Գլխավոր » Իրան, Լրահոս, Վերլուծական, Տարածաշրջան, Քաղաքականություն

Բարի գալուստ Իրան` Հայաստանի 7-րդ դեսպանին

Մարտ 9, 2015թ. 22:19

2015 թ. մարտի 8-ը եւս պէտք է համարել յիշարժան թւական հայ-իրանական դարաւոր բարեկամութեան հոլովոյթում, ինչպէսեւ՝ Իրան-Հայաստան դիւանագիտական նորագոյն պատմութեան մէջ:
Հայաստանի Հանրապետութեան շուրջ քառորդդարեայ կենսագրութեան մատեանի արտաքին քաղաքականութեան եւ դիւանագիտական յարաբերութիւնների էջը մի նոր պատմագրութեամբ է համալրւում հէնց այսօր, երբ որպէս ՀՀ արտակարգ եւ լիազօր դեսպան ԻԻՀ-ում իր դիւանագիտական առաքելութիւնն է սկսում (աւելի ճիշտ՝ իրեն նախորդող չորս դեսպանների առաքելութիւնն է շարունակում) պրն. Արտաշէս Թումանեանը, որը վերջերս ՀՀ նախագահի հրամանագրով նշանակւեց այս պատասխանատու պաշտօնում:

Արտաշէս Թումանեանը անծանօթ անուն չէ նաեւ ու մանաւանդ իրանահայ համայնքին, յատկապէս, երբ որպէս ՀՀ 2-րդ նախագահի աշխատակազմի ղեկավար, ինչպէսեւ՝ աւելի ուշ որպէս հայ-իրանական բարեկամութեան խմբի նախագահ, պետական մի պատւիրակութիւն գլխաւորելով՝ Թեհրան է այցելել ու հանդիպել հայ համայնքի ներկայացուցիչների հետ:

Հետաքրքիր դիպւածով այդ հանդիպումը կայացել է Թեհրանի Հայ հասարակական միութիւնում՝ Հայ ակումբի սրահում…, այսինքն՝ նոյն այն յարկի ներքոյ, որտեղ 1920 թւականի յունւարի 5-ին (Հայ ակումբը այն ժամանակ Թեհրանի Իւսեֆաբադ քաղաքամասում էր ) թեհրանահայերը սրտատրոփ դիմաւորել էին Հայաստանի առաջին Հանրապետութեան անդրանիկ դեսպան Իշխան Յովսէփ Արղութեանին:
Ահաւասիկ, խիստ խորհրդանշական է լինելու, եթէ թեհրանահայ համայնքը մէկ անգամ եւս, արդէն որպէս Հայաստանի Հանրապետութեան լիազօր դեսպան, ընդունելութիւն-դիմաւորում կազմակերպի նորանշանակ դեսպանի պատւին, միեւնոյն՝ Հայ ակումբի հոգեհարազատ յարկի ներքոյ…:
Թեհրանում՝ ՀՀ դեսպանատան ընդունելութեան սրահում զետեղւած են ՀՀ վեց դեսպանների շրջանակւած լուսանկարները՝ հետեւեալ յաջորդականութեամբ.-
-Յովսէփ (Իշխան) Արղութեան (յունւար-դեկտեմբեր 1920 թ.)
-Լեւոն Սարգսեան (1920-1922 թթ., Խորհրդային Հայաստանի լիազօր ներկայացուցիչը Իրանում):
Այնուհետեւ 70-ամեայ ընդմիջումից յետոյ,արդէն նորանկախ Հայաստանի դեսպաններ՝
– Վահան Բայբուրդեան ( 1992-1998 թթ.)
-Գեղամ Ղարիբջանեան (1999-2004 թթ.)
.Կարէն Նազարեան ( 2005-2009 թթ.)
-Գրիգոր Առաքելեան ( 2009-2015 թթ.):
Եւ այսպէս՝ Հայաստանի Հանրապետութեան 7-րդ դեսպան Արտաշէս Թումանեանը համալրում է Իրանում հայոց պատւաւոր դեսպանների շարասիւնը. տայ
Աստւած՝ նոր յաջողութիւններով ու Իրան-Հայաստան բարեկամական ու նշանակալի փոխյարաբերութիւններում նորանոր նւաճումների արձանագրմամբ: Դա, ինչ խօսք՝ մեծագոյն փափագն է հանդիսացել մշտապէս ամենահայաստանամերձ համայնքի զաւակների համար:

ԹԵՀՐԱՆԻ «ԱԼԻՔ» ՕՐԱԹԵՐԹԻ ԳԼԽԱՒՈՐ ԽՄԲԱԳԻՐ՝ ԴԵՐԵՆԻԿ ՄԵԼԻՔԵԱՆ

ԹԵՀՐԱՆ Է ԺԱՄԱՆԵԼ ԻՐԱՆՈՒՄ ՀՀ ՆՈՐԱՆՇԱՆԱԿ ԴԵՍՊԱՆ ՊՐՆ. ԱՐՏԱՇԷՍ ԹՈՒՄԱՆԵԱՆԸ

«ԱԼԻՔ»- Երեկ Թեհրանի «Էմամ Խոմէյնի» միջազգային օդանաւակայանում Թ.Հ.Թ. Թեմական խորհրդի ատենապէտ՝ Ռուբիկ Կարապետեանը եւ «Ալիք» հաստատութեան ներկայացուցիչ Հենրիկ Խալոյեանը, Թեհրանում Հայաստանի Հանրապետութեան դեսպանատան անձնակազմի ներկայութեամբ դիմաւորեցին ՀՀ նորանշանակ դեսպան պրն. Արտաշէս Թումանեանին:
Դիմաւորման ժամանակ՝ որը տեղի ունեցաւ այսօրինակ հիւրերի եւ պաշտօնեաների համար նախատեսւած յատուկ ընդունարանում, ՀՀ արտակարգ եւ լիազօր դեսպան՝ Արտաշէս Թումանեանը ծանօթացաւ իրանահայութեանն առնչւող խնդիրներին, ինչպէս նաեւ Իան-Հայաստան կապերի զարգացմանն ուղղւած աշխատանքներին:
Յիշեցնենք, որ Իրանի Իսլ. Հանրապետութիւնում՝ ՀՀ ժամանակի դեսպան պրն. Գրիգոր Առաքելեանի աշխատանքային շրջանն աւարտին հասնելով՝ ՀՀ նախագահ՝ Սերժ Սարգսեանի հրամանագրով Իրանում՝ Հայաստանի Հանրապետութեան արտակարգ եւ լիազօր դեսպան է նշանակւել պրն. Արտաշէս Թումանեանը (նստավայրը՝ Թեհրան):
Նշենք, որ Արտաշէս Թումանեանը 2000-2006 թթ.-ին եղել է ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար ապա նաեւ հայ-իրանական բարեկամութեան խմբի նախագահ: Նա հանդիսացել է նաեւ «Լինսի» հիմնադրամի կառավարման խորհրդի նախագահ:

«ԱԼԻՔ» օրաթերթի լրագրող՝ ԱԴԻՍ ԻՍԱՂՈՒԼԵԱՆ

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել Իրան, Լրահոս, Վերլուծական, Տարածաշրջան, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն