Գլխավոր » Politics, Թուրքիա, Լրահոս, Հարցազրույցներ, Քաղաքականություն

Բաքվի և Անկարայի համաչափ պատասխանի և Նախիջևանի մասին

Օգոստոս 27, 2010թ. 17:09

Tigran Pashabezyan-1ArmAr.am էլեկտրոնայի օրաթերթի հարցին պատասխանում է  «Ուխտ Արարատի» ամսագրի գլխավոր խմբագիր Տիգրան ՓԱՇԱԲԵԶՅԱՆԸ

– Այս օրերին «Նեզավիսիմայա գազետա»-ի մեկնաբանը գրեց, թե` Բաքուն եւ Անկարան համաչափ պատասխան են մշակում Երեւանի եւ Մոսկվայի քայլին և այդ պատասխանը կարող է լինել Նախիջեւանում թուրքական ռազմական հենակետի տեղակայումը։ Կարելի՞ է ենթադրել, որ տարածաշրջանում ռուս-թուրքական մրցակցության նոր փուլի սկիզբ դրվեց:

– Թուրքական ռազմական հենակետը Նախիջևանում չի դրվելու և վերոհիշյալ թերթի մենաբանը, եթե ավելի ուշադիր լիներ` կնկատեր, որ նախագահ Գյուլը Ադրբեջան կատարած այցելության ժամանակ եղավ Զաքաթալա և Շեքի քաղաքներում: Իսկ դրանք գտնվում են Վրաստանի, Դաղստանի, Հայաստանի և Ադրբեջան-Իրանի միջև, մեջտեղում: Նախիջևանի խնդիրը կարևորվում է քրդական գործոնը խաղարկելու մտադրությամբ և այդ հարցում, կարծես թե, Ադրբեջանն ու Թուրքիան միակարծիք են: Այդ խաղաքարտը կարևորվում է Իրանի դեմ գործածելու առումով, նաև Հայաստանի (1): Նման է այն գործընթացին ինչ մեկ տասնամյակ իրականացրեց ամերիկյան զինուժը Իրաքում, որի արդյունքում այնտեղ փաստացի ստեղծվեց քրդական ինքնավարություն: Հիշենք, որ ըստ ամերիկյան կողմի հայտարարության` նրանք իրենց են վերապահում Իրաքի պաշտպանության ապահովումը արտաքին ագրեսիայից: Սա, առաջին հերթին, վերաբերում է նույն այդ քրդական ինքնավարության պաշտպանության հարցին, ինչը համահունչ է նաև Իսրայել պետության հեռահար նպատակներին: ԱՄՆ բանակի պաշտոնաթող սպա Ռալֆ Պիտերսի հայտնի հոդվածում այսպիսի տողեր կան. «Ի դեպ, Դիարբեքիրից մինչեւ Թավրիզ երկարող անկախ Քուրդիստանը կլինի նաեւ Բուլղարիայի եւ Ճապոնիայի միջեւ գտնվող ամենաարեւմտամետ պետությունը» (2):

Այսքանից հետո ավելի ճիշտ կլիներ խոսել ոչ թե «Բաքվի ու Անկարայի համաչափ պատասխանի», որը հրապարակ նետված կեղծ թեզ է, այլ Երևանի և Մոսկվայի հետագա անելիքների մասին: Սակայն շարունակենք մեր խոսքը: Վերջին տարիներին նախագահ Գյուլը, ի թիվս այլ վայրերի, այցելել է նաև Պորտուգալիա (3) և Կոնգո (4): Պորտուգալիային է պատկանում  Ատլանտյան օվկիանոսում գտնվող և Համաշխարհային զինուժի համար ռազմավարական նշանակության Մադերիայի կղզին, Կոնգոն ծրագրում են վերածել Աֆրիկայի Միացյալ Նահանգներ պետության վերահսկողությունը իրականացնող ռազմական պետության: Եվրոպայում այդ դերը Կոսովոյին է հատկացված, Միջին Արևելքում` Կովկասին, Հարավային Ամերիկայում` Կոլումբիային: Նախագահ Սահակաշվիլին այցելեց Կոլումբիա, Կոստա Ռիկա և մի պահ, երբ կորսվել էր, պարզվեց մեկ ամբողջ օրով այցելել է Կարիբյան ծովում գտնվող Արուբա կղզի (5): Հետաքրքիր է ինչո՞ւ: Մի՞թե, «Կոնգո, Կոսովո, Կովկաս, Կոլումբիա»  ռազմականացված համակարգերի կառավարմանը վերաբերող հարցերով: Հնարավոր է, այնպես է ծրագրված, որ Թբիլիսին է լինելու Կովկաս ռազմականացված պետության կենտրոնը, իսկ Սահակաշվիլին` դրա ղեկավարը, եթե, իհարկե, այդ նախագիծը հաջողվի իրականացնել:

Այնպես որ, տակավին հայտնի չէ, թե իրականում ովքե՞ր են ՙհամաչափ պատասխան մշակելու՚: Հայաստանն ու Ռուսաստանը գոյություն ունեցող հայտնի ու անհայտ բազմաթիվ սպառնալիքներին դիմակայելու մեկ պատասխան են մշակել ընդամենը:

Սակայն մի բան պարզ է. այնքան ժամանակ, քանի դեռ Հայաստանի իշխանությունները չեն ձեռնարկել Հայաստան-Ադրբեջան սահմանազատման իրավական գործընթացը` Նախիջևանի գործոնը, նախ և առաջ քրդականով միջնորդավորված, խաղարկելու են ի վնաս քրդերի, հայերի, տարածաշրջանում ապրող այլ ժողովուրդների անվտանգության և խաղաղ համակեցության (6): Ի դեպ, ասվածը վերաբերում է նաև Հայաստան-Վրաստան սահմանազատման իրավական գործընթացին, որովհետև Վրաստանում խնդրահարույցը Ջավախքն է, իսկ այնտեղ կանխամտածված կերպով հրապարակ է նետվելու թուրք-մեսխեթցիների միջնորդավորված գործոնը:

Իրավական ճանապարհը մի գործընթաց է, որն իբրև հակակշիռ սպառնալիքների` պարտադրված են անցնելու և՜ Երևանը, և՜ Մոսկվան… և՜ ուրիշներ ևս: Հակառակ դեպքում, ՙժողովրդավարությունն ու մարդու իրավունքները՚, թեկուզ ստրկատիրական Հռոմի մոդելի հենքով, դեռևս երկար ժամանակ ազատ և անարգել գործունեության հզոր փաստարկներ կունենան աշխարհում:

Ծանոթագրություն

1. Տես, Հայաստան – Թուրքիա Արձանագրություններ. նախադեպերը, հետապնդած նպատակները և վավերացումից բխող սպառնալիքները (Յուսուֆ Քեմալ – Գեորգի Չիչերին, Ռիբենտրոպ – Մոլոտով պակտերի մերօրյա տարբերակը), ՙՈւխտ Արարատի՚, թիվ 2 (18), հոկտեմբեր – դեկտեմբեր, 2009 թ., էջ 2:

2. Տես, Ռալֆ Պիտերս. Միջին Արևելքի նոր քարտեզը ըստ արյունակացկան կապերի և հավատի նմանությունների, (թարգմանությունը և նախաբանը ՙԱզգ՚ օրաթերթի, 25.08.2006թ.):

3. Տես, Ներկայիս ճգնաժամային իրավիճակները և դրանք հաղթահարելու ուղիները, ՙՈւխտ Արարատի՚, թիվ 2 (16), նոյեմբեր – դեկտեմբեր, 2008 թ., էջ 3:

4. Տես, Մշտական Զինված Չեզոքություն` ՀՀ արտաքին քաղաքականության ռազմավարության գլխավոր ուղղությունը, ՙՈւխտ Արարատի՚, թիվ 1 (19), մարտ-ապրիլ, 2010 թ., էջ 2:

5. Տես, NEWS.am, Օգոստոս 16, 2010 / 10:38 . ՙՀիշեցնենք, որ Սահակաշվիլին Վրաստանը լքել էր օգոստոսի 5-ին՝ մասնակցելու Կոլումբիայի նախագահի երդմնակալության արարողությանը: Այդտեղից նա օգոստոսի 9-ին վերադարձել է հայրենիք: Ճիշտ է, մինչ այդ ճանապարհին նա կանգառ է կատարել Կարիբյան ծովի Արուբա կղզում: Նախագահի մամլո ծառայությունը վստահեցնում է, որ կանգառն ունեցել է տեխնիկական բնույթ՝ ինքնաթիռը վերալիցքավորելու նպատակով: Պարտադրված դադարը Սահակաշվիլին, իբր, օգտագործել է տեղի ղեկավարութան հետ հանդիպելու նպատակով: Սակայն դրան հաջորդող օրերին նախագահի գտնվելու վայրի մասին պաշտոնական որեւէ հաղորդագրություն չի եղել, ինչն էլ նրա կորելու մասին խոսակցությունների առիթ է տվել՚:

6. Տես, Արա Պապյան, Հայ-ադրբեջանական սահմանը (փորձաքննություն ըստ միջազգային իրավունքի), ՙՈւխտ Արարատի՚, թիվ 2 (16), նոյեմբեր – դեկտեմբեր, 2008 թ., էջ 7-11:

ArmAr.am

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Թեգեր` , , , , , , , , , , ,

Դիտել Politics, Թուրքիա, Լրահոս, Հարցազրույցներ, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն