- ԱրմԱր Լուրեր | Armenia News | Հայաստան և Արցախ - http://armarlur.com -

Գերմանա-բրիտանական արշավ Քարահունջի դեմ

Սիսիան քաղաքի մոտակայքում գտնվող մեգալիտյան հսկա կառույցը մշտապես հետաքրքրել է բոլորին, և առ այսօր շարունակում է մնալ առեղծվածային:

Խոսքն, անշուշտ, վերջին տասնամյակներում մեծ հետաքրքրություն ներկայացրած Քարահունջ շինության մասին է, որի տարիքը հաշվվում է մոտ 7500 տարի: Կառույցի ուսումնասիրմամբ զբաղվել են հնագետներ, իսկ 1983-ից նաև աստղագետ Էլմա Պարսամյանը, 1994 թվականից` ռադիոֆիզիկոս Պարիս Հերունին: Երբ մեծ գիտնականը վատառողջ էր, միակ մարդը, որ   շարունակեց Քարահունջի գիտական հետազոտությունները` Կենսաբանական գիտությունների թեկնածու Վաչագան Վահրադյանն էր: Հատկապես, վերջին հինգ տարիներին նա կատարեց ակտիվ հետազոտական աշխատանքներ, առաջ քաշելով Քարահունջի գաղտնիքի մեկնաբանության մի նոր մոտեցում:

Կառույցի մասին առաջին հիշատակմանը հանդիպում ենք 19-րդ դարավերջին`  ազգագարգետ Մելիք Շահնազարյանի հեղինակությամբ: Ազգագրագետին հաջողվում է տեղաբնակների շրջանում կատարած հարցումներով պարզել կառույցի թուրքական անվանումը` Ղօշուն-դաշ: Այն, որ տեղաբնակներին կառույցի անվան հայկական տարբերակը հայտնի չի եղել, ամենևին զարմացնող չէ, քանզի հայկական տեղանունների օգտագործումը թուրքերեն տարբերակով տարածված երևույթ էր, ինչն, ի դեպ, պատահականություն չէ: Այն հետևանքն էր Օսմանյան Թուրքիայի կողմից վարվող քաղաքականության. նաև անվանափոխությամբ ուրիշինը յուրացնելու քոչվորի ձեռագիր, որն, ի դեպ միայն լեզվական երևույթ չէ: Տեղանունները նաև ազգի հիշողությունն են, պատմական իրականություն, ուստի և թուրքական կառավարությունը պիտի փորձեր նենգափոխել դրանք: Այդ քաղաքականությունը 1915-ի հունվարին ամրագրվեց Թուրքիայի ռազմական նախարար Էնվերի կողմից որպես հրաման. 1-ին կետում գրված է. Օսմանյան կայսրության մեջ անվանափոխել հայերեն, հունարեն, բուլղարերեն աշխարհագրական բոլոր անվանումները. ոչինչ չպետք է հիշեցնի ոչ մուսուլման ժողովրդի գոյությունը:  Քաղաքականություն, որը շարունակվում է մինչ օրս Թուրքիայի կողմից բռնազավթված Արևմտյան Հայաստանում:

1965-ի ազգային զարթոնքի տարիներին Մոսկվայից ստացված թույլատվությամբ Խորհրդային Հայաստանի ղեկավարությունը համարձակություն ստացավ հրաժարվել մի շարք թուրքացված տեղանուններից, վերականգնել անվանումների հայկական ծագումը: Ինչպես տեղեկացնում է Վաչագան Վահրադյանը,  այդ ալիքի ազդեցությամբ հայ  մասնագետները փորձեցին գտնել նաև Ղոշուն-դաշ կառույցի հայկական անվանումը:

1985-ին աստղագետ Էլմա Պարսամյանն առաջիններից է, որ օգտագործեց Քարահունջ բառը և մեգալիթյան այս հուշարձանը համեմատեց անգլիական Stonehenge-ի հետ: Աստղագետը ուսումնասիրելով Քարահունջի կառուցվածքը  եզրահանգեց, որ կառույցն ունի աստղագիտական նշանակություն:

Ինչո՞ւ Քարահունջ. կառույցի նաև անվան շուրջ ստեղծված առեղծվածի բացահայտմամբ շահախնդիր ակադեմիկոս Պարիս Հերունին,  բերում է հետևյալ հիմնավորումները: «Պատմիչ Ստ. Օրբելյանը XIII դ. Իր «Սյունիքի Պատմությունը» գրքում Սիսական (Սիսիան) քաղաքի մոտ, ուրեմն նաև հուշարձանի մոտ, Քարունջ անվանմամբ գյուղ է հիշատակել: («Քարահունջ» և «Քարունջ» բառերի նույնությունն ակնհայտ է- Վ.Վահրադյան)»:  Հերունին շարունակում է, որ այսօր էլ տարածքում կան Քարահունջ անվանումով երեք գյուղեր. մեկը Գորիս քաղաքի մոտ է գտնվում, մյուս երկուսը Լեռնային Ղարաբաղի կենտրոնական և հյուսիսային մասերում` Շուշի քաղաքից ոչ հեռու և Շահումյանի շրջանում:

Մեկնաբանելով «Քարահունջ» անվանումը, Հերունին նկատում է, որ այն արտացոլում է կառույցի գործանքային նշանակությունը` մեկնաբանվում որպես «խոսող քարեր», նկատի ունենալով հետևալ անցումները. «Հունջ» բառում «ջ» հնչյունը փոխարինվում է«չ»-ով, ստացվում է «հունչ», այստեղից «հնչել», հետո «խոսել»: Եզրակացությունը`«Քարերը մեզ ինչ-որ բան են ասում աստղերի մասին: Հաշվի առնելով սա ես անվանեցի կառույցը Քարահունջ», – գրում է մեծանուն գիտնականը: Իսկ 2006-ին, իր ուսումնասիրությունների արդյունքում Հերունին հայտարարեց Քարահունջ- Stonehenge  լեզվաբանական առնչակցության մասին:

Վաչագան Վահրադյանը նկատում է, որ ասվածը բավարար է հետևյալ ամփոփումը կատարելու համար. «Քարահունջ» բառով, որ նշանակում է «քարե փունջ», հնում հայերը կոչել են մեգալիթյան շրջանաձև կառույցները: Ահա թե ինչու  դրանցից մի քանիսի անունով մերձակա գյուղերը կոչվել են Քարահունջ: Այսպիսով,«Քարահունջ»-ը հատուկ անուն չէ, այլ այդ տիպի կառույցների ընդհանրական անվանումը»:

Գիտակցելով սյունիքյան հանրահայտ կառույցի անվան բացատրության կարևորությունը, Վահրադյանը հատուկ ուսումնասիրմամբ անդրադառնում է այդ խնդրին և համակարծիք չլինելով Հերունու` «Քարահունջ» բառի մեկնաբանության հետ, առաջարկում իր տարբերակը: «Եկել եմ այն եզրահանգման, որ Քարահունջը պետք է դիտարկել տեղական բարբառի հիման վրա և «հունջ» բառը մեկնաբանել, որպես «փունջ»: Ասում է Վահրադյանը, հավելելով. «Ես այս հայտնաբերեցի անտեղյակ լինելով  Էլմա Պարսամյանի բացահայտման մասին: 2009-ին Պարսամյանն ինձ  ցույց տվեց դեռ 1985-ին հրապարակած իր հոդվածն այդ մասին»: Այդուհետ գիտնականն ազնվորեն հայտարարում է, որ աստղագետ Պարսամյանն է առաջին անգամ օգտագործել «Քարահունջ» բառը: Սակայն Վահրադյանն իր ուսումնասիրություններում ավելի հեռուն գնաց` առաջ քաշելով Քարահունջի «գաղտնիքի» նորովի մեկնաբանություններ:

«Որտեղի՞ց է գալիս «Ղոշուն դաշ» («Koşun taş») անվանումը: Արդյո՞ք այն ճշգրիտ թարգմանություն է»,- նկատում է գիտնականն ու տալիս հետևյալ մեկնաբանությունը. «Կառույցի «Ղոշուն դաշ» անվան մեջ առաջին բառը ակնհայտորեն «Koşun» թուրքերեն բառն է և միարժեքորեն թարգմանվում է հայերեն որպես «Շարք»: Անվանման  երկրորդ բաղադրիչը թուրքերեն «taş»-ը նույնպես իր միարժեք թարգմանությունը ունի` «քար» : Այսպիսով, ստացվում է, մոտավորապես, հետևյալը`«Շարքով (դասավորված) քար (եր)» («Շարքով քար» – «Ղոշուն դաշ»): Ստացանք արտաքին կառուցվածքային առանձնահատկությունն արտահայտող անվանում»,-եզրափակում է գիտնականը:

Սական այս  բացատրություններին զուգընթաց այսօր հայաստանյան որոշ պատմաբանների, հնագետների կողմից համառորեն շրջանառվում է «Զորաց քար» անվանումը: Խնդիրն այն է, որ «Զորաց քար» «տեսության » կողմնակիցները հակված են կառույցը ոչ թե աստղադիտարան, այլ դամբարանադաշտ համարել: Իրենց «լուրջ գիտնական» հայտարարած այդ անձինք, ակնհայտորեն զբաղված են կառույցի անվան միտումնավոր խեղաթյուրմամբ: Նախ, չթաքցնելով  իրենց տագնապը հայկական Քարահունջի ու անգլիական Stonehenge անվանումների նմանության առնչությամբ, հայտարարում են, թե կառույցն ընդամենը սովորական դամբարանադաշտ է, ասել է թե զորքերի գերեզմանոց. իբրև թե քարակույտերի ու կանգնեցված քարերի տակ զորապետների և զինվորների մարմիններ են թաղված: Ակներև է դառնում, որ «Զորաց քար» անվան շրջանառությունը ամենևին պատահականություն չէ և հստակ նպատակադրում ունի կառույցը աստղադիտարանից դամբարանի վերածելու, դրանով արժեզրկելու հայության բնօրրանում հայտնաբերված աշխարհի հնագույն աստղադիտարանի համամարդկային արժեքն ու նշանակությունը:

«Գնացեք բարձրացրեք քարերը, եթե դրանց տակ զինվորի ոսկորներ կգտնեք, ես հանձնվում եմ»,- հայտարարում է Վահրադյանը նկատելով, «Ի՞նչ բարոյական իրավունք ունեն «Զորաց քար» անվանման կողմնակիցներն  այդ աստիճանի համառությամբ մերժել այլոց տրամաբանական և հիմնավորված կարծիքները»:

Հարց է առաջանում, արդյո՞ք, գործ չունենք  օտար պատվերի կատարման հետ: Երբ նկատում ենք արևմտյան, մասնավորապես, գերմանական ու անգլիական գիտնականների` կառույցի հանդեպ դրսևորած հետաքրքրությունները, ամեն ինչ իր տեղն է ընկնում:

Ովքե՞ր են «Զորաց քար» «տեսության» իրական պատվիրատուները

2000 թվականին գերմանացի հնագետների մի խումբ ժամանում է Հայաստան Քարահունջը ուսումնասիրելու ՙազնիվ՚ մտադրությամբ: Սակայն սկզբից ևեթ աչքի է զարնում այն, որ գերմանացիները տարօրինակորեն շահագրգռված էին կառույցը  ոչ թե աստղադիտարան, այլ «Զորաց քար»` դամբարան  կոչելու հարցում ու պնդում էին, թե այստեղ հնում գերեզմանոց է եղել և զինվորներ են թաղված: Փորձենք հասկանալ, թե ինչ նպատակ է իրականում թաքնված նրանց դիրքորոշումներում:

Այսպես. 1996-ին Գերմանիայում հայտնաբերվել է նման փայտաշեն մի կառույց` 6000 տարվա վաղեմությամբ: Այն ունի դեպի հյուսիս, հարավ-արևելք և  հարավ-արևմուտք նայող երեք միջանցքներ:  Հայտնաբերված կառույցը գերմանացիները շտապեցին հայտարարել որպես աշխարհի ամենահին աստղադիտարան: Բայց ի մտահոգություն նրանց, փոքրիկ Հայաստանում հանկարծ ի հայտ է գալիս գերմանական փայտաշենին 1500 տարով գերազանցող առավել հզոր մի քարաշեն հսկա:

Հիմա պարզ չէ՞, թե ինչու գերմանացիներին ձեռնտու չէ, որ հայկական Քարահունջը ճանաչվի որպես աստղադիտարան ու հայտարարավի աշխարհում առաջինը:  Ուրեմն, պիտի արձանագրենք նաև փաստը, որ գերմանացի հնագետների խումբը, հայրենասիրական զգացումներով տոգորված, շտապել էր Հայաստան, որ հերքի հայկական հնագույն աստղադիտարանի գոյությունը, որպեսզի այն հանկարծ չստվերի իրենցը: Մինչդեռ որոշ հայ ՙգիտնականներ՚ ստրկամտորեն ջուր են լցնում օտարի ջրաղացին: «Իսկ գիտե՞ք թե ինչու, որովհետև այնտեղ հնագիտությունը ֆինանսավորվում է պետության կողմից, իսկ մեզանում` արտասահմանյան գրանտներով»,-պարզաբանում է Վաչագան Վահրադյանը:

Այլևս պարզ է դառնում, թե որտեղից է պատվիրված «Զորաց քար»-ի սին  «տեսությունը». վճարում են ու պարտվիրում`ասել իրենց ուզածը: Կարծում ենք, նաև  սրանով է մեկնաբանվում հնագիտության ինստիտուտի տնօրեն Պավել Ավետիսյանի ու իր նմանների կողմից Քարահունջի աստղադիտարանը գերեզմանոց հայտարարելու ջանքերը:      

Գլխավոր պատվիրատուն Անգլիան է

Եվ ի՞նչ եք կարծում, կարո՞ղ էր քարահունջյան բացահայտումներին անտարբեր լինել Մեծ Բրիտանիան, երբ առաջ է քաշվում այն միտքը, թե կան որոշակի զուգահեռներ բրիտների կողմից կառուցված Սթոունհենջի և հայկական Քարահունջի միջև: Անգլիացիների ահանագստությունն առավել սրվում է, երբ հաստատվում է նաև այն փաստը, որ հայկական Քարահունջը մոտ 3 հազար տարով ավելի հին է անգլիական Սթոունհենջից:

«Մենք հաստատում ենք «Անգլո-Սաքսոնական Քրոնիկոնից»` մեզ հասած հնագույն անգլերեն գրքի առաջին էջում գրված հետեւյալ արտահայտությունը. «Բրիտանիա կղզին 800 մղոն երկարություն ու 200 մղոն լայնություն ունի: Այդ կղզում հինգ ազգություն կա` անգլիացիներ, բրիտներ, սքոթներ, պիկտեր, լատիններ: Կղզու առաջին բնակիչները եղել են բրիտները, որոնք եկել են Արմենիայից եւ ի սկզբանե բնակվել են Բրիտանիայի հարավում» (Բեդե Պատվելի «Եկեղեցական պատմություն», մաս I, Անգլո-Սաքսոնական Քրոնիկոն, 748թ.)»: Բացահայտելով  Սթոունհենջ- Քարահունջ հուշարձանների կապը, Վաչագան Վահրադյանը հայտարարում է, որ առկա է ոչ միայն լեզվաբանական կապ` «Երկուսն էլ գործածական առումով նույնն են` աստղադիտարաններ են, որոնց գործունեությունն ուղեկցվում էր (կամ էլ` քողարկվում) կրոնական ծիսակատարություններով: Երկուսն էլ կառուցել է նույն մշակույթը կրող, գրել իմացող ժողովուրդը` բրունբրիտները: Կան նաեւ այլ` զուտ աստղագիտական կապեր եւս, որոնք նկատել եւ նկարագրել են ուրիշ հետազոտողներ»:

Ինչ վերաբերում է անվանումների նմանությանը, Վահրադյանը     ներկայացնում է հետևյալ վարկածը: «Անգլերեն «սթոուն» եւ հայերեն «քար» բառերի նույնությունը կասկած չի հարուցում: «Հենջ» արմատը բացատրելիս անգլիացի հետազոտողները բաժանվում են երկու խմբի: Մի մասը կարծում է, որ այդ արմատը որոշակի աղավաղումով ունի «կախված» իմաստը, մյուս մասը այդ բառին (նույնպես` որոշ աղավաղումով) վերագրում է «ցանկապատ» իմաստը: Երկու մեկնություններն էլ, մեր կարծիքով, արհեստական են եւ անտրամաբանական: «Հենջ» բառը անգլերեն լեզվի միջոցներով բավարար բացատրություն չունի: Մենք հակված ենք «հունջ» արմատի իմաստը դիտարկել հայոց լեզվի տեղական` Սիսիանի բարբառի հիման վրա, այստեղ «հունջ»-ը նշնակում է «փունջ»: Այսպիսով` ստանում ենք շատ ավելի ներդաշնակ «Քարե փունջ» մեկնությունը, որ այն ոչ թե քարերի անկանոն կույտ է, այլ որոշակիորեն կազմակերպված քարերի հավաքածու»,-եզրափակում է իր բացահայտումը հայտնի գիտնականը:

Իսկ ի՞նչ եք կարծում, բրիտանացիները պետք է այս բացահայտումից երջանկացած շտապեին գրկախառնվե՞լ իրենց հայ եղբայրներին, ընդունեով իրենց ծագումնաբանական նոր իրողությո՞ւնը: Իհարկե` ոչ: Այս բացահայտումներից անհանգստացած անգլիական գիտնականները, ինչպես և սպասվում էր, գերմանացիների նման գնացին Քարահունջի աստղադիտարան լինելը միանշանակորեն մերժելու, փոխարենը, «Զորաց քար»-ի անհեթեթ «տեսությունը» ամրապնդելու ճանապարհով:

Բրիտանացիները դիմում են նաև մեկ այլ խորամանկ քայլի` հայկական կառույցի դեմ արշավն իրականացնելով Միհրան Վարդանյան անունով գրագողի ձեռքով:

Ինքնակոչ Միհրանը դուրս շպրտվեց Հայաստանից

Երիտասարդ գիտնական  Օքսֆորդի համալսարանում ուսանած Միհրան Վարդանյանը, որ եղել է Վաչագան Վահրադյանի ուսանողը (ի դեպ, իր գիտական կարիերայի համար պարտական է Վ.Վահրադյանին), օգտվելով վերջինիս հետ ունեցած մտերմությունից, նրանից վերցնում է Քարահունջին վերաբերող բոլոր հետազոտությունները, խոստանալով դրանք ցույց տալ Օքսֆորդի համալսարանի գիտնականներին: Բայց չկորցնելով ոտքի վրա հանճարեղ գիտնական հռչակվելու հարմար պահը, նաև չդիմանալով բրիտանական հատուկ ծառայությունների  գայթակղիչ առաջարկներին, Միհրանը յուրացնում է Վահրադյանի գիտական աշխատանքը, իրեն հայտարարում հայտնագործությունների հեղինակ, շահում գրանտներ, ապա Անգլիայից ստանում Հայաստան գալու և կառույցը ուսումնասիրելու ֆինանսավորում: Զավեշտ է, որ «արշավախումբը» դեռ Հայաստան չհասած ու կառույցը  չհետազոտած, բայց խմբի ղեկավար հռչակված Մ. Վարդանյանը «Ազատություն», «Ամերիկայի ձայն» ռադիոկայանների միջոցով սկսում է ի լուր աշխարհի հայտարարել, թե Քարահունջի վարկածն ընդամենը փուչիկ է:

Ներկայանալ իբրև հայտագործությունների հեղինակ ու այդ դիրքերից պայքարել Քարահունջի բացահայտումների  դեմ, անշուշտ, վատ մտածված սցենար չէր:   Թիկունքում ունենալով բրիտանական հետախուզության հովանավորությունը Միհրանն անցնում է գործի:

Բարեբախտաբար, ՀՀ համապատասխան մարմինների ակտիվ  աշխատանքի արդյունքում ձերբակալվում է գրագող «գիտնականն» ու իր «արշավախմբի» հետ հեռացվում Հայաստանից: Չնայած, նրանց գործած քայլերը քրեորեն հետապնդելի էին ու համարժեք պատիժ էին ենթադրում:

Ակնհայտ է, որ գործ ունենք ոչ միայն տարիների գիտական վաստակը յուրացնելու, հեղինակային իրավունքը ոտնահարելու փաստի հետ, այլև հայ ազգի գիտա-մշակութային ունեցվածքը սեփականելու, համաշխարհային քաղաքակրթության մեջ հայ ժողովրդի  ունեցած կարևորագույն դերակատարումը ստվերելու նենգ պատվերի հետ:  Չնայած գրագող Միհրանը դուրս շպրտվեց Հայաստանից, սակայն, դա չի նշանակում, որ հակառակորդ դադարեց գործել, ամենևին: Հակահայկական պատվերի իրականացնողներն այժմ էլ անգլիական ֆինանսներով կաշառված

«Զորաց քար»-ի «տեսությունը» տարածող  հայ «գիտնականներն» են:

Արմինե Սիմոնյան