Գլխավոր » Culture-Hogevor, Genocide, Hay-turq, Լրահոս, Մշակույթ

Էմիր Կուստուրիցա. Գերբնական մի ուժ կխնդրեի, որ աշխարհը հետ պահեի վերահաս պատերազմի վտանգից

Դեկտեմբեր 25, 2015թ. 15:45
ԿՈւստուրիցա

Աշխարհահռչակ կինոբեմադրիչ և երաժիշտ էմիր Կուստուրիցան Երևանում է: ՄՀՀ-ում The No Smoking Orchesta ռոք-ֆոլք խմբի հետ կայանալիք համերգից առաջ հայտնի սերբը հանդիպեց լրագրողների հետ:

«Ինձ համար հաճելի է գտնվել մի երկրում, որի ժողովուրդն ընդհանրություններ ունի իմ ժողովրդի հետ,- ասաց Կուստուրիցան:- Չնայած մի մեծ տարբերություն կա. դուք միասնական եք, ձեզ ճանաչում են որպես Ցեղասպանություն տեսած ժողովուրդ, ունեք պետականություն: Սերբերիս պատմությունն այլ ընթացք է ստացել. Մենք էլ պարբերաբար հալածվել ենք, ցեղասպանության ենթարկվել, սակայն մենք համախմբված չենք, և մեզ փորձում են ոչ թե զոհ, այլ հանցագործ ներկայացնել: Երկրորդ աշխարհամարտում 800 հազար սերբ է կոտորվել, դրա մասին կան փաստաթղթեր և վկայություններ, մինչդեռ Եվրոպայի համար դա չի եղել: Ձեր երկրում ամեն ինչ աներկբա է»: Ռեժիսորը պատմեց Թուրքիա իր այցի մասին. հաշվի առնելով սերբերի հետ կապված իր դիրքորոշումը՝ հարևան երկիրը չի ողջունել իր այցելությունը: «Դուք չէ, որ պետք է դատեք ցեղասպանության մասին, քանի որ Առաջին աշխարհամարտին կոտորել եք միլիոնավոր հայերի»,- հակադարձել է նա: Մեկնելուց հետո Կուստուրիցայի նման մի ռեժիսորի թուրքերը ծեծել են: «Հետևություն. եթե որոշել եք ֆիլմ նկարել, ինձ նման չպետք է լինեք»,- նկատեց բեմադրիչը:

Հարցին, թե ամանորյա ի՞նչ նվեր կուզենար ստանալ, բանախոսը պատասխանեց. «Հաստատ կոկա-կոլա չեմ ուզի, քանի որ նա աստիճանաբար Սանտային իրենով է անում: Գերբնական մի ուժ կխնդրեի, որ աշխարհը հետ պահեի վերահաս պատերազմի վտանգից: Եվ կխնդրեի, որ Մարադոնան գործազուրկ չլիներ»:

Ռեժիսոր, կինոբեմադրիչ Կուստուրիցան խոստովանեց, որ նախընտրում է գրող Կուստուրիցային:
Նա տեղեկացրեց, որ աշխատում է On The Milki Road filmi վրա, որտեղ նկարահանվում է Մոնիկա Բելուչին: «Այդ ֆիլմում և գլխավոր ռեժիսորը, և գլխավոր դերակատարը ես եմ, բայց գիտեմ, որ այլևս երբեք այդպես չեմ անի»,- ընդգծեց բեմադրիչը:

Էմիր Նեմանյա Կուստուրիցան բազմաթիվ պարգևների է արժանացել Եվրոպայի խոշորագույն փառատոներում, Պատվավոր լեգեոնի շքանշանի ասպետ է, Սերբիայի Հանրապետության Գիտությունների ակադեմիայի արտասահմանյան անդամ]։ Բացի կինոյում աշխատանքներից, Կուստուրիցան հայտնի է որպես The No Smoking Orchestra ֆոլկ-ռոք խմբի անդամ։

2007 թվականի սեպտեմբերի 8-ին Կուստուրիցան՝ մի շարք այլ սերբ գործիչների հետ ճանաչվեց UNICEF-ի բարի կամքի դեսպանՍերբիայում։ Այժմ նա բնակվում է իր իսկ կառուցած գյուղում՝ Դրվենգրադում, որը կառուցել էր «Կյանքը հրաշալի է» ֆիլմի համար։

Կուստուրիցայի համերգը The No Smoking Orchesta ռոք-ֆոլք խմբի հետ անցկացվում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի և ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ: Այն կազմակերպել են «Մեցցո Պրոդաքշն» և «Ալմազյան Պրոդաքշն» ընկերությունները:

ՄԱՐԻՆԵ ՂԱՐԱԽԱՆՅԱՆ

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել Culture-Hogevor, Genocide, Hay-turq, Լրահոս, Մշակույթ բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն