Գլխավոր » Թուրքիա

Թուրքիան նոր զարգացումների շեմին

Օգոստոս 12, 2009թ. 18:19

Հրանտ Մելիք-ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ

Սույն թվականի հուլիսի 13-ին Թուրքիայում ստորագրվեց «Nabucco» գազամուղի նախագծման և շինարարության մասին պայմանագիրը գազամուղի տարանցիկ երկրների` Ավստրիայի, Հունգարիայի, Բուլղարիայի, Ռումինիայի եւ Թուրքիայի կառավարությունների միջև: Չնայած այն հանգամանքին, որ նախագծի հետ կապված դեռ մի շարք հարցեր շարունակում են մնալ չլուծված, այնուամենայնիվ, վերոնշյալ պայմանագրի ստորագրման փաստն արդեն իսկ վկայում է այն մասին, որ եվրոպական երկրներին վերջապես հաջողվեց «լեզու գտնել» Թուրքիայի հետ և ներառել նրան Արևմուտքի համար այդքան կարևոր նախագծի իրականացման գործընթացում: Ընդամենը մեկ-երկու ամիս առաջ նման պայմանագրի ստորագրումը գրեթե անհնարին էր թվում: Մինչդեռ ինչպես տեսանք, «Nabucco»-ն կառուցելու վերաբերյալ կայացված քաղաքական որոշումն այլևս իրականություն է: Չնայած մյուս կողմից էլ դժվար է վստահաբար պնդել, թե պայմանագրի ստորագրումից հետո այդ նախագիծն անպայման իրականություն կդառնա, քանզի, ինչպես հայտնի է, Արևմուտքին ցայսօր չի հաջողվել լուծել «Nabucco»-ի հետ կապված ամենակարևոր խնդիրը` էներգառեսուրսների հարցը: Հայտնի է, որ Արևմուտքը դեռևս չի ստացել մատակարար երկրների համաձայնությունը, ինչը, բնականաբար, անիմաստ կդարձնի «Nabucco»-ի շինարարությունը: Բացի այդ, լուրջ խոչընդոտ է հանդիսանում նաև շինարարության համար անհրաժեշտ ֆինանսական միջոցների հայթայթումը: Այդուհանդերձ, չնայած առկա բազմաթիվ հարցականներին, առաջին և կարևորագույն քայլն արդեն իսկ արված է, ինչը և քչերին է թույլ տալիս կասկածել, որ «Nabucco»-ն մի օր իրականություն կդառնա:
Չնայած «Nabucco» գազամուղի 15%-ի տերը դառնալու պաշտոնական Անկարայի նկրտումները չբավարարվեցին, սակայն ակնհայտ է, որ ստորագրված պայմանագրի արդյունքում Թուրքիան հայտնվեց բավական շահեկան դիրքերում: Այսօր թուրքական դիվանագիտությունը կանգնած է շատ կարևոր մի խնդրի լուծման նախաշեմին: Խոսքը վերաբերվում է Թուրքիայի տարանցիկ երկիր դառնալու հեռանկարներին: Վերջին շրջանում պաշտոնական Անկարան բավական ուժեղացրել է իր դիրքերն ինչպես Սև ծովի ավազանում, այնպես էլ Կովկասում, Կասպից ծովից դեպի Արևելք ընկած տարածաշրջաններում և Մերձավոր Արևելքում: Եվ բնական է, որ երկրի քաղաքական կշռի ավելացմանը զուգընթաց մեծանում է նաև Թուրքիայի ղեկավարության ձգտումը` առավել մեծ ազդեցություն ունենալ տարածաշրջանային քաղաքական և տնտեսական գործընթացների վրա: Այս առումով այսօր Թուրքիային, կարծես թե, հաջողվում է տարածաշրջանի ապագայի շուրջ Արևմուտքի և Ռուսաստանի հետ համատեղ ակտիվ քննարկումներ ծավալել: Ընդորում, այդ քննարկումներն առավել քան վերաճում են Արևմուտքի և Ռուսաստանի միջև ընթացող մրցակցության, որից, բնականաբար, շահում է երրորդ կողմը` Թուրքիան: Ասվածի վառ վկայությունն է օգոստոսի 6-ին Ռուսաստանի Դաշնության վարչապետ Վլադիմիր Պուտինի կատարած այցը Անկարա: Վերլուծաբաններից շատերը Պուտինի <ճամփորդությունը դեպի Թուրքիա> որակեցին որպես պատմական քայլ: Գնահատականը` կարծում ենք, ճշգրիտ է տրված, եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ Ռուսաստանի վարչապետի Թուրքիա կատարած այցի հետևանքն եղավ այն, որ երկու երկրների միջև ստորագրվեց մոտ 20 պայմանագիր, այդ թվում և «Երկնագույն հոսք-2» և «Հարավային Հոսք» գազամուղերի կառուցման մասին պայմանագրերը: Թուրքիայի և Ռուսաստանի միջև կնքված օգոստոսյան այս պայմանագրերի մասին կխոսենք քիչ անց: Այժմ փոքր-ինչ անդրադարձ կատարենք ռուս-թուրքական հարաբերությունների ներկա փուլին և դրանց զարգացման տրամաբանությանը:

Մինչև ե՞րբ կձգվի ռուս-թուրքական այս սիրախաղը

Խոսելով ռուս-թուրքական հարաբերությունների մասին ռուսաստանյան առաջատար վերլուծաբաններն ու լրատվամիջոցները փաստում են, որ Թուրքիայի հետ համագործակցությունը շատ ավելի կարճ պատմություն ունի, քան այդ երկրի հետ հակամարտությունը: Իրոք, ռուս-թուրքական հարաբերությունների պատմությունը ոչ այլ ինչ է, քան երկու գերտերությունների հակամարտության պատմություն: Եվ միանգամայն բնական է, որ հակամարտություններով լի պատմությունն իր բացասական ազդեցությունն է գործել ինչպես թուրք, այնպես էլ ռուս հասարակությունների հոգեբանության վրա: Երկու երկրների հասարակական, մշակութային, քաղաքական և հատկապես ռազմական վերնախավերի միջև իսպառ բացակայում է երկուստեք վստահությունը: Եվ դա է պատճառը, որ Թուրքիայի և Ռուսաստանի միջև ձեռքբերած ցանկացած պայմանավորվածություն յուրաքանչյուր պահի կարող է ի չիք դառնալ`ծանրացնելով երկու երկրների առանց այն էլ հակամարտություներով լի պատմության ստվարածավալ էջերը:
Ռուս-թուրքական հարաբերությունների մերձեցման արդի փուլն սկսվեց 2008 թվականի օգոստոսին` ռուս-վրացական պատերազմի ընթացքում: Թուրքական կառավարությունն այն ժամանակ օժանդակեց ռուսական կողմին` չթույլատրելով ամերիկյան ռազմանավերին անցնել Բոսֆորյան նեղուցն ու մոտենալ Վրաստանի սահմաններին: Ի պատասխան Թուրքիայի լոյալ դիրքորոշմանը, Ռուսաստանն ստիպված եղավ օժանդակել Անկարայի` Կովկասյան կայունության եւ համագործակցության պլատֆորմ ստեղծելու առաջարկին: Նախագիծ, որի իրական նպատակն էր` մեր տարածաշրջանում Ռուսաստանի և Թուրքիայի ազդեցության ոլորտների վերանայումն ու քաղաքական ուժերի վերաբաշխումը: Սակայն, երբ անցավ ռուս-վրացական պարտերազմի արդյունքում Կրեմլում տիրող հաղթական էյֆորիան, ռուս առաջնորդները հասկացան, որ ռուս-թուրքական համագործակցության հետևանքով Ռուսաստանը Հարավային Կովկասում հայտնվել է լրջագույն խնդիրների առաջ: Եվ դա մի տարածաշրջանում, որը դարեր շարունակ համարվել է ռուսական կենսական շահերի կիզակետը: Հավանական է, որ նույն այդ հաղթական էյֆորիան էր պատճառը, որ Ռուսաստանի կառավարությունը պարզապես աչքաթող արեց այն կարևորագույն հանգամանքը, որ «օժանդակության» ձեռք մեկնած Թուրքիան հանդիսանում է ՆԱՏՕ-ի անդամ պետություն, և որ այդ համագործակցության արդյունքում, ի դեմս Թուրքիայի, Հարավային Կովկաս է ներխուժում հենց ՆԱՏՕ-ն:

Թուրքիայի <սանձերը> Արևմուտքի ձեռքում են

Ռուս-թուրքական համագործակցության 2008 թվականի օգոստոսյան փորձը ցույց տվեց, որ ռուսական դիվանագիտությունը պատրաստ չէր դեպքերի զարգացման նման ընթացքին: Ստեղծված իրավիճակում, երբ Հարավային Կովկասում օրեցօր թուլանում էր պաշտոնական Մոսկվայի ազդեցությունը, Ռուսաստանին, կարծես թե, օգնության հասավ նույն ինքը` Արևմուտքը, որը դուրս էր մնացել Հարավային Կովկասը «կիսելու» ռուս-թուրքական նախագծից:
ԱՄՆ-ն, ինչպես նաև Մեծ Բրիտանիան, բավական մեծ ջանքեր են գործադրել Մերձավոր Արևելքի, Արևելյան Եվրոպայի, Միջին Ասիայի և Սև Ծովի ավազանի խաչմերուկում գտնվող Թուրքիային որպես դաշնակից ունենալու համար: Տասնամյակներ շարունակ պաշտոնական Վաշինգթոնն ու Լոնդոնն աջակցել են Թուրքիային կայանալ այս դժվարին տարածաշրջանում: Սակայն, դրան զուգընթաց, ամերիկա-բրիտանական դիվանագիտությունը մշտապես ձգտել է հսկողության տակ պահել Թուրքիայի քաղաքական և տնտեսական վերընթացն ու այդ կերպ թույլ չտալ Անկարային դուրս գալ Արևմուտքի ազդեցության գոտուց: Նրանց նպատակն է եղել առաջին հերթին կասեցնել Թուրքիայի դիրքերի հզորացումը, հատկապես, Հարավային Կովկասում, քանզի առկա է այն մտահոգությունը, որ հակառակ դեպքում Թուրքիան, պարզապես, կարող է վերաճել Առաջավոր Ասիայի հզորագույն կայսրության, թե քաղաքականապես, թե տնտեսապես դառնալով լիովին ինքնաբավ պետություն: Պարզ է, որ նման սցենարի իրականացման պարագայում Արևմուտքի դիմաց` ի դեմս դաշնակից Թուրքիայի կկանգներ հզոր մրցակից պետություն, որի հետ հաշվի չնստելն այլևս կդառնար անհնար: Եվ ահա, ելնելով նաև այս իրողության գիտակցումից` ԱՄՆ-ի նոր նախագահի վարչակազմն սկսեց Ռուսաստանի հետ հարաբերությունները կարգավորելու քաղաքականություն վարել: Դրան զուգընթաց վիժեցվեցին հայ-թուրքական հարաբերությունները կարգավորելու փորձերը, ինչը միանգամից խաչ քաշեց համագործակցության և խաղաղության պլատֆորմ ստեղծելու թուրքական երազանքների վրա: Թուրքիայի հզորացումը կանխելու նպատակով, Օբամայի վարչակազմը, նույնիսկ, պատրաստակամություն հայտնեց բարելավել հարաբերություններն Իրանի Իսլամական Հանրապետության հետ: Այս ամենին գումարվեցին նաև Թուրքիայիում ծագած ներքաղաքական խժդժությունները, ինչպես նաև քրդական տարրի ակտիվացումը: Բնական է, որ Արևմուտքի կողմից տարածաշրջանում իրականացվող նոր քաղաքականությունը բավական լուրջ ազդեցություն ունեցավ Թուրքիայի ծրագրերի վրա: Պաշտոնական Անկարան այսուհետ ստիպված կլինի տարածաշրջանային խնդիրներում առավել զուսպ դիրքերից հանդես գալ: Ինչի վկայությունն այն է, որ դոմինանտ երկիր դառնալու թուրքական կողմի ձգտումներն այսօր այլևս տեղի են տվել տարանցիկ երկիր դառնալու ձգտմանը: Իր քաղաքական ազդեցությունը պահելու նպատակով` պաշտոնական Անկարան, պարզապես, փորձում է վերահսկել Արևմուտքն Արևելքին կապող, Ռուսաստանը շրջանցող ճանապարհները: Եվ, պետք է նշել, որ այս խնդիրը Թուրքիան լուծում է նկատելի հաջողությամբ:

Պաշտոնական Անկարան կարողացավ լավագույնս օգտվել էներգակիրների ոլորտում տեղի ունեցող ռուս-արևմտյան մրցակցությունից: Թուրքիայի «ստիպեցին» մասնակցել «Nabucco»-ի շինարարությանը` փորձելով թուլացնել Ռուսաստանի դիրքերը: Սակայն թուրք դիվանագետները պարզ գիտակցում են, որ իրենց երկրի դերը կկարևորվի այնքան ժամանակ, քանի դեռ կշարունակվի Ռուսաստան-Արևմուտք մրցակցությունը: Այդ իսկ պատճառով թուրքական կողմը տվեց իր համաձայնությունը Թուրքիայի ջրային տարածքներում ռուսական գազամուղ կառուցելու Վլադիմիր Պուտինի առաջարկին` դրանով իսկ ապահովելով իր տարանցիկ երկիր լինելու հեռանկարը: Այսուհետև երկու մրցակից նախագծերից (<Nabucco> և <Հարավային Հոսք>) յուրաքանչյուրի հաղթանակի դեպքում Թուրքիան կհայտնվի շահողի դիրքերում: Ընդ որում` կրկնակի շահողի: Քանի որ և’ «Nabucco»-ին, և’ «Հարավային հոսքին» օժանդակելու համար Թուրքիան նաև լրացուցիչ «նվերներ» է ստացել. Ռուսաստանի պարագայում դա Թուրքիայի տարածքում ռուսական կապիտալով ատոմային էլեկտրակայանի ու Սամսուն-Ջեյհան նավթամուղի կառուցումն է, և ևս մեկուկես տասնյակ պայմանագրերի իրագործումը:

Դեռ վաղ է շփել սեփական ձեռքերը

Որքանով Թուրքիան կհաջողի նոր քաղականության մեջ` ցույց կտա ժամանակը: Ընդ որում, դա մեծապես կախված կլինի Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև Միջին Ասիայի նավթա-գազային պաշարների համար ծավալված մրցակցության արդյունքներից: Եթե պաշտոնական Արևմուտքին չհաջողվեց համոզել Թուրքմենիայի և Ղազախստանի կառավարություններին «Nabucco»-ն գործարկելու համար բավականաչափ ռեսուրսներ տրամադրել, ապա Թուրքիան կզրկվի ձեռքբերված պայմանավորվածությունների իրագործման հեռանկարից: Թուրքիայի համար այս վտանգն էլ ավելի իրական է թվում, եթե հաշվի առնենք ԱՄՆ-ի քաղաքականության փոփոխությունը Ուկրաինայում և Վրաստանում: Եվ եթե, իսկապես, ռուս-ամերիկյան հարաբերությունների ջերմացումը տա այն արդյունքները, ինչի մասին հայտարարում են երկու երկրների ղեկավարները, ապա նավթա-գազամուղերի կառուցման հետ կապված հուլիս-օգոստոսյան պայմանավորվածությունները թերևս մի քանի տարով հօդս կցնդեն:

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Թեգեր` , ,

Դիտել Թուրքիա բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանել`