- ԱրմԱր Լուրեր | Armenia News | Հայաստան և Արցախ - http://armarlur.com -

ԵԱՏՄ որևէ երկիր չի կարող ճնշում բանեցնել Հայաստանի վրա` հանուն Թուրքիայի

Հարցազրույց ՀՀԿ խմբակցության ղեկավար ՎԱՀՐԱՄ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻ հետ

Արևմուտքը չի դադարեցնում իր ջանքերը հայ-թուրքական հարբերությունների կարգավորման ուղղությամբ, ստացվող տեղեկատվությունն էլ վկայում է այն մասին, որ հայ-թուրքական սահմանի բացման շուրջ գործընթացի ակտիվացում է սպասվում: Վերլուծաբաններն անգամ ժամկետներ են վկայակոչվում` ամենաշատը երկու տարի:Սակայն Հայոց ցեղասպանության միջոցառումների ընթացքում Թուրքիայից հնչող հոխորտանքների ֆոնին հաշտեցում ասվածը ինչպե՞ս է պատկերացնում Հայաստանը:

-Հայաստանը երբևէ չի ժխտել իր հարևանների հետ հարաբարությունների կարգավորման կարևորությունը: Երկրի նախագահն այդ ուղղությամբ քայլ կատարեց, որը ժամանակին ստացավ ֆուտբոլային դիվանագիտություն անվանումը, այն ենթադրում էր սահմանների բացում, դիվանագիտական հարաբերությունների կարգավորում: Բայց մենք մշտապես ասել ենք` դա պետք է լինի առանց նախապայմանների:Միաժամանակ շեշտել` Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորում չի նշանակում անտեսում այն հրեշավոր հանցագործության, որ 20-րդ դարասկզբին իրականացվեց հայ ժողովրդի նկատմամբ: Մեր ցանկությունը եղել ու մնում է այն, որ Թուրքիայի իշխանություններն իրենց մեջ ուժ գտնեն առերեսվելու սեփական պատմության հետ, ճանաչեն Հայոց ցեղասպանությունը ու հատուցեն: Միայն այդ կերպ Թուրքիան կազատվի ցեղասպան երկրի խարանից, միայն այդ դեպքում իր ապագա սերունդներին կազատի Օսմանյան Կայսրության թողած ծանր ժառանգությունից:

Թուրքիայի այն նախագահը, որը կգնա նման համարձակ քայլի` կարժանանա իր սերունդների բարձր գնահատականին: Էրդողանը կհերոսանա, եթե ուժ ունենա կատարել այդ քայլը, քանի որ միայն այդ կերպ Թուրքիան կարող է նպաստել, որ նոր էջ բացվի հարևան երկու ժողովուրդների միջև: Իսկ Հայաստանը պատրաստակամ է սկսել նոր էջից: Հայոց ցեղասպանության 100 ամյակի միջոցառումների շրջանում թուրքական ջղաձիգ հակադարձումներն, իրոք, ճիշտ հակառակի մասին են փաստում: Թուրքիան չնայած հայտարարում էր <հարևանների հետ զրո խնդիրներ> քաղաքականության մասին, մինչդեռ այսօր զրոյացնում է ամեն ինչ: Ես դա չէի ցանկանա, և շատ կուզենայի, որ Թուրքիայի նախագահը արագ արձագանքեր աշխարհի ձայնին, որը հնչեց Երևանից:

Հաճախ ենք խոսվում թուրքական ճկուն դիվանագիտության մասին, սակայն և’ մենք, և’ աշխարհը ականատես եղանք էրդողանի կողմից բանեցված պարզունակ քաղաքականության, որի հիմնական զենքը էժանագին հոխորտանքն է:

-Ես զարմացած եմ, այդ վայնասունը, որ բարձրացրեց Թուրքիայի նախագահը Հռոմի ֆրանցիսկոս պապի, նաև բոլոր երկրների նախագահների հասցեին, Թուրքիային կանգնեցրել է փաստի առաջ: Թուրքիան իր անխոհեմ քայլով մնում է միայնակ: Էրդողանի ու թուրք չինովնիկների ջղաձգումներից, հայհոյախոսությունից զարմացած էին անգամ թուրք մտավորականության ներկայացուցիչները:

Վերջապես այդ ամենը լսեց աշխարհը, ապա տեսավ ու համեմատեց, որ ի տարբերություն թուրքական ձախողված Գալիպոլիի միջոցառումների, Երևանում տեղի ունեցավ համամարդկային միջոցառում, որտեղից կոչ հնչեց ոչ միայն Հայոց ցեղասպանության ճանաչման ու դատապարտման, այլև ընդհանրապես ցեղասպանությունները կանխարգելելու և դատապարտելու մասին: Հայոց ցեղասպանությանը զուգահեռ հիշատակվեց Հոլոքոստը, Ռուանդան, Տարֆուրը: Կաթոլիկ աշխարհի հոգևոր առաջնորդը Հայոց ցեղասպանությունը հայտարարելով 20-րդ դարի առաջին ցեղասպանություն հստակ մեսիջ հղեց աշխարհին, որ եթե ժամանակին ճանաչվեր ու դատապարտվեր հայերի դեմ իրականացված ոճիրը, ապա տեղի չէին ունենա մյուս ցեղասպանությունները:
Ոչ միայն Երևան ժամանած երկրների պատվիրակները, այլև հեռվից հետևողներն իրենց հիացմունքն էին հայտնում և’ մամուլով, և’ անձնական զանգերով ու նամակներով, թե մենք չէին ճանաչում ձեր ժողովրդին, տեսանք ու հասկացանք` ինչպիսի արժեքհամակարգ ունեցող բարձրաճաշակ ժողովուրդ եք, և որքան կազմակերպված: Երևանում կայացած Հայոց ցեղասպանության ֆորումը իրապես հզոր էր: Ելույթներում օտարները հնչեցնում էին այն միտքը, թե իրենք մշտապես ցանկացել են կանխարգելիչ քայլեր անել մարդկության դեմ իրականացված ոճրագործությունների, ցեղասպանությունների դատապարտման, կանխարգելման ուղղությամբ, սակայն որևէ երկրի չի հաջողվել նման հզոր ֆորում կազմակերպել:

Ուրեմն պետք է փաստենք` գործ ունենք աշխարհում տիրող իրավիճակի փոփոխման հետ, որի արդյունքում ձեռք ենք բերում հզոր ռեսուրս, ինչը պարտավոր ենք արդյունավետորեն օգտագործել, հակառակ դեպքում, մեզ կմնա միայն բարոյական հաղթանակը, իսկ արժեքավոր բանաձևերը, հայտարարություններ, ելույթները կհայտնվեն դարակում:

-Համաձայն եմ: Ուրախալին է, որ այդ ցանկությունը միայն մերը չէ, դա է ուզում նաև աշխարհը, այդ մասին ասում են օտարները, նկատելով` 100 ամյակի հզոր ուժը չի կարելի քնեցնել, դրան պետք է տալ շարունակականություն: Եվ հենց իրենք էլ առաջակում էին` ստեղծել հանձնախմբեր, հանձնաժողովներ, որոնք կղեկավարի Հայաստանը: Սա նշանակում է` հրաշալի գիտակցում են, որ ցեղասպանության դաժան կնիքն իր վրա կրած մեր հնագույն ժողովուրդն ունի այդ առաքելությունը:

Աշխարհն իր արձագանքով փաստեց` Հայոց ցեղասպանությունն իրողություն է, անհերքելի փաստ և թուրքական առաջարկները `պատմաբաների, այսպես կոչված, հանձնաժողով ստեղծելու, ինչ-որ ուսումնասիրություններ կատարելու մասին` ցինիզմի դրսևորում են:

Իսկ ձեռքբերված ռերսուրսների ճիշտ օգտագործումը լիարժեք կլինի այն ժամանակ, երբ կստեղծվի իրավական թղթածրարն ու գործընթացները կտեղափոխվեն իրավական դաշտ: Ցեղասպանության հետևանքով մենք կրել ենք ոչ միայն մարդկային հսկայական կորուստներ, այլև ունեցել ենք մշակութային, հոգևոր արժեքների ահռելի կորուստ, հայությունը կորցրել է իր ողջ ունեցվածքը, սա նշանակում է մենք պետք է սեփականության իրավունքի հարց բարձրացնենք միջազգային ատյաններում: Իզուր չէ, որ հնչում էին ելույթներ որոնցում ասվում էր` Թուրքիան հարստացել է ի հաշիվ հայերից գողացված հարստության: Սեղանին պետք է դրվեն այն բոլոր իրավական փաստաթղթերը, որոնք կնպաստեն իրավական գործընթացի իրականացմանը: Այդ շարքում է նաև Վիլսոնյան Իրավարար վճիռը: Ես մի շատ կարևոր հանգամանք պետք է նշեմ. ճաշկերույթների ժամանակ հենց օտարներն էին խոսում Հայոց ցեղասպանության բացառիկության մասին` նշելով հայրենազրկման փաստը: Եվ դա ասում էին բաժակը ձեռքներին…

-Իրավաբանների գիտաժողովում անվերջ շեշտվում էր այն միտքը, թե Հայաստանը պետք է ամեն ինչ անի ճեղքելու ադրբեջանա-թուրքական շրջափակումը, և այդ հարցում Իրավարար վճիռը համարվեց կարևոր փաստաթղթերից մեկը, որի իրացմամբ Հայաստանը կարող է դուրս գալ դեպի ծով:

-Չկա մի հայ, որի վաղեմի երազանքը չլինի դեպի ծով ճանապարհ ունենալը: Դեռևս ԽՍՀՄ տարիներին` 1965-ին, մենք համարձակություն ունեցանք բարձրաձայնելու այդ մասին: Եվ մեր երազանքը այսօր կարող է դառնալ իրականություն: Մենք պե’տք կարողանանք օգտագործել աշխարհի բարենպաստ արձագանքը և մեր հարցերը իրավական դաշտ մղել: Իսկ դրա համար հարկավոր է չտարվել ոգևորությանն ու առանց ժամանակ կորցնելու աշխատել: Աշխարհը մեզ հետ ոտքի է կանգնել, քանի որ մեր պայքարը համամարդկային է:

ԵԱՏՄ անդամակցման առաջին շրջանից ասվում էր, թե հանձին հայ-թուրքական սահմանի այլևս գործ ունենք ԵԱՏՄ-Թուրքիա սահմանի հետ: Հետևաբար, սահմանի գործարկման հարցը կարևոր նշանակություն է ձեռք բերում, մասնավորաբար, Ռուսաստանի համար: Եվ ՌԴ-ից արդեն իսկ հնչում են առաջարիներ` այդ հարցում Հայաստանի և Թուրքիայի միջև միջնորդ լինելու մասին: Զուգահեռաբար, Հայաստանում աճում է անհանգստությունը, թե հանուն սահմանի բացման Ռուսաստանը կարող է զիջումներ պարտադրվել Հայաստանին:

-Ես դրական եմ վերաբերվում քաղաքական միջնորդություններին և ողջունում եմ այն երկրներին, որոնք նման պատրաստակամություն են հայտնում: Իհարկե, քաղաքականության մեջ կան հստակ շահեր, ամեն երկիր իր շահն է առաջ մղում, սակայն ես չեմ կարծում, որ ՌԴ-ն կարող է գնալ նման քայլի ու ոտնահարել Հայաստանի շահերը` ի նպաստ Թուրքիայի: Ես չեմ կարող պատկերացնել անգամ, որ ԵԱՏՄ մյուս երկրները ևս կարող են ճնշում բանեցնել Հայաստանի վրա` հանուն Թուրքիայի: Որքան էլ սերտ են ռուս-թուրքական հարաբերությունները, կան տնտեսական շահեր, սակայն չմոռանանք, որ Ռուսաստանի համար նույնքան կարևոր է Հայաստանը` իր աշխարհագրական դիրքով: Այնպես որ, ԵԱՏՄ-ն կարող է համագործակցել Թուրքիայի հետ, սակայն Հայաստանի դիրքորոշումը կլինի դրական միայն այն դեպքում, երբ Թուրքիան կմիանա աշխարհի արձագանքին` կճանաչի Հայոց ցեղապանությունը: Իսկ ԵԱՏՄ երկրները, մասնավորաբար, Ռուսաստանը չեն կարող արհամարհել այդ ճշմարտությունը: Անկախ նրանից, թե ինչ նպատակներ ունեն ԵԱՏՄ-ում, նրանք պետք է հաշվի նստեն անդամ երկրի` Հայաստանի կարծիքի հետ: Իսկ մենք պնդում ենք` Թուրքիան պետք է հաշվի նստի պատմական իրողության հետ` ճանաչի Հայոց ցեղասպանությունը:

ՌԴ ԱԳ նախարար Լավրովը հայտարարել է Ղարաբաղի խնդիրը շուտափույթ լուծելու մասին. երբ Արևմուտքից, կամ Ռուսաստանից հնչում են նման շեշտադրված հայտարարություններ, մենք նորից մտահոգվում ենք` հանկարծ մեզ ինչ-որ զիջումներ չպարտադրվե՞ն Ղարաբաղի հարցում: Արդարացվա՞ծ են նման անհանգստությունները:

-Ոչ, և դա իր բացատրությունն ունի: Երբ օտարերկրյա քաղաքական գործիչները, դիվանագետները, այդ թվում և ռուս, այցելում են Ղարաբաղ ու տեսնում, թե այն ինչպիսի կայացած պետություն է դարձել, հասկանում են, որ զիջումների մասին խոսակցություններն ուղղակի անլուրջ են: Հասկանում են, որ անձեռմխելի է Արցախի ինքնորոշման իրավունքը: Բազմիցս ենք ասել, ԼՂ հիմնախնդիրը լուծողը Արցախի ժողովուրդն է, ու նա վաղուց լուծել է` իր հանրաքվեով:

ԱՐՄԻՆԵ ՍԻՄՈՆՅԱՆ