Գլխավոր » Interview, WestArmenia, Արևմտյան Հայաստան, Թուրքիա, Իրավական փաստաթղթեր, Լրահոս, Հայ-թուրքական հարաբերություններ, Հարցազրույցներ, Ով է թուրքը, Ռուսաստան, Տարածաշրջան, Ցեղասպանություն, Քաղաքականություն

Թուրքիայից մեր պահանջն է` վերադարձնել մեր հայրենիքը

Ապրիլ 24, 2015թ. 20:21
ԿԱՐՈ ՔԱՄԱՐՅԱՆ

Հարցազրույց Միջազգային իրավունքի մասնագետ, փաստաբան ԿԱՐՈ ՔԱՄԱՐՅԱՆԻ (ԱՄՆ) հետ

-Եվրոպական տերությունները Թուրքիայից հիմնականում ակնկալում են Հայոց ցեղասպանության ճանաչում, հայ ժողովրդից ներողության հայցում: Բայց արդյոք դա կարո՞ղ է բավարարել հայրենազրկված հայությանը:

-Ամենևին` ոչ: Մեր ուղին շատ հստակ է: Երբ ԱՄՆ-ում ստեղծվեցին Հայ Դատի հանձնախմբերը,նրանք իրենց առաջ նպատակ դրեցին` ճանաչում, տնտեսական հատուցում, մեր հողերի վերադարձ: Հետևաբար, մեզ չի կարող գոհացնել այն, որ Թուրքիան մեկ օր ասի` Առաջին համաշխարհայինի ժամանակ եղել են դեպքեր, կատարողները մեր նախնիներն են, ցեղասպանություն էլ են գործել, բայց հիմա մենք ձեզ ասում ենք` ներեք և ակնկալում ներում: Այն, որ Թուրքիան դա է ուզում անել` նշաններն արդեն նկատվում են: Եթե այս իրավիճակում մենք հանկարծ իրենց ընդառաջ գնացող նման միտք արտահայտենք, ապա շատ բան կկորցնենք:

-Ուրեմն, Ցեղասպանության դիմաց փոխհատուցում ասելով ի՞նչ պետք է հասկանանք, ո՞րն է մեր պահանջը Թուրքիայից:

-Կան միջազգային ուժեր, որոնք կարող են մեզ այնպիսի անկյուն մղել, որ մենք ոչ թե պահանջենք ու ստանանք այն, ինչ ուզում ենք, այլ այն, ինչ իրենք մեզ կթելադրեն` պայմանավորված սեփական շահերով: Միամիտ չենք և լավ ենք հասկանում, որ և’ ՆԱՏՕ-ի երկրները, և’ Ռուսաստանը, նաև մեր հարևան Վրաստանն ու Իրանը ամեն մեկն էլ ունի իր շահը: Ուրեմն, մեր խնդիրն է մեծ տերությունների շահերի, հետաքրքրությունների շրջանակ մղել Հայկական հարցի լուծումը: Տեսեք. գերտերությունների համար մտահոգիչ չէ, որ Հայաստանը բավարարվի ընդամենը ֆինանսական հատուցմամբ. մի ՙչեկ՚ կգրեն, ասենք` 100 մլրդ դոլարի, կվճարեն ու դրանով հարցը կփակեն: Սակայն նրանք կանգնում են երկընտրանքի առաջ այն ժամանակ, երբ հայության կողմից հնչում է հողատարածքների վերադարձման պահանջը: Իսկ դա լոկ հողատարածք չէ մեզ համար, Արևմտյան Հայաստանը մեր հայրենիքն է, որտեղից մեզ տեղահանել են, արմատախիլ արել: Եվ այս ամենի դիմաց Թուրքիայից մեր պահանջը մեկն է` վերադարձնել մեր հայրենիքը: Սա նշանակում է սահմանների փոփոխություն, և ահա մեծ տերությունները սկսում են հաշվարկել` Հայաստանի սահմանների ընդլայնմամբ իրենք որքանո՞վ կշահեն կամ կտուժեն:

Մենք լավ գիտենք, որ Արևմտյան Հայաստանի հողատարածքներով են անցնում գազի խողովակներ: Մեծ Բրիտանիան միլիարդավոր գումարներ է ծախսել դրանց կառուցման ու գազը Եվրոպա հասցնելու համար: Ուրեմն, կարող են հարց տալ` ինչպե՞ս կլուծվի գազային հարցը, եթե սահմանները փոխվեն: Սա իրենց համար մեծ մտահոգություն է: Բացի այդ, Արևմտյան Հայաստանի տարածքում են գտնվում ԱՄՆ ռազմաբազաները, այստեղ էլ ԱՄՆ-ը կուզենա հասկանալ` ի՞նչ կլինի դրանց ճակատագիրը: Այլ միջազգային տնտեսական հարցեր ևս կան, օրինակ, Եփրատի ջրի օգտագործման հարցը: Հիմա այս գլոբալ քաղաքականության մեջ մեր խնդիրը պետք է լինի առաջ տանել մեր շահը, այսինքն` համոզել ԱՄՆ-ին, եվրոպական տերություններին, որ Հայաստանի սահմանների ընդլայնմամբ նրանց ունեցածը փոփոխման չի ենթարկվի, համոզել, որ Հայաստանի սահմանների մեծացումը իրենց համար ավելի օգտակար կինի, քան մեծ Քրդստանի ստեղծումը, ինչի ուղղությամբ աշխատանքներ են տարվում: Նաև Թուրքիային պետք է հասկացնել, որ իր համար ավելի նպաստավոր կլինի իր հարևանությամբ ունենալ մեծ Հայաստան, քան մեծ Քրդստան:

Միաժամանակ, Հայաստանն իր առաջ պետք է դնի այս սարսափելի շրջափակումից դուրս գալու խնդիր: Պետք է ճեղքել շրջափակումը, իսկ դրա համար կա մեկ ուղի` դուրս գալ դեպի ծով: Ինչը կարող ենք կյանքի կոչել Սևրի դաշնագրի միջոցով, որը չնայած ամբողջությամբ չի ամփոփում մեր պատմական հողերը, սակայն մեր առաջ դուռ է բացում դեպի ծով:

– Վուդրո Վիլսոնը Հայաստանի ու Թուրքիայի սահմանները սահմաննելիս, առաջնորդվել է հենց այս գիտակցմամբ` որպեսզի հայ ժողովուրդը հնարավորություն ունենա ստեղծել սեփական պետությունը, կարողանա զարգանալ, ապահովել անվտանգությունը, պետք է ստանա իր պատմական հայրենիքի գոնե 103.599 քկմ տարածքը: Կնշանակի հայության նպատակը պետք է լինի Իրավարար վճիռը իրականություն դարձնելը:

-Շատ ճիշտ եք, այդ հարցը մեզ համար անվտանգության խնդիր է: Այսօրվա Հայաստանը մեր հայրենիքի 1/8-րդն է միայն, ինչպե՞ս գոյատևել այդ 1/8-ի վրա: Ասում են` Հայաստանը տնտեսապես շրջափակված է, իսկ ես համարում եմ, որ Հայաստանը պաշարված է երկու հարևան երկրների կողմից, որոնք ամեն կերպ դժվարեցնում են երկրի զարգացումը, նպատակը հյուծել, քամել երկիրը: Ուրեմն, մենք պետք է ունենանք ելք դեպի ծով: Ես արդեն Հայաստանում շրջանառության մեջ եմ դրել հետևյալ գաղափարը. առժամյա մեր նպատակը դարձնել Ցարական Ռուսաստանի ժամանակ ունեցած Արևելյան Հայաստանի տարածքների` Սուրմալուի, Արարատ լեռան, Կարսի, Արդահանի վերադարձման խնդիրն ու ճանապարհ հարթել դեպի Սև ծով: Ի դեպ, այս հողատարածքները Օսմանյան կայսրության սահմաններում չեն եղել, ուրեմն մեր իրավաբանները պետք է տեսնեն` ինչպե՞ս հասնել հարցի իրավական լուծմանը, գործի դնելով միջազգային օրենքները, Սևրի դաշնագիրը:

Լավ ենք հասկանում, որ մեծ տերություններն առաջնորդվում են ոչ թե արդարությամբ, այլ ընդամենը սեփական շահերով: Առհասարակ, նրանք Հայաստան-Թուրքիա հարաբերություններին նայում են սեփական շահերի դիրքերից, այսինքն` ի՞նչ կարող են ստանալ Թուրքիայից, որքա՞ն է Թուրքիան իրենց համար շահեկան, և ի՞նչ կարող են ստանալ Հայաստանից: Կնշանակի, մենք նաև այս հանգամանքի վրա պետք է ուշադրություն դարձնենք:

-Այսինքն, սեփական շահերը առաջ մղելու համար մեզ հարկավոր է ներկայանալ հետաքրքիր երկիր` աշխարհից ոչ միայն պահանջող, ուզող, այլև օգտակարը աշխարհին տվող երկիր:

-Դա շատ կարևոր է: Մեր դիվանագիտական միտքը պետք է առավել ակտիվանա, փնտրի, գտնի այն ոլորտները, որոնցով կարող է Հայաստանը ներկայանա աշխարհին որպես լավ գործընկեր, ցույց տրվի, որ Հայաստանը ուզվորի դերում չէ, պատրաստ է նաև տալ, դա ոչ միայն տնտեսության ոլորտն է, այլև մեր ազգային արժեքներն են, մեր մշակույթը: Այս առումով գնահատելի են իշխանության քայլերը: Սակայն ես կուզենայի, որ մեր դիվանագիտությունն առավել ակտիվ աշխատի:

Որպես փաստաբան, ի՞նչ կարծիքի եք` վնասակար չե՞ն անհատական փոքր դատերը. Թուրքիան կարող է մի օր էլ հայտարարել, թե ինքն իր հասանելիքը տվել է արևմտահայերին ու հայոց պահանջատիրության հարցն այլևս փակված է:

-Երբ երկու տարի առաջ սկսվեց այդ երևույթը ու Թուրքիան հայտարարեց` եկեք, պատրաստ եմ ձեր պապենական տունը, գույքը, կամ էլ դրա դիմաց գումար տալ, ես ասացի`դա Հայ Դատի սպանություն է: Թուրքիան այդ կերպ աշխարհին ասում է, տեսեք, թե որքան լավ երկիր եմ` հատուցում եմ հայերի կրած վնասները: Գուցե դա անհատներին ոգևորում է` ստանալ իրենց պապի տունը, իսկ հետո՞, ի՞նչ է տալիս Հայաստան պետությանը` ոչինչ, դրանից Հայաստանի սահմանը չի փոխվում: Ցեղասպանությունը եղել է մեր հայրենիքում, մեզ արմատախիլ են արել մեր հողից, ու մեզանից հայրենիք բռնագրավել, հիմա եկել մի քանի անհատական գույք են ուզում տա՞լ: Անընդունելի է:

-Վերջին տարիներին հաճախ է խոսվում այն մասին, որ պետք է համախմբել սփյուռքի ու Հայաստանի իրավաբանների ներուժն ու լծվել պահանաջատիրության թղթածրարի ստեղծմանը: Իսկ եղած փաստերը բավարա՞ր են դատ բացելու համար:

-Իհարկե բավարար են: Չնայած կան նաև շատ փաստեր, որոնք մեր ձեռքում չեն, դրանք թուրքական արխիվներում են, նաև Գեմանիայում, Ավստրիայում: Ի՞նչ են պահվում նրանց դարակներում, ի՞նչ են ասել ու հայտարարել այդ երկրների ռազմական գեներալները, ի՞նչ են փոխանցել հաղորդագրությունները: Այսօր մենք հետաքրքիր իրողության ականատես ենք, մասնավորաբար, այս երկու երկրներն իրենց մեղսակից են զգում հայ ժողովրդի հետ կատարվածի համար ու սկսում են դարձի գալ: Եվ ես համոզված եմ, որ մի օր նրանց արխիվները լիովին մեր առաջ կբացվեն:

Մնում է, որ մեր երիտասարդ իրավաբանները վարժվեն միջազգային դատական ատյաներում աշխատելուն, քանի որ մենք դեռևս այդ փորձը չունենք` չնայած ունենք որակյալ հայազգի մասնագետներ:
Բայց պարտավոր ենք համախմբված լծվել թղթածրարի ստեղծմանը: Աշխարհում նոր փոփոխություններ են սպասվում, անցած օրը ինձ մի ծերունի ասաց` սպասելի է այն, ինչն անսպասելի է:

Մեզ սպասում է մեծ պայքար, ուրեմն ժամանակն է, որ հայերս ազգովի դրան պատրաստվենք, որպեսզի չկրկնվի 1920թվականը, երբ պետությունը Ահարանյանի միջոցով մի բան էր ուզում, իսկ Նուբար Փաշան արևմտահայության անունից` մեկ այլ բան, ու աշխարհի առաջ կանգնեցինք բաժանված մտքով:
Մեզ այսօր միասնանալ է հարկավոր ու մեր պահանջը` ի՞նչ ենք ուզում, միասնաբար ձևակերպել:

ԱՐՄԻՆԵ ՍԻՄՈՆՅԱՆ

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել Interview, WestArmenia, Արևմտյան Հայաստան, Թուրքիա, Իրավական փաստաթղթեր, Լրահոս, Հայ-թուրքական հարաբերություններ, Հարցազրույցներ, Ով է թուրքը, Ռուսաստան, Տարածաշրջան, Ցեղասպանություն, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն