Գլխավոր » Մշակույթ

Եթե չես կարող ապացուցել, որ դու ես արարել, մնում է ոչնչացնել

Օգոստոս 15, 2009թ. 13:03

Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային խորհրդի (ԻԿՕՄՕՍ) առաքելությունն է` պահպանել և պաշտպանել մշակութային ժառանգությունը, մշակել ժառանգության պահպանման տեսություն, ստեղծել գիտական մեթոդներ, տարածել ու կիրառել դրանք: Մշակութային և բնության համաշխարհային ժառանգության հռչակագրի կատարման գործում ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաշտոնական գործընկերն է:
2008թ. հոկտեմբերին Քվեբեկում կայացել է ոչ կառավարական միջազգային այս կազմակերպության 16-րդ Գլխավոր ասամբլեան, որտեղ ընդունվել է հատևյալ որոշումը. <Որպես մշակութային և բնության ժառանգության պաշտպանության մասին հռչակագրի կողմ պետություն` ադրբեջանական իշխանությունների ուշադրությունը հրավիրել Ջուղայի պատմական գերեզմանոցի ավերման վրա և նրանց տեղեկացնել ժառանգության պահպանության միջազգային փորձագետների մտահոգությանը: Դիմել ադրբեջանական իշխանություններին` դյուրացնելու ՅՈՒՆԵՍԿՕ-ի և/կամ ԻԿՕՄՕՍ-ի միջազգային փորձագետների պատվիրակության մուտքը հնավայր` այն ուսումնասիրելու և միջազգային հանրությանը արդյունքների մասին տեղեկացնելու նպատակով>: Փաստորեն, Ջուղայի գերեզմանոցի հայկական խաչքարերի ոչնչացման մասին սա միջազգային միակ շատ թե քիչ լուրջ արձագանքն է: Աշխարհի լուռ համաձայնությամբ ադրբեջանցիները, ոչնչացնելու` իրենց հատուկ հետևողականությամբ, երկրի երեսից ջնջեցին մարդկության մշակույթի ու հոգևոր հարստության այս հազվագյուտ նմուշները: Հիշենք, որ աշխարհի գրեթե նույնատիպ լուռ հանդուրժողականության ներքո էր, որ անցած դարասկզբին համաշխարհային պատերազմի պղտոր ջրերում Թուրքիան փորձեց աշխարհի երեսից ջնջել հիշատակված խաչքարերը ստեղծած ժողովրդին` թանգարանում միայն մեկ հայ թողնելու լկտի ձևակերպմամբ: Ու հիմա էլ, հայերի բարձրացրած ձայնը` ազդեցիկ պետությունների ականջին` կարծես թե չի հասնում: Գուցե սրանում կա և մե±ր մեղքի բաժինը, գուցե մեր հնչեցրած ձայնը հարկ եղած չափով ծանրակշի±ռ չէ, սակայն եթե լսելու ցանկություն լինի, շշուկն էլ բավական է: Իսկ լսելու ցանկություն, պարզ երևում է` չկա: Փոխարենը հիշենք, թե ինչ ուժգնությամբ աշխարհն արձագանքեց Աֆղանստանում Բուդդայի արձանների ոչնչացման փաստի`ն… Ուշագրավն այն է, որ մշակույթը, ըստ էության, արտաքաղաքական դրսևորում է, սակայն այնքան շատ է պատահում, որ դառնում է քաղաքական շահերի բախման §զոհ¦:
Նոյի հնամենի առասպելով իմաստավորված հայոց Նախիջևանում (երբ մարդկության նախահայր Նոյն Արարատից իջավ և նախ իջևանեց լեռան ստորոտում տարածվող այս հողի վրա) անհիշելի ժամանակներից ի վեր ապրող հայերն իրենց ավանդական խաչքարերը կերտեցին: Իսկ որ խաչքարը զուտ հայկական երևույթ է, հաստատվում է մեր լեռնաշխարհում հազարամյակներ ի վեր քարի վրա գծված խաչի պատկերի տրամաբանական զարգացումը հաստատող անթիվ նմուշներով, այսօր իսկ հայերի շրջանում դրա տարածվածությամբ` գեղարվեստական ամենավարպետ կատարմամբ ու նրբագույն լուծումներով: Աշխարհն էլ այս անգամ ընդունել է, որ խաչքարը, իրոք, զուտ հայկական երևույթ է: Ջուղայի գերեզմանաքարերն էլ դրանցից լավագույնների թվին են պատկանել… Ջուղայում և ընդհանրապես հայոց Նախիջևան աշխարհում ստեղծված 63 խաչքարերի մասին ընթերցողը կարող է պատկերացում կազմել` թերթելով Արգամ Այվազյանի «Նախիջևանի ԻՍՍՀ պատմական հուշարձանները» գիրքը («Հայաստան» հրատարակչություն, 1986թ., Երևան): Գիրքը նաև պատմում է Նախիջևանի 5 գավառների` Գողթնի, Երնջակի, Նախճավանի, Ճահուկի, Շարուրի մասին, ըստ գավառների ներկայացված է հուշարձանների 504 նկարագրություն:
Ավաղ, դրանց մասին արդեն անցյալ ժամանակով ենք խոսում: Որովհետև դրանց ոչնչացումը աշխարհը աչքաթող արեց հենց ադրբեջանական նավթից չզրկվելու սիրույն: Այս հարցի վերաբերյալ միջազգային հանրության կողմից մինչ այժմ հնչած մնացած բոլոր մտքերն ընդամենը արդարացում են:
Հետաքրքիր է, երբ Ադրբեջանի նավթը կամ (քաղաքական մյուս դրդապատճառները) կսպառվի կամ հարափոփոխ աշխարհում կարժեզրկվի` տեղը զիջելով էներգիայի առավել հզոր ու դյուրամատչելի աղբյուրի, այսպիսի գործելակերպով մարդկության մշակութային արժեքներից զրկված աշխարհը ինչպե՞ս է հագեցներու ոգու քաղցը… Իսկ եթե կարծում է, թե կարող է ապրել միայն նյութական արժեքներով, այդ դեպքում ինչպե՞ս է մարդը մարդ մնալու:
Ադրբեջանցիները Ջուղայի խաչքարերը ոչնչացնելու միայն մեկ դրդապատճառ ունեին. ոչ մի կեղծիքով չէին կարող ապացուցել, թե դրանք իրենց մշակույթի արգասիքն են: Ու մտածում են`եթե չկա վկան ու ապացույցը, կնշանակի չկա նաև դատավճիռն ու հատուցումը:
ԻԿՕՄՕՍ-ի հաջորդ` 17-րդ ասամբլեան կգումարվի 2011թ. Իրանի Սպահան քաղաքում: Սակայն խիստ կասկածելի է, թե այն, գոնե Նախիջևանի պատմական հուշարձանների տեսանկյունից, որևէ դրական առաջընթաց կարձանագրի:

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Թեգեր` , ,

Դիտել Մշակույթ բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանել`