Գլխավոր » Infowar, Թուրքիա, Լրահոս, Վերլուծական, Տարածաշրջան, Տեղեկատվական անվտանգություն

Թուրքական հայորս՝ սոցցանցերով

Հուլիս 14, 2014թ. 23:21

Հայերս՝ Հայաստանում, թե սփյուռքում վերջին ամիսներին դարձել ենք թուրքական քարոզչամեքենայի թիրախը: Մեկը մյուսի հետևից լույսաշխարհ եկած հայ-թուրքական չեղած բարելամության ջատագով թուրքական տարբեր խմբեր, կազմակերպություններ զբաղված են հայաորսությամբ՝ սոցցանցերի միջոցով հայերին հավաքագրելով իրենց նախաձեռնությունների շուրջ: Գրեթե ամեն օր էլեկտրոնային հասցեներով, սոցիալական ցանցերով աշխարհի հայերին են ուղղվում թուրք-հայ բարեկամությունը գովերգող նամակներ, համագործակցության առաջարկներ, կազմակերպվում ստորագրահավաքներ: Հայերին ուղղվող նամակներում թուրքերը շողոքորթ զգացմունքայնությամբ խոսում են հայի ու թուրքի վաղեմի երազի՝ բարեկամաբար հարաբերվելու մասին: Իսկ սրտից թույլ հայերն էլ միանգամից հայտնվում են թուրքական ցանցում, ստորագրում ու դառնում սրանց քարոզչության զոհը:
Ֆեյսբուք սոսցցանցով 60-ից ավելի թուրքերի՝ հայերիս ուղղված հերթական զգացմունքային նամակներից մեկը սկսվում է այսպիսի հուզիչ խոսքերով՝ երազում ենք համատեղ հայերի և թուրքերի միջև խաղաղության ժամանակաշրջանի մասին. <Թուրքական Հանրապետության քաղաքական մշակույթը չափազանց երկար ժամանակ ուզեց թաքցնել հիմնական հանցանքը, Բայց ոչ ոք իրավասու չէ ջնջելու այն հրեշավոր իրադարձությունը, որ տեղի ունեցավ 1915 թվականին, ոչ էլ նրա հետևանքները>: Ի դեպ, <հրեշավոր իրադարձություն> բառակապակցությունը ողջ նամակում այդպես էլ չի ստանում իր իրական անվանումը՝ Ցեղասպանություն:

Ինչևէ, այս հայտնի <լոլո>-ներից հետո թուրք նամակագիրներն անցնում են բուն քարոզչության, նկատելով, թե այսօրվա Թուրքիան վերափոխվել է, սիրոհոժար կատարում է հայերի ցանկությունները, օրինակ.<արգելք չի դնում> ու բարեգթորեն թույլ է տալիս, որ իրականանան սփյուռքահայերի <տանջալից ցանկությունը՝ տեսնելու այն երկիրը, որի ծնունդ են իրենք>. ինչպիսի թուրքական հյուրընկալություն հայերիս հանդեպ՝ սեփական հայրենիքում:
Անշուշտ նախաձեռնության նպատակն է հայերի մեջ սերմանել այն վտանգավոր մտայնությունը, թե թուրքերն այլևս նախկին ցեղասպան ժողովուրդը չէ, թե քաղաքակրթվել է ու հայերս պետք է գնանք նրան ընդառաջ:
Այս ու նմանատիպ բովանդակությամբ նամակների հոսքը գնալով ուժգնանալու է,քանզի 2015-ին ընդառաջ Թուրքիան բոլոր ուղղություներով է անցել գրոհի:

Այն որ նման հասարակական նախաձեռնությունների թիկունքում Թուրքիայի իշխանությունն է,միակարծիք է թուրքահետ ՌՈՒԲԵՆ ՄԵԼՔՈՆՅԱՆԸ : Վերջինս ընդգծեց այն կետերը,որոնք հատուկ մշակվել են թուրքական իշխանության կողմից ու այսօր իրենց հկ-ների,առանջին խմբերի ձեռքով հրամցվում են հայ հասարակությանը:Իսկ քարոզչական հիմնական կետերից մեկը հանդուրժողականության,բարեկամության կեղծ քարոզն է:<Շեշտվում է իբրև թե հայերն ու թուրքերը մի քանի հարյուր տարի ապրել են հաշտ, եղել բարեկամ ժողովուրդներ և միայն 1915-ին է խախտվել այդ բարեկամությունը: Սա պատմության կեղծում է, քանի որ թյուրքական տարրի Հայկական լեռնաշխարհ ներթափանցմամբ հայերն ու թուրքերը մշտապես եղել են հակարամարտող կողմեր, եղել է զոհի ու հանցագործի, գողացողի ու իր ունեցվածքը մի կերպ փրկողի հակադրություն>:

Հայերին ուղղվող թուրքական նամակ-առաջարկներում անգամ կարող ենք հանդիպել թուրք ազգայնական առանձին գործիչների հասցեին հնչող սուր քննադատության: Մելքումյանը ընդգծում է սա նպատակադրումը ևս, այն է՝ հայերի դեմ կատարված ոճրագործության մեղքը բարդել մի քանի թուրք հանցագործների կամ կուսակցության պարագլուխների վրա, դրանով ներկայացնել, թե ցեղասպանությունը կազամակերպել է ոչ թե պետական մեքենան՝ պետական միջոցներով, այլ ընդամենը մի քանի հանցագործներ, ու փորձել ձերբազատվել ցեղասպան պետություն բնորոշումից:< Սակայն իրականությունն այն է, որ Հայոց ցեղասպանությունն իրականացրել է իր մտածողությամբ ցեղասպան թուրքական պետությունը>:

Հայ ընթերցողի ականջին հաճելի լինելու համար թուրքական հասարակական կազմակերպություններն այսպիսի առաջարկ են դրել շրջանառության մեջ. <Հայերին տալ արտոնյալ մուտքի իրավունք Սև ծովի նավահանգիստներից>: Եթե այս հարցը մեկ այլ ժամանակ կարող է դառնալ քննակման առարկա, ապա ամենևին ոչ այսօր՝ 2015-ին ընդառաջ, քանի որ, ըստ թուրքագետի, այստեղ ևս ակնհատ է միտումը: Հայ ժողովրդը հայրենազրկվել է իր հազարամյա բնօրրանից և այսօր դրա իրականացնող թուրքը հային <բարեգթորեն> առաջարկում է օգտվել նավահանգիստներից .<Սա այլ բան չէ, քան սոցիալ-տնտեսական խնդիրներն առաջ մղելով խուսափել հայության արդար պահանջատիությունից> :

Նախաձեռնության առաջարկներից մեկն էլ սա է.<Մենք երազում ենք այն մասին, որ երկրները հոգեպես բաժանեն Արարատ լեռը: Արարատ լեռը դառնում է բնության վիթխարի մի պարտեզ, գրանցված ՅՈՈՒՆԵՍԿՕ-ի կողմից մարդկության համաշխարհային ժառանգության ցանկում, և բաց, իբրև ազատ տարածք, թուրքերի և հայերի երկրների համատեղ տնօրինության ներքո: Մարդկության հայտնության այդ խորհրդանշական վայրը դառնում է աշխարհի փարոսը>: Այս առաջարկի հետևում թուրքագետը դարձյալ նույն՝ թւրքական քարոզչությունն է տեսնում:<, Արարատ լեռը հայ ժողովրդի սիմվոլներից է , ամենակարևորը, ու մենք չենք պատրաստվում այդ սիմվոլը կիսել որևէ այլ ազգի հետ, մանավանդ այն ազգի, որն այլ վայրեից ներթափանցելով մեր բնօրրան, տիրացել է մեր հայրենիքին: Սա ևս շատ վտանգավոր միտք է, եթե մենք սկսենք մտածել ու կիսել մեր սինվոլները մեկ այլ ազգի հետ, ապա դա հետզհետե կդադարի լինել մերը, կդադարի լինել հայկական:Սա անընդունելի է: Ինչպես ծնողիդ չես կարող կիսել որևէ մեկի հետ, այնպես էլ հայի ինքնության կարևոր բաղադրիչը մենք չենք պատրաստվում կիսել թուրքերի հետ: Սրա միտումը մեկն է՝ հավասարեցնել երկու ժողովուրդների ցավերը, սա յան է ինչ հայտարում է Դավութողլուն, իբրև <արդար հիշողություն>: Սա թուրքական պետական քաղաքականության մշակված քայլերից է>:

Ռուբեն Մելքումյանը դիմելով հայ հանրությանը զգուշացնում է՝ թուրք անհատներից, հկ-ներից ստացվող նման նամակներն անտեսել, չպատասխանել, նրանցում Թուրքիայի ԱԳ նախարարի, վարչապետի մոտեցումներն են, որոնք ավելի լավ փաթեթավորված, քողարկված հրամցվում են միամիտ հայ զրուցակիցներին, որոնք այդպես էլ չեն հասկանում իրական ենթատեքստը : Այս ամենը կեղծիք է լռեցնելու ամենակարևորը՝ Հայոց պահանջատիրության ձայնը, անտեսելու ՝ ցեղասպանության ճանաչման, դատապարտման ու փոխհատուցման գիտակցումը:

Բայց եթե սովորական հայը կարող է չնկատել թուրքական կեղծիքը, ապա ի՞նչ անուն տալ, երբ հայաստանյան որոշ հկ-ներ են կուլ տվել խայծը ու հսկայական գրանտներով ոգևորված լծվել Թուրքիայի կողմից իրականացվող հակահայկական քարոզչությանը: Մի փորձ էլ Change.org-ից օրերս տարածված հերթական նամակ-առաջարկությունն է, ուր թուրք Ույգարը, Սըրման և Զեննուբէն հորդորում են հայերին ներկայացնել հայտադիմում ու միանալ իրենց՝ <հրաշալի 8 ամսյա համագործակցությանը>: Նկատենք, որ Change.org-ը ամերիկյան կայք է, որը թուրքերին է փոխանցել այդ կայքից օգտված հայերի էլ.հասցեները, փաստորեն, այստեղ էլ գործ ունենք թուրք-ամերիկյան գործարքի հետ:
Ի դեպ, ինչպես նշվում է Change.org-ից եկած նամակում, այս առաջարկը գալիս է Հրանտ Դինքի հիմանդամից: Ցավալի է, բայց փաստ՝ Հրանդ Դինք հիմնադրամը նույնպես ներգրավված է հակահայկական քարոզչական գործին: Ավելին՝ մեր տեղեկություններով մի շարք հայաստանյան կառույցներ ևս, որոնց թվում է «Սիվիլիթաս» և <Եվրասիա> հիմնադրամները ևս լծվել են թուրքական քարոզչության պրոպագանդային ֆինասավորելով հայաստանյան որոշ կազմակերպությունների:

Քարոզչության ոլորտի փորձագետ Կարեն Վրթանեսյանը նկատում է՝ սա թուրքական լայնածավալ քարոզարշավ է, որն հենց այնպես չի կազմակերպվել, թուրքերը ակտիվորեն պատրաստվում են <դիմավորել> Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը:
Հետևելով տեղական ու թուրքական հկ-ների ծրագրերին, որոնք բավական ժամանակ է ինչ մասնագիտացել են այդ չեղած բարեկամության <հաստատման> ոլորտում, Կարեն Վրթանեսյանը համոզվել է, որ նրանք բավական լուրջ ֆինանսական ներարկում են ստացել թե՛ Թուրքիայից, թե ամերիկյան ու եվրոպական<սպոնսերներից>. <Վառելիքը լցրել են ու թուրքական քարոզչամեքենան սկսել է իր սև գործը>:

Ըստ փորձագետի թուրքական կողմն այսօր իրականացնում է տեղեկատվական քարոզչության մեջ հայտնի ՝ սպիտակ աղմուկ ասվածը, երբ նպատակը որևէ հիմանկան խնդրից հանրության ուշադրությունը շեղելն է, հետևաբար, դրան զուգահեռ մեկ այլ թեմայի շուրջ մեծ աղմուկ բարձարացնելը: Եվ 2015-ին ընդառաջ հայոց պահանջատիրության ձայնը խլացնելու նպատակով թուրքական հկ-ները բարձրացնում են <հայ-թուրքական բարեկամության, անցյալը մոռանալու, շաքարաջրային աղմուկը>: Ցավալին ու մտահոգիչն այն է, որ դա արվում է տեղական կազմակեպությունների հետ ձեռք ձեռքի տված:
Իսկ հիմա ուշադրություն դարձնենք հետևյալ փաստի վրա. Թուրքիայից, Արևմուտքից հոսող գրանտները տրամադրվում են ընդամենը 8 ամսվա համար, այսինքն, մինչև 2015-ի ապրիլ և բոլոր ծրագրերը ավարտվում են Հայոց ցեղասպանության հարյուրամյակի տարելիցի նախօրեին: Միթե պարզորոշ չէ՞ իրական միտումը:

Զրուցակիցներս ևս համակարծիք են մեր այն դիտարկմանը, որ հայաստանյան ՀԿ-ների թուրքական քարոզչամեքենայի հետ համագործակցությունը այլ բան չէ, քան ազգային անվտանգության խնդիր: Միաժամանակ նկատելով՝ ցավոք, ՀԱյստանում այսօր չկա որևէ օրենք, որով հնարավոր կլնի կասեցնել նման հասարակական կազմակերպությունների քայլերը: Մնում է մարդիկ սթափվեն, ազգային շահն ընկալեն ու հեոռւ կանգնեն իրենց կեղտոտ խաղերից:

ԱՐՄԻՆԵ ՍԻՄՈՆՅԱՆ

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել Infowar, Թուրքիա, Լրահոս, Վերլուծական, Տարածաշրջան, Տեղեկատվական անվտանգություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն