Գլխավոր » Թուրքիա, Լրահոս, Տարածաշրջան

Թուրքիայի երկակի արտաքին քաղաքականությունը

Հոկտեմբեր 19, 2009թ. 11:15

Այս կիրակի թուրքական TRT հեռուստաալիքի «Քաղաքական վերափոխություն» կիրակնօրյա հաղորդման հյուրն էր երկրի նախագահ Աբդուլա Գյուլը: Հաղորդման ընթացքում Գյուլը վերլուծել է Թուրքիայի ներքին և արտաքին իրավիճակը:

Անդրադառնալով երկրի արտաքին քաղաքականությանը` նախագահը կենտրոնացել է   հայ-թուրքական արձանագրությունների և իսրայելա-թուրքական ճգնաժամի վրա:

Ըստ Գյուլի, Հայաստանի հետ հարաբերությունների բարելավումը   նախևառաջ ապահովելու է ողջ կովկասյան տարածաշրջանի կայունությունը: Բայց նա միաժամանակ նկատել. «Քանի դեռ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունները չեն վերականգնվել, Կովկասում անհնարին կլինի կայունություն և անվտանգություն ապահովել»: Ապա նկատել է.«Հայ-թուրքական հարաբերությունների բարելավման գործընթացը հնարավոր է` դրականորեն անդրադառնա ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործում»: Փաստորեն, Թուրքիայի նախագահը հերթական անգամ ընդգծել է, որ  Լեռնային Ղարաբաղի հարցում Թուրքիայի պաշտոնական տեսակետը հետևյալն է` հայ զինվորները պետք է հեռանան, այսպես կոչված, «գրավյալ տարածքներից»:

Իհարկե, ի տարբերություն վարչապետ   Էրդողանի, Գյուլն իր խոսքերում առավել զսպվածություն է ցուցաբերել   այնքանով, որքանով հայ-թուրքական    արձանագրությունների վավերացման գործընթացը  չի պայմանավորել ղարաբաղյան հիմնախնդրով:

Ինչ վերաբերում է իսրայելյան խնդրին, ապա Գյուլը հիշեցրել է, որ Թուրքիան տարածաշրջանի այն միակ երկիրն է, որ բարիդրացիական հարաբերություններ ունի և Իսրայելի, և Արաբական աշխարհի հետ:  Չնայած հարաբերությունները կառուցվում են ամուր հիմքերի վրա, Թուրքիայի նախագահը, այնուամենայնիվ, սպառնացել է իր դաշնակից Թելավիվին` ասելով. «Թուրքիան չի կարող անտարբեր մնալ անարդարության հանդեպ»: Դրանով ակնարկել է Գազայի հատվածում Իսրայելի կողմից իրականացվող գործողությունները:

Թուրքիայի նախագահ Գյուլի` արտաքին քաղաքականությանն առնչվող նման վերլուծությունից կարելի է հանգել միայն մեկ եզրակացության` պաշտոնական Անկարան իր արտաքին քաղաքականության մեջ, ինչպես միշտ, երկակի խաղ է խաղում: Այսպես,  մի կողմից  կարևորում է հայ-թուրքական հարաբերությունների գործընթացը,  մյուս կողմից` այդ նույն հարաբերությունները պայմանավորում Ղարաբաղյան հիմնախնդրի լուծմամբ ու վստահեցնում Ադրբեջանին, որ այս հարցում կարող է իր վրա լիովին հույս դնել:

Թուրքիան նույն քաղաքականությունն է վարում և Իսրայելի հետ. մի կողմից  փորձում է ամբողջովին հարաբերությունները չխզել Թելավիվի հետ, սակայն միաժամանակ ստեղծելում է արհեստական լարվածություն, դա օգտագործելով Արաբական աշխարհին առավել մերձենալու համար:

Ինչպես նկատում են վերլուծաբանները, քաղաքականության մեջ միշտ չէ, որ երկակի խաղերն արդյունավետ են լինում, նրանք շատ հաճախ հակառակ ազդեցությունն են ունենում ու գործում հենց այդ խաղացողի դեմ:

Armar.am

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Թեգեր` , , , , ,

Դիտել Թուրքիա, Լրահոս, Տարածաշրջան բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն