Գլխավոր » Լրահոս, Տեղեկատվական անվտանգություն, Քաղաքականություն

Թուրքական շրջափակման վերացման հարցում հանրային կարծիքի մանիպուլիացաները

Հոկտեմբեր 2, 2009թ. 12:05

Vah1Վահրամ ՄԻՐԱՔՅԱՆ

Հասարակական կարծիքը ֆիզիկական առարկայի նման մի բան է: Այսինքն հասարակական կարծիքն այն չէ, ինչը ես կամ մենք կիսում ենք` հակառակը, այն ինքնուրույն, անկախ մեր կամքից մեզ պարտադրում է  իր իրականությունը, ստիպելով մեզ` հաշվի նստել իր հետ:

Խոսե Օրտեգա-Ի-Գասսետ

Ընդունված է համարել, որ սոցհարցումներն իրականացվում են` կոնկրետ հարցի նկատմամբ հասարակական կարծիքը պարզելու նպատակով:    Սակայն  նկատենք, որ դա այնքան էլ այդպես չէ, քանի որ մեծամասամբ սոցհարցումներն օգտագործվում են որպես սոցիալական տվյալների վրա ներազդելու միջոց:

Այսօր հայ-թուրքական արձանագրությունների դրական և բացասական կողմերի մասին  քննարկում և   հարցումներ են անցկացվում մարզերում: Նման հարցում-քննարկումներն արդեն կազմակերպվել են Արտաշատ, Եղեգնաձոր, Սիսյան և Մարտունի քաղաքներում[1]: Մոտ օրերս նման քննարկումներ կանցկացվեն նաև ՀՀ այլ շրջաններում ևս:

Դրանք իրականացնում է «Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» հասարակական կազմակերպությունը` Թևան Պողոսյանի ղեկավարությամբ: Ընդունված ձևաչափի համաձայն քննարկումներն ընթացել են հետևյալ թեմաներով.

1. Լուռ ապաշրջափակում
2. Բաց սահման պահանջատերերի միջև
3. Արևմտյան ճակատում` անփոփոխ
4. Շահումն ու շահողը` անհայտ
5. Քայլ ձիով

Քննարկումների ավարտից հետո մասնակիցները քվեարկել են հետևյալ երկու հարցի շուրջ`

1.  ՀայաստանԹուրքիա հարաբերությունների զարգացման ո՞ր սցենարն եք համարում առավել նախընտրելի

2.  ՀայաստանԹուրքիա հարաբերությունների զարգացման ո՞ր սցենարն եք համարում առավել հավանական

Ինչպես տեսնում ենք նշված տարբերակներում բացակայում են.ա. մինչև Ցեղասպանության ճանաչումը դեմ եմ սահմանի բացմանը բ. Թուրքիան պետք է փոխհատուցի Ցեղասպանության հետևանքները, հետո նոր կբացվի սահմանը, գ.սահմանը չի բացվի, քանի դեռ Թուրքիան չի դադարել զինել Ադրբեջանին,  դ. սահմանը չի բացվի, մինչև Թուրքիան չդադարեցնի  հակահայկական քարոզչության ծավալումը և նմանատիպ այլ տարբերակներ:

Տարբերակներում սահմանի չբացման միայն մեկ` ոչ գրավիչ օրինակ կա (լուռ ապաշրջափակում), որն այնպիսի ձևակերպմամբ է ներկայացված, որ ձեռնտու չէ ոչ ոքի:

Այսպիսով, հարցվողներին ընտրելու հնարավորություն է տրվում միայն սահմանի բացման   տարբերակների միջև և նրանք, ովքեր դեմ են սահմանի բացմանը, ստիպված ընտրում են  դրանցից որևէ մեկը:

Հոգեբանորեն ոչ մեկի համար հաճելի չէ   փոքրամասնություն  լինելը, և երբ հայտարարվում է, թե` ըստ սոցհարցումների հանրության 80 տոկոսը կողմ է հայ-թուրքական սահմանի բացմանը, հակառակ կարծիքի կողմնակիցները, հիմնականում խուսափելով «սպիտակ ագռավ» համարվելուց, հաճախ իրենց կամքից անկախ, ձգտում են նմանվել մեծամասնությանը: Արդյունքում, եթե 80 տոկոսը կհամարվի ուռճացված թիվ, ապա հարցման հրապարակումից հետո, այդ  թիվը, իրոք, կարող է  հասնել 80 տոկոսի և նույնիսկ անցնել:

Այն, որ  հարցումների ժամանակ հարցերի տարբեր ձևակերպումներից կարելի է ստանալ տարբեր պատասխաններ` առաջին անգամ ապացուցել են ամերիկացի հոգեբաններ Բ. Լոքքերբին և Ս. Բորելլին[2]: Օրինակ, նրանց փորձերի ընթացքում պարզվել է, որ ամերիկացիների այն հատվածը, ովքեր կողմ են օգնություն ցույց տալ Նիկարագուրայի հակակառավարական ուժերին` 1983-1986թթ-ին տատանվում էր 13-ից 42 տոկոսների միջև` կախված հարցի ձևակերպումից: Եթե հարցերում օգտագործվում էր Ռոնալդ Ռեյգանի անունը կամ գաղափարական այլ  պիտակներ` Նիկարագուրայի հակակառավարական ուժերին օգնելու պատրաստակամությամբ հանդես էին գալիս  շատերը: Իսկ եթե օգնության չափը նշվում էր դոլարներով և ներկայացվում էր խնդրի երկու կողմերը` օգնել ցանկացողների թիվը կտրուկ նվազում էր:

Սա սոցիալական հարցումների միջոցով մանիպուլիացիայի մի օրինակ է, իսկ նմանատիպ մեթոդները բազմաթիվ են:

Ինչպես տեսանք, «Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» հասարակական կազմակերպության կողմից մարզերում իրականացրած հարցման տարբերակներում ներկայացվում են միայն սահմանի բացման  տարբերակներ և հարցվողները, ինչպես նշեցինք, պարտադրված են ընտրել դրանցից մեկնումեկը: Սա հանրային կարծիքի մանիպուլիացիայի ամենատարածված մեթոդներից է և նպատակ ունի ցուցադրել իրականությանը չհամապատասխանող սոցհարցումների տվյալներ:

Օրինակ, Սիսյանում քվերակության արդյունքների ամփոփից հետո պարզ է դարձել, որ հայ-թուրքական հարաբերությունների զարգացման ամենացանկալի սցենար է ընտրվել «Քայլ ձիով»-ը: Նշված թեմայի շրջանակներում առաջարկվող սցենարը ենթադրում է, որ Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանի բացումը և երկխոսության սկիզբը կհանգեցնի երկու պետությունների միջև հարաբերությունների բարելավմանը: Նախադրյալներ կստեղծվեն նաև տնտեսության զարգացման և առողջ տնտեսական մրցակցային հարաբերություններ ստեղծելու համար` կապված տարածաշրջանում միջազգային կորպորացիաների կողմից արվող ներդրումների հետ:

Հիրավի գրավիչ տարբերակ է` տնտեսական զարգացում, ներդրումներ, առողջ տնտեսական մրցակցություն և այլն: Նման տարբերակի հետ չհամաձայնելն անմտություն է, բայց թե որքանո՞վ է այն համապատասխանում իրականությանը` ոչ ոք դրա մասին չի խոսում, իսկ հարցումների ավարտին  այլևս կհայտարարվի, որ բնակչության X տոկոսը (բնականաբար` մեծամասնությունը) կողմ է սահմանի բացմանը: Եթե ապագայում Թուրքիան կուլ տա մեր տնտեսությունը, ընդհատվի Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը, Հայաստանն էլ տարածաշրջանում դադարի որևէ դերակատարում ունենալուց, այդ ժամանակ դարձյալ  մատնացույց անելով  նման կեղծ հարցումները մեզ կփորձեն լռեցնել հակադարձելով` ինչո՞ւ եք բողոքում, չէ՞ որ ձեր  հանրությունն է նախընտրել սահմանի բացման տարբերակը:


[1] http://www.panorama.am/am/politics/2009/09/30/horse/

[2]Վահրամ Միրաքյան, «Երրորդ համաշխարհայինի զենքը», Երևան 2005թ., էջ 26

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Թեգեր` , , ,

Դիտել Լրահոս, Տեղեկատվական անվտանգություն, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն