Գլխավոր » Culture-Hogevor, Genocide, Hay-turq, TOP, WestArmenia, Արևմտյան Հայաստան, Լրահոս, Հայ-թուրքական հարաբերություններ

Թուրքիան հիմա էլ հայկական եկեղեցիներն է քանդում

Մայիս 6, 2015թ. 15:18
Խարբերդ

Թուրքիայի ներկայիս տարածքում հայկական եկեղեցիների ծագումն աղավաղելուց կամ հոգևոր-պատմամշակութային այդ կոթողներն աշխարհիկ կառույցների վերածելուց ու սրբապղծելուց բացի այդ պետությունը շարունակում է նաև հայկական արժեքները հողին հավասարեցնելու իր քաղաքականությունը՝ նաև այդկերպ փորձելով վերացնել այնտեղի հայկական հետքը:
Մայիսի 4-ին Ermenihaber.am լրատվական պարբերականը տեղեկություն է տարածել այն մասին, որ Թուրքիայի ներկայիս Էլյազըղ (պատմական Խարբերդ) քաղաքում գտնվող հայկական բողոքական կիսավեր եկեղեցին, որն այժմ օգտագործվում է որպես ավտոկայանատեղի, պատրաստվում են քանդել: Իսկ եկեղեցու տեղում նախատեսում են հյուրանոց կառուցել: Ըստ հրապարակման՝ ավտոկայանատեղիի սեփականատեր Ջոշքուն Դուրանին հաջողվել է թուրքական իշխանություններից եկեղեցու տեղում հյուրանոց կառուցելու թույլտվություն ստանալ: Նա հայտնել է, որ հյուրանոց կառուցելու արտոնագիրն արդեն ստացել է և բյուջեի աշխատանքներն ավարտվելուն պես սկսելու է շինարարությունը:

T24 թուրքական լրատվական կայքի լրագրող-վերլուծաբան պոլսահայ Արիս Նալջըի այն հարցին, թե ինչպես է տրամադրվել պետության պահպանության տակ գտնվող և վերականգնման իր հերթին սպասող եկեղեցու քանդման թույլտվությունը, Դուրանը նշել է, որ ըստ մասնագետների՝ այդ շինությունը կրոնական կառույց չի կարող համարվել մեծ չափերի, երկու հարկ և բազմաթիվ պատուհաններ ունենալու պատճառով: Դուրանին հավատացրել են, թե իբր այդ տեղում ժամանակին շուկա, իսկ հետո էլ ալյուրի ամբար է եղել՝ անտեսելով դրա մշակութային ժառանգության պահպանման ցուցակում ներառված լինելը: Մինչդեռ հենց Կոնստանդնապոլսում գտնվող հայկական մի շարք եկեղեցիներ երկհարկանի են և շատ պատուհաններ ունեն, և այդ փաստը Խարբերդի եկեղեցու դեպքում ընդամենն անհամոզիչ պատրվակ է՝ այն իսպառ վերացնելու համար:

19-րդ դարավերջին կառուցված Խարբերդի հայկական բողոքական եկեղեցին մինչ այս էլ մշտապես թուրքական իշխանությունների աչքի փուշն է եղել, և նրանք ամեն կերպ փորձել են վարկաբեկել այն՝ Տիգրանակերտի մշակույթի և բնական ժառանգության պահպանության ցուցակում գրանցելով իբրև ասորական եկեղեցի, իսկ Հանրապետական Թուրքիայի ժամանակաշրջանում օգտագործվելով որպես ալյուրի ֆաբրիկա: Վերջին տարիներին արդեն կիսավեր եկեղեցու տարածքում շաբաթական տոնավաճառներ են կազմակերպվել, այնուհետև այն ծառայել է իբրև ոչխարների գոմ: Իսկ 2007թ. արված պաշտոնական հայտարարության համաձայն՝ եկեղեցին պետք է վերանորոգվեր և վերածվեր հիվանդանոցի՝ առանց կառույցի ճարտարապետական տեսքի աղավաղման: Բայց հիվանդանոցի փոխարեն եկեղեցին բավական բանուկ կայանատեղի դարձավ: Մեքենաները կայանում են ոչ միայն եկեղեցու շրջակայքում, այլև մտնում են շենք՝ վնասելով մուտքի քարերը: Ավելին, եկեղեցին անցորդների և ավտոկայանողների կողմից նաև որպես զուգարան է օգտագործվում:

Եվ մինչ թուրքեը հերթական վանդալիզմն են դրսևորում մեր պատմաճարտարապետական արժեքների նկատմամբ, Հայաստանում այդ մասին ոչ մի պետական իրավասու կառույց տեղյակ չէ, համենյան դեպս դեռևս ոչ արտգործնախարարությունը, ոչ սփյուռքի ու մշակույթի նախարարությունները որևէ ձևով չեն արձագանքել կատարվածին՝ գոնե թե գնահատական տալու մակարդակով:
ՙՀայոց Աշխարհը՚ եկեղեցու քանդման մասին ահազանգեց մշակույթի նախարարության աշխատակազմի պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության գործակալութուն, որտեղ բանից անտեղյակ գործակալության պետի տեղակալ ՍԱՄՎԵԼ ՄՈՒՍՈՅԱՆԸ թեև մտահոգվեց եկեղեցու ճակատագրով, սակայն ասաց, որ նախարարությունը որևէ կերպ չի կարող կանխել այն քանդելու գործընթացը, քանի որ նման գործընթացները կանոնակարգվում են Թուրքիայի օրենքներով: Բայց եթե ըստ Սամվել Մուսոյանի՝ մշակույթի նախարարությունն իրավասություն չունի միջամտելու նման գործընթացներին, ապա գոնե արտգործնախարարությունը կարող է միջազգային կառույցներին ահազանգել դեպքի մասին ու թույլ չտալ, որ Թուրքիայում ավերվեն մեր պատմամշակութային կոթողները:

Այդուհանդերձ գործակալության պետի տեղակալը խոստովանեց, որ մշակույթի նախարարությունն այնքան քաջություն է ունեցել, որ Թուրքիայի մշակույթի և արտաքին գործերի նախարարություններին պահանջագիր է ներկայացրել՝ ձեռքները հեռու պահել հայկական հոգևոր և պատմաճարտարապետական հուշակոթողներից: Ասել է թե՝ այդ նախարարությունն այնքան էլ իրավասություններից զուրկ չէ, հակառակը՝ ինչպես հավաստիացնում է հուշարձանագետ ՍԱՄՎԵԼ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ՝ նախարարության առաքելությունն է բարձրաձայնել Թուրքիայում, Ադրբեջանում կամ Վրաստանում կատարվող վանդալիզմի դեպքերի մասին ու հավուր պատշաճի արձագանքել դրանց: ՙԳոնե թե մշակույթի, սփյուռքի ու արտաքին գործերի նախարարությունները համատեղ ուժերով պետք է փորձեն պայքարել եկեղեցիների, տաճարների, խաչքարերի ոչնչացման դեմ,- ասում է հուշարձանագետը:- Բայց ինչպես ցույց է տալիս փորձը, այդ նախարարությունները, պատասխանատվությունը մեկը մյուսի վրա բարդելով, այդպես էլ ոչինչ չեն ձեռնարկում՝ հանդուրժելով, որ իրենց իմացությամբ ու այդպես նաև իրենց թողտվությամբ մեկը մյուսի հետևից վերացվեն մեր պապերի կառուցած հուշակոթողները՚:

Սամվել Կարապետյանը, հիշեցնելով Ջուղայի գերեզմանոցների ոչնչացումը, քիչ հավանական է համարում, որ պատկան մարմինները պահանջատեր կլինեն Խարբերդի եկեղեցու համար: 6-7 տարվա ընթացքում, քանի դեռ փուլ առ փուլ վերացվում էր Ջուղան, կառավարությունը՝ մասնավորապես արտգործնախարարությունը որևէ նոտա չուղարկեց Թուրքիային, հետևողական չեղավ ու միջազգային հանրությունից չպահանջեց պատժել մշակութային վանդալիզմն իրականացնողներին: Նույն անտարբերությամբ էլ, ըստ հուշարձանագետի, մենք կկորցնենք Խարբերդի հայկական եկեղեցին: Մինչդեռ այդ արժեքավոր է նաև նրանով, որ հայկական բողոքական եկեղեցիների եզակի նմուշներից է:
Հուշարձանագետն անձամբ է տեսել այդ եկեղեցին, երբ 2008թ. այցելել էր պատմական Հայաստան: Շինության միայն պատերն էին կանգուն մնացել, իսկ ներսն աղբանոցի էր վերածվել: Սակայն սրտացավ ու հետևողական վերաբերմունքի դեպքում եկեղեցին հնարավոր է վերականգնել և պահպանել հետագա սերունդների համար:

Մեր այն հարցին, թե արդյո՞ք հարցը հնարավոր չէ կարգավորել հասարակական կազմակերպությունների միջոցով՝ Սամվել Կարապետյանը հավաստիացրեց, որ նման խնդիրների արդյունավետ լուծումը հնարավոր է միմիայն պետական մակարդակով իրականացնել. ՙՊետական նախաձեռնությամբ պետք է դիմել միջազգային համապատասխան կառույցներին, օրինակ՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ին և պարտադրել, որ ժամանակակից Թուրքիայի տարածքում գտնվող պատմական և մշակութային առումով արժեք ներկայացնող մեր շինություններն անձեռնմխելի մնան՚:
Սամվել Կարապետյանը հնարավոր է համարում միջազգային կառույցների միջնորդությամբ Թուրքիայի վրա ազդելը: Միայն թե նա կարծում է, որ դրա համար մենք պետք է իրոք սրտացավ լինենք ու մեր ամբողջ ժառանգության տեր զգանք մեզ: Եթե մենք մեր արժեքներին տեր չկանգնենք, ոչ ոք դրանց ճակատագրով մտահոգ չի լինի:

Մինչդեռ արտգործնախարարությունն անգամ փաստեր, տվյալներ չունի Թուրքիայում պատմամշակութային ու հնագիտական արժեքների, դրանց ծագումնաբանությունը խեղաթյուրելու փաստերի մասին, որոնց հիման վրա կկարողանա որոշակի քայլեր կատարել միջազգային կառույցներին դիմելու ուղղությամբ: Նույնը վերաբերում է սփյուռքի, մշակույթի նախարարություններին:
Հուշարձանագետը նշում է, որ այդպիսի դիմումները հատկապես արդիական են հայկական պահանջատիրության համատեքստում. ՙՀայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին հայերս պահանջատիրության հարց ենք բարձրացնում՝ պահանջում ենք, որ Թուրքիան վերադարձնի մեր եկեղեցիները: Թուրքիան էլ խորամանկ քաղաքականություն է սկսել՝ վերացնում է դրանք, որպեսզի մենք պահանջելու ոչինչ չունենանք: Ուրեմն հիմա առավել քան երբևէ մեր պետությունը պետք է աչալուրջ լինի ու կանխի թուրքական կողմից իրագործվող մշակութային սպանդը՚:

ԹԱԳՈՒՀԻ ԱՍԼԱՆՅԱՆ

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել Culture-Hogevor, Genocide, Hay-turq, TOP, WestArmenia, Արևմտյան Հայաստան, Լրահոս, Հայ-թուրքական հարաբերություններ բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն