Գլխավոր » NKR, Թուրքիա, Լրահոս, Ցեղասպանություն, Քաղաքականություն

Թուրքական մամուլի անդրադարձը Սարկոզիի այցին

Հոկտեմբեր 8, 2011թ. 10:06

turk mamulՆիկոլա Սարկոզիի Հայաստան այցելությունը  լայն արձագանք է գտել Թուրքական մամուլում:

Ինչպես տեղեկացնում է «Ազգ» օրաթերթը, այցին անդրադարձան թուրքական հանրային հեռուստատեսությունը, այլ հեռուստաընկերություններ եւ լրատվական գործակալություններ, ինչպես նաեւ էլեկտրոնային ու տպագիր մամուլը: Դրանց խնդիրը, սակայն, ոչ թե այցելության բնույթն էր, այլ Ֆրանսիայի նախագահի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման մասին Թուրքիային հասցեագրած հստակ ուղերձներն էին:

Թուրքական թերթերը, գրեթե առանց բացառության, նշել են, որ սա պատասխան այց է, որի ընթացքում «Ֆրանսիայի նախագահը այցելեց, այսպես կոչված, ցեղասպանության հուշարձան», «15-ի իրադարձությունները բնութագրեց որպես ցեղասպանություն, եւ Երեւանից դիմելով Թուրքիային` պահանջեց առերեսվել 1915-ի իրադարձությունների հետ եւ ունենալ այդ իրադարձությունները իբրեւ ցեղասպանություն բնութագրելու համարձակություն»:

Այս ամենի մասին գրելիս դրանք իրենց պարտքն են համարում թուրք ընթերցողին հիշեցնել, որ Ֆրանսիայում մոտենում են նախագահական ընտրությունները, երկրում Սարկոզին այլեւս ժողովրդականություն չի վայելում, հետեւաբար նրա Հայաստան այցելությունը, ցեղասպանության ճանաչման մասին արտահայտությունները պետք է վերագրել Ֆրանսիայի հայկական լոբբիին սիրաշահելու դրսեւորումներին, իհարկե, առանց նշելու թուրքական լոբբիի եւ ֆրանսաբնակ թուրքերի մասին, որոնք թվաքանակով գրեթե չեն զիջում ֆրանսահայերին:

Ի դեպ, հոկտեմբերի 6-ին, նախքան Ֆրանսիայի նախագահի ժամանումը Երեւան, նրա այցին թուրքական «Դունիա բյուլթենի» լրատվական գործակալությունը անդրադարձել էր «Սարկոզին դեսանտ է իջեցնում Հայաստան», իսկ «Աքշամ» թերթը` «Սարկոզին ասաց. սա ցեղասպանություն է» վերնագրերով: Մինչ այդ, հոկտեմբերի 4-ին այցին անդրադարձել էր գերմանական «Դոյչե վելլեն»:

Երեկվա համարներում արդեն թուրքական թերթերից «Սաբահը» Ֆրանսիայի նախագահի այցը լուսաբանեց «Սարկոզին մուտք է գործում մեր հետնաբակը», «Ենի շաֆաքը»ՙ «Սարկոն նորից գրավ է դնում Հայաստանի վրա», «Հյուրիեթը»ՙ «Սարկոզին Երեւանից դիմեց Թուրքիային», «Մուհալիֆ գազեթեն»ՙ «Սարկոզին սպառնաց Թուրքիային», «Գյունեշն» ու «Գերչեք գյոնդեմը»ՙ «Սա ցեղասպանություն է», «Իհլաս» հեռուստաալիքը կայքէջքումՙ «Սարկոզին նորից չափն անցավ», իսկ Եվրասիական ուսումնասիրությունների կենտրոնի կայքէջըՙ «Ոչ մի երկիր այնքան լավ չի կարող հասկանալ Լեռնային Ղարաբաղի նշանակությունը Հայաստանի համար, որքան Ֆրանսիան» վերնագրերով:

Կարծում ենք այս վերնագրերը հստակ պատկերացում են տալիս նախագահ Սարկոզիի Հայաստան այցելության թուրքական արձագանքների մասին, ուստի եւ ավելորդ են մանրամասները:

ArmAr.am

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Թեգեր` , ,

Դիտել NKR, Թուրքիա, Լրահոս, Ցեղասպանություն, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն