Գլխավոր » Society, Իրավական փաստաթղթեր, Լրահոս, Հասարակություն

Գլխավոր դատախազը ձգտում է անպատժելիության մթնոլորտի հաղթահարման, և դա ողջունելի է

Մայիս 20, 2015թ. 21:41
Էդմոն

ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը երեկ խորհրդարանում ներկայացրեց հաշվետվություն, որում տեղ գտած շեշտադրումների առնչությամբ ՙՀայոց Աշխարհ՚-ի հարցերին պատասխանում է ԱԺ պատգամավոր ԷԴՄՈՆ ՄԱՐՈՒՔՅԱՆԸ

ատախազության համակարգում կոռուպցիայի դեմ անզիջում պայքարը համարելով կարևոր ուղղություններից մեկը, Գևորգ Կոստանյանն իր խոսքում մի քանի անգամ շեշտեց` ՙամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ՚, որ չի եղել գեթ մեկ դեպք, երբ որևէ դատախազ փորձի կոռուպցիոն վարքագիծ դրսևորել ու մնա անպատիժ: Դատախազը համոզված է` մեր երկիրն ունի պրոֆեսիոնալ դատախազական համակարգ: Դուք որպես փաստաբան ու քաղաքական գործիչ համակարծի՞ք եք այդ գնահատականի հետ:

-Ներկայացված զեկույցում գլխավոր դատախազը մանրամասնորեն խոսեց տարբեր հարցերի շուրջ: Ու այն, ինչ ասաց, գոնե թե ինձ համար նորություն չէր, քանի որ ես մշտապես հետևում են դատախազության գործունեությանը ու լավ գիտեմ, թե ի՞նչ է արվում, ինչպե՞ս է պայքար մղվում կոռուպցիայի դեմ: Կա հայտնի կարծիք, որ Գևորգ Կոստանյանի դատախազ նշանակվելուց հետո դատախազական համակարգում կոռուպցիան նվազել է: Ես հասկանում եմ նաև նրա այն միտքը, որ կոնկրետ մեկ ոլորտում կոռուպցիայի դեմ պայքարը արդյունավետ չի կարող լինել, ու դատախազն իր խոսքում շեշտեց` ՙհաջողության արձանագրումը կախված է իրավապահ ամբողջ համակարգի համատեղ և արդյունավետ գործունեությունից՚: Եվ դա իրոք այդպես է: Բայց եթե միայն գլխավոր դատախազը կամ դատախազությունը պայքարի կոռուպցիայի դեմ` դա շատ քիչ է: Այն կլինի արդյունավետ, եթե այդ պայքարը նաև մյուս բոլոր գերատեսչություններում տեղի ունենա` թե’ իրավապահ մարմիներում, թե’ կրթության ու առողջապահության ոլորտներում:

-Այսինքն` կրի համակարգային բնույթ:

-Այո: Իսկ դրա համար պետք է լինի կամք: Մյուս կողմից, շատ կարևոր է, որ իրավապահ մարմիններն ունեն այդ կամքը, ի վերջո, բացահայտողը, պատիժ ներկայացնողը իրենք են: Այս առումով, կարծում եմ, ձեռքբերում է, որ դատախազության ոլորտում հնարավորինս նվազել է կոռուպցիան:

-Կոռուպցիայի դեմ պայքարի քայլերից մեկը, պարզվեց, այն է, որ դատախազական կորպուսի կեսից ավելին փոխվել է, համակարգը համալրվել է երիտասարդ կադրերով: Բայց նաև հայտնի է, որ այդ քաղաքականության համար, այսինքն` պրոֆեսիոնալներին հանելու, նորելուկներին բերելու համար դատախազը նաև քննադատության ենթարկվեց:

-“Պրոֆեսիոնալ կադր” ասվածը շատ հարաբերական է. մեկն ինձ համար պրոֆեսիոնալ է, մինչդեռ մյուսի համար պրոֆեսիոնալ չէ: Ես տեսնում եմ, որ դատախազական համակարգում եղել է սերնդափոխություն: Իրոք, բավականին երիտասարդ կադրեր են մտել համակարգ: Ինքս որպես երիտասարդ քաղաքական գործիչ, ջատագովն եմ այն բանի, որ և’ քաղաքական համակարգում, և’ ընդհանրապես, պետական կառավարման համակարգում տեղի ունենա սերնդափոխություն: Եվ դատախազությանը ինչ-որ չափով հաջողվել է դա իրականացնել: Ինչը ես ողջունում եմ:

Չնայած պետք է ասեմ, որ սերնդափոխությունը կատարվեց ի հաշիվ նրա, որ շատերը բարձր թոշակ ստանալու համար արագ դուրս եկան համակարգից: Մարդիկ օգտվեցին տարիներ առաջ ընդունված օրենքի այն հնարավորությունից, որ եթե մարդը 20 տարի ծառայել է համակարգում, կարող է դուրս գալ ու բարձր թոշակ ստանալ: Սա ես համարում եմ շատ սխալ մոտեցում, ինչի արդյունքում այսօր համակարգի նախկին աշխատակիցը տանը նստած ավելի շատ գումար է ստանում, քան այն դատախազները, որոնք օրն ի բուն դատարաններում, քրեակատարողական հիմնարկներում իրենց գործն են անում:

Ինչևէ, այս հանգամանքը ևս նպաստեց սերնադափոխությանը. մարդիկ դուրս եկան, թափուր տեղեր բացվեցին, բնականաբար, եկան նորերը, եկածներն էլ երիտասարդներ են: Ու դա շատ լավ է: Չեմ կարծում, որ երիտասարդների հոսքից պրոֆեսիոնալիզմը տուժել է: Պարզ է, որ նորեկները փորձ չեն ունենում, բայց այդ մարդիկ պե՞տք է մի տեղից սկսեն, որ նաև փորձ ձեռք բերեն:

-Ամեն ինչ արել ենք՝ անպատժելիության մթնոլորտի հաղթահարման համար, հանցագործություն կատարած անձը պետք է պատժվի, անկախ նրանից, թե ո՞վ է, ի՞նչ պաշտոն է զբաղեցնում. սա գլխավոր դատախազի խոսքն է, մինչդեռ մեր հասարակությունը հակառակ կարծիք ունի:

-Գիտեք, ամեն մի խոսք գործով է ապացուցվում: Այնպես որ, խոսքից բացի նաև գործով պետք է ցույց տալ, որ հանցագործություն կատարած յուրաքանչյուր անձ պաշտասխանատվության կենթարկվի: Ցավոք, մեզանում կա ձևավորված կարծրատիպ, թե մեզ մոտ անպատժելիության մթնոլորտ է: Այդ մասին իր խոսքում նաև դատախազն ասաց: Այս առումով, Գևորգ Կոստանյանն, իրոք, շատ բարդ առաքելություն է ստանձնել, պետք է պայքարի բուն անպատժելիության դեմ, որպեսզի այն ընդհանրապես Հայաստանում տեղ չունենա, մյուս կողմից պետք է փորձի կոտրել այդ կարծրատիպը:

Պարզ ճշմարտություն է` հանցագործությունը, որը չի պատժվում, ծնում է նոր հանցագործություններ: Եթե անգամ գլխավոր դատախազը խորհրդարանում այդ մասին չհայտարարեր, որ անպատժելիության մթնոլորտը պետք է հաղթահարվի, որ հանցագործություն կատարած անձը պետք է պատժվի, դրանից ոչինչ չէր փոխվի, որովհետև այդ պայքարը միևնույն է դատախազության սահմանադրական, օրենսդրական, իրավական առաքելությունն է:

Այնպես չէ, որ դատախազի խոսքն ամբողջությամբ իրականությանը համապատասխանում է, ու այն կարծիքին էլ չեմ, որ դատախազն ինքը համոզված է, որ իր խոսքը 100 տոկոսով իրականություն է: Ես նրա կողմից արված այդ հայտարարությունն ընդունում եմ որպես նպատակ, որպես առաքելություն: Մեր Սահմանադրության մեջ կան, չէ՞, նման նորմեր, օրինակ, ՀՀ-ն սոցիալական պետություն է, բայց դա այդպես չէ, այն տեղ է գտել Սահմանադության մեջ որպես նպատակ, հայտարարություն, որին պետք է ձգտի պետությունը: Հիմա դատախազն էլ անպատժելիության մասին իր հայտարարությամբ ասում է, որ ինքը ձգտում է դրան: Կհասնի, թե` ոչ, կյանքը ցույց կտա: Իսկ դրան հասնելու համար մենք երկար ճանապարհ ունենք անցնելու, որպեսզի լինի այնպես, որ Հայաստանում մարդիկ կաստաների չբաժանվեն ու չլինեն մարդիկ, ովքեր կմտածեն` միևնույն է, հանցագործություն կատարածը չի պատժվելու:

-Դատախազը բավական երկար խոսեց արդարադատության նկատմամբ հասարակության ընկալումներից: Հորդորեց նաև քաղաքական գործիչներին հանցագործության կատարման առաջին իսկ պահից չուղղորդել հասարակությանը, թե ո՞վ է հանցագործը, չսևացնել, չպիտակավորել մարդկանց, որը չի բխում գործի քննության շահերից, բացի այդ, կարող է պարզվել, որ այն չի համապատասխանում իրականությանը և անձն արդար է:

-Ես միշտ իմ հայտարությունները հնչեցնելիս շատ ուշադիր եմ որպես իրավաբան: Ամեն ինչում պետք է լինի չափ, չնայած լինում են դեպքեր, երբ այդ չափը, թեկուզ և ժողովրդավարության զարգացման տեսանկյունից, ավելին է, քան պետք է: Բայց լինում են նաև դեպքեր, որ դա նորմալ է ու պետք է, որ այդպես լիներ:

Այս առումով առավելապես քննադատության սլաքն ուղղվում է մամուլին, ասվում է, թե վերջինս հաճախ առաջ է ընկնում գործընթացներից, առաջ է ընկնում քրեական գործի բացահայտման ընթացքից, բայց ես կարծում եմ, որ այստեղ մենք մեծ հաշվով խնդիր չունենք, որովհետև Հայաստանի Հանրապետությունում մենք ձգտում ենք ունենալ ազատ մամուլ, իսկ ազատ մամուլն այն է, որ ամեն առավոտ արթնանաս ու կարդաս` քեզ, մյուսին քննադատել են, կամ գրել են, որ այս կամ այն գործով մեղավորները չեն պատժվել: Սա մամուլի հսկող աչքն է: Այդ նյութերի մի մասը կարող է լինել օբյեկտիվ իրականություն, մի մասը` ոչ, բայց դա ազատ մամուլի իրականությունն է ու ես կարծում եմ, որ դա նորմալ է:

Պարզ է, որ ո’չ գլխավոր դատախազին, ոչ էլ համակարգի մյուս աշխատակիցներին դուր չեն գա մամուլի նման հրապարակումները, ինձ էլ շատ հրապարակումներ դուր չեն գալիս: Բայց դա է մամուլի ազատությունը:

ԱՐՄԻՆԵ ՍԻՄՈՆՅԱՆ

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել Society, Իրավական փաստաթղթեր, Լրահոս, Հասարակություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն