- ԱրմԱր Լուրեր | Armenia News | Հայաստան և Արցախ - http://armarlur.com -

Եկե՛ք Կոնգրեսից վռնդենք Ցեղասպանությունը ժխտող Բիլ Շուստերին

Անցյալ շաբաթ ես տեղեկացրեցի ամերիկահայ համայնքի հաջողության՝ Լոս Անջելեսի կողմից 845 հազար դոլարի պայմանագիրը «Գեբարդ գրուպի» հետ չեղյալ համարելու մասին՝ Կոնգրեսում Հայոց ցեղասպանության բանաձևի դեմ ի նպաստ Թուրքիայի ծավալած լոբբինգ անելու համար:

Ես հույս հայտնեցի, որ հայերը կշարունակեն իրենց ջանքերը, որպեսզի «Գեբարդ գրուպի» մնացած 200 հաճախորդները ևս դադարեցնեն իրենց պայմանագրերը, այնպես որ Դիկ Գեբարդը թանկ վճարի իր ժխտողական լոբբինգի համար:

Խանդավառված իրենց խոշոր հաղթանակով Լոս Անջելեսում՝ ամերիկահայերն այժմ պետք է ընդլայնեն իրենք քաղաքական ակտիվությունը՝ դաս տալու Փենսիլվանիայից հանրապետական կոնգրեսական Բիլ Շուստերին, որը խայտառակ նամակ է գրել Կոնգրեսի անդամներին՝ խնդրելով նրանց չաջակցել սպասվող Հայոց ցեղասպանության բանաձևին:

Շուստերն անցյալ շաբաթ Ներկայացուցիչների պալատի բոլոր 435 անդամներին հղած իր «Հարգելի գործընկերներ» նամակում անամոթաբար կոչ է արել. «զերծ մնալ մի բանաձևի սատարումից՝ կողմ չբռնելով պատմական բանավեճում իրադարձությունների վերաբերյալ, որոնք տեղի են ունեցել հարյուր տարի առաջ աշխարհի մյուս ծայրում»: Հետաքրքիր է, թե ինչ է մտածում կոնգրեսականը Հոլոքոստի մասին, որը նույնպես տեղի է ունեցել «աշխարհի մյուս ծայրում» ավելի քան 70 տարի առաջ…

Իր լկտի նամակում կոնգրեսական Շուստերը կասկածի տակ է դնում Հայոց ցեղասպանության ճշմարտացիությունը՝ հայտարարելով, որ առկա են «երկու հակասական պատմություններ այն մասին, թե ինչ է տեղի ունեցել Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Օսմանյան կայսրությունում ապրող հայերի հետ»: Իր այլասերված տրամաբանությամբ կոնգրեսականը պնդում է, որ «1915 թ. իրադարձությունները…. ցեղասպանություն չեն հանդիսանում», որովհետև «ավելի քան երկու միլիոն օսմանյան քրդեր, արաբներ և մահմեդականներ…. նույնպես տուժել են այս հակամարտությունում»: Նրա հղումը «ավելի քան երկու միլիոն օսմանյան քրդերի» կորստին Առաջին համաշխարհային պատերազմում՝ Թուրքիայի կառավարության համար գործող լոբբիստական ընկերություններից մեկի կողմից շարադրված վերջին կեղծիքն է:

Փենսիլվանիայի կոնգրեսականը նաև կեղծորեն պնդում է, որ Հայոց ցեղասպանության բանաձևը «կթշնամացնի տարածաշրջանում մեր վերջին դաշնակիցներից մեկին [Թուրքիա], որը ձեռք ձեռքի տված աշխատում է ամերիկյան զինվորների և մեր մյուս դաշնակիցների հետ ԻԼԻՊ-ի («Իսլամական պետության») դեմ պայքարում»: Կոնգրեսական Շուստերը պետք է որ քարանձավում թաքնված լիներ վերջին մի քանի տարիներին՝ տեղյակ չլինելու, որ «ՆԱՏՕ-ի այս կարևոր դաշնակիցn» է կազմակերպել ԻԼԻՊ-ի հազարավոր ահաբեկիչների ներթափանցումը Սիրիա, նրանց մատակարարել զենք, զինամթերք ու ցուցաբերել ռազմական աջակցություն: Կոնգրեսականը ծիծաղելիորեն պնդում է, որ «այս [հայկական] բանաձևի ընդունումը աղետալի կլինի և կվնասի Միացյալ Նահանգների շահերին»: Եթե Թուրքիան իրոք այդպիսի լավ դաշնակից է Ամերիկայի համար, ապա ինչո՞ւ պետք է ուզենա վնասել Ամերիկայի շահերին: Արդյոք Հոլոքոստի առնչությամբ որևէ դատապարտող բանաձևի ընդունումը կհանգեցնի՞ ՆԱՏՕ-ի մեր մյուս դաշնակցի՝ Գերմանիայի կողմից ԱՄՆ շահերի վնասմանը Եվրոպայում:

Կոնգրեսական Շուստերն իր նամակն ավարտում է՝ անվանելով 1.5 միլիոն հայերի զանգվածային սպանդն ընդամենը «միջադեպ»՝ կոչ անելով իր գործընկերներին. «կողմ չլինել պատմության վերամեկնաբանման ճակատամարտում» և «մեկ անգամ ևս մտածել մինչև օրենսդրության տակ ստորագրելը, որը կարող է զգալի վնաս հասցնել մեր հարաբերություններին տարածաշրջանում»: Զարմանալի չէ, որ «Հանուն առաջընթացի» անունով հորջորջվող թուրքական ինստիտուտն անմիջապես հանդես եկավ հայտարարությամբ՝ ողջունելով Հայոց ցեղասպանությունը ժխտող կոնգրեսականի նամակը:

Փետրվարի 27-ին թուրքական «Սաբահ» թերթը հայտնեց, որ Ներկայացուցիչների պալատի երկու անդամներ Նյու Յորքից՝ դեմոկրատ Իվետ Քլարկը և հանրապետական Լի Զելդինը, նույնպես հայտարարել են, որ դեմ են Հայոց ցեղասպանության բանաձևին: Ուշագրավ է, որ Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը զրո նիշ է շնորհել կոնգրեսական Շուստերին և բացասական նիշ՝ կոնգրեսական Քլարկին: Կոնգրեսական Զելդինը Հայ Դատի հանձնախմբի կողմից չի գնահատվել, քանի որ սա նրա պաշտոնավարման առաջին շրջանն է:

Ամերիկահայերը մեկուկես տարի ժամանակ ունեն մինչև առաջիկա կոնգրեսական ընտրություններն արդյունավետ ծրագիր մշակելու համար, որպեսզի դաս տան ցեղասպանությունը ժխտող այս երեք կոնգրեսականներին: Եթե նրանցից գոնե մեկը պարտվի, ապա մյուս անդամները երկար կմտածեն մինչև ցեղասպանության ժխտման անբարո խաղեր խաղալը:

Զարմանալի չէ, որ երեքն էլ՝ Շուստերը, Քլարկը և Զելդինը, Կոնգրեսում Թուրքիայի աջակցության խմբի 130 անդամների թվում են: Բացի այդ, Շուստերը նաև Կոնգրեսում Ադրբեջանի աջակցության խմբի համանախագահն է: Այս երեք անսկզբունքային քաղաքական գործիչներից մեկին Կոնգրեսից վռնդելուց հետո, հայ համայնքը պետք է ռազմավարություն մշակի Թուրքիայի աջակցության խմբի մյուս բոլոր 130 անդամներին հետապնդելու ուղղությամբ, որը 157 անդամ ունեr 2012 թվականին: Նման ճնշման կիրառումը կստիպի նրանց լքել Թուրքիայի աջակցության խումբը, իսկ ուրիշներին՝ հրաժարվել միանալու մտադրությունից, հենց որ հասկանան, որ իրենք ևս դատապարտված կլինեն պարտության:

Զրոյական հանդուրժողականություն պետք է ցուցաբերել Կոնգրեսում Ցեղասպանությունը ժխտողների նկատմամբ…

Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր
www.TheCaliforniaCourier.comԹարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի