Գլխավոր » Politics, Ադրբեջան, Թուրքիա, Լրահոս, Հարցազրույցներ, Տարածաշրջան, Տեղեկատվական անվտանգություն, Քաղաքականություն

Եվրոպայի խորհուրդը դառնում է Միլի Մեջլիս, ուր չափազանց դժվար է աշխատելը

Հունիս 16, 2015թ. 22:20

Հարցազրույց ՀՅԴ խորհրդարանական խմբակցության ղեկավար ԱՐՄԵՆ ՌՈՒՍՏԱՄՅԱՆԻ հետ

-ԵԽ ԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի` «Ադրբեջանում ժողովրդավարական ինստիտուտների գործունեության» վերաբերյալ զեկույցում տեղ է գտել խիստ վտանգավոր հակահայկական ձեւակերպում, այն է` «Հայաստանը օկուպացրել է Լեռնային Ղարաբաղի տարածքները», ինչի առնչությամբ թե՛ Հայաստանում, թե՛ Արցախում կա լուրջ մտահոգություն: Առջեւում ԵԽ ԽՎ ամառային նստաշրջանն է, ուր քվեարկության է դրվելու այս փաստաթուղթը: Արդարացվա՞ծ է մեր անհանգստությունը, որ եվրոպացի պատգամավորները կարող են քվեարկել ու ընդունել նման ադրբեջանահաճո բանաձեւ:

-Մեր մտահոգությունը արդարացված է, ու վաղուց ենք մենք ահազանգում եվրոպական այդ կառույցում տիրող վիճակի մասին: Թուրք-ադրբեջանական տանդեմի գործունեության շնորհիվ առաջացել է մի իրավիճակ, երբ Եվրոպայի խորհուրդը գնալով նմանվում է ադրբեջանական Միլի մեջլիսին, որտեղ աշխատելը դառնում է չափազանց դժվար:
Եվ իսկապես, այս տարիներին Ադրբեջանը, իրեն բնորոշ միջոցներով, հնարավոր լծակներով ոչ միայն Եվրոպայի խորհրդում, այլեւ եվրոպական տարբեր երկրներում օգտագործելով իր նավթային հարաբերությունները, կարողացել է ձեւավորել պրոադրբեջանական լոբբինգ, որի դեմ պայքարելը դարձել է չափազանց դժվար, եթե չասեմ` գրեթե անհնարին:
Եվրոպայի խորհուրդը իր սկզբնավորման առաջին շրջանում համարվել է եվրոպական արժեհամակարգի իրական տաճար եւ լուրջ դեր ունեցել մարդու իրավունքների պաշտպանության, ժողովրդավարության, իրավական պետության կայացման հարցում: Հայաստանի անդամակցության առաջին տարիներին այս կառույցը դեռեւս իր այդ դերը պահպանել էր, հիշում եմ, որ մենք մեր հիմնավոր փաստարկներով կարողանում էինք հեշտությամբ չեզոքացնել ադրբեջանական խոցելի մոտեցումները:
Բայց ժամանակի ընթացքում Ադրբեջանն իր ամբողջ ուժը կենտրոնացրեց՝ աշխատելով եվրոպական կոնկրետ պատգամավորների վրա: Եվ այսօր արդեն նույն Եվրախորհրդում իշխում է նավթախավիարական «դիվանագիտությունը», հսկայական գումարներ են ծախսվում ադբեջանական քարզչությունն առաջ տանելու համար: Սա իրականություն է, փաստ:

-Կխնդրեի ասվածը նեկայացնել կոնկրետ փաստերով:

-Փաստերը բազմաթիվ են, որոնք վկայում են, թե որքան հզոր է պրոադրբեջանական լոբբին Եվրոպայի ներսում: Ադրբեջանը միակ երկիրն է, որը կարողացել է իր լոբբինգի միջոցով հասնել նրան, որ իրենց նախագահը կարողանա հավերժ նախագահել: Այսինքն` հանվել է այն սահմանափակումը, որ գոյություն ունի մնացած բոլոր երկրների պարագայում, միայն Ադրբեջանում է, որ նախագահի պաշտոնը կարող է ժառանգաբար փոխանցվել:

-Փաստորեն Եվրոպան ի՞նքն է նպաստում խանական Ադրբեջանի կայացմանը:

-Այո, եւ դա սկսվեց հայր Ալիեւից հետո, երբ նախագահի պաշտոնը փոխանցվեց որդուն` Իլհամին, վերջինս էլ որպեսզի կարողանա իր իշխանությունը դարձնել հավերժ, հենց Եվրոպայի խորհրդի միջոցով հանեց այդ մանդատի սահմանափակումը: Իր այդ քայլը արդարացնելու համար Եվրախորհուրդը նշեց` Ադրբեջանը առանձնահատուկ վիճակում է գտնվում, նրան կարելի է թույլ տալ այդ բացառությունը:

-Իսկ ո՞րն է Ադրբեջանի այդ «առանձնահատկությունը»:

-Օգտագործեցին ԼՂ հակամարտության հանգամանքը, այսինքն` Ադրբեջանի ժողովրդավարացման գործընթացը կապեցին բացառապես ԼՂ խնդրի հետ: Ասվեց, որ Ադրբեջանը գտնվում է հակամարտության մեջ, ու դա այնքա՜ն է ազդում այդ երկրի վրա, որ դժվարացնում է ամեն մի դրական գործընթացի իրականացում Ադրբեջանում, ուրեմն Եվրոպայի խորհուրդը պետք է «ըմբռնումով մոտենա» այդ երկրում տեղի ունեցող ժողովրդավարության հետ կապված խնդիրներին:
Եվ հետեւություն արվեց` Ադրբեջանը պետք է լինի կենտրոնացված պետություն ագրեսորի դեմ պայքարում: Ագրեսորն էլ, փաստորեն, հայկական կողմն է: Տեսեք, թե ինչպես են աշխատում:
Սրան հաջորդեցին այլ դրսեւորումներ եւս: Եվրախորհրդում ձախողվեց այն բանաձեւի ընդունումը, որով սահմանվում էր, որ Ադրբեջանում կան քաղբանտարկյալներ: Այսինքն, Ադրբեջանը Եվրախորհրդի միջոցով հասավ նրան, որ ապացուցեց` իր երկրում չկան քաղբանտարկյալներ:
Ասեմ ավելին՝ Ադրբեջանը Եվրոպայի խորհրդի կանոնակարգին հակասող գործողություններով, նաեւ իր ստանձնած պարտավարություններին հակասող գործողություններով ուղղակի արգելեց քաղբանտարկյալների հարցով զեկույց պատրաստող պատգամավորի մուտքը Ադրբեջան: Տեղի ունեցավ զավեշտալից իրավիճակ. Ադրբեջանի նախագահության ժամանակ Եվրոպայի խորհրդի բյուրոն իր լիարժեք կազմով չկարողացավ հավաքվել Բաքվում տեղի ունենալիք նիստին, որովհետեւ Ադրբեջանն իր սեւ ցուցակի մեջ ընդգրկել էր, օրինակ` բյուրոյի անդամ, իրենց պատվիրակության ղեկավար, ֆրանսիացի պատգամավոր Ռենե Ռուքեին, որին պարզապես Ադրբեջանը արգելեց մասնակցել բյուրոյի նիստին: Նման «դեպքեր» չեն կարող տեղի ունենալ մեկ այլ երկրի պարագայում ու մարսվել:

-Ձեր թվարկածները փաստում են միմիայն մի բանի մասին` Եվրոպայի դեմքն է աղճատվել: Եթե Ադրբեջանի կոռուպցիան բացիլի պես մտել է եվրոպական տարբեր կառույցներ, կնշանակի ժողովրդավարության արժեքների ճգնաժամ է հենց Եվրոպայում:

-Այո, եւ ժողովրդավարության արժեքների ճգնաժամը փաստող նման օրինակները կարող եմ շարունակել:
Ադրբեջանում քաղբանտարկյալների հարցով պետք է նշանակվեր նոր զեկուցող: Նախ՝ Ադրբեջանը ամեն ինչ արեց, որ բյուրոյով այն չեզոքացվի, չնայած նրան, որ կանոնակարգը թույլ էր տալիս տեղում քվեարկել ու հաստատել զեկուցի պատրաստումը: Սակայն որոշումից հետո իրենք ամեն ինչ արեցին, որ այդ զեկույցի համահեղինակ լինի ադրբեջանական լոբբինգի ամենակարկառուն դեմքերից մեկը` Պեդրո Ագրամունդին:
Ու տեսեք, թե ինչ արեցին. այդ օրը իրավական հարցերի հանձնաժողովում անշլագ էր, ուղղակի տեղ չկար, որովհետեւ բերել էին իրենց լոբբիստ պատգամավորներին: Ադրբեջանն այդ օրը, իսկապես, կարողացավ ցույց տալ իր ուժը եւ քվեարկությամբ հասավ նրան, որ քաղբանտարկյալների մասին զեկույցը պետք է կազմի միմիայն իրենց համար ցանկալի, իրենց «կոնտրոլի» տակ գտնվող անձը: Եվ հասան իրենց ուզածին: Բայց դա աբսուրդ, անընդունելի քայլ էր, քանի որ Պեդրո Ագրամունդին արդեն մեկ այլ հարցի զեկուցող է: Մի խոսքով, Ադրբեջանը հասել է մի իրավիճակի, որ կարողանում է անսանձ կերպով իր նպատակներն իրականացնել Եվրոպայի խորհրդում:

-Բնականաբար Ադրբեջանի ցանկությունները նույնքան անսանձ դրսեւորվում են նաեւ Ղարաբաղյան հարցում:

-Իհարկե, դրա վկայությունն է նոր պատրաստվող զեկույցը Սարսանգի ջրամբարի մասին: Սա բացարձակապես քաղաքական խնդիրների հետ կապ չունեցող, զուտ հումանիտար հարց է, բայց իրենք այդ զեկույցի մեջ մտցրել են այնպիսի կարեւոր քաղաքական դրույթներ, որոնք հետագայում օգտագործելու են հենց քաղաքական նպատակներով: Այսինքն՝ այդ զեկույցն արդեն իսկ գրվում է հեռահար նպատակներով:
Նույնպիսի սխալ ընտրություն կատարվեց նաեւ Մեծ Բրիտանիայի պատվիրակ, ադրբեջանական լոբբինգի կարկառուն դեմքի` Ռոբերտ Վոլտերի պարագայում։ Մենք սկզբից եւեթ ասում էինք` ոչ միայն վերնագրով` «Լեռնային Ղարաբաղում եւ Ադրբեջանի մյուս օկուպացված տարածքներում բռնությունների աճ», այլեւ ներկայացված անձով արդեն իսկ կանխորոշված է, թե ինչպիսի բովանդակություն կունենա այդ զեկույցը: Վոլտերը ամեն ինչ անելու է, որ հաճոյանա Ադրբեջանին: Ի դեպ, բոլորովին վերջերս նա դարձել է Թուրքիայի քաղաքացի: Ստացվում է, որ Թուրքիայի քաղաքացին պետք է գրի «անաչառ» զեկույց Ղարաբաղի վերաբերյա՞լ:
Ես բերեցի մի շարք օրինակներ ու ներկայացրի իրականությունը, որպեսզի մեր հասարակությունը պարզ հասկանա, թե մենք Եվրոպայի խորհրդում ինչպիսի մարտահրավերի առաջ ենք կանգնած:

-Եթե Հայաստանի առաջ ոչ միայն Եվրոպայի խորհրդում, այլեւ եվրոպական բոլոր կառույցներում ակտիվորեն աշխատում է թուրք-ադրբեջանական լոբբին, այս իրավիճակում որքանո՞վ է արդարացված, որ քննադատության սլաքն ուղղվում է իշխանությանն ու հայկական պատվիրակությանը, թե ոչ հայանպաստ բանաձեւերի ի հայտ գալը երկուստեք վատ աշխատանքի հետեւանք է:

-Ուզում եք վաղն իսկ փոխեք մեր պատվիրակությունը, տարեք այդ քննադատողների համար ամենից ընդունելի անձանց, վստահ եմ` ոչինչ չի փոխվելու, այդ պայմաններում նրանք որեւէ բան չեն կարողանա անել: Այդ կերպ մտածողներին կասեմ` գնացեք Միլի մեջլիս ու կանխեք հակահայկական փաստաթղթի ընդունումը:
Կան օբյեկտիվ պատճառներ, որոնք չտեսնել չի կարելի: Գործ ունենք արդեն ձեւավորված հզոր լոբբինգի հետ, որն աշխատում է Հայաստանի դեմ, աշխատում է Ադրբեջանի համար, սպասարկում նրա շահերը: Այդ սպասարկման հետեւանքով է, որ Եվրախորհրդարանը աչք է փակում Ադրբեջանում գոյություն ունեցող բոլոր խնդիրների վրա:
Իհարկե Հայաստանը կամ հայկական պատվիրակությունը կարող են շտկել, ավելի կատարելագործել մարտավարությունը, բայց պետք է հասկանալ, որ մենք գործ ունենք մի միջավայրի հետ, որտեղ ամեն ինչ կանխորոշված է, եւ սրա հետ հաշվի չնստելը նշանակում է անտեսել իրականությունը:
Կարելի է խոսել նաեւ մեր թերացումների մասին, այն իմաստով, որ պետք է ժամանակին համապատասխան` հետեւողական, ծրագրված մարտավարություն մշակեինք թուրք-ադրբեջանական տանդեմի դեմն առնելու համար:
Բայց պետք է ասեմ նաեւ, որ ադրբեջանական լոբբին միայն Հայաստանի դեմ չէ ակտիվ աշխատում: Նրանք ամեն ինչ անում են, որ Ադրբեջանի դեմ եղած բոլոր լուրջ քննադատությունները չեզոքացվեն եվրոպական կառույցներում, որպեսզի աչք փակվեն նրա ժողովրդավարական ինստիտուտների չկայացածության ու բազմաթիվ ներքին խնդիրների առաջ:

-Ի՞նչ պետք է անել Եվրախորհրդարանում ադրբեջանական նավթախավիարական պատնեշը հաղթահարելու համար:

-Կա մի քանի ուղղություն. նախ պետք է հստակ բարձրաձայնել ու ապացուցել, որ այդ ամենն ուղղված է խափանելու բանակցային գործող ձեւաչափը: Ինչո՞ւ. որովհետեւ ներկայիս ձեւաչափով Ադրբեջանին ներկայացվում են առաջարկներ, որոնք նրան ձեռնտու չեն, այդ պատճառով Ադրբեջանն ամեն ինչ անում է վարկաբեկելու ե՛ւ հայկական կողմերին ու մեր մոտեցումները, ե՛ւ խոսում է Մինսկի խմբի դեմ:
Ադրբեջանի նպատակն է հասնել ձեւաչափի փոփոխության, որովհետեւ տեսնում է, որ համանախագահները, քաջածանոթ լինելով խնդրին, սեղանին դնում են Ադրբեջանին ոչ ձեռնտու առաջարկներ, ու որպեսզի խուսափի այն մեղադրանքից, թե ինքն է ձախողում բանակցային գործընթացը, մեղքը փորձում է բարդել հայկական կողմի ու միջնորդների վրա:

Եվ վերջապես. Ադրբեջանը ուզում է հարցը տեղափոխել այլ ատյաններ, որտեղ ինքն իրեն ավելի ուժեղ է զգում ու կարող է անցկացնել բանակցային գործընթացում իր դիրքերն ամրապնդող բանաձեւեր:
Կարծում եմ, հայկական պատվիրակության թիվ մեկ խնդիրն է իրականացնել հետեւյալ մարտավարությունը. հասնել նրան, որ Եվրոպայի խորհուրդը ինքը հասկանա եւ խուսափի դառնալ Ադրբեջանի քարոզչության գործիքը ու չմեղադրվի բանակցային գործընթացում Ադրբեջանի դիրքերը ամրապնդելու մեջ: Իսկ դա հարցի լուծման` առանց փոխզիջումների մարտավարությունն է, այսինքն` չկա փոխզիջում, չկա բանակցություն: Եթե գործեց այս բանաձեւը, կնշանակի` պատերազմ:
Այսպիսով Եվրոպայի խորհուրդը դառնում է գործիք մի երկրի ձեռքին, որն ամեն ինչ անում է լայնածավալ պատերազմական գործողություններ իրականացնելու համար: Այս գիտակցումը տարածելու ուղղությամբ մենք նախ պետք է աշխատենք:

Հաջորդն այն է, որ մենք եվրոպական այդ կառույցում պետք է վերացնենք բանակցային գործընթացի անարդյունավետությանը նպաստող բոլոր պատճառները: Իսկ հիմնական պատճառն այս է` իրական բանակցություններ չեն կարող տեղի ունենալ, քանի դեռ հակամարտության բոլոր կողմերը ներկա չեն այդ գործընթացում: Խոսքս ԼՂՀ-ի բացակայության մասին է:
Ադրբեջանը ամեն ինչ անում է, որ Ղարաբաղը չներկայանա բանակցային գործընթացին, ու իր այս մարտավարությամբ նա հաջողել է աղավաղել հակամարտության բուն էությունը: Մենք այս ուղղությամբ պետք է աշխատենք եւ թույլ չտանք, որ որեւէ փաստաթուղթ Եվրոպայի խորհրդում ընդունվի առանց լիարժեք քննարկման, առանց շահագրգիռ բոլոր կողմերի մասնակցության:

Մյուսը. չպետք է թույլ տրվի, որ Ադրբեջանի պահանջով արհեստականորեն ընդլայնվի Հայաստանի պարտավորությունների շրջանակը: Ըստ էության, Եվրոպայի խորհուրդը Ադրբեջանի թելադրանքով անում է ամեն ինչ, որ Հայաստանի պարտավորությունները Ղարաբաղի մասով ընդլայնվեն:
Բացատրեմ ասելիքս: Մենք Ղարաբաղի հետ կապված ունենք պարտավորություններ, որոնք ընդունել ենք Եվրոպայի խորհրդին 2001-ին անդամակցելիս, համաձայն որի Հայաստանի դերն ու պարտավորությունն է ազդել Ղարաբաղի հայության վրա, որպեսզի հարցը լուծվի խաղաղ ճանապարհով: Մինչդեռ այսօր այլ պահանջներ են դրվում Հայաստանի առաջ։ Դա 14/16 բանաձեւով մեր առաջ դրվող պահանջն է` դուրս բերել զորքերը, այսպես կոչված, օկուպացված տարածքներից:

Բայց նման պահանջ 2001-ին չդրվեց Հայաստանի առաջ, երբ մեր երկիրը անդամակցում էր Եվրոպայի խորհրդին: Եթե դրվեր, ապա Հայաստանը կմտածեր` արդյոք այդ պահանջների կատարման գնով արժե՞ր մտնել Եվրոպայի խորհուրդ, արժե՞ր անդամակցել այդ կառույցին:
Հետեւաբար Հայաստանին նման պարտավորություն ներկայացնելը անօրինական է: Բացի դրանից, եթե Եվրոպայի խորհուրդը Հայաստանի առաջ նման պահանջ է դնում, կնշանակի մեր երկիրը համարում է օկուպանտ: Հարց է առաջանում. այդ դեպքում ինչպե՞ս եղավ, որ 2001-ին նույն Եվրոպայի խորհուրդը «օկուպանտ երկրին» որոշեց ընդունել իր կազմում: Ուրեմն ժամանակին Հայաստանը օկուպանտ չի եղել, այդ ի՞նչ փոխվեց, որ հիմա դարձավ օկուպանտ:
Սրանք հարցեր են, որ պետք է բարձրացնել ու թույլ չտալ, որ Հայաստանի առաջ նման անօրինական պահանջ դրվի:
Իսկ դա նշանակում է` մերժել, չմասնակցել «Լեռնային Ղարաբաղում եւ Ադրբեջանի մյուս օկուպացված տարածքներում բռնությունների աճ» թեմայով Վոլտերի զեկույցի ստեղծմանը: Չպետք է թույլ տալ, որ կրկնվի նույնը, ինչ եղավ 14/16 բանաձեւի ժամանակ: Մեկ անգամ սխալվեցինք, մասնակցեցինք այդ գործընթացին, այժմ նման սխալ իրավունք չունենք կատարելու:

-Փաստորեն մեր խնդիրները լուծելու համար պարտավոր ենք նախ օգնել եվրոպական կառույցին փրկել սեփական հեղինակությունը: Իսկ դրա համար կա մեկ ճանապարհ` համագործակցել այն եվրոպացի պատգամավորների հետ, որոնց համար կարեւոր են եվրոպական արժեքները, ոչ թե նավթադոլարները: Ի զորո՞ւ ենք այդ շրջանակն աշխատեցնել:

-Կարող ենք ու պետք է անենք: Բարեբախտաբար բոլորը չէ, որ գայթակղվել են խավիարով ու նավթային դոլարներով: Ուրեմն կա դաշտ աշխատելու: Կա պատգամավորների մի խումբ, որ իրապես մտահոգ են այս իրավիճակով: Ու այդ մտահոգությունը ոչ միայն Հայաստանով է պայմանավորված, այլեւ ընդհանրապես եվրոպական կառույցի հեղինակության անկմամբ:

Ես միշտ այն համոզման եմ եղել, որ դեռ տարիներ առաջ մեր մարտավարությունը հենց այս ուղղությամբ պետք է կառուցեինք: Բայց երբեք ուշ չէ: Պետք է եվրոպացիներին բացատրենք, որ Եվրոպայի խորհուրդը իրեն դնում է շատ խոցելի վիճակում ոչ միայն Ղարաբաղի հարցում, այլեւ իր իսկ արժեհամակարգի հարցում, ուրեմն հանուն այդ արժեհամակարգի հեղինակության չպետք է տրվել նավթադոլարային քաղաքականությանը:
Սրա հետ միաժամանակ պետք է հայտարարենք, որ չենք ընդունելու պրոադրբեջանական տրամադրության միջավայրում ընդունված որեւէ փաստաթուղթ Ղարաբաղի վերաբերյալ, քանի որ այն ամբողջությամբ կողմնակալ է: Եթե մենք այս տրամաբանությամբ աշխատենք, վստահ եմ, վտանգը կչեզոքացնենք:

ԱՐՄԻՆԵ ՍԻՄՈՆՅԱՆ

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել Politics, Ադրբեջան, Թուրքիա, Լրահոս, Հարցազրույցներ, Տարածաշրջան, Տեղեկատվական անվտանգություն, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն