Գլխավոր » TOP, Իրան, Լրահոս, Ռուսաստան, Տարածաշրջան, Տնտեսություն

Երևանը, հայ-իրանական երկաթգծի կառուցմամբ, պատուհան կբացի դեպի Պարսից ծոց. Независимая газета

Հունիս 19, 2015թ. 14:22
աբխազական երկաթուղի

Հայաստանի և Իրանի միջև երկաթգիծը կկառուցվի: Դա հետևում է մի շարք պաշտոնատար անձանց հայտարարություններից, գրում է Независимая газета-ի քաղաքական մեկնաբան Յուրի Ռոքսը:

Այժմ հիմնական շեշտը դրվում է աշխարհաքաղաքական շահերի, այլ ոչ ճանապարհի ծախսերը հետ բերելու ժամկետի վերաբերյալ հաշվարկների վրա: Հնարավոր է՝ հայ-իրանական երկաթգծի կառուցման նախագիծը սկսվի արդեն այս տարի, գրում է նա:

Իրանում Հայաստանի Հանրապետության դեսպան Արտաշես Թումանյանն իրանական «Ֆարս» գործակալությանն ասել է, որ Թեհրանը Հայաստանի հետ սահմանին 60 կիլոմետր երկարությամբ երկաթուղային ճանապարհ կկառուցի: Նա հիշեցրել է, որ շարունակվում է Վրաստանի սահմանից մինչև Մեղրի «Հյուսիս-Հարավ» ավտոմայրուղու կառուցումը, որի շնորհիվ Հայաստանը կարող է կապել Պարսից ծոցի տարածաշրջանը Սև ծովի հետ: Այդ նախագիծը նախատեսում է մասշտաբային տերմինալի կառուցում: Թումանյանը նշել է, որ Պարսից ծոց դուրս գալը դեռ վաղուց հետաքրքրել է Ռուսաստանին, իսկ այժմ՝ նաև ողջ Եվրասիական տնտեսական միությանը:

Հեղինակը գրում է, որ Երևանի դիրքորոշումը հասկանալի է. դեպի Իրան երկաթուղային ճանապարհը Երևանին օդի պես անհրաժեշտ է, և պատահական չէ, որ երկաթգծի կառուցման ծրագիրը Հայաստանում առաջնահերթություն է։ Երևանը չինական ընկերությունների մասնակցության հույսեր ունի, մեծ հույսեր են կապվում նաև Ռուսաստանի հետ:

Չնայած դրան՝ վերջերս «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի նախագահ Վլադիմիր Յակունինի հայտարարությունը Հայաստանի համար սառը ցնցուղ է դարձել: Նա հայտարարել էր, որ Իրանի և Հայաստանի միջև երկաթուղային հաղորդակցության ստեղծման ծրագիրը ոչ մի արդյունավետություն չունի: «Դա նույնն է, թե պատի մեջ ոչ մի տեղ չտանող պատուհան բացես դեպի հարևանի տուն»,- հայտարարել էր նա: Նրա խոսքերից հետևում էր, որ տնտեսական շահ դեռ չկա, և դրան հասնել այն պայմաններում, որոնցում գտնվում է Հայաստանը, բավական դժվար է:

Ավելի ուշ «Ռուսական երկաթուղիների» պաշտոնական կայքում հայտնվել է հաղորդագրություն, որը «շտկել» է Յակունինի հայտարարությունը և ընդգծել, որ «աշխարհաքաղաքական տեսանկյունից երկաթուղային գծի կառուցման նախագիծը կարևոր ռազմավարական նշանակություն ունի Հայաստանի Հանրապետության համար»: Հստակեցված դիրքորոշումը կայանում է նրանում, որ «Ռուսական երկաթուղիները» հավանաբար պատրաստ է իրանահայկական ճանապարհի կառուցման նախագծի իրականացմանը, բայց՝ պետական աջակցությամբ:

EUDaily-ն մեջբերում է Երևանի պետական համալսարանի իրանագիտության ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանի կարծիքը, ով նշել է, որ ռուսական կողմի դիրքորոշման կտրուկ փոփոխությունը կարող է պայմանավորված լինել «Մոսկվայում ինչ-որ լուրջ խոսակցությամբ» և հայկական կողմի չթուլացող ճնշմամբ: EUDaily-ն հիշեցնում է նաև այս ամենին նախորդած «Հարավկովկասյան երկաթուղիների» գլխավոր տնօրեն Վիկտոր Ռեբեցի հայտարարությունը, ով չի բացառել, որ Իրան-Հայաստան երկաթգծի կառուցումը կարող է սկսվել 2015 թվականի կեսից:

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել TOP, Իրան, Լրահոս, Ռուսաստան, Տարածաշրջան, Տնտեսություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն