- ԱրմԱր Լուրեր | Armenia News | Հայաստան և Արցախ - http://armarlur.com -

ԹՈՒՐՔ ԱԶԳԱՅՆԱՄՈԼԸ ԻՆՔՆԱՀԱՍՏԱՏՎԵԼՈՒ ԽՆԴԻՐ ՈՒՆԵՐ

Թուրք ազգայնամոլ Հասան Օքթայը հունվարի 20-ին երկրօրյա այցով եղել էր Երեւանում եւ այդ ընթացքում հանդիպել նաեւ թուրքագետ Հակոբ Չաքրյանի հետ: Հանդիպումից հետո ֆեյսբուքյան էջում նա տեղադրել էր թուրքագետի հետ իր լուսանկարը: Օքթայի ֆեյսբուքյան ալբոմում տեղ էր գտել նաեւ մեր Հանրապետության հրապարակում արված մի լուսանկար, որում նա ձեռքերը վեր պարզած ցուցադրում է «Գորշ գայլեր» կազմակերպության խորհրդանիշը:

«Լրագրողներն ինձ անհանգստացած անընդհատ զանգահարում են եւ հարցնում, թե ինչպես եք նրան ձեր տուն հրավիրել, չէ՞ որ նա ազգայնական է: Ես Հայաստանում որեւէ թուրքից վախենալու խնդիր չունեմ: Հետո՝ նա ազգայնական չէ, այլ ազգայնամոլ է: Ինչ վերաբերում է «Ազգայնական շարժում» կուսակցությանը, որի վարչության անդամն է նա, «Գորշ գայլերի» քաղաքական կառույցը լինելով՝ նաեւ նեոֆաշիստական կուսակցություն է:
«Ազգայնական շարժման» երբեմնի առաջնորդը Արփարսլան Թյուրքեշն էր, որին թուրքական առաջադեմ շրջանակներն անվանում էին թուրքական ֆյուրեր: Այս կուսակցությունը երկար տարիներ գաղտնի ծառայությունների հետ եղել է կապի մեջ: 90-ական թվականներին Թյուրքեշը, այսպես կոչված, զգոն թուրքերին գործուղել էր Ղարաբաղ՝ կռվելու հայերի դեմ: Այդ թուրք վարձկանների թիվը հասնում էր երեք հազարի: Դա ոչ թե միջամտություն էր, այլ անմիջական մասնակցություն Ղարաբաղյան պատերազմին»,- երեկ «Ուրբաթ» ակումբում Հ.Օքթայի հետ իր հանդիպման մասին պատմելիս նշեց ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆԸ:

«Նրա հետ ծանոթացել եմ 5-6 տարի առաջ: Ընկերոջ մասին խոսք լինել չի կարող, նա ի՞նչ ընկեր է ինձ: Նույնիսկ ֆեյսբուքում էլ չկամ, որ նրա հետ կապ հաստատեմ: Կապեր չեմ ուզեցել հաստատել: Որոշ բաներ երբեմն ճշտել եմ նրանից: Այս հանդիպմանը, օրինակ, հարցրի, թե ինչպես են գնահատում Թուրքիայում իրենց արտգործնախարարի այցը Հայաստան: Ասաց, որ շատ վատ: Թուրքական կողմը խիստ դժգոհ է»,- հավելեց նա:
Հանդիպման նախաձեռնությունը Հ.Օքթայինն է եղել. «Ես Էջմիածնում տանը նստած աշխատում էի, նա զանգահարեց: Հեռախոսիս համարը կարող էր Թուրքիայում էլ ճշտել, այնտեղ լրագրողները գիտեն իմ համարը: Ասաց, որ ուզում է գալ մեր տուն, «Անադոլու» գործակալության գրասենյակ են ցանկանում բացել Երեւանում: Նրան հրավիրեցի եւ անմիջապես զանգահարեցի արտգործնախարարություն, տեղեկացրի, որ «Անադոլու» գործակալությունը ցանկանում է գրասենյակ բացել Հայաստանում եւ հետաքրքրվեցի, թե ինչ պայմաններով է դա հնարավոր անել: Նախարարությունում արդեն տեղյակ էին դրա մասին»:

Ավելի ուշ պատասխան է ստացել, որ գրասենյակ կարող են բացել, եթե հայկական կողմն էլ Անկարայում համապատասխան գործակալություն բացի, եւ Հայաստանի ու Թուրքիայի թղթակիցներն օգտվեն նույն լիազորություններից:
«Հ.Օքթայը եկավ «Անադոլու» գործակալության արտաքին լուրերի բաժնի խմբագիր Օգյուն Դուրուի հետ, որը ի տարբերություն Հասանի, բավական լուրջ անձնավորություն էր: Հարցրի, թե ինչո՞ւ են ուզում մեր երկրում գործակալություն բացել:
Նշեցին, որ չեն ցանկանում երրորդ երկրի միջոցով Հայաստանի մասին տեղեկություն ստանալ: Կարծում եմ, որ նրանց մոտեցումը սկզբունքորեն տրամաբանական է: Մոսկվայի կամ Բաքվի թղթակցից Հայաստանի մասին լուրեր ստանալու փոխարեն նախընտրելի է, որ Հայաստանում ունենան իրենց թղթակիցը»:

Թուրք հյուրերը խնդրել են Հ.Չաքրյանին իրենց համար թղթակից գտնել, որն անգլերեն է գրում. «Նրանց հետաքրքրում էին պաշտոնական լուրերը, նաեւ ասացին, որ վերլուծական հոդվածներ են ուզում: Եթե վերլուծականները ռուսերեն լինեն, իրենք կթարգմանեն: Ասացին, որ Բաքվում թագմանչական գրասենյակ ունեն, ԱՊՀ երկրների բոլոր թղթակիցներն իրենց նյութերը ուղարկում են Բաքու, նրանք թագմանում են եւ փոխանցում իրենց:
Մտահոգություն հատնեցի, որ կարող են նյութերը թարգմանության ժամանակ խեղաթյուրվել: Պատասխանեցին, որ բացառվում է: Ես էլ նշեցի, որ Ադրբեջանում թարգմանելու տարբերակը նորմալ չէ մեզ համար: Արտգործնախարարությունից հետո ինձ ասացին, թե իրատեսական չեն համարում, որ թուրքական կողմը կհամաձայնի մեր պայմանների հետ»:

Ինչ վերաբերում է ֆեյսբուքում հայտնված նկարներին, ապա, ըստ թուրքագետի, Երեւանում արված լուսանկարում «Գորշ գայլերի» խորհրդանիշը ցուցադրելը «կապիկություն» է.
«Բացի կապիկությունից, նաեւ լկտիություն է: Դրանով Հասանն իր դեմքը ցույց տվեց: Ինձ հետ լուսանկարվելով էլ ադրբեջանցի եղբայրներին միաժամանակ ցույց տվեց, որ գալիս է այստեղ հայերի հետ է եղբայրանում: Գիտեք, որ նա լուսանկարվել է նաեւ վարչապետի եւ կաթողիկոսի հետ: Կարծում եմ, այդ նկարները ցուցադրելով՝ վնաս տվեց «Անադոլու» գործակալությանը: Բայց պետք է ասեմ, որ սկզբունքորեն կողմ եմ, որ այդ գործակալությունը թղթակից ունենա մեզ մոտ, մենք էլ թղթակից ունենանք Թուրքիայում»:

Հ.Օքթայն իր անձը կարեւորելու խնդիր ունի: Լուսանկարները դրա մասին են վկայում. «Նա հիմա Թուրքիայում Կովկասի ռազմավարական հետազոտությունների կենտրոնի տնօրենն է: Այս կենտրոնը, ի տարբերություն մյուս կենտրոնների, հորիզոնում հաճախ չի երեւում: Հասանին լուրջ չեն ընդունում: Հայաստանում տարբեր մարդկանց հետ լուսանկարներով ինքնահաստատման խնդիր է լուծում: Օրինակ, վարչապետը նրա հետ չի հանդիպել: Ամռանը կայացած ինչ-որ մի հանդիպման ժամանակ գնացել-մոտեցել, կողքը կցվել ու նկարվել է, նույնը կաթողիկոսի պարագայում է»:

ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ