Գլխավոր » Իրավական փաստաթղթեր, Լրահոս, Հարցազրույցներ

Բարեփոխվող Սահմանադրությամբ կփոխի խորհրդարանի ողջ խճանկարը

Սեպտեմբեր 17, 2015թ. 10:51
Գագիկ Մինասյան

Հարցազրույց ՀՀԿ խորհրդարանական խմբակցության պատգամավոր ԳԱԳԻԿ ՄԻՆԱՍՅԱՆԻ հետ

-Սահմանադրական բարեփոխումների նախագիծը մերժողների կարծիքները, ենթադրություններն ու կասկածները խիստ բազմազան են, բայց դրանցից ՙամենաօրիգինալը՚ այն պնդում է, թե նոր նախագիծը երկրում կհաստատի միակուսակցականություն, իսկ ՀՀԿ-ն կդառնա Կոմկուս:

-Բոլոր այն երկրներում, ուր ներդրված է խորհրդարանական կառավարման համակարգ տեղի է ունենում ճիշտ հակառակ գործընթացը, այսինքն` բոլոր կուսակցությունների դերակատարման ընդգծված բարձրացում: Եվ այն մարդիկ, ովքեր իրոք կարդացել են սահմանադրության փոփոխությունների նախագիծը, չեն կարող չտեսնել, որ այն ոչ միայն իշխանության կուսակցության դերակատարումն է կարևորվում, այլև ընդդիմության, և ոչ միայն ընդդիմության, այլև քաղաքացիական հասարակության:
Ընդդիմադիր քաղաքական կուսակցությունների դերի մեծացման մասին շատ կարելի է խոսել, բայց ես ընդամենը մեկ, երկու օրինակ կբերեմ:
Ամենակարևորներից մեկը հետևյալն է. կարևոր օրենքները, ինչպիսիք են օրինակ, Ազգային ժողովի կանոնակարգը, Ընտրական և Դատական օրենսգրքերը, Սահմանադրական դատարանի, Հանրաքվեի, Կուսակցությունների և Մարդու իրավունքների պաշտպանի մասին սահմանադրական օրենքները, Ազգային ժողովը կարող է ընդունել միայն պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդով, կամ որ նույնն է` 60 տոկոսով: Իսկ սա նշանակում է, որ քաղաքական մեծամասնությունն անպայման պետք է համագործակցի քաղաքական փոքրամասնության հետ, որպեսզի կարողանա ընդունել այդ օրենքները:
Բացի այդ, Ազգային ժողովի նախագահի տեղակալներից մեկը պետք է անպայման լինի ընդդիմադիր խմբակցությունների կազմից:
Մյուսը, որը թերևս ամենագործունն է. Ազգային ժողովին տրվում է քննիչ հանձնաժողովներ ստեղծելու իրավունքը, իսկ այդ հանձնաժողովներում նախագահողի պարտականությունը տրվում է նախաձեռնողին, այն է` ընդդիմության ներկայացուցչին: Այս ամենը փաստում է, որ ընդդիմության դերակատարումը խորհրդարանում էապես մեծանալու է:
Ինչպես ասացի, մեծանում է նաև քաղաքացիական հասարակության դերակատարումն ու ազդեցությունը քաղաքական գործընթացների վրա: Քաղաքացիական հասարակությունը ձեռք է բերում ինչպես օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գալու իրավունք, քանի որ համապատասխան քանակի ստորագրությամբ նա կարող է օրենքի նախագիծ ներկայացնել Ազգային ժողովին, այնպես էլ հանրաքվե հրավիրելու հնարավորություն: Այսինքն, եթե խորհրդարանը չի ընդունում, մերժում է ներկայացված նախագիծը, ապա քաղհասարակությունը, որոշակի քանակի ստորագրություններ հավաքելով, կարող է խնդիրը ներկայացնել հանրաքվեի:
Այսպիսով, ըստ էության նեղ կուսակցական կառավարման համակարգից մենք գնում ենք լայն կուսակցական կառավարման համակարգի, սրան էլ գումարած քաղաքացիական հասարակության ներգրավվածությունը: Մինչդեռ գործող համակարգը քաղաքական ուժերին ասում է` մեկ էլ քո ձայնը կլսենք 5 տարի անց, այսինքն` ընտրությունից-ընտրություն: Նման համակարգը չի կարող տանել զարգացման, քանի որ ժողովուրդն ուզում է այդ 5 տարիների ընթացքում իր ձայնը դարձնել լսելի, բայց չի կարողանում: Եվ ես կարծում եմ, որ մեր քաղաքացիական հասարակության` հաճախ ոչ այնքան կառուցողական դրսևորումները, հենց դրա հետևանք են: Բայց երբ մենք անցում կատարենք խորհրդարանական համակարգի ու գործի բարեփոխված Սահմանադրությունը, որով քաղհասարակությունը կունենա ոչ միայն իր ձայնը օրենսդիր մարմնին ներկայացնելու, նաև հարկ եղած դեպքում իր նախաձեռնությունները հանրաքվեի դնելու հնարավորություն, ապա բոլոր խնդիրները շատ ավելի տրամաբանական լուծում կստանան:

Ընդդիմությունն աղմկում է, թե նոր նախագծով ստեղծում եք անձակենտրոն իշխանություն, նաև նախագիծը բացառում է քաղաքական թիմերի միջև առողջ մրցակցությունը:

-Կուզենայի այս հարցերի շուրջ ավելի խորքային խոսել: Իսկ որպեսզի հարցին հստակ պատասխան տրվի, նախ պետք է հասկանանք, թե ի՞նչ խնդիր է դրված մեր առաջ: Մենք ունենք երկու ընտրություն. կա’մ պահպանում ենք գործող Սահմանադրությունը, կա’մ ընդունում ենք առաջարկվողը:
Եթե ասում են` սահմանադրության նախագիծը անձակենտրոն իշխանության ձևավորմանն է նպաստում կամ գործող իշխանության վերատադրությանը ու վերապահումներով են վերաբերվում ներկայացվածին, ուզում եմ հարց տալ` իսկ ինչպե՞ս է այդ խնդիրները լուծում գործող Սահմանադրությունը: Միանգամից ասեմ` գործողը այդ խնդիրները շատ ավելի վատ է լուծում: Ուրեմն` մերժել ներկայացվողը, կնշանակի կառչել գործողից, որը խնդրահարույց է:
Նոր նախագիծը նախատեսում է մի կարևոր փոփոխություն, այն է` Ազգային ժողովն ընտրվելու է համամասնական ընտրակարգով, իսկ սա նշանակում է, որ մեծամասնական ընտրական համակարգի վերացումը կփոխի խորհրդարանի հետընտրական քաղաքական խճանկարը, այն էապես կտարբերվի նախորդ տարիներին ստեղծվածից:
Հիմա դառնամ մյուս կարևոր դրույթներին. եթե ընտրությունների արդյունքում որևէ քաղաքական ուժ չի դառնում մեծամասնություն, ապա նախագծում հստակ ամրագրված է, որ պետք է տեղի ունենան խորհրդարանական քննարկումներ և կոալիցիա ձևավորվի, որը կապահովի խորհրդարանական մեծամասնություն: Սա ի՞նչ է, եթե ոչ կուսակցությունների դերակատարման մեծացում, շեշտում եմ` ոչ թե մեկի, այլ ընտրական արգելապատնեշները հաղթահարած բոլոր կուսակցությունների դերի մեծացում:
Իսկ խորհրդարանական ուժերի միջոցով դաշինքների ձևավորումը կարող է ամենատարբեր ձևով տեղի ունենալ, անգամ կարող է լինել մի այնպիսի ՙկոմբինացիա՚, որի արդյունքում դոմինանտ քաղաքական ուժը կարող է դուրս մղվել: Այսպես, եթե վերջինս չգնա խելամիտ կոմպրոմիսի փոքր քաղաքական ուժերի հետ, ապա խորհրդարանում չի կարողանա դառնալ քաղաքական մեծամասնություն: Այդ ժամանակ ընտրական արգելապատնեշը հաղթահարած երկրորդ, երրորդ, չորրորդ տեղերը զբաղեցրած քաղաքական ուժերը կարող են միավորվել և ձևավորել կառավարություն` դուրս մղելով դոմինանտ ուժին: Հիմա դարձյալ հարց եմ տալիս` սա ին՞չ է, եթե ոչ քաղաքական բազմակարծության դրսևորում:
Խոսեմ մեկ այլ իրավիճակի մասին. ենթադրենք որևէ խմբավորման չի հաջողվում ձևավորվել խորհրդարանական մեծամասնություն, կարող է չէ՞ այդպես լինել, ուրեմն ի՞նչ անել: Նախագիծն այս դեպքում ևս տալիս է իրավիճակից դուրս գալու հնարավորություն. կանցկացվի ընտրության երկրորդ փուլ, որին կմասնակցեն ոչ թե առաջին փուլի արդյունքում խորհրդարան մտած քաղաքական ուժերը, այլ նրանց կողմից ձևավորված դաշինքները:
Այս կարևոր քայլերը ներկայացնելով` փաստեցի, որ սահմանադրական բարեփոխումների նոր նախագիծը քաղաքական կուսակցությունների դերակատարման էական մեծացում է նախատեսում: Հետևաբար, այն բոլոր պնդումները, թե ամեն ինչ տանում է մեկ կուսակցության իշխանության, թե քաղաքական թիմերի միջև չի լինի առողջ մրցակցություն, կստեղծվի անձակենտրոն իշխանություն, հօդս են ցնդում, քանի որ իրականությանը չեն համապատասխանում: Ի դեպ ասեմ, որ նման վիճակները շատ ավելի բնորոշ են ներկայիս գործող համակարգին:

Քաղաքականից անցնենք սոցիալ-տնտեսական խնդիրներին. տնտեսագետները պնդում են, որ նախագծում լուսանցք են մղվել տնտեսագիտական փոփոխությունները, չկան մենաշնորհների դեմ պայքարի դրույթներ, անտեսված է տնտեսության գերակա ճյուղ հայտարարված գյուղատնտեսության ոլորտը: Սրանք չե՞ք համարում լուրջ բացթողումներ:

-Նախ, ես կարծում եմ, այն լուծումները, որոնք տեղ են գտել նախագծում` սահմանադրական մակարդակում այլ կերպ չեն էլ կարող լինել: Ասելիքս այն է որ կան խնդիրներ, որոնք սահմանադրական մակարդակով չեն լուծվում, այլ օրենքների:
Եթե մենք, օրինակ, սահմանադրորեն ամրագրենք մենաշնորհի դեմ պայքարի մասին դրույթներ, այդ դեպքում կհեռանանք Եվրամիության չափանիշներից, որովհետև ԵՄ-ում արգելվում է գերիշող դիրքի չարաշահումը:
Բայց ես նաև առ այսօր չեմ տեսել, որ նման մտահագություններ արտահայտող տնտեսագետները ներկայացնեն իրենց կոնկրետ առաջարկները: Եթե դրանք կլինեն սահմանադրական մակարդակի լուծումներ, ապա ինչու ոչ` կարելի է և քննարկել:

ԱՐՄԻՆԵ ՍԻՄՈՆՅԱՆ

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել Իրավական փաստաթղթեր, Լրահոս, Հարցազրույցներ բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն