Գլխավոր » Infowar, Ադրբեջան, Թուրքիա, Լրահոս, Տեղեկատվական անվտանգություն

Թուրքիայում հայագիտությունը աղավաղում են վարպետորեն

Հուլիս 9, 2010թ. 11:53

Anapat«Հակահայկական տեղեկատվություն տարածող չորս տասնյակից ավելի կայքերի մի մասը ադրբեջանական ծագում ունի, իսկ մնացածը` թուրքական է: Սրանք հիմնականում տարածում են գիտահանրամատչելի բնույթի հակահայկական բովանդակությամբ ապատեղեկատվություն, որն ավելի խորքային է ու վտանգավոր, քան լրատվականը: Դրանք ժամկետայնության խնդիր չունեն, քանի որ առնչվում են պատմական տարբեր ժամանակաշրջանների և միտված են լուծելու պատմության աղավաղման ավելի խորքային խնդիրներ: Նման կայքերը ոչ միայն գիտահանրամատչելի բնույթի հակահայկական կեղծ տեղեկատվություն են քարոզում, այլև զուգահեռաբար կեղծում են սեփական պատմության այն էջերը, որոնք առնչվում են իրենց ծագումնաբանությանը, բնիկությանը և նման հարցերի»,-ասում է Երևանի պետական համալսարանի Հայագիտական հետազոտությունների ինստիտուտի վիրտուալ հայագիտության և տեղեկատվության բաժնի վարիչ, պատմական գիտությունների թեկնածու Մհեր Հովհաննիսյանը:

Թուրքիայում ստեղծել է հայագիտությանն առնչվող մեկ ամբողջական կայք` www.eraren.org, որը Անկարայի Հայկական հետազոտության ինստիտուտի (Ermeni Ara_t1rmalar1 EnstitՖsՖ- Institute for Armenian Research) կայքն է:

Մհեր Հովհաննիսյանի խոսքով, ինստիտուտի նպատակը, ինչպես իրենք են ներկայացնում, հայագիտության զանազան բաղադրիչների` օրինակ Հայկական հարցի պատմական-քաղաքական-իրավական կողմերի, ինչպես նաև սփյուռքի և ղարաբաղյան հիմնախնդրի ուսումնասիրությունն է: «Կայքն ուսումնասիրելիս մի պահ կարող է թվալ, թե թուրքական այս ինստիտուտում հայագիտության զարգացման համար արժեքավոր աշխատանք է իրականացվում. համատեղ հետազոտություններ իրականացնելու համար հրավիրվում են օտարազգի «հայագետներ», գումարվում են միջազգային գիտաժողովներ, հրատարակվում են հիմնականում անգլալեզու և թուրքալեզու ուսումնասիրություններ, հոդվածներ, լույս են ընծայվում հնչեղ վերնագրերով երկու ամսագրեր` Review of Armenian Studies և Armenian Studies: Այնինչ բավական է թեկուզ մասնակի ծանոթանալ կայքում ներկայացված «հայագիտական նյութերի» բովանդակությանը, որպեսզի պարզ դառնա ինստիտուտի գործունեության իրական նպատակը: Այն է` հայագիտության հնարավորինս աղավաղումը»:

Թուրքական կողմը, ի տարբերություն ադրբեջանականի, ոչ թե փորձում է պատմական որոշակի իրադարձության վերաբերյալ տեղեկատվությունն ընդհանուր առմամբ կեղծել, այլ պահպանելով տեղեկատվության ոչ հիմնարար, բայց մեծամասնություն կազմող հատվածի ճշգրտությունը` կեղծում է կարևոր մասի հիմնարար տվյալները` դրանով իսկ աղավաղելով նյութը: «Նրանք այս ամենն անում են պրոֆեսիոնալ PR-ի ձևով. հրապարակած նյութերում կոշտ հերքումներով հանդես չեն գալիս, այլ թվացյալ քննարկումներ են ծավալում և դրանք տանում իրենց ձեռնտու ուղղությամբ: Վերջում էլ այս կամ այն ամբիոնից հայտարարում են, թե գիտական հիմնարար աշխատանքներ են տանում և ունեն անհերքելի փաստարկներ ու այն ընդունող չեզոք լսարան: Կարծում եմ՝ մենք պետք է նախահարձակ լինենք, համացանցում մեր նյութերը ներկայացնենք տարբեր լեզուներով»:

ArmAr.am

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել Infowar, Ադրբեջան, Թուրքիա, Լրահոս, Տեղեկատվական անվտանգություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն