ից մինչեւ 2008թ. նոյեմբեր մահացած 40 զինծառայողների մեծամասնությունը իր մահկանացուն կնքել է կամ վատ վերաբերմունքի պատճառով, կամ էլ ինքնասպան է եղել»:

«Ուրեմն ինչո՞ւ է Աբիեւն անսասան իր պաշտոնում»,– հարցնում են հոդվածագիրներն ու նշում երկու պատճառ: Առաջինը Աբիևի բացարձակ եւ անսասան հավատարմությունն է Ալիեւյան տոհմին. նախ` հայր Հեյդարին, հետո` որդի Իլհամին, որի` նախագահական աթոռի բարձրանալն ավելի շուտ նշանակում էր, քան ընտրություն: Երկրորդը Ղարաբաղի հարցում Աբիևի աջակցությունն է Իլհամ Ալիեւին: «Իլհամ Ալիեւի լեգիտիմությունը եւ քաղաքական ապագան մեծամասամբ պայմանավորված են այն բանով, թե արդյոք նա կկարողանա հանրությանը համոզել, որ Ադրբեջանն անպայման մի օր կվերստանձնի իր կազմից դուրս եկած Լեռնային Ղարաբաղի վերահսկողությունը: Եվ այս գործում Աբիեւի աջակցությունն անհրաժեշտ է, եթե ոչ` վճռական»,– գրում են Լ.Ֆուլերն ու Ռ.Կիրակոսյանը:

ArmAr.am

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Թեգեր` , , , ,

Դիտել Ադրբեջան, Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն