Գլխավոր » Regions, Ադրբեջան, Թուրքիա, ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Վերլուծական, Քաղաքականություն

Բաքուն մտահոգ է Իսրայելի նոր թեզերից

Հուլիս 7, 2011թ. 13:55

00Հունիսի երկրորդ կեսին Բաքու եւ Երեւան շտապեցին Պաղեստինի բարձրաստիճան պաշտոնյանները: Եթե հունիսի 20-ին Երեւանում էր գտնվում պաղեստինյան «Ֆաթհ» շարժման միջազգային հարաբերությունների դեպարտամենտի ղեկավար, նախկին արտգործնախարար Նաբիլ Շաասին, ապա հունիսի 28-ին նախագահ Իլհամ Ալիեւի հյուրը պաշտոնական այցով Ադրբեջան ժամանած Պաղեստինի առաջնորդ Մահմուդ Աբասն էր:

Պաղեստինը որոշել է իր անկախությունը ճանաչելու հարցը բարձրացնել սեպտեմբերին սկսվող ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանում: Եվ, ըստ էության, Հարավային Կովկաս այցելելու պաղեստինյան պատվիրակության հիմնական նպատակը Պաղեստինի ճանաչման հարցում Հայաստանի ու Ադրբեջանի դիրքորոշումների ճշտումն ու փոխշահավետ քաղաքական գործակցության խթանումն էր: Այս տեսանկյունից կարեւոր է դիտարկել արաբ-իսրայելական եւ ղարաբաղյան հակամարտությունների մեջ թաղված չորս երկրների` Պաղեստինի, Իսրայելի, Հայաստանի ու Ադրբեջանի հանդիպակաց միջպետական շահերը, քանզի Մահմուդ Աբասի` Բաքու այցի ընթացքում պաղեստին-ադրբեջանական հարաբերությունների ծավալման հարցում ի հայտ եկան նոր միտումներ:

Ավանդաբար հայերի ու արաբների (այդ թվում նաեւ` պաղեստինցիների) հարաբերությունները գտնվել են բարիդրացիական եւ փոխօգնության հիմքերի վրա: Հատկապես Եգիպտոսի, Սիրիայի, Լիբանանի հետ քաղաքական սերտ հարաբերությունները, մշակութային ու տնտեսական բավարար գործակցությունը մշտապես պայմանավորել են Հայաստանի ու Իսրայելի միջեւ հարաբերությունների առանձնահատուկ սառնությունը: Միաժամանակ թուրք-իսրայելական տասնամյակների ջերմ հարաբերությունների առկայությունը վերջին տասնամյակում խթան էր հանդիսացել նաեւ ադրբեջան-իսրայելական հարաբերությունների զարգացման համար: Արդյունքում երկու երկրների միջեւ ռազմատեխնիկական ու տնտեսական գործակցությունը վերջին տարիներին տարեկան մի քանի միլիարդ դոլարի շրջանառություն էր ապահովում: Բացի դրանից, իսրայելական շահերի համատեքստում Ադրբեջանը մշտապես դիտարկվում էր տարածաշրջանում Իրանի ծավալման դեմ հանդես եկող կարեւոր ուժ, որի հետ հարաբերությունների զարգացումն ազգային անվտանգության տեսանկյունից ուներ նաեւ քաղաքական մեծ նշանակություն: Ադրբեջան-իսրայելական նման հարաբերություններն էլ ուղղակի ազդեցություն էին թողնում ադրբեջան-պաղեստինյան գործակցության վրա` վերջինիս մղելով երրորդական պլան:

Սակայն հունիսի 28-ին Բաքվում երկու երկրների ղեկավարների բանակցություններից հետո Ալիեւի եւ Աբասի հայտարարությունները նոր միտում արձանագրեցին ադրբեջան-պաղեստինյան հարաբերություններում: Ադրբեջանի նախագահի խոսքում անթաքույց նկատվեց ղարաբաղյան եւ արաբ-իսրայելական հակամարտությունների միջեւ անուղղակի զուգահեռների անցկացման ցանկությունը: «Մենք ձեզ հետ փոխանակեցինք կարծիքներ արաբ-իսրայելական բանակցությունների ներկա փուլի վերաբերյալ: Եվս մեկ անգամ  ուզում եմ նշել, որ Ադրբեջանը պաշտպանում է Պաղեստին պետությանը միջազգային բոլոր կազմակերպություններում: …Մենք գտնում ենք, որ մոտ  ապագայում պետք է ստեղծվի անկախ,  ինքնիշխան Պաղեստին պետությունը, որի մայրաքաղաքը պետք է լինի Արեւելյան Երուսաղեմը: Սա մեր դիրքորոշումն է, որը մենք պաշտպանում ենք եւ կպաշտպանենք միջազգային բոլոր կազմակերպություններում»,- ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ իր խոսքից առաջ հայտարարեց Ալիեւը:

Իսկ Մահմուդ Աբասն անգամ ուղղակի զուգահեռներ անցկացրեց երկու հակամարտությունների միջեւ` հայտարարելով. «Կան եւ ընդհանուր խնդիրներ թե՛ մեզ մոտ եւ թե՛ ձեզ մոտ: Ձեր հողերը նույնպես գտնվում են օկուպացիայի տակ: Ե՛վ դուք, ե՛ւ մենք ունենք փախստականներ: Գոյություն ունի ՄԱԿ-ի` ձեզ վերաբերող չորս բանաձեւ` 822, 853, 874 եւ 884: ՄԱԿ-ի այս չորս բանաձեւերը խաղաղության կոչ են անում: Մեր դեպքում կան ՄԱԿ-ի 15 եւ ավելի բանաձեւեր: Դրանք եւս խաղաղության կոչ են անում: Բայց մենք համբերատար սպասում ենք, որպեսզի այդ խնդիրները խաղաղ ճանապարհով իրենց լուծումը գտնեն»:

Նշված երկու հայտարարությունները փաստում են, որ ադրբեջանական եւ պաղեստինյան կողմերը` մի կողմ դնելով դիվանագիտական նրբանկատությունը, նույն հարթության վրա են դիտարկում համապատասխանաբար Իսրայել եւ Հայաստան պետությունները: Եթե հայ-պաղեստինյան հարաբերություններում նման դիրքորոշման հրապարակայնացման համար կան քիչ թե շատ տրամաբանված կռվաններ (միջազգային հարաբերություններում Հայաստանի անհամեմատ ցածր վարկը, Նաբիլ Շաասիի երեւանյան այցի ժամանակ Պաղեստինի նախագահի Բաքու սպասվելիք այցի կապակցությամբ տրված պարզաբանումները եւ այլն), ապա ադրբեջան-իսրայելական ջերմ հարաբերությունների հենքին Ալիեւի իսրայելական շահերից չբխող նման հայտարարությունը կարող է վկայել ռազմավարական լուրջ ծրագրերի փոփոխության մասին:

Ամիսներ առաջ փորձագիտական շրջանակներում արդեն իսկ սկսեց շրջանառվել այն միտքը, որ հետեւելով Թուրքիային` ադրբեջան-իսրայելական հարաբերություններում հնարավոր են անկման միտումներ: Ըստ այդ տեսակետի, պաշտոնական Անկարան եւ Թեհրանը շահագրգռված են Իսրայելի հետ Բաքվի հարաբերությունների թուլացման գործում, որն էլ, ի վերջո, կհանգեցնի տարածաշրջանում պաղեստինամետ լոզունգներով առաջնորդվող մի նոր երկրի ի հայտ գալուն: Սակայն, ըստ ամենայնի, միայն Թուրքիայի քաղաքական ծրագրերին տուրք տալով` մտնել միջազգային այնպիսի գործակցության ոլորտ, որտեղ անմիջականորեն վնասվում են Իսրայելի պետական շահերը, Ադրբեջանը չէր կարող, եթե չլինեին առավել մեծ վտանգներ:

Վերջին ամիսներին տարածաշրջանում ծավալվող իրադարձությունները վկայում են, որ անվտանգության տեսանկյունից Իսրայելի շուրջ ի հայտ են գալիս համաժամանակյա ահագնացող նոր մարտահրավերներ: Եգիպտոսի նոր կառավարության միջամտությամբ պաղեստինյան երկու մեծ ուժերի` «Համաս»-ի ու «Ֆաթհ»-ի միջեւ հաշտեցման գործընթացը, Իրանի ու Թուրքիայի հակաիսրայելական կոշտ հռետորաբանությունը, Սիրիայում շարունակվող քաղաքական անկայունությունը եւ այլ խնդիրներ ի ցույց են դնում նոր սպառնալիքներ, որոնք արաբ-իսրայելական հակամարտության խնդրում կարող են ի հայտ գալ այս տարվա աշնանը, երբ ՄԱԿ-ում Պաղեստինի ճանաչման հարցում զարգացումներն ընթանան ոչ ի նպաստ Իսրայելի: Այդ իսկ պատճառով արդեն այսօր հրեական քաղաքական էլիտայի որդեգրած սուր ու անզիջում դիրքորոշումը Ադրբեջանի համար մեծ վտանգի աղբյուր է հանդիսանում: Ադրբեջանի մտավախությունն այն է, որ Իսրայելի կողմից միջազգային պրակտիկայում ներդրվող սկզբունքները ուղղակի իրենց արտացոլումը կարող են ստանալ ղարաբաղյան հակամարտության կարգավորման խնդրում:

Արաբ-իսրայելական հակամարտության հարցում Իսրայելի բարձրաստիճան պաշտոնյաների հրապարակայնորեն առաջ քաշած վերջին թեզերում խոսք է գնում ապառազմականացված պաղեստինյան պետության, Հորդանան գետի երկայնքով Իսրայելի ռազմական ներկայության, Հորդանան գետի արեւմտյան ափին գտնվող հրեաներով վերաբնակեցված առանձին բնակավայրերի, ռազմավարական կարեւոր օբյեկտների` որպես Իսրայելի մաս ճանաչման, Իսրայելի սահմաններից դուրս պաղեստինցի փախստականների խնդրի լուծման, Երուսաղեմի` որպես ինքնիշխան եւ անքակտելի Իսրայելի մայրաքաղաքի ճանաչման մասին: Եթե այս թեզերը տեղ գտնեն միջազգային հարաբերություններում ու դիվանագիտական պրակտիկայում, ապա, ըստ ամենայնի, անալոգիայի ուժով հիմք կդառնան ղարաբաղյան հակամարտության խնդրում հայկական կողմի նոր պահանջների առաջքաշման համար: Պահանջներ, որոնք կվերաբերեն Լեռնային Ղարաբաղի շուրջ ապառազմականացված գոտու ստեղծման, Արաքս գետի երկայնքով Հայաստանի ռազմական ներկայության, առանձին բնակավայրերի ու ռազմավարական կարեւոր օբյեկտների` որպես ԼՂՀ-ի մաս ճանաչման, ԼՂՀ սահմաններից դուրս ադրբեջանցի փախստականների խնդրի լուծման եւ այլ հարցերին:

Իսրայելի կողմից նշված թեզերի շրջանառությունն է կազմում Ալիեւի մտավախությունների առարկան: Անգամ չեզոքություն պահպանելով արաբ-իսրայելական հակամարտությունում, Ադրբեջանն ակամայից կարող էր հայտնվել հայկական շահերի պաշտպանի դերում: Ուստի տարածաշրջանում բախվող քաղաքական շահերի ներկա իրավիճակում Ադրբեջանը պարտադրված է գնալ Իսրայելի հետ հարաբերությունների վատացման ճանապարհով:

Մեկ ամիս առաջ Իսրայելի ԱԳ նախարարի առաջին տեղակալ, Կնեսետի պատգամավոր Դանի Այալոնը խորհրդարանում հայոց ցեղասպանության ճանաչման հարցի քննարկման կապակցությամբ իր դժգոհությունը հայտնելիս, մասնավորապես նշել էր. «Պատմության վիճահարույց ինչ-որ հարցերի պատճառով, որոնք վերաբերում են հարյուրամյա վաղեմությանը, մենք մեզ չենք կարող թույլ տալ փչացնել հարաբերությունները մահմեդական աշխարհում մեր գլխավոր ռազմավարական գործընկերոջ` Ադրբեջանի հետ»:

Ինչպես ասում են` շաբաթն ուրբաթից շուտ եկավ: Սպասենք Իսրայելի պաշտոնական նոր դիրքորոշմանը: Չնայած, ըստ ամենայնի, ինչպեսեւ Թուրքիայի դեպքում էր, Իսրայելի քաղաքական վերնախավի մեծամասնության կողմից Ադրբեջանի այս նոր «դեմարշին» կտրվեն իսրայել-ադրբեջանական շահերի ժամանակավոր հեռացման բացատրություններ:

Սարո Սարոյան, Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի (ՌԱՀՀԿ) փորձագետ

ArmAr.am

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Թեգեր` ,

Դիտել Regions, Ադրբեջան, Թուրքիա, ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Վերլուծական, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն