Գլխավոր » Regions, Թուրքիա, Լրահոս, Քաղաքականություն

Թուրքիայում ավարտվեց սահմանադրական բարեփոխումների հանրաքվեն

Սեպտեմբեր 12, 2010թ. 23:52

turkiaԻնչպես հայտնի է, այսօր` սեպտեմբերի 12-ին, Թուրքիայում անցկացվեց սահմանադրական  բարեփոխումների  հանրաքվե:

Այս պահին ընթանում է քվեների  հաշվարկ:

Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ, քվեարկության նախնական պատկերը ցույց է տալիս, որ գրեթե բոլոր թուրքական նահանգներում բնակչության մեծամասնությունն «այո» է ասել Թուրքիայի իշխանությունների  ներկայացրած սահմանադրական բարեփոխումների փաթեթին: Նշվում է, որ քվեարկության տոկոսը բավական բարձր է` հանրաքվեին մասնակցել են քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիների 78%-ը:

Այս պահին հաշվված է քվեների 99,9 տոկոսը, այսինքն, 151.859 ընտրատեղամասից` 151.727-ը: Քվեարկությանը մասնակցելու իրավունք ունեցողների թիվը կազմում է 49.504.477 մարդ, որոնցից քվեարկությանը մասնակցել են 37.684.284-ը (մոտ 78 տոկոս): «Այո» է ասել 58 %-ը, իսկ «ոչ»` 42 %-ը: Ընդորում, ինչպես տեղեկացնում են լրատվամիջոցները, Ստամբուլում, Անկարայում, Իզմիրում և Դիարբեքիրում  մասնակցության ցուցանիշը եղել է  բարձր` 70-80%:

Թուրքիայի մայրաքաղաք Անկարայի 9011 ընտրատեղամասերում հանրաքվեին մասնակցել են ընտրության իրավունք ունեցող քաղաքացիների 80.3 տոկոսը. «այո» է ասել քվեարկողների` 54.2, իսկ «ոչ»` 45.8 տոկոսը:

Հետաքրքրականն այն է, որ Թուրքիայի քրդական շրջաններում քվեարկությանը մասնակցածների մեծամասնությունն «այո» է ասել Էրդողանի սահմանադրական բարեփոխումների փաթեթին: Օրինակ, քրդական Դիարբեքիրում` մասնակցությունը եղել է 35.2 տոկոս, որի 94,1 տոկոսն «այո» է ասել սահմանադրական բարեփոխումներին: Ինչը հուշում է այն մասին, որ  քրդերը փորձում են  հավատալ Էրդողանի «սահմանադրական  խոստումներին»:

Ի դեպ, փորձագետների դիտարկմամբ, թուրքական իշխանությունների կողմից իրականացվող սահմանադրական բարեփոխումները հիմնականում քաղաքական նպատակներ են հետապնդում:

ԳԱԱ Արեւելագիտության ինստիտուտի ղեկավար Ռուբեն Սաֆրաստյանն այս առիթով ասել էր. «Փաստաթղթի ընդունումը ոչինչ չի փոխի Թուրքիայի եւ Եվրամիության հարաբերություններում, թեեւ ԵՄ-ն ողջունել է փաստաթղթի ընդունումը, սակայն այն անբավարար է համարել։

Ինչպիսին էլ լինի հանրաքվեի արդյունքը, քաղաքական իրավիճակը Թուրքիայում կթեժանա։ Իշխանության եւ քեմալականների միջեւ հարաբերությունները կսրվեն ընտրությունների շեմին։ Երկրի քաղաքական շատ ուժեր կշարունակեն պահանջել արտահերթ խորհրդարանական ընտրություններ»,- կանխատեսել է Ռուբեն Սաֆրաստյանը։

ArmAr.am

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Թեգեր` , , , ,

Դիտել Regions, Թուրքիա, Լրահոս, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն