Գլխավոր » Interview, NKR, Լրահոս, Հարցազրույցներ, Քաղաքականություն

ԵԽԽՎ-ն, սաֆարովյան ոճով, թիկունքից հարվածեց եվրոպական ժողովրդավարությանը

Նոյեմբեր 6, 2015թ. 13:51
ԵԽԽՎ

Հարցազրույց ԼՂՀ նախագահի խոսնակ ԴԱՎԻԹ ԲԱԲԱՅԱՆԻ հետ

-ԵԽԽՎ քաղաքական հանձնաժողովի նիստում ընդունվեց բրիտանացի պատգամավոր Ուոլթերի հակահայկական ձևակերպումներ պարունակող խայտառակ զեկույցը. Հայաստանում դա համարվեց ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության ոչ անհրաժեշտ աշխատանքի հետևանք , քանի որ մերոնց ոչ միայն չի հաջողվել տապալել զեկույցի ընդունումը, այլ մի բան էլ ադրբեջանական պատվիրակությունը կարողացել է վերջին պահին փաստաթղթում մտցնել մի շարք հակահայկական ձևակերպումներ: Ի՞նչ կասեք այս մասին:

-Ես չեմ կարծում, որ նման զեկույցի ընդունումը ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության պարտությունն է, կամ ոչ անհրաժետ աշխատանքի հետևանքը: Պետք է լինել օբյեկտիվ ու չփորձել շահարկել իրավիճակը: Ցավոք, նկատում ենք, որ կան շահարկողներ: Այսօր ոմանք նույնիսկ ասում են` միգուցե ընդունեիք այդ անձնավորությանը Արցախում: Բայց նման քայլը մեր կողմից կլիներ խիստ սխալ: Ժամանակին մենք ասել ենք` պատրաստ ենք ընդունել այդ զեկուցողին, պատրաստ ենք քննարկել, եթե Ուոլթերը վերանայի վերնագիրն ու բովանդակությունը: Եվ այս ամենի մասին բոլորը շատ լավ գիտեն, ու չնայած դրան, դարձյալ խոսում են, թե պետք է ընդունած լինեիք նրան Արցախում: Վստահ եմ, ընդունելու դեպքում այդ նույն մարդիկ ասելու էին` դավաճանեցիք ու գնացին նման քայլի:

Չնայած, եթե անգամ ընդունած էլ լինեինք բրիտանացի պատգամավորին, միևնույն է` ոչինչ չէր փոխվելու: Բազմիցս եմ ասել, այդ զեկույցը վաղուց պատրաստված էր Ադրբեջանում, այդ փաստաթղթի տակ պակասում էր միայն Ուոլթերի ստորագրությունը: Այնպես որ, գալու դեպքում, նա կարող էր ասել` գնացել եմ, տեսել եմ, ապացուցում եմ:

Ասելիքս այն, է, որ կա մարդկանց մի խումբ, որն անընդհատ ուզում է ջուր պղտորել, անվերջ փնտրում է մեղավորներ, որպեսզի շահարկի: Նույն կերպ քննադատվում է նաև հայաստանյան պատվիրակությունը: Խնդիրն այն չէ, թե Հայաստանի պատվիրակությունն ինչպես է աշխատել` լա՞վ, թե՞ վատ, խնդիրն այն է, որ ադրբեջանական կողմը ծախսել է միլիոնավոր դոլարներ և պարզապես գնել զեկուցողին ու ԵԽԽՎ այլ պատգամավորների: Այսինքն, ԵԽԽՎ-ն դարձել է արևելյան շուկայի մի տաղավար: Ադրբեջանը խավարաթաթախ, նավթաթաթախ է արել եվրոպական այդ կառույցը: Ուրեմն, ովքեր էլ լինեին հայաստանյան պատվիրակության կազմում, ինչպիսի գիտակներ էլ այնտեղ ուղարկվեն, չի ստացվելու, որովհետև փողը արել է իր գործը, կաշառակերությունն անցել է բոլոր սահմանները: Եվ մենք տեսնում ու համոզվում ենք` Եվրոպայի հեղինակավոր այս կազմակերպության իմունային համակարգը բավականին թույլ է կոռուպցիայի հանդեպ:

-Հիմա շատ կարևոր է, թե ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ նման հակահայկական զեկույցի ընդունումը ԵԽԽՎ-ի կողմից:

-Որևէ ազդեցություն, որևէ հետևանք ունենալ չի կարող` ո’չ քաղաքական, ոչ իրավական տեսանկյունից, քանի որ այն քաղաքական, իրավական ուժ իր մեջ չի պարունակում: Այն ընդամենը խորհրդատվական բնույթի մի թուղթ է: Բացի այդ, ԵԽԽՎ-ն չունի մանդատ միջամտելու կամ մասնակից դառնալու ԼՂ հակամարտության կարգավորմանը:

-Բայց փաստն այն է, որ այդ խորհրդատվական բնույթ ունեցող փաստաթղթով ԼՂՀ նոր կարգավիճակի հարց է բարձրացվում, նաև պահանջում են անհապաղ ազատ արձակել ադրբեջանցի դիվերսանտներ Ասկերովի և Գուլիևին:

-Նման պահանջները տրամաբանական են այնքանով, որքանով այդ զեկույցը պատվիրված է Ադրբեջանի կողմից, սա ադրբեջանական զեկույց է: Գործ ունենք կոռուպցիոն գործարքի հետ: Ահա թե ինչու զեկույցում տեղ են գտել նման աննորմալ, անհեթեթ գաղափարներ ու մտքեր: Այո, օգտագործել են, այսպես կոչված, միջանկյալ կարգավիճակ գաղափարը, որը վաղուց է շրջանառվում, ինչը մեզ համար ընդունելի տարբերակ չէ:

Ադրբեջանը պետություն է, որը հերոսացնում է Սաֆարովի նման տականքին, մոլագարին, և ահա ԵԽԽՎ-ն բարձրացնում է այդ երկրի դիվերսանտներին ազատ արձակելու պահանջ, սա ադրբեջանական պրոպագանդա է: Մենք բազմիցս ասել ենք, այդ մարդիկ ո’չ ռազմագերիներ են, ո’չ պատանդներ, նրանք հանցագործներ են, որոնց դատավարությունը Արցախը իրականացրեց բաց ու թափանցիկ: Թող ԵԽԽՎ-ն այն ժամանակ պատվիրաիկներ ուղղակեր, գային, մասնակցեին ու համոզվեին դրանում: Չբարեհաճեցին գալ, բայց հիմա նման կոչեր են անում: Դե թող ազատ արձակեն ՙԻսլամական պետություն՚ խմբավորման ձերբակալված ահաբեկիչներին, ինչո՞ւ նման կոչեր չեն անում: Ինչո՞ւ նույն ԵԽԽՎ-ն կոչ չի անում Սաֆարովին գոնե Հունգարիա վերադարձնելու մասին: ԵԽԽՎ-ն դարձել է Միլի մեջլիս, արևելյան շուկայի տաղավար, ինրշչը հարված է ժողովրդավարությանը: ԵԽԽՎ պատգամավորները սաֆարովյան ոճով, թիկունքից հարված հասցրին եվրոպական ժողովրդավարությանը: Եվ ուրիշ ոչինչ:

Բայց ես պետք է շեշտեմ մի կարևոր հանգամանք. նման բովանդակության զեկույց ներկայացնող կաշառված կառույցը, կաշառված Ուոլթերն անգամ չեն համարում, որ Արցախը հանդիսանում է Ադրբեջանի մաս: Այդ փաստաթղթում ԼՂՀ-ն Ադրբեջանին վերադարձնելու մասին որևէ միտք չկա: Սա շատ կարևոր է, ու զեկույցում միակ օբյեկտիվ մոտեցումն է:

Իսկ ինչպե՞ս կմեկնաբանեք ԵԱՀԿ-ին ուղղված հորդորը` Լեռնային Ղարաբաղում համաշխարհային ազդեցության ուժ կիրառելու մասին:

-Այս զեկույց կոչվածը պատրաստվել է Ադրբեջանում, ուղղակի գրվել է Բաքվում, ԵԽԽՎ պատգամավորները չեն էլ հասկացել դրա իրական բովանդակությունը ու պարզապես քվեարկել են, այսինքն, իրենց տրվել է, իրենք էլ կողմ են քվեարկել: Եվրոպայի պատգամավորներն իրենց թոշակն ապահովելու համար են գնացին նման վատ քայլի:
-Բայց սա զենք չի՞ դառնա Ադրբեջանի ձեռքին, ասելու, եթե հայկական կողմերը չեն իրականացնում դրա կետերը, ինքը պատերազմով դա կպարտադրի Հայաստանին:

-Չէ, սա Ադրբեջանի ձեռքին զենք չի կարող դառնալ, առանց նման զեկույցների էլ Ադրբեջանը մշտապես հանդես է գալիս պատերազմ վերսկսելու մասին իր հայտնի հռետորաբանությամբ: Այս զեկույցն ընդամենը դառնալու է ադրբեջանական
պրոպագանդիստական ձայնասկավառակ, դառնալու է մի ՙշլյագեր՚, որը ժամանակ առ շամանակ կպտտեցնեն:

Համոզված ենք, այդ զեկույց կոչվածի տեղը անտեսված արխիվն է` փոշու հաստ շերտի տակ կորսված: Շատ շուտով այն մոռացվելու է, ինչպես և մոռացվելու է, որ ինչ- որ ժամանակ եղել է ոման Ուոլթեր անունով կաշառված զեկուցող: Իսկ Ադրբեջանն այս կերպ ընդամենը իր բյուջեն է վնասում` ձեռք բերելով անպետք, անկարևոր ինչ-որ փաստաթղթեր:

Հակընդեմ ի՞նչ քայլ կարող ենք կատարել:
-Պետք է շարունակել աշխատել, նույն համառությամբ պայքարել, ԵԽԽՎ-ում առավել ակտիվություն ցուցաբերել, Եվրոպայում ցանկացած քաղաքական գործիչ ու կառույց պետք է գիտակցի, որ եթե կաշառվելով իրենք ինչ-որ բան են անցկացնում, դա ամենևին չի նշանակում, որ այն կարող է հայկական կողմերի համար ընդունելի լինի:
Խնդիրն այլ է, որ կաշառվում է նման հեղինակավոր կազմակերպությանը, որը պե’տք է, կոչվա’ծ է լինել ժողովրդավարության փորոս: Ահա թե ինչու ենք մենք ահազանգում:

ԱՐՄԻՆԵ ՍԻՄՈՆՅԱՆ

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել Interview, NKR, Լրահոս, Հարցազրույցներ, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն